Հայկական խոհանոց – Ճլմբուր (Բասենի խոհանոց)… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ճլմբուր (Բասենի խոհանոց)

Բաղադրությունը - Կանաչ սոխ – 1 կապ, ձու – 4 հատ, կարագ – 50 գ, աղ:

Պատրաստման եղանակը – 1 լ ջուր դնել կրակին: Հենց եռա, կանաչ սոխը կտրտել մեջը եւ եռացնել եւս 5 րոպե:

Դրանից հետո ավելացնել հարած ձվերը՝ ծորալով, եւ աղը՝ ըստ ճաշակի: Վերջում ավելացնել կարագը եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պահանջում է

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգեւատրման արարողության ընթացքում Հայաստանի օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որեւէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու եւ մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի եւ Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու եւ «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, մեր սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում: «Ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլեւ միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլեւ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու եւ ներողություն խնդրելու մասին»:

Հարցը քննարկվում է Սամբոյի միջազգային կազմակերպություններում եւ հայկական կողմը պնդելու է ինչպես ադրբեջանցի մարզիկի մեդալից զրկելու, այնպես էլ որակազրկման հարցերը, ինչը պետք է մյուսների համար օրինակ ծառայի մարզական աշխարհում:

Եվրոպական խաղեր՝ սեփական համբավի համար

«10 շաբաթ անց մեկնարկելու են Եվրոպական խաղերը եւ մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի վարչակարգի համար մի պատվաբեր նախագիծ է սա թերեւս: Զուգահեռ սաստկանում է Եվրոպական օլիմպիական կոմիտեին ուղղված քննադատությունը»,- գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը: Նախքան հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային կոնֆեդերացիայի (DOSB) ներկայացուցիչների հետ հանդիպմանը մատնանշել է երկրի նախագահի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները:  

«Խաղերը չեն հանգեցրել Ադրբեջանում քաղաքականության փոփոխմանը: Ընդհակառակը, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան 1 տարի առաջ»,- թերթին ասել է իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Բացի այդ, հիասթափեցնում է այն հանգամանքը, որ այլ Ազգային օլիմպիական կոմիտեները մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»: Ըստ հոդվածի՝ Նիդեռլանդների օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարը նկատել է, որ «օլիմպիական արժեքները Եվրոպական խաղերի անքակտելի մասնիկն են, եւ ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում այդ արժեքների պահպանման համար»: Իսկ ահա Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասնել է, թե Եվրոպական խաղերին տարբեր մարզիկների մասնակցությունը «ինքնին լուսաբանում է Բաքվում մարդու իրավունքների խախտումների խնդիրը»: Համաձայն հոդվածի՝ DOSB-ի ներկայացուցիչ Քրիստիան Կլայեն միակն է, որ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների առնչությամբ՝ խոստանալով սույն հարցը բարձրացնել Բաքվում:

Թերթը գրում է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիեւների կլանը: Այդտեղ 2014թ. ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում՝ Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան: Նշվում է նաեւ, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:

Ինչպես ընդգծված է հոդվածում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին մամուլի ազատության իր վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զետեղել է 162-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում, իսկ ահա «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) դեռեւս ուրբաթ օրը նշել է, որ Ադրբեջանը գրավում է 9-րդ տեղը ձերբակալված լրագրողների առավել մեծ քանակ ունեցող պետությունների շարքում: Ասվում է նաեւ, որ Ալիեւը, լինելով երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, օգտագործելով Եվրոպական խաղերը, փորձում է առաջ մղել իր պետության սպորտային-քաղաքական ամբիցիաները: «Անցած շաբաթ նա ասել է, թե երկար տարիներ շարունակվում է իր երկրի դեմ արշավը, որին վերաբերում է նաեւ ՀԿ-ների քննադատությունը»: Die Weltpolitik-ը, անդրադառնալով թեմային, գրում է, որ Ալիեւը ղեկավարվում է ոչ թե «միջազգային իրավունքով, այլ երկերեսանիությամբ, երկակի ստանդարտներով, խտրականությամբ, ռասսիզմով, իսլամատյացությամբ ու այլատյացությամբ»:

Ցավալի է, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն հեռու է պահում իրեն այս պայքարից, կարծես խոսքը մեր բարեկամ երկրին է վերաբերում…

Անդրանիկ Թեյմուրյանը՝ Իրանի ազգային հավաքականի ավագ

«Հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ»,- հաղորդել է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ երբ իրանցի վաստակավոր ֆուտբոլիստ Ջավադ Նեքունամը հրաժեշտ տվեց ազգային հավաքականին, իրանահայ անվանի ֆուտբոլիստը դարձավ հավաքականի ավագ:

