Երբ քաղաքական սերիալը նույն վերջաբանն ունի – «Ցեղապաշտների հեղափոխություն»-Գյումրիի դաժան սպանդ-«Հայրենասերների հեղափոխություն»… Ամենավտանգավորը 3-րդ չերեւացող կողմն է…

«Լուսանցք»-ը շատ քիչ կամ էլ գրեթե չի անդրադառնում հանրային ու քաղաքական այն ուժերին, որոնք մեր թերթի քաղաքական տեսության համար անհասկանալի են մնում, կամ էլ՝ ոչ միանշանակ գաղափարախոսական ուղղություն են ստանձնել իրենց գործունեությունում, հերթական փոփոխական երեւույթն են քաղաքական ասպարեզում: Այդ ուժերը երբեմն ազգային-ազգայնական են, երբեմն ժողովրդավար-ազատական ու այդպես շարունակ, եւ առանց վերապահումների մասնակից են բոլոր հասարակական ու քաղաքական այն ընդվզումներին, որոնք ուղղված են իշխանության դեմ: Այսինքն՝ սրանք ուժեր են, որ առանց վարանելու ձգտում են իշխանության (կամ ինչպես իրենք են ասում՝ իշխանափոխության), համագործակցելով ցանկացած այլ ուժի հետ, թեկուզ հակադիր գաղափարական բեւեռում գտնվող:

Սա շատ վտանգավոր է, քանի որ իշխանափոխությունն առանց հստակ իշխանության եկողների դեմքերի ու ծրագրերի՝ ճանապարհ է հարթում քաղաքական ասպարեզում իրենց դրամա-տնտեսական կարողություններով մշտապես հերթապահ ուժերի համար: Իսկ սրանք ոչ մի բանով, ոչ մի չափանիշով, անգամ անցած ուղիով չեն տարբերվում ներկայիս իշխանություններից: Ավելին՝ ոմանք իրենք են ծնել այս իշխանությանը…

Երբեմն փոփոխական ուժերը փորձում են միայնակ հանդես գալ՝ մոռանալով, որ յուրաքանչյուր իշխանափոխություն ավարտվում է նոր ընտրությունների անցկացմամբ, որտեղ նշյալ դրամա-տնտեսական կորողություններով ուժերն ունեն իրենց «հաղթական» գործելաոճը: Եթե միայնակ հանդես եկող որեւէ ուժ ակնկալում է ինքնուրույն հեռացնել իշխանությանը, այնուհետ անցկացնել արդար ընտրություններ, ապա դա այս իրավիճակում խաբկանք է: Իսկ եթե իշխանափոխությունը պետք է կատարվի ոչ թե հեղափոխության, այլ հեղաշրջման ճանապարհով, ապա վստահաբար նոր ընտրությունների մասին խոսելն ավելորդ է: Սա կարող է մի բան նշանակել, որ այդ քայլին գնացող կազմակերպությունն իր թիկունքին ունի միջազգային մի կարող ուժի, որը պիտի հովանավորի ոչ միայն հեղաշրջումը, այլեւ դա իրականացնողի իշխանության գալն ու մնալը… առանց միջազգային պատժամիջոցների եւ սահմանափակումների:

Սա, իհարկե, նույնպես ձեւ է, որը կարող է կիրառվել Հայաստանի դեմ:

Մեր պետությունն աշխարհի ամենամիատարրն է, որտեղ հայերն ավելի քան 98% են կազմում, ու «գունավոր հեղափոխություններ» կամ «միջէթնիկ բախումներ» եւ նման այլ «միջոցառումներ» անցկացնելու-առաջացնելու բոլոր փորձերը ձախողվում են: Մի անգամ այն մոտեցավ ինչ-որ սահմանագծի եւ ավարտվեց 2008-ի մարտիմեկյան ողբերգությամբ… բայց դա նույնպես չհանգեցրեց քաղաքացիական կռիվների, ինչը հրահրվում էր արեւմտյան որոշ կառույցների կողմից:

Հետո փորձեցին «գենդերային շարժումներ» ներմուծել Հայաստան, բայց ազգային միատարրության հետ հայության ներսում, այնուամենայնիվ, պահպանվել է ավանդական-պահպանողական կենսաձեւը, ինչն էլ դարձավ պատվար՝ միջազգային ներխուժումների դեմ:  

