Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

Իրաքյան իսլամական ծայրահեղականների ահագնացող բարբարոսությունների համապատկերում մի նոր բարբարոսական ալիք բարձրացավ, այս անգամ արաբական մեկ այլ երկրում՝ Եմենում: Եթե Իրաքի ծայրահեղ իսլամականները մահ ու ավեր են սփռում ոչ մահմեդական հանրությունների շրջանում, ապա Եմենում առկա է սուննի-շիա իսլամական ճյուղերի մեծ բախում:

Կրոնական այս ճյուղերը միշտ են բախվել, սակայն սա այնպիսի թափով զարգացում ապրեց, որ բախման եզրին է հասցրել այլ երկրների, Սաուդյան Արաբիան եւ Իրանը կարող են ավելի ծավալուն դարձնել սուննի-շիա հակամարտությունը, եթե հարաբերությունները գնան սրման ճանապարհով:

Սաուդյան Արաբիայի օդուժը ավելի քան 10 երկրների աջակցությամբ օդային հարվածներ է հասցնում Եմենի տարածքում ապստամբ շիա հուսիթների ռազմական հենակետերին: Իրանը դեմ է այսպիսի կտրուկ քայլերի. քանի որ շիաների առաջատար երկրի համբավն ունի: Թեհրանը ժամանակին անգամ սուննի թուրքերին եւ շիա ադրբեջանցիներին էր կարողանում զատված պահել: Այսօր այլ իրավիճակ է իհարկե, բայց Իրաքի ծայրահեղ իսլամականներին, որ սուննի են, հարվածելու պատրաստ Իրանը դեմ է արտահայտվում շիա հուսիթների ռմբահարումներին: Հասկանալի է, որ սա միայն հոգեւոր-կրոնական խնդիր չէ, կրոնը վաղուց քաղաքականության է վերածվել եւ հատկապես Մերձավոր Արեւելքում դա խիստ ընդգծված է:

Սաուդյան Արաբիայի հետ ռազմական կոալիցիա են կազմել նաեւ Իրանի հետ խնդիրներ ունեցող այլ արաբական երկներ՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը եւ այլն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղուց իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի գործողություններին: Վերջինիս ռազմական միջամտությունը, ի պաշտպանություն Եմենի սուննիների ընդդեմ շիաների, նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում ամրագրվում է կրոնական պատերազմների հետեւղականությունը:

Իրանը չի շտապում, քանի որ խնդիրներ ունի լուծելու Իրաքում եւ Սիրիայում, բայց անպայման կաջակցի Եմենի շիաներին: Սաուդյան Արաբիա եւ Իրան հակամարտությունը կարող է անցնել նաեւ ռազմական փուլի, եւ այս դեպքում Մերձավոր Արեւելքում հաստատ կսկսվի նաեւ քրիստոնյաների եւ հուդայականների համապատասխան քայլերի նախաձեռնումը՝ նախ ինքնապաշտպանության համար, հետո գուցեեւ այլ բնույթի: Հայտնի է նաեւ, որ բուն Երուսաղեմում մշտապես խնդիրներ են ունենում հայ առաքելական եւ ուղղափառ եկեղեցիների հետեւորդները, որոնք հակասությունների մեջ են նաեւ հուդայականների հետ: Չի բացառվում, որ կբորբոքվի ոչ միայն իսլամական գործոնը…  

«Եմենի պատերազմի կրակի ծուխը կարող է հասնել Սաուդյան Արաբիայի աչքերին»,- նախազգուշացրել են Թեհրանից: Անկասկած այս կրակի բռնկումն ունի վտանգներ եւ, հաշվի առնելով իսլամական աշխարհում առկա զգայուն իրավիճակը, այն կարող է հանգեցնել նոր ճգնաժամի: Վտանգ կա նաեւ Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում, որ ներքաղաքական պայքարը կարող է վերածվել է սուննի-շիա բացահայտ հակամարտության ու միջկրոնական պատերազմի: Եթե Լիբանանում միայն լարվածություն կա առայժմ, ապա Սիրիայում եւ Իրաքում բացահայտ պատերազմ է: Շիա-սուննի կրոնական պատերազմի մեջ կարող են ներքաշվել տասնյակ պետություններ: Եթե սրան հավելենք, որ Ֆրանսիան ՄԱԿ է ներկայացրել մի նախագիծ, որով պատրաստվում է պաշտպանել Մերձավոր արեւելքի քրիստոնյաների՝ հայերի, ասորիների եւ այլոց իրավունքները, ապա սա նշանակում է, որ Ֆրանսիան էլ իր հերթին կստեղծի քրիստոնեական դաշինք, որը մի այլ հակամարտության մեջ կմտնի իսլամական աշխարհի հետ:

Մերձավոր Արեւելքում արաբական միասնական բանակի ստեղծման որոշում է կայացվել ու չի բացառվում, որ եվրոպական նախաձեռնությամբ ստեղծվի նաեւ քրիստոնեական միասնական բանակ: Իսկ հուդայական Իսրայելի հզոր բանակի գոյությունն էլ արդեն իրողություն է տարածաշրջանում:

Միացյալ նահանգները պաշտոնապես աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիայի Եմենում ռազմական գործողություններին, իսկ Ռուսաստանը եւ Իրանը պահանջել են դադարեցնել ռազմական գործողությունները: Եվրոպան էլ մտահոգ է տարածաշրջանի քրիստոնյաների վիճակով: Եվ սպասվում է մի ճակատագրական իրադարձություն, որ կարող է իր ազդեցությունն ունենալ բոլոր կողմերի վրա, ինչը կբորբոքի ամբողջ տարածաշրջանը:

Իսկ դա չի բացառում աշխարհի հերթական վերաձեւման հնարավորությունը, որին Հայաստանը պիտի պատրաստ լինի հիմնովին:

Դառնալով առկա հակամարտությանը՝ նշենք, որ Մերձավոր Արեւելքում արաբական միացյալ ռազմական ուժերի ձեւավորումից հետո շիաները եւս կարող են նախաձեռնել համատեղ ռազմական ուժեր՝ Իրանի գլխավորությամբ: Սա արդեն վտանգավոր գործընթաց է եւ դժվար է կանխագուշակել, թե հետագան ինչ նոր հակասությունների կհանգեցնի: Արաբական պետությունների լիգան միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20-ից ավելի արաբական երկրներ եւ դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվել է 1945թ. մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան եւ Եմենը։

Սակայն հակասությունները առկա են ոչ միայն կրոնական ուղղություններում, այլեւ՝ արաբական երկրների միջեւ: 20-ից ավելի երկրների միավորման համար պայքարել են Իրաքի եւ Լիբիայի՝ Արեւմուտքի կողմից սպանված նախագահներ Հուսեյնը եւ Քադդաֆին: Սադամ Հուսեյնին ցուցադրաբար կախաղան բարձրացրեցին ամերիկացիները, իսկ Լիբիայի նախագահը սպանվեց Արեւմուտքի նախաձեռնած արաբական հեղափոխությունների ընթացքում… Եվ արաբական համերաշխությունը կրկին դարձավ երազանք: Այսօր Եգիպտոսի դատարանը պաղեստինյան «Համաս»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես վարվել էր տարածաշրջանի երկրների հետ գործակցող Կիպրոսի դատարանը: Իսկ «Համաս»-ը համագործակցում է եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որը նույնպես Եգիպտոսում հայտարարված է որպես ահաբեկչական:

Եթե Իրանը եւ Սաուդյան Արաբիան իրենց դաշնակից երկրների հետ բախվեն, ապա ահաբեկչությունը նորից գլուխ կբարձրացնի, ինչի ականատեսը եղանք Սիրիայում եւ Իրաքում: Անգամ «Ալ-Ղաիդա»-ն անմասն չմնաց մասնակցությունից:

Այստեղ կներգրավվի նաեւ Թուրքիան, որ չի կարող անմասն մնալ այդ հակամարտությունից, քանի որ սուննի մեծամասնությամբ պետություն է ու նաեւ համաթուրքական շահեր ունի: Ադրբեջանը մնում է երկու քարերի արանքում.կամ պիտի գնա դեպի Թուրքիա, ինչը կնշանակի դավաճանել իր շիա հավատացյալներին, միաժամանակ ընկնելով Իրանի ու Ռուսաստանի հարվածի տակ, կամ՝ դեպի Իրան, որպես շիաների առաջնորդ երկիր, որի դեպքում կզրկվի համաթուրքականության մեծ եղբայր Թուրքիայի աջակցությունից:

Հայաստանը կարող է շահեկան վիճակում հայտնվել այս դեպքում: Միաժամանակ քրիստոնեական միասնության ռազմուժի ձեւավորումը, որը կարող է նախաձեռնել Ֆրանսիան, Մերձավոր Արեւելքի հայ համայնքը զինելու հնարավորություն կստեղծի: Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի համար: Իսկ դա նշանակում է՝ մերձավորարեւելյան աշխարհաքաղաքական պայթյունը այս անգամ չի անտեսի հայերին: Քրդերը եւս ներծծված կլինեն կրոնական հակամարտության մեջ, ինչը Քրդստանի ստեղծման գաղափարը կարող է սառեցնել, ինչի համար Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։