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շվեդական ֆուտբոլային կայքերից մեկին տված հարցազրույցում՝ հայազգի ֆուտբոլիստն ասել է. «Հպարտ եմ, որ համարվում եմ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը եւ ուրախ եմ, որ որպես քրիստոնյա՝ իսլամական մի միջավայրում նման զարգացման հնարավորություն եմ ունեցել»: Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 85 անգամ, 8 գոլի հեղինակ է: Հավելենք, որ այս ֆուտբոլիստը Իրանի ազգային հավաքականի կազմում մասնակցում էր 2014թ. աշխարհի առաջնությանը. Իրանի թիմը, F խմբում Նիգերիայի հավաքականի հետ խմբային փուլում խաղալով ոչ ոքի, Արգենտինային եւ Բոսնիա Հերցեգովինային համապատասխանաբար պարտվելով 1-0 եւ 3-1 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:

Գլխավոր մարզչի փնտրտուքը շարունակվում է

ՀՖՖ-ն կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել 46-ամյա ռուս մասնագետ Վալերի Կարպինին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու համար: Այս թեկնածությունը պաշտպանել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը, ով միշտ հետեւում է մեր հավաքականի ելույթներին ու կապ է պահպանում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Քննարկում է եւս 2 մասնագետի թեկնածություն: Խոսքը ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին է, ում օրոք մեր թիմը լավագույն արդյունքն արձանագրեց իր պատմության մեջ, ինչպեսեւ հայկական ֆուտբոլի հայտնիներից՝  Սարգիս Հովսեփյանի, ով այժմ գլխավորում է Հայաստանի երիտասարդական հավաքականն ու Երեւանի «Փյունիկ»-ը:

Առաջատարը ամրապնդում է դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ փուլի հանդիպումներում մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկ»-ը,հաղթեց ետնապահ «Արարատին»՝ 4:0, եւ վաստակելով 45 միավոր, էլ ավելի ամրապնդվեցին 1-ին հորիզոնականում, քանի որ նրանց հետապնդող Երեւանի «Ուլիս»-ը  0:1 հաշվով պարտվեց «Միկա»-ին»: «Փյունիկ»-ը ուլիսցիներին գերազանցում է 7 միավորով:

Հ.Գ. - Ապրիլի 11-ին 2 հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ փուլը: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանց»-ը 2:0 հաշվով վստահորեն հաղթեց «Ալաշկերտ»-ին: Չնայած հաղթանակին, այս թիմը 21 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ 4-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտ»-ն այժմ ընդամենը 4 միավորի առավելություն ունի: Մյուս խաղում Գյումրիի «Շիրակ»-ը ընդունեց Երեւանի «Ուլիս»-ին ու հաղթանակ տոնեց՝ 2:0, եւ վաստակեց 38 միավոր՝ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ուլիս»-ին, որը, սակայն, մեկ խաղ քիչ է անցկացրել: Ապրիլի 12-ին առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկ»-ը կհյուրընկալվի «Միկա»-ին, իսկ «Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում կընդունի «Գանձասար-Կապան» թիմին:

«Միկա»-ն ընդհատեց «Փյունիկ»-ի հաղթարշավը

Ապրիլի 12-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ փուլի մնացած 2 հանդիպումները: Երեւանի «Միկա»-ն անսպասելի հաղթեց մրցաշարի առաջատար «Փյունիկ»-ին՝ 1:0, որը վերջին անգամ պարտության դառնությունը համտեսել էր անցած տարվա սեպտեմբերին: Իսկ Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում անպասելի զիջեց «Գանձասար-Կապանին»՝ 0:2, որը նորաստեղծ թիմ է եւ ընդամենը մեկուկես ամսվա պատմություն ունի:

Այժմ առաջնության 4 մասնակիցները պատրաստվում են Հայաստանի գավաթի խաղարկությանը: «Փյունիկ»-ը կիսաեզրափակիչ պատասխան խաղում կհյուրընկալվի «Ալաշկերտ»-ին, իսկ հանրապետության չեմպիոն «Բանանց»-ը կընդունի «Միկա»-ին:

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում

ՀՀ ֆուտզալի 2014/2015թթ. առաջնության 14-րդ փուլ շրջանակում կայացան 2 հանդիպում: «Թալգրիգ»-ը զիջեց ՀՊՏՀ-ին՝ 3:4 հաշվով, իսկ «Մռավ»-ը 35:5 խոշոր հաշվով հաղթեց «Yerevan IT»-ին: Մյուս խաղում  Գյումրու համանուն թիմը՝ 15:2 հաշվով առավելության հասավ «Հրազդան ֆզ»-ի նկատմամբ:

14-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է ՀՊՏՀ-ն, «Թալգրիգ»-ը 2-րդ տեղում է 29 միավորով: «Գյումրի»-ն 24 միավորով 3-րդն է:

Հայաստանի հավաքականը 3-րդ զամբյուղում տեղ չունի

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականը հավանաբար կընդգրկվի 5-րդ զամբյուղում: Ինչպես տեղեկացնում է Football Rankings կայքը, ներկայումս մեր ընտրանին տեղ է զբաղեցնում 4-րդ զամբյուղում, սակայն եթե առաջիկա 2 ամսում այն նահանջի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, ապա միանշանակ կհայտնվի 5-րդ զամբյուղում: Տոկոսային հարաբերությունը նույնպես Հայաստանի հավաքականի կողմը չէ՝ 33,77%-ը ընդդեմ 66,23%-ի: Հարկ է նշել, որ մեր ընտրանին արդեն ոչ մի տարբերակով չի կարող բարձրանալ 3-րդ զամբյուղ:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի նախնական զամբյուղները. 1-ին զամբյուղ՝ Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Ռումինիա, Անգլիա, Պարտուգալիա, Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա: 2-րդ զամբյուղ՝ Սլովակիա, Չեխիա, Ուելս, Ավստրիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Լեհաստան, Դանիա, Իսլանդիա: 3-րդ զամբյուղ՝ Շոտլանդիա, Ուկրաինա, Բոսնիա, Սերբիա, Հյուսիսային Իռլանդիա, Շվեդիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել: 4-րդ զամբյուղ՝ Իռլանդիա, Սլովենիա, Ալբանիա, Թուրքիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Ֆինլանդիա, Հայաստան: 5-րդ զամբյուղ՝ Էստոնիա, Բելառուս, Լիտվա, Լատվիա, Մակեդոնիա, Կիպրոս, Ադրբեջան, Ֆարերներ, Մոլդովա: 6-րդ զամբյուղ՝ Ղազախստան, Վրաստան, Մալթա, Լիխտենշտայն, Լյուքսեմբուրգ, Սան Մարինո, Անդորա

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Եվրոպական գոտու վիճակահանությունը տեղի է ունենալու այս տարվա հուլիսի 25-ին, Սանկտ Պետերբուրգում:

Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսին

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Բելառուսի թիմին: ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման 23-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ է մղել մեր թիմին: 54-րդ րոպեին Կրասիմիր Կապովը հավասարեցրել է հաշիվը, սակայն 59-րդ րոպեին Աբրահամ Պորտուգալյանը կրկին գրավել է Բելառուսի ընտրանու դարպասը եւ հաղթանակ պարգեւել դաշտի տերերին` 2:1: Հայաստանի եւ Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները ընկերական եւս մեկ հանդիպում կանցկացնեն:

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը ծանրափողին մոտեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ), ով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյան պոկեց 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 144 կգ եւ երկամարտի 257 կգ արդյունքով հայ ծանրամարտիկ դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:

Ապրիլի 12-ին մեր մարզիներից ասպարեզ դուրս կգան Աննա Գովելյանը (53 կգ), Ռոստամ Կարապետյանը (69 կգ) եւ Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին եւ 18-ին իրենց կդրսեւորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ-օփենում»

Երեւանցի 22-ամյա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն 1-ին մրցանակը նվաճեց Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ-օփենի» «B» մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 4- անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 6-րդ տեղը: «C» մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օֆիցերյանը եւ Արթուր Ղարագյոզյանը 6,5-ական միավորով բաժանեցին 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բորիս Օֆիցերյանը 3-րդն էր, Արթուր Ղարագյոզյանը` 4-րդը: «A» մրցաշարում հայտավորված մեր շախմատիստները բավական վատ հանդես եկան: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 5 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը 4,5-ով մրցաշարն ավարտեց 39-րդ հորիզոնականում: Նշենք, որ նրանք 2-2,5 միավորով ետ մնացին մրցաշարի հաղթող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից:

Կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 18 հնարավորից վաստակեց 11 միավոր եւ զբաղեցրեց 25-րդ տեղը: Նա 3,5 միավորով ետ մնաց նույն Յան Նեպոմնյաշչուց, որը հաղթեց նաեւ այս մրցաշարում:

Հայ շախմատիստները` ԱՄՆ-ի առաջնությունում

Շախմատի տղամարդկանց ԱՄՆ առաջնության 1-ին փուլում մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստները հանդիպեցին միմյանց հետ: Սպիտակներով հանդես եկող փորձառու գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթեց 15-ամյա Սամուել Սեւյանին եւ վաստակեց առաջին միավորը: Ի դեպ, վերջինս, որը աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերն է, առաջին անգամ է հանդես գալիս այդ մրցումներում:

Կանանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանն առաջին խաղյում սպիտակներով տանուլ տվեց միջազգային վարպետ Աննի Վանգին:

Տղամարդկանց առաջնությունում 1-ին տեղը կստանա 45 հազար, իսկ վերջին 12-րդը` 4 հազար դոլար պարգեւավճար: Կանանց մրցաշարում այդ գումարը տատանվում է 20 հազարից մինչեւ 1500 դոլարի սահմանում:

Հայ շախմատիստները հանդես եկան նաեւ Դուբայում

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը մասնակցեցին ապրիլի 6-14-ը Արաբական Միացյալ Էմիրաթների Դուբայ քաղաքում անցկացվող օփենին: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։