Եվ հիմա բողոքի շարժումներ են առաջանում տարբեր, որոնք հաճախ ղեկավարվում են երրորդ կողմից, երկրորդ կողմի միջոցով, որը շարժումն իրականացնողի համար տեսանելի է եւ ոչ այնքան վտանգավոր: Այսինքն՝ հայաստանյան ուժ է: իսկ երրորդ կողմը, որ օտար երկիր է, բոլորովին չի երեւում: Այսպես կարելի է մոլորեցնել ցանկացած ուժի, եթե այն մի գերնպատակ ունի՝ ամեն գնով հասնել իշխանափոխության: Իսկ «ամեն գին» տվողներ կան…

«Լուսանցք»-ը այս տարիների ընթացքում իր վերլուծություններում ներքաղաքական դաշտում մի հստակ ձեռագիր է նկատում, ինչը կփորձենք հակիրճ ներկայացնել: Այդ շարժումները մի քանի արմատական ընդհանրություններ ունեն.-

  1. Ուղղված են իշխանափոխություն իրականացնելու գործին:
  2. Արտաքնապես հենված են հայկական հիմնարար ու ազգային արժեհամակարգի դրույթների վրա:
  3. Պաշտպանում են համաշխարհային մի բեւեռի շահերը:
  4. Դրամական եւ այլ աջակցությունները ստանում են անուղղակի՝ հայաստանյան հասարակական բնույթի կազմակերպությունների միջոցով:
  5. Պետական հակազդեցության դեպքում ստանում են հայաստանյան որոշակի քաղաքական ուժերի աջակցությունը:
  6. Արտաքին բացահայտումները հիմնականում գնում են թուրքական ուղղության կողմը:

Վերեւում նշեցինք, որ «Լուսանցք»-ը շատ քիչ կամ գրեթե չի անդրադառնում հանրային ու քաղաքական այն ուժերին, որոնք դեռ անհասկանալի կամ ոչ միանշանակ գաղափարախոսական ու քաղաքական ուղղություն են ստանձնել: Այդ ուժերից էր նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ը, որը դեռ այդպիսին էր «Նախախորհրդարան» կամ «Սարդարապատ» շարժումների ժամանակ: Երբ հանրային միավորումն իրեն հռչակում է հայրենասիրական ազգային (էլ չասենք՝ ազատագրական) ուժ, ապա դա պարզապես իրար հետեւից բառերի դասավորություն չէ, դա հստակ քաղաքական ուղի է՝ հաստատուն քաղաքական ուժերի հետ, որոնք այդ ուղղվածության են: Իսկ նշյալ ուժի դեպքում դա հստակ չէ:

Դա հստակ չէր նաեւ ամիսներ առաջ «գմփուցիկ»-պայթուցիկներով փողոցային հեղափոխություն նախաձեռնած, երկար տարիներ «Ցեղակրոն» կուսակցությունը փակած ու հանկարծ ՀՀՇ-ՀԱԿ-ական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելու ընթացքում վերաբացած Շանթ Հարությունյանը: Համեմատականում նույնն է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պարագայում: «Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա» հռչակած ՀՀ 1-ին նախագահի հետ հանկարծ հանդես են գալիս «ցեղապաշտ» եւ «ազգապաշտ» հայրենաասիրական ուղղություններ, ու սա նորմալ է ընկալվում այդ ուղղության ներսում… Ավելին՝ նորմալ է ընկալվում նաեւ հայկական ցեղակրոնությունն ու ազգայնականությունը գերմանական ու իտալական նացիզմ եւ ֆաշիզմ հայտարարող Արեւմուտքի կողմից…

Իսկ մեր հանրային կյանքը, բացառությամբ որոշակի ակտիվ հատվածի, նիրհած է, մարդիկ չեն էլ հետեւում, թե ով ում միացավ, ումից հեռացավ, արդյո՞ք այդ ամենը տրամաբանական էր, թե սինաբանական… Արդյո՞ք իշխանություն պահանջող որոշ ուժեր արդեն չեն եղել իշխանության մեջ ու չեն «աղացել» իրենց միսը…

