Մի՞ թե վերջին թուրքահաճն է նա – ՀԱԿ-ն ընդդեմ պահանջատիրության… Մեկտեղում՝ հանուն ազգային նպատակի – Քիմ Քարդաշյանը ՀՀ կառավարությունում… Թյուրք-ադրբեջանական «մարզական» խաղեր – ՀԱՕԿ-ը հեռու է պահում իրեն այս պայքարից…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի՝ արդեն պաշտոնական ընդունման նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հայտարարություն ընդունելու անհրաժեշտություն կա, որպերսզի հռչակագօրը կյանքի ուժ ստանա պետական մակարդակով:

Նշեց. որ ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկելու հայտարարությանը: ԱԺ փոխխոսնակը ելույթի անհրաժեշտությունը կապեց այն իրողության հետ, որ եթե իրենից առաջ որոշ պատգամավորներ հայտարարություններ չանեին, որոնք չի կարելի անվանել ազգային ու պետական շահերը սպասարկող, ապա ինքը չէր խոսի:

Մինչ այդ, քննադատական ելույթով էր հանդես եկել ՀԱԿ-ի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարությունը որակել էր հակապետական: Իհարկե, այդպես էլ պիտի լիներ, եթե այս պատգամավորի թուրքահաճ, եթե չասենք՝ թուրքասեր ղեկավարը, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է արտահայտվել հռչակագրի պահանջատիրական մոտեցումներին, ապա այդ տեսակետը պիտի պաշտպանվեր խորհրդարանում:

Հիշեցնենք, որ ՀՀ 1-ին նախագահը բաց նամակ էր հղել գործող նախագահին՝ հանդիպելու եւ հռչակագրի բովանդակությունը քննարկելու համար, սակայն Սերժ Սարգսյանի նույնքան բաց նամակից հետո հրաժարվեց հանդիպել: Պատճառը մեկն էր՝ հասկացավ, որ իշխանությունը սկսում է պահանջատիրական գործընթացը՝ նախքան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

ԱԺ փոխխոսնակը շարունակելով իր միտքը ՀԱԿ-ական տեսակետի մասին, նշել է. «Միգուցե այն կարող է սպասարկել այլ շահեր, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է էթիկա ունենա, երբ մի բան ասում է, պետք է լսի նաեւ պատասխանը, մենք միշտ ենք պատրաստ լսելու»: Այդ ընթացքում ՀԱԿ պատգամավորը բացակայում էր դահլիճից:

«Բայց քանի այստեղ չեն, իրենց շեֆը, կարծում եմ, հետաքրքրությամբ կլսի, մանավանդ խոսքս էլ ուղղված է իրենց քաղաքական առաջնորդին: Նախ՝ 25 տարին ցույց տվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել եւ ոչինչ էլ չի սովորել: Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ նրա քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ ըստ իս՝ պարտվողական քաղաքականություն է եւ ընդունելի չէ ոչ միայն մեր քաղաքական ուժերի մեծամասնության, այլեւ հայ հասարակության ու սփյուռքի կողմի: Եվ միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին»,- հավելել է Էդուարդ Շարմազանովը:  

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր զարմանքը հայտնեց, թե այս ամենից խոսում են մարդիկ, «ովքեր իրենց քաղաքական հիմքում դրել են «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզը: Մարդիկ, ովքեր ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն էլ դրել իրենց քաղաքականության հիմքում ու այսօր խոսում են ուրացումից: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Մարդ, որ այս ամբիոնից ասում է, որ պահանջատիրությունը սխալ է, այսօր այն քաղաքական ուժերին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչեւ Եվրապառլամենտի ամբիոն մեր պատգամավորներն ու պետության առաջնորդը խոսում են ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու ժխտողականության քրեականացման մասին, խոսում է ուրացումից: Հիմա ո՞վ է ուրանում,- հարցրեց նա հավելելով,- մի հատ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ու ասա, որ դեմ ես ու էլ մի ասա, որ հաշտեցման գործընթացի ժամանակ եղավ ուրացում»:

Արման Դավթյան

Մեկտեղում՝ հանուն ազգային նպատակի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին: Կառավարության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ վարչապետը կարեւորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես եւ աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները եւ պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը:

Քարդաշյանները տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին եւ երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար եւ նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ եւս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ կարեւորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:

Սեփ. լրատվություն

Թյուրք-ադրբեջանական «մարզական» խաղեր

- Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պահանջում է…

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգեւատրման արարողության ընթացքում Հայաստանի օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որեւէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու եւ մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի եւ Ռուսաստանում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու եւ «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, մեր սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում: «Ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլեւ միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլեւ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու եւ ներողություն խնդրելու մասին»:

Հարցը քննարկվում է Սամբոյի միջազգային կազմակերպություններում եւ հայկական կողմը պնդելու է ինչպես ադրբեջանցի մարզիկի մեդալից զրկելու, այնպես էլ որակազրկման հարցերը, ինչը պետք է մյուսների համար օրինակ ծառայի մարզական աշխարհում:

- Եվրոպական խաղեր՝ սեփական համբավի համար…

«10 շաբաթ անց մեկնարկելու են Եվրոպական խաղերը եւ մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի վարչակարգի համար մի պատվաբեր նախագիծ է սա թերեւս: Զուգահեռ սաստկանում է Եվրոպական օլիմպիական կոմիտեին ուղղված քննադատությունը»,- գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը: Նախքան հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային կոնֆեդերացիայի (DOSB) ներկայացուցիչների հետ հանդիպմանը մատնանշել է երկրի նախագահի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները:

«Խաղերը չեն հանգեցրել Ադրբեջանում քաղաքականության փոփոխմանը: Ընդհակառակը, Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է, քան 1 տարի առաջ»,- թերթին ասել է իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Բացի այդ, հիասթափեցնում է այն հանգամանքը, որ այլ Ազգային օլիմպիական կոմիտեները մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»: Ըստ հոդվածի՝ Նիդեռլանդների օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարը նկատել է, որ «օլիմպիական արժեքները Եվրոպական խաղերի անքակտելի մասնիկն են, եւ ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում այդ արժեքների պահպանման համար»: Իսկ ահա Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասնել է, թե Եվրոպական խաղերին տարբեր մարզիկների մասնակցությունը «ինքնին լուսաբանում է Բաքվում մարդու իրավունքների խախտումների խնդիրը»: Համաձայն հոդվածի՝ DOSB-ի ներկայացուցիչ Քրիստիան Կլայեն միակն է, որ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների առնչությամբ՝ խոստանալով սույն հարցը բարձրացնել Բաքվում:

Թերթը գրում է, որ հետսովետական այդ երկրում 60-ականների վերջից ի վեր կառավարում է Ալիեւների կլանը: Այդտեղ 2014թ. ձերբակալվել են հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց թվում՝ Լեյլա ու Արիֆ Յունուսները, Խադիջա Իսմայիլովան: Նշվում է նաեւ, որ վերջերս Amnesty International կազմակերպության կողմից հրապարակված տեսագրությունում ձերբակալված իրավապաշտպաններ Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, հարց է ուղղում Ադրբեջանի նախագահին. «Պարոն նախագահ, Դուք կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչու է իմ մայրը ձերբակալվել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկել Եվրոպական խաղերը»:

Ինչպես ընդգծված է հոդվածում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին մամուլի ազատության իր վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զետեղել է 162-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում, իսկ ահա «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) դեռեւս ուրբաթ օրը նշել է, որ Ադրբեջանը գրավում է 9-րդ տեղը ձերբակալված լրագրողների առավել մեծ քանակ ունեցող պետությունների շարքում: Ասվում է նաեւ, որ Ալիեւը, լինելով երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, օգտագործելով Եվրոպական խաղերը, փորձում է առաջ մղել իր պետության սպորտային-քաղաքական ամբիցիաները: «Անցած շաբաթ նա ասել է, թե երկար տարիներ շարունակվում է իր երկրի դեմ արշավը, որին վերաբերում է նաեւ ՀԿ-ների քննադատությունը»: Die Weltpolitik-ը, անդրադառնալով թեմային, գրում է, որ Ալիեւը ղեկավարվում է ոչ թե «միջազգային իրավունքով, այլ երկերեսանիությամբ, երկակի ստանդարտներով, խտրականությամբ, ռասսիզմով, իսլամատյացությամբ ու այլատյացությամբ»:

Ցավալի է, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն հեռու է պահում իրեն այս պայքարից, կարծես խոսքը մեր բարեկամ երկրին է վերաբերում…

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։