Աշխարհի մարզական հեւքից – Եվրոպական խաղեր՝ ադրբեջանական միապետության համար… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Աշխարհի մարզական հեւքից.–

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի 2015թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը  77 կգ քաշային կարգում ներկացնում էին Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում Անդրանիկը գլխավերեւում պահեց 164 կգ-ն՝ նվաճելով փոքր ոսկին, իսկ Տիգրանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ: Հրումում Անդրանիկը 186 կգ բարձրացրեց, Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով՝ Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Գետցը (160+191 կգ): Ավելացնենք, որ այս հաղթանակով Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Իսկ մրցաշարի մեկնարկում մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում 113 կգ  արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ ծանրաձողը եւ առաջ անցավ իրենից առաջին ձեւավորված եռյակից: Սակայն Սմբատը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, քանի որ մոլդովացի ծանրորդ Օլեգ Սիրգին էլ ավելի անհավանական արդյունք ցույց տվեց (151կգ) եւ գրավեց 1-ին տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Միրկո Սկարանտինոն:

Հ.Գ – Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ասպարեզ դուրս եկան նաեւ +75 կգ քաշային կարգի ծանրորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում արձանագրեց 113 կգ արդյունք՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում իր կամքին ենթարկեց 141 կգ ծանրաձողը՝ գրավելով 3-րդ տեղը: Երկամարտի 254 կգ արդյունքով հայ մարզուհին հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

- Հայ ծանրորդների համար Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն ավարտվեց

Հայաստանի ծանրորդների համար Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի վերջին պատվիրակ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտի 397 կգ (181 կգ+216 կգ) ցուցանիշով գրավեց 5-րդ տեղը: Թեեւ նա ընդամենը 18 տարեկան է, բայց մեդալ էինք ակնկալում: Նկատի ունենք Սիմոնի բնածին օժտվածությունը եւ այն, որ բարձր կիլոգրամներ սանձելով` Գեղակերտի (նախկին Սամաղար) ծանրամարտի մարզադպրոցի սանը նախորդ մրցաշրջանում նվաճեց Նանջինգի օլիմպիական պատանեկան ամառային խաղերի չեմպիոնի կոչումը: Բայց ավագների պայքարի լավագույն հնգյակում տեղ ունենալն էլ պատիվ է «Սեւան» մարզընկերության սանի համար: Ընդհանրապես՝ «Սեւանը» 5 ներկայացուցիչ (4 տղամարդ, 1 կին) էր գործուղել Թբիլիսի: Տղամարդկանց մրցելույթների մասին արդեն հայտնել ենք: Առավել ուրախացնողը նշված կազմակերպության քասախցի անվանի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանի «բեմելն» էր: Մայրանալուց հետո Հռիփսիմեն աստիճանաբար բարելավում է իր մարզավիճակը, դրսեւորում է կամային բարձր հատկանիշներ: Ահավասիկ, երկամարտի 254 կգ (113 կգ+141 կգ) արդյունքով նա ծանրքաշայինների պայքարում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եզրափակեց լավագույն քառյակը: Ավելին՝ հրում վարժությունում մեր մարզուհին գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հիշարժան էր պարգևատրության արարողությունը: Նկատի ունենք այն, որ մեդալը վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի սանուհուն հանձնեց օլիմպիական խաղերի չեմպիոն, թբիլիսցի ծերունազարդ Ռաֆայել Չմշկյանը:

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կմտնի հուլիսի 18-ին

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հերթական մրցամարտը կանցկացնի հուլիսի 18-ին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը 4-րդ անգամ կհանդիպի այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ: Հիշեցնենք, որ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել էր Արթուր Աբրահամը, իսկ մեկ անգամ առավելության էր հասել գերմանացի բռնցքամարտիկը: Մրցամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Հավանական թեկնածուներն են Մյունխենը, Լեյպցիգը, Շտուտգարտը եւ Հալեն:

«Միկա»-ն ընդհատեց «Փյունիկ»-ի հաղթարշավը

Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ փուլի հանդիպումները: Երեւանի «Միկա»-ն անսպասելի հաղթեց մրցաշարի ընդգծված առաջատար «Փյունիկ»-ին՝ 1:0, որը վերջին անգամ պարտություն կրել էր անցած տարվա սեպտեմբերին: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում անպասելի զիջեց «Գանձասար-Կապանին»՝ 0:2, որը նորաստեղծ թիմ է եւ ընդամենը մեկուկես ամսվա պատմություն ունի: Երեւանի «Բանանց»-ը 2:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին, իսկ Գյումրիի «Շիրակ»-ը նույն հաշվով առավելությհան հասավ Երեւանի «Ուլիս»-ի նկատմամբ:

Այժմ առաջնության 4 մասնակիցները պատրաստվում են Հայաստանի գավաթի խաղարկությանը: «Փյունիկ»-ը կիսաեզրափակիչ պատասխան խաղում կհյուրընկալվի «Ալաշկերտ»-ին, իսկ հանրապետության չեմպիոն «Բանանց»-ը կընդունի «Միկա»-ին:

«Միկա»-ն մտավ եզրափակիչ

Հայտնի դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի առաջին մասնակիցը: Այդ իրավունքը նվաճեց Երեւանի «Միկա»-ն, որը կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բանանց»-ին: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր վերջինիս առավելությամբ, սակայն 2:1 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա վաղը: Միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը: Թիմերի առաջին խաղն ավարտվել է փյունիկցիների հաղթանակով` 3:1:

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովում միակ թեկնածուն՝ Ռուբեն Հայրապետյանը, վերընտրվեց կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Վերընտրվեցին նաեւ գործկոմի բոլոր անդամները՝ Սամվել Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Վիկտոր Դալլաքյանը, Հրայր Թովմասյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Էդուարդ Ղազարյանը, Կառլոս Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Արման Սահակյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Մինասյանը, Էդուարդ Մարգարյանը, Բագրատ Նավոյանը, Արտակ Մնացականյանը:

Ռուբեն Հայրապետյան. «Հավաքականի նոր մարզիչը հայ մասնագետ կլինի»

ՀՖՖ ընտրական համաժողովի ավարտից հետո կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այսուհետ առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի մանկապատանեկան ֆուտբոլի և ողջ հանրապետության տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեմային՝ նա նշել է, որ մեր թիմը հայտնվել է ծանր կացության մեջ, այդուհանդերձ, արձանագրված արդյունքների մեջ միայն մարզչին չէ, որ մեղադրում է: ՀՖՖ նախագահն ընդունում է, որ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Բեռնար Շալլանդին, սխալ է գործել, սակայն վատ արդյունքների մեջ մեղադրում է նաեւ որոշ ֆուտբոլիստների, ովքեր կարծես թե նմանվում են այն տարիների ֆուտբոլիստներին, որոնք զբոսաշրջիկի կարգավիճակով էին ժամանում Հայաստան: Ռուբեն Հայրապետյանը խոստանում է, որ արագ կկարգավորի հավաքականում կարգապահության խնդիրը եւ նույնիսկ կհեռացնի այն ֆուտբոլիստներին, անկախ անուններից ու հեղինակությունից, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն հայաստանյան ընտրանու հանդեպ: ՀՖՖ նախագահը վստահ է, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետը: Միայն նա կարող է գիտակցել, թե հավաքականը հանուն ինչի պետք է խաղա: Նա խոստացել է նաեւ, որ մոտ ապագայում կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը:

Վարդան Մինասյանը պաշտոնանկ արվեց

Ղազախստանի Կոստանայի մարզի ակիմ (մարզպետ) Նուրալի Սադվակասովը պաշտոնանկ է արել «Տոբոլ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Օրերս թիմի ֆուտբոլիստներին հայտարարել են, որ Վարