Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի
1940-ականներից հետո՝ առաջին լայնածավալ վերակառուցումը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 8-ին աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարկ է նշել, որ դեռ 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար:
Տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով եւ հարմարավետ պայմաններով այցելուներին կներկայանա: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր եւ տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաեւ խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաեւ, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության եւ ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ:
Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, եւ առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները եւս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:
Փոքրիկիս հետ տարեկան գոնե 3 անգամ այցելում եմ Կենդանաբանական այգի: Բայց ես այստեղ ինձ երբեք լավ չեմ զգում. այգին մի տեսակ խեղճացնում էր ինձ: Գուցե նրանից էր, որ անգղին ոչ մի կերպ չէին պատկերացնում ցածր առաստաղ ունեցող վանդակում, կամ՝ առյուծին մի վանդակում, որտեղ ինքն անկարող էր թռիչքներ անել:
Հասկանում եմ, որ այգին ազատ տարածքներով արգելավայր չէ, բայց, այնուամենայնիվ, կենդանիներին խեղճացնող շատ տարրեր էր պարունակում: Եվ գիտեք, դուստրս, ով կենդանիների աշխարհին վերաբերող հաղորդումներ շատ է սիրում, նախորդ ամռանը այգում ասաց, թե ուզում է ինքն էլ առյուծի հետ վանդակում նստել, որ առյուծը «մեղքի հետ մենակով չլինի»:
Լավ կլինի, որ վերակառուցումից հետո վանդակները իսկապես ազատավանդակներ լինեն եւ այլ տրամադրություն կհաղորդեն: Համենայնդեպս գոհացուցիչ է, որ գումար գտնվեց այգու համար, մի բանի, որ երեւանյան այցեքարտերից է, այնպես՝ ինչպես շատրվանները, ցայտաղբյուրները, կամարակապ շենքերը…
Աստղինե Քարամյան
Նրա բաժին անաղարտությունը
Մասնագիտությամբ բանասեր Վարդուհի Խաչատրյանը, ով երգչուհի է եւ երգահան, հիմնականում հայտնի է հայրենասիրական թեմաներին վերաբերող երգերով: Նրա ստեղծագործությունները կատարում են ճանաչված երգիչ-երգչուհիներ, համույթներ:
Իր մասին պատմելիս ասում է, որ ակնածանքով է վերաբերում մեր դասականներին՝ Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին, Տիգրան Մանսուրյանին, որ դաշնամուրի դասընթաց է անցել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Որից հետո վոկալի դասընթաց է անցել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի մոտ:
2001-2002թթ. երգել է «Շիրխանի» ավանդական երգի-պարի համույթում: 2002-2003թթ. «Արձագանք» ստուդիայում ձայնագրել է իր առաջին հեղինակային ձայնասկավառակը՝ «Սիրո անուրջներ»: 2004թ. նկարահանել է տեսահոլովակ՝ «Սիրո անուրջներ» երգի հիման վրա:
Մի քանի տարի է համագործակցում է տարբեր խմբերի, երգիչ-երգչուհիների հետ:
«Արեւներ» մանկապատանեկան անսամբլը երգում է նրա «Իմ քոչարի» երգը Գոհար Հովհաննիսյանի հետ, Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը երգում է«Հայաստան» երգը, Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը երգում է «Հայ զինվոր» երգը: Աիդա Սարգսյանը երգելու է «Հայի երազ» երգը, որը նվիրված է Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին: Արսեն Գրիգորյանը (Ասոն) երգելու է Վարդուհի Խաչատրյանի «Մէր էրգիր» երգը, որը շուտով պատրաստ կլինի:
Մեր օրերում ազգային երգի հանդեպ ուշադրությունը նվազել է: Ինչպե՞ս է նրան հաջողվում իր երգը ցուցքի (արդի հայերենով ասած՝ շոուի) աշխարհ մտցնել:
«Երեւի պարզապես շատ եմ ուզում, դրանից է»,- կարմրում է:
Բայց չի թաքցնում, որ այո, այսօր շատերը ստեղծագործական աշխարհն օգտագործում են առետրային նպատակներով: Օտարամոլությունը մուտք է գործել մեր ազգային մշակույթ: Երբեմն ազգային երգ են կատարում արաբա-թուրքական մեղեդիով: «Ես աշխատում եմ ազգային արժեքը պահել: Ու ինձ հաղթանակած եմ համարում, երբ մանուկներն ու պատանիները երգում են՝ «Հայաստանն է մեր տունը, մեր հայրենի օրրանը…, Արարատ լեռան լանջին կպարենք մեր քոչարին»: Ուզում եմ՝ մեր երեխաները շատ սիրեն մեր հայրենիքը: Իսկ հայրենիքը նաեւ մեր ազգային երգն է, այդ երգը կատարողն է, գրողն է, լսողն է, գնահատողն է… Մեզ հիմա դա շատ է անհրաժեշտ»»:
Երեխաների համար հայրենասիրական երգեր գրելիս չի դժվարանում. «Երգը պիտի ունենա սյուժե, կերպար, բովանդակություն: Երգը հենց այնպես չի ծնվում, ներշնչման աղբյուր է լինում: Մանուկների համար, եթե երգեր ենք գրում, դա բոլոր ստեղծագործողներին է վերաբերվում, պիտի երեխայի աչքերով նայենք ամեն ինչին: Պիտի մի պահ մանկանանք ու հասկանանք, ինչ է պետք երեխային, որ նա իրեն լավ զգա: Մանուկների երգերը գունեղ երանգներում եմ տեսնում: Ու նաեւ իրենք են մեր հայրենիքը գունեղ տեսնում, սիրում»:
Վարդուհի Խաչատրյանին մի պահ կտրում եմ իր բաժին հայրենիքի երազից ու միանգամից հարցնում. «Լա՞վ եք վաստակում ձեր երգերով»:
Դարձյալ կարմրում է. «Սա ինձ համար հաճելի թեմա չէ: Ես իմ վաստակը համարում եմ բեմերից իմ հայրենիքի հանդեպ սերն ու ուժը հնչեցնելը»:
«Գոնե ձեր երգերը կատարելիս հիշու՞մ են, որ դուք եք հեղինակը, թե՞ դարձյալ այդ երգի հնչելն եք համարում ձեր հաղթանակը»,- կարծես ուզում եմ երգահանից մի դժգոհություն պոկել: «Չէ, հիշում են,- լիաթոք ժպտում է,- բոլոր կատարողներն էլ հիշում են»:
Եվ առաջիկայում սպասվում են նոր համագործակցություններ.- նա անթաքույց հրճվանքով է խոսում այդ մասին՝ շեշտելով, որ որպես երգահանի, իր համար կարեւոր է, որ իր երգերն անաղարտ մնան:
Եվ այս հարցում էլ է բախտավոր: «Մենք ունենք բարձրարժեք մշակույթ. մեր բոլորիս ու յուրաքանչյուրիս խնդիրը մեր բաժին անաղարտությունը սրբորեն պահելն է՝ ի շահ միասնական երկրի հզորացման:
Ես երգով եմ կարողանում դա անել, ու պատվով պիտի անեմ»:
Անի Մարության
Տետրի ու գրչի փոխարեն՝ պլանշե՞տ
«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». փուլային եւ փորձնական այսպիսի ծրագիր կիրականացվի մեր երկրում: Գործադիրը երեկվա նիստում հավանության արժանացրեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրը: Դրա փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, ծրագրի շրջանակներում, տեղական արտադրությունը խթանելու նպատակով, աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ:
Դրանք արդյո՞ք չեն խանգարի առաջին դասարանցի երեխաներին դաս սովորելու գործում: ԿԳՆ-ն այս կարծիքին չէ, որովհետեւ «20-րդ դարավերջում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ամբողջ աշխարհում նոր պահանջներ է դրել կրթական համակարգերի առջեւ: Արդի համաշխարհային զարգացումները, տնտեսության աճող բազմաձեւությունը եւ ՏՀՏ-ի կտրուկ առաջընթացը պահանջում են մարդկային հմտությունների ու գիտելիքների շարունակական նորացում եւ հանգեցնում կրթական գործընթացի հանդեպ նախկին մոտեցումների եւ ընկալումների փոփոխության՝ ներառելով ինչպես մասնագիտական կրթական համակարգը, այնպես էլ հանրակրթական դպրոցը: Ներկայումս ՏՀՏ-ն դարձել է կրթության հրամայական եւ ուսուցման նոր գործիք»:
«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



