Նավթային պատրանքի փլուզման քաղաքական հետեւանքերը – Ադրբեջանում անխուսափելի է ոչ միայն տնտեսական աղետը.- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Ադրբեջանական մանաթը այս տարվա փետրվարին կտրուկ անկում ապրեց՝ նվազելով 33,6%-ով: Վրացական լարին նույնպես անկում ապրեց: 45 օր անց լարին կարողացավ կանգնել նույն տեղում, իսկ մանաթի արժեզրկումը հասավ 34,1%-ի: Ադրբեջանական քաղաքական դաշտը շարունակում է աղմկել եւ հակապետական կեցվածքի մեջ մեղադրել Կենտրոնական բանկին: Իսկ տնտեսագետները հակապետական պահվածքի համար մեղադրում են իշխանական եւ քաղաքական շրջանակներին՝ ասելով, որ եթե վերջիններս շարունակեն չնայել ճշմարտության աչքերին, ապա պետությունը փլուզման կտանեն:

Ադրբեջանում հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի խոսքերից կօգտվենք, մի տնտեսագետի, որ ոչ թե պարզապես հայտնի է, այլ՝ հայտնի է իր անաչառ, մասնագիտականա գնահատականներով եւ նրա խոսքին հավատում են թե փորձագիտական եւ թե հանրային շրջանակները: Եվ այսպես՝ նա հայտարարել է, որ մանաթին կրկին արժեզրկում է սպասում, բայց այս անգամ այն կլինի արդեն ոչ թե 34, այլ՝ 50%: Ալիեւամետ մամուլը նրան փորձել է մեղադրել՝ ասելով, որ նա այդ հայտարարությունն անում է Իրանի ու «վեցյակի» համաձայնության ձեռքբերման համապատկերում՝ ճիշտ չգնահատելով ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական զարգացումները. այն է՝ «Իրանի համար, միեւնույնն է, դեպի Եվրոպա ճանապարհն անցնելու է Ադրբեջանով»: Գ. Իբադօղլուն ու նրան պաշտպանող այլ տնտեսագետներ, մի կողմ թողնելով «իշխանությունների քաղաքական կարճատեսությունը», փորձել են մանաթի 50%-ով արժեզրկման կանխատեսումները ապացուցել բացառապես տնտեսական ծավալումներից ելնելով:

Այսպիսով, Գ. Իբադօղլուն հիշեցրել է, որ նավթի միջազգային գների շարունակական անկման հետեւանքով մանաթի փետրվարյան 34% արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները փետրվարի 21-ի դրությամբ արդեն 3,3 մլրդ դոլարով կրճատվել են: Սա նշանակում է, որ հիմնադրամի եկամտաբերության խնդիր է ծագել: «Ես այդ խնդրի լուծման երկու տարբերակ եմ տեսնում,- ասել է նա,- առաջին տարբերակում, որը խիստ հիպոթետիկ է, ադրբեջանական նավթի միջին տարեկան գինը մեկ բարելի դիմաց չպետք է 75 բարելից պակաս լինի: 2015թ. 1-ին եռամսյակն արդեն հետեւում է, ադրբեջանական նավթի գինը տատանվում է 55 դոլարի շուրջ, եւ նավթի գնի է՛լ ավելի անկման միտում է զգացվում: Նման դեպքում կառավարությունը պետք է սպասի նավթի գնի մինչեւ 83 դոլար բարձրանալուն, որպեսզի փոխհատուցի կորուստները, ինչը խիստ անհավանական է: Մյուս տարբերակը տեսնում եմ մանաթի 50%-ով արժեզրկման մեջ (1 դոլարը՝ 1,5 մանաթ հարաբերակցությամբ,- Ա.Մ.): Սա  ավելի օպտիմալ տարբերակ է: Բնակչությունը պետք է պատրաստվի կյանքի մակարդակի երկրորդ անկման ալիքին: Այս անգամ այն պետք է նվազի ոչ թե 34%-ով, ինչպես դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին, այլ 50%-ով: Բանն այն է, որ եթե նավթի միջին գինը մնա 60 դոլար, ապա նավթային հիմնադրամի եկամտի պակասորդը կկազմի 3,4 մլրդ դոլար: Քանի որ կառավարությունը պետբյուջեն ֆիանսավորելու այլ աղբյուրներ չունի, նրան կմնա Կենտրոնական բանկին տարվա երկրորդ կեսին մանաթի նոր արժեզրկման ալիք հանձնարարել: Չի բացառվում, որ դա կարող է արվել ավելի վաղ»:  

Այստեղ խոսենք մի հարցի շուրջ, որն ադրբեջանական մամուլը շատ վախվորած է բարձրաձայնում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը այդ երկրի պետբյուջեի հիմնական դոնորն է, չի վստահում ազգային արժույթին: Ընդամենը մեկ փաստ. հիմնադրամի ներդրումային պորտֆելում ազգային արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1%։ Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, ապա պատկերն առավել հստակ կդառնա։

Սրանից կարեւոր մեկ այլ փաստ էլ. Ադրբեջանի այս տարվա պետական բյուջեում նավթի գինը 1 բարելի համար նախատեսված էր 90 դոլար, մինչդեռ ներկայումս այն արդեն մոտ 48 դոլար է: Եվ ապագայի կանխատեսումները ամենեւին էլ լավատեսական չեն:

Ադրբեջանը փորձել է իրեն համեմատել Ռուսաստանի հետ. թե՝ ՌԴ-ն էլ նավթային ու գազային երկիր է, հիմա էլ պատժամիջոցների թակարդում է, բայց ամենեւին էլ կործանման մասին չի խոսում: Մենք չհամեմատնեք այս երկու պետությունների նմանություններն ու հակասությունները, միայն ասենք, որ ՌԴ-ի արտահանումը ամբողջովին կախված չէ նավթամթերքներից, իսկ Ադրբեջանը ամբողջովին է կախված: Բայց այդ մասին՝ վերջում:

Ինչեւէ, ռուսաստանյան մամուլը, անդրադառնալով Ադրբեջանի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովի այն խոսքերին, թե պետք է անցնել ամբողջությամբ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, նկատել է, որ մանաթի անկման ցնցումը մեկ անգամ էլ կկրկնվի: Բացի այդ, ԿԲ-ն փոխարժեքը պահպանելու համար ամսական 1,1 մլրդ դոլար է ծախսում, ինչ այս պահին, երբ նավթի գները անկում են ապրում, շռայլություն է այդ երկրի համար: Մյուս կողմից հասկանալի է, թե իշխանական շրջանակները ինչու դա են ուզում: Պարզ է, որ լողացող փոխարժեքի պարագայում մանաթը շատ զգայուն կդառնա նավթի գների տատանումների նկատմամբ, ընդ որում, ինչպես մասնագետներն են բացատրում, ավելի զգայուն, քան ռուսական ռուբլին: Այս ամենի հանրագումարն էլ այն եղավ, որ Ադրբեջանում արդեն փլուզված է, այպես ասած, կայուն մանաթի լեգենդը:

Բացասական սպասումների մեկ այլ գործոն էլ կա, որի մասին ադրբեջանական մամուլը չարձագանքեց նույնսիկ Իլհամ Ալիեւի՝ Սաուդյան Արաբիա այցի շրջանակներում: Բանն այն է, որ նավթի համաշխարհային գինը շարունակում է կտրուկ նվազել դեռ նախորդ տարվա 2-րդ կեսից սկսած: Գնային այս քաղաքականությունը հատուկ է մշակված եւ OPEC  («Նավթ արտահանող երկրներ» կազմակերպությունն է) երկրների կողմից արդյունավետ էլ իրականացվում է: Եվ ստացվում է այնպես, որ ցածր գների պայմաններում միայն OPEC երկրներն են պահպանում իրենց կայուն դիրքերը շուկայում: Ինչը չի կարելի ասել ոչ OPEC երկրների մասով: Իսկ Ադրբեջանը OPEC երկիր չէ ու դրա համար էլ նավթի էժանացումից հսկայածավալ վնասներ է կրում: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ Ադրբեջանում նավթային գումարները ներարկում են նաեւ տնտեսության այլ ճյուղերի, ապա շղթայական վնասաբերության մասին կարող ենք խոսել:

Բացի այս՝ Ադրբեջանում, ի տարբերություն OPEC երկրների, նավթի արդյունահանման ծախսերն են մի քանի անգամ ավելի մեծ (այս խնդիրը նրանք հատկապես ունեն գազարդյունահանման ոլորտում,- Ա.Մ.), այսինքն՝ վաճառքի ցածր գնին հետեւում են եկամտի ու շահույթի կտրուկ նվազումը: Ու քանի որ OPEC-ը հայտարարել է, որ շարունակելու է պահպանել արդյունահանման ծավալները՝ ցածր պահելով վառելիքի շուկայական գինը, ապա ադրբեջանական մանաթի կրկին անկումն անխուսափելի է:

Ալիեւը, երկրում խուճապ չստեղծելու համար, բացահայտ ստում է, որ OPEC-ը շուտով կփոխի իր դիրքորոշումը, եւ նավթը կրկին կթանկանա:

Տեսնենք, թե ինչ են ասում OPEC-ի ներկայացուցիչները, որոնց, ի դեպ, մեջբերում է ադրբեջանական մամուլը: OPEC-ում Քուվեյթի ներկայացուցիչ Մուհամեդ աշ-Շաթթին հայտարարել է, որ «առաջիկա 5 տարվա նավթի գները չեն կարող հասնել մեկ բարելի դիմաց 100 դոլարի»: Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը հայտնել է, որ OPEC-ը չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:

Ի՞նչ կլինի այս ամենից հետո Ադրբեջանում: Բիբլիական «դու ասացիր»-ի տարբերակով մեջբերենք հենց Ադրբեջանի վիճակագրական ծառայության տվյալը:

Եվ այսպես՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի 63%-ը կազմում է արդյունաբերությունը, որից 60%-ը բաժին է ընկնում նավթի եւ գազի արդյունահանմանը (2013թ. տվյալներն են, 2014թ-ն դեռ հասանելի չէ): Արտահանման 95%-ը կազմում են միայն նավթն ու գազը, մնացած 5%-ը՝ տեխնիկան եւ մթերքները:

Ի դեպ, չմոռանամ ասել, որ ադրբեջանական մամուլը ընդամենը համարձակվեց թուրքական մամուլից մեջբերում անել առ այն, որ միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերման դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի գները հաջորդ տարի կարող են ընկնել մեկ բարելի դիմաց 15 դոլարով: «Եթե ձեռք բերվի համապարփակ համաձայնագիրը, որը կհանգեցնի Իրանի պատժամիջոցների չեղարկմանը, նավթի մատակարարումների ծավալների, պահանջարկի, ինչպես նաեւ գների վերաբերյալ կանխատեսումները կարող են զգալիորեն փոխվել…»,- ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հաղորդագրությունում:

Ու քանի որ նման կանխատեսում են արել Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները, մեզ մնում է «հուշել», որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը փոխի իր՝ բարելի դիմաց 90 դոլարով հաշվարկված գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Ադրբեջանի նավթային լեգենդի փլուզումից հետո աշխարհում քաղաքական շատ խաղաքարտեր կփոխվեն:

Իսկ Հայաստանը պիտի զգոն մնա. Ադրբեջանի նախագահ Ալիեւը սահմանին ավելի գազազած կլինի՝ փորձելով ներքին լսարանին թմրած վիճակում պահել: Անհանգստացած է նաեւ Թուրքիան, որի նախագահ Էրդողանը Իրան այցից առաջ այցելեց Սաուդյան Արաբիա եւ այդ երկրի թագավորի հետ քննարկեց «նավթա-գազային» խնդիրը: Հենց այդ ժամանակ էլ Ալիեւը  մեկնեց Էր-Ռիյադ, որպեսզի մեծ եղբայր Էրդողանի հետ բորբոքեն Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հակասությունները, որոնք սրվեցին հատկապես վերջերս՝ Եմենում իսլամական ծայրահեղականների հեղաշրջման փորձի պատճառով:

Այո, նավթային եկամուտների ամկումը լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար, որն Իրանի դեմ պայքարի առաջամարտիկ էր դարձել ու իր տարածքը պատրաստ էր տրամադրել ՆԱՏՕ-ին եւ Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար: Այժմ Արեւմուտքի համար Ադրբեջանը կարող է այլեւս ձգտելի չլինել, եթե պատժամիջոցներից ազատված Իրանը գազ մատակարարի Եվրոպային: Սա նաեւ Ռուսաստանին նեղելու Արեւմուտքի ծրագրի մի մասն է:

Հայաստանը իրապես կարող է շահել այս իրավիճակից՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա ուղին աշխատելու դեպքում:

Եվ սա է պատճառը, որ ինչպես վերը նշեցի, Ադրբեջանից պետք է զգուշանալ, քանի որ նշածս ծավալումների դեպքում Բաքուն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանի անդորրը խախտվի: Չնայած Արեւմուտքն էլ ունի իր լծակները, եթե անգամ Ռուսաստանը խաղարկի ադրբեջանական խաղաքարտը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։