Իսկ վերջին բոլոր աղմկահարույց իրադարձությունները «տեղավորվում» են վերոնշյալ 6 ընդհանրություններում: Շանթ Հարությունյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի «հեղափոխական» շարժումների միջեւ տեղի ունեցավ նաեւ Գյումրիի դաժան սպանդը, ինչը նույն ելակետից է բխում: Քանի որ «գունավոր հեղափոխություններ» կամ «միջէթնիկ բախումներ» հնարավոր չէ իրականացնել միատարր  Հայաստանում, ապա գործադրվել է ազգային ու հայրենասիրական զգացական մղումներ առաջացնող գործելաոճը:

  1. «Ցեղապաշտների հեղափոխությունը», ըստ երրորդ եւ երկրորդ կողմերի տրամաբանության, պիտի ոտքի հաներ հայության ազգամետ զանգվածին, որը կարող էր թատերականացված պայթյունները վերածել իրական պայթյունների ու բարիկադային պայքարի:
  2. «Ազգապաշտ հայրենասերների հեղափոխությունը», նույն տրամաբանության հենքով, ակնկալում էր այդ բարիկադները տեսնել այս անգամ, քանի որ արծարծվում էին նաեւ «Շուշիի առանձնակի գումարտակի» եւ այլ ազատամարտիկների անուններ, ինչը կարող էր շարունակել նախորդ կիսատ մնացած հեղափոխական ալիքը:
  3. Գյումրիի դաժան ողբերգությունը՝ վերոնշյալ հեղափոխությունների միջանկյալ հատվածում կատարված մի այլ փորձ էր, ոտքի հանելու ավանդական հայի զգացական ալիքը, որը կարող էր ոչ թե հեղափոխություն իրականացնել, այլ՝ միանգամից հեղաշրջման վերածվել:

Այս գործողությունների հետեւում կանգնած երրոդ կողմը (չերեւացող) հաստատ լավ է ուսումնասիրել հայի հոգեբանությունն ու մտածելակերպը: Քայլերը խիստ տրամաբանված են: Բայց մի բան չեն հաշվի առել աներեւույթ հակահայերը, ինչը նրանց կարողություններից վեր է, հայի գենետիկ զգայական ունակությունները՝ ճիշտը սխալից, իրականը՝ անիրականից զատելու բնածին կարողությունը: Դա՝ որպես գենետիկ կոդ, դրված է յուրաքանչյուր հայի մեջ, անկախ այն հանգամանքից՝ այդ հայը մտավորական է, թե աշխատավոր կամ գյուղացի:

Հիմա դիտարկենք, թե վերոնշյալ 6 ընդհանրություններում ինչպես են իրականացվել այս 3 գործողությունները:

«Ցեղապաշտների հեղափոխություն»

  1. Շանթ Հարությունյանը ժամանակին իսկապես զբաղվել է հայրենասիրական գործերով, մասնակցել է հայ կամավորական ջոկատների կազմավորմանը, հետո հիմնել է Ցեղապաշտական կուսակցությունը եւ ազգային քաղաքականության քարոզչությամբ է զբաղվել: Բայց նրա մերձեցումը ՀՀՇ-ական վարչակարգի վերնախավի հետ հանգեցրեց ազգային գաղափարների այլակերպ ընկալմանը, իսկ Սյունիքի մարզում ոստիկանական համակարգում աշխատանքի անցնելն արդեն քաղաքացիական պայքարի ձեւերի ընկալումը հանգեցրեց այլակերպության… ՀՀՇ-ական 7-նյակի քր.գործով բանտարկությունից հետո՝ նա դատարանի կողմից անմեղսունակ ճանաչվեց ու ազատ արձակվեց: Իսկ դրսում՝ նրան դիմավորողների մեջ բացակայում էին հիշյալ վերնախավի ներկայացուցիչները, ովքեր դիմավորում էին մյուսներին…

Եվ այս ամենը չէր կարող մի նոր ինքնահաստատման չտանել, ինչը պիտի «ավարտվեր» իշխանափոխության ու հայ ժողովրդի փրկության կոչերով: Թեկուզ դատվելու գնով՝ բայց հասնելով մեղսունակության կարգավիճակի… Ինչն այս անգամ «բավարարվեց» դատարանի կողմից:

  1. Հեղափոխական հենակետը ժողովրդի փրկությունն էր, ինչն ի սկզբանե տապալված շարժումը եւ նրա առաջնորդին պիտի պահեր մարդկանց հիշողության մեջ՝ որպես «նվիրյալ ցեղապաշտների պոռթկում»:

Սա պիտի բավարարեր ոչ միայն ժամանակին ինքնահաստատված լինելու վերահաստատումը, այլեւ պիտի բավարարեր նախորդ դատավճռից մնացած՝ ոտնահարված ինքնասիրության վերաարժեւորումը:

  1. Համագործակցելով ՀՀՇ-ՀԱԿ-ական ուժի հետ, քաղաքական ուղղվածությունը սրնթաց հակառուսականի էր վերածվել, ինչը պետք է «հեղափոխական» շարժումը վերածեր արեւմտյան ուղղության աջակցությամբ շարունակվող քաղաքականության, միաժամանակ զսպեր իշխանությունների կտրուկ հակազդեցությունը:

Բայց այդ հեղափոխական ալիքը այդպես էլ անհասկանալի մնաց մարդկանց համար, անգամ կարծիքներ հնչեցին, թե մի խումբ հայ նացիստներն են հեղափոխություն անում, ինչը չէր կարող Արեւմուտքին «կանգնեցնել» այդ շարժման կողքին, առավել եւս, որ շարունակությունն այլեւս բացառվում էր:

  1. Դրամական եւ այլ անուղղակի աջակցությունները հայաստանյան այս կամ այն հասարակական բնույթի կազմակերպության միջոցով չկայացավ, քանի որ շարժումը բազմամարդությամբ շարունակելու հարցը երկրորդ (կայացման չհասած) փուլում էր դրված:

Բայց իշխանությունները նախնական ձերբակալությունների չգնացին եւ հետագա  ալիքի տարածման աղբյուր չառաջացավ: Իշխանություններն անգամ հրապարակային կոչերից հետո կտրուկ միջոցների չանցան, եւ դա իրականացրին միայն հասարակական կարգը խախտելու եւ «նախագահականն ամեն գնով գրավելու» գործողությունների ընթացքում:

  1. Իհարկե, պետական հակազդեցությունը հանգեցրեց որոշ քաղաքական ուժերի աջակցությանը, ինչը ակնկալվում է նման դեպքերում: Բայց դա այնքան էլ մեծ ցանկ չունի Հայաստանում:

Դրանք այն ուժերն են, որ բոլոր դեպքերում էլ հանդես են գալիս որպես հակառուսական կազմակերպություններ՝ ՀԱԿ-ը, ԱԻՄ-ը եւ «Ժառանգություն»-ը… Ավելի պարզ՝ Արեւմուտքի կադրերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

  1. Դիտարկելով Արեւմուտքի քայլերը՝ ուղղված Հայաստանը ռուսական ազդեցությունից հնարավորինս անցավ ազատելու եւ սեփական ռազմա-քաղաքական առանցքը բերելու ջանքերը, խիստ կասկածելի է, որ Արեւմուտքը այսպես թույլ է հակառուսական ալիք առաջացնում Հայաստանում՝ ի դեմս «ցեղապաշտների «գմփուցիկային» հեղափոխության»: Այդպես մտածելը կլիներ Արեւմուտքի հնարավորությունները թերագնահատելու սխալ քայլ:

Իսկ Հայաստանի կայունությունը առավելապես ձեռք չի տալիս թուրք-ադրբեջանական դաշինքին: Այս թյուրքական եղբայրությունը գումարներ է ներարկում Հայաստան (արեւմտյան կազմակերպությունների միջոցով) եւ փորձում է խաթարել հայերի ազգային միասնության հասնելու ձգտումները եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Սա Արեւմուտքին ձեռնտու է այնքանով, որ առաջացնում է հակառուսական տրամադրություններ (ինչը էլ պարտադիր կետ է թուրք-ադրբեջանական որեւէ ծրագրում): Հայաստանյան կատարողներն անգամ չեն էլ պատկերացնում հիմնական պատվիրատուին: Այլապես, գոնե այդպես ենք կարծում, չեն գործի թյուրքական փողերով ու շահերով:

Ի դեպ, թուրք-ադրբեջանական դաշինքը կարող է հակաարեւմտյան տրամադրություններ էլ սերմանել՝ ռուսական շահերի տեսանկյունից, եթե դա կթուլացնի Հայաստանն ու հայությանը: Եվ այդ երկրների մամուլն ավելի զանգվածային է արձագանքում հայաստանյան քաղաքական այս ու նման իրավիճակներին: Նման դեպքերի ականատես ենք լինում նաեւ ԵՏՄ-ի համաժողովների ժամանակ, երբ մեկ այլ համաթյուրքական դաշինքի երկրի (Ղազախստանի) նախագահը հակահայկական քայլեր է նախաձեռնում:

Գյումրիի դաժան սպանդ

  1. Այս ոճիրն ուղղված էր իշխանությունների դիրքերի թուլացմանը, ինչը զգացական հողի վրա պետք է առաջացներ հակաիշխանական տրամադրություններ, ինչպես Գյումրիում, այնպես էլ այլ վայրերում: Մի ամբողջ ընտանիքի ոչնչացումը՝ հատկապես օտարի կողմից, ըստ սպանդը նախատեսողների, չէր կարող զգացմունքներ չբորբոքել հանրային տարբեր շերտերում:

Սակայն իշխանությունների արագ արձագանքը եւ ռուսական կողմին ուղղված հստակ հարցադրումները զգացական ալիքը ուղղեցին նախ Ռուսաստանի ռազմաբազայի, ապա՝ Մոսկվայի քաղաքականության կողմը:

  1. Ոճիրը, որպես եղեռնագործության երեւույթ, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, իսկապես թշնամու խորը մտածված քայլ էր: Այն խոցել էր ոչ միայն Գյումրիի, ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի հայության սրտերը: Հարվածն իսկապես թիրախային էր:

Բայց համահայկական բնույթը ներառել էր իսկապես համայն հայությանը, այդ թվում՝ իշխանություններին, ինչը հնարավոր չէր չնկատել: Հատկապես վերջին զոհի՝ փոքրիկ երեխայի փրկության համազգային պայքարը չէր կարող որեւէ հայի, այդ թվում՝ իշխանությունում գտնվող, դարձնել «քավության նոխազ», մինչդեռ սպանդը նախաձեռնողների ծրագրի մի մասը հենց դարձնելն էր:

  1. Սա միաժամանակ հաշվենկատ հարված էր՝ հակառուսական ուղղվածությամբ: Այդ ուժերը փորձեցին ոճիրը ներկայացնել՝ որպես ռուսական կողմից վախի մթնոլորտ առաջացնելու քաղաքականություն, ինչը սկզբնական շրջանում թերեւս գործեց:

Բայց երբ ռուս զինծառայողը հայտնաբերվեց Թուրքիայի հետ սահմանային հատվածում, խնդիրը այլ հարթություն տեղափոխվեց:

  1. Ռուսական 102-րդ բազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի ընտանիքի անդամները «Հավատ, հույս, սեր» խարիզմատիկ եկեղեցու աղանդավորական համայնքի ներկայացուցիչներ են (հայրն ու մայրը՝ դրա հովիվները), ովքեր հանուն իրենց հավատի կարող են դիմել ամեն քայլի: Սա հավաստում է նաեւ այն փաստը, որ ռուս զինծառայողի «հավատացյալ» եղբայրը մարդասպան հանցագործ է եղել, դատապարտված Ռուսաստանում:

Հայտնի է նաեւ, որ ամենատարբեր աղանդները սնվում են օտար փողերով, որոնք առավելապես քաղաքական շահերի համար են ներդրվում: Աղանդավորական կամ այլ փոքրամասնական կազմակերպությունները հոգեւոր ու բարոյական վնասներից բացի, քաղաքական շահեր էլ են սպասարկում:

  1. Իշխանության դեմ լուրջ մեղադրանքներ սարքելու հարցը բարդ էր, քանի որ Հայաստանի իշխանավորները ու իրավապահ մարմինները գործում էին ժողովրդի հետ միասին:

Չնայած, ի վերջո հայտնվեցին հակաիշխանական ուժեր, որը ծրագրի պարտադիր մասերից մեկն է, որ համազգային սգի եւ ջանքերի կողքին սկսեցին մեղադրել իշխանություններին՝ ռուսների հետ համագործակցելու մեջ: Ինչպես վերոնշյալ դեպքում, այստեղ կրկին ակտիվ էին ՀԱԿ-ի, ԱԻՄ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

  1. Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում անկարգություններ կազմակերպած Լեւոն Բարսեղյանը ժամանակին փորձել էր ոչ անհայտ Գեորգի Վանյանի հետ միասին Գյումրիում (նաեւ Երեւանում ու Վանաձորում) կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ինչը հայաստանցիների բուռն հակազդեցությանը հանդիպեց: Իսկ ռուս սպա Վիկտոր Ալեքսանդրովը, բազմաթիվ ռուսների անունից՝ բանաստեղծությամբ եւ ֆեյսբուքի իր պատին արված գրառումով իրենց վիշտն ու բողոքն էր արտահայտել Գյուրիում տեղի ունեցածի համար, եւ նշել, որ իրենք «թուրքեր չեն, ովքեր իրենց այլանդակներին հովանավորում, հետո հերոսացնում են»՝ նկատի ունենալով նաեւ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքը: Եվ, ի վերջո, սպանդի մեղավորին բռնել են հայ-թուրքական սահմանը անցնելու փորձի ժամանակ…

Չնայած մի վերջին փորձ արեցին նախաձեռնողները՝ դեպքը ներկայացնելու որպես ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր, իբր հայերը հասկանան, որ առանց ռուսի չեն կարող մնալ թուրքի դեմ, բայց… թուրք-ադրբեջանական հերթական ծրագիր էր սա, որ չկարողացավ հակառուսականություն սերմանելով՝ Արեւմուտքից որեւէ այլ բան պահանջել փոխարենը…

«Հայրենասերների հեղափոխություն»

  1. Հանդես գալով մի շարք անուններով, երբեմն նաեւ դաշինքների մեջ՝ այս քաղաքական միավորումը վերջերս ձեւավորեց սեփական խորհրդարանը, ապաեւ՝ երկրի նախագահական ու կառավարական մարմինները, որից հետո հայտարարեց, թե ունենալով բանակի եւ այլ ուժային կառույցների աջակցությունը՝ գնում է իշխանափոխության:

Նման հայտարարությունները եւ ամեն գնով, անգամ մահվան (մահը այլ մահեր էլ է բերում…), «ազգադավ իշխանություններից ազատվելը», միանշանակ պետք է դիտվեր հեղաշրջման փորձ, ոտնձգություն պետականության դեմ, ինչը անհասկանալի է, եթե իշխանափոխության գնացող ուժը լուրջ ծրագրերից է խոսում:

  1. Այստեղ էլ, ինչպես վերոնշյալ առաջին դեպքում, հեղափոխական հենակետը ժողովրդի փրկությունն էր: Այստեղ եւս հանդես են գալիս «մահապարտ նվիրյալների» տեսլականով, ազգի նպատակների իրագործումը իրականացնող իշխանության ձեւավորման խոստումներով:

Սակայն Արցախում (Բերձորի դեպքերը) Հայաստանի իշխանության հրաժարականի պահանջի ծրագիրը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն առանց ներկայիս իշխանությունների անցկացնելու քայլերը՝ միանշանակ քաղաքական շահարկումներ էին, որ չէին կարող համախմբել հայ մարդկանց՝ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի շուրջ:

Արցախի նախագահը չի մեծամտացել եւ հանդիպել է այս շարժման ղեկավարների հետ՝ համարելով, որ դիցուկ Ժիրայր Սեֆիլյանն ունի մարտական ուղի, բայց հայտնել է. «Հայաստանի հարցերը Երեւանում լուծեք, ոչ թե Ստեփանակերտում…»: Հակառակ կողմից այս խոսքերն անտեսվում են ու «առաջ են գալիս» Բերձորի դեպքերը, որը Անկարան եւ Բաքուն արձանագրեցին որպես «Արցախի բռնապետական իշխանության հակաժողովրդական դրսեւորում»… Սա բավարար չի համարվել եւ այս քաղաքական միավորումը Հայոց ցեղասպանության սգո համազգային օրվա միջոցառումների անցկացումն է փորձում դնել հարցականի տակ: Մի քանի  դեսպաններ, այն երկրների, որոնց նախագահները պիտի այցելեն Երեւան, պահանջում են, որ օրն առանց խժդժությունների եւ վտանգների անցկացվի…

  1. Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների ձերբակալությունն այս շարժման որոշ հետեւորդներ համարում են «աչքալուսանք» Ռուսաստանին…

Այլեւս չխորանալով այս «տեսության» մեջ՝ նշենք, որ սա մի անիմաստ «մեղադրանք» է, որն ամենաթույլն է մինչ այսօր իրականացված հակառուսական քայլերից:

  1. Այստեղ կրկին խոսակցություններ կան ինչ-որ աղանդավորական կառույցից դրամական աջակցություն ստանալու առումով, որը գուցե բացահայտ նշվի դատավարության ժամանակ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասել է, թե այն վարքագիծը, որ դրսեւորում էր «Հիմնադիր խորհրդարան»-ը՝ իր ղեկավարի հետ միասին, վաղ թե ուշ նման վերաբերմունքի պետք է արժանանար: Նրա կարծիքով՝ «արտաքին ֆինանսավորումներ կան», քանի որ նրանց գործողությունները չեն բխում «հայ ժողովրդի ընդհանուր ցանկություններից», ինչի մասին եւս կխոսվի առաջիկայում:

  1. Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների միջազգայնորեն անցկացման հանգամանքը, Հայաստան ժամանող բարձրաստիճան եւ այլ հյուրերի քանակը, նրանց անվտանգությունը, պարզ էր, որ միջոցառումներ են ձեռնարկվելու պետության կողմից, առավել եւս, երբ հնչում են իշխանափոխության կոչեր ամեն գնով…

Ինչպես վերոնշյալ դեպքում, այստեղ կրկին քարկոծողների թվում են ՀԱԿ-ի, ԱԻՄ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչները եւ նրանց համակիր շրջանակները:

  1. Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության միջոցառումների եւ միջազգայնացման փորձերի տապալման միակ շահագրգիռ կողմը թյուրքական երկրներն են՝ ի դեմս՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, հավաստում է, որ եթե անգամ արեւմտյան ինչ-ինչ կազմակերպություններ են ֆինանսավորել այս շարժումը, ապա դրանց գումարները այլ դեմք ունեն: Հատկապես Անկարայի նախաձեռնած՝ «Գալիպոլիի հաղթանակի» նշումը, խնդիր ունի «չեզոքացնել» Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումների եւ դրա հետեւանքների վտանգները…

Հատկապես Մեծ Բրիտանիան է դարձել Թուրքիայի դատապաշտպանը եւ հենց առաջինն էլ այս թագավորության արքայազնը խոստացավ ապրիլի 24-ին մեկնել Ստամբուլ, ոչ թե երեւան… ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ այն հայտարարությունները, որոնք արվում են այս ուժի կողմից՝ «ավելի շատ համահունչ է թուրք-ադրբեջանական որոշ քաղաքական գործիչների կողմից կատարվող հայտարարությունների բնույթին»:

Հետաքրքիր է, որ հայաստանյան այն ուժերի ներկայացուցիչները, որոնք անցել են ժողովրդավարությունից ամբոխավարություն մի հսկայական ճանապարհ եւ դավանում են այդ արժեհամակարգը, սկսել են խոսել ազգայնական, ավելին՝ խիստ ազգայնական թեմաներով ու բառապաշարով, ինչը շարունակաբար մերժել են հրապարակավ եւ տարիներ շարունակ: Բայց այսօր պիտի «դավանեն» համաշխարհային ուժերի պահանջը, քանզի ինչպես Եվրոպան, այնպես էլ Ռուսաստանը՝ ազգայնանում են, ավելին՝ ազգայնականանում…

Արամ Ավետյան եւ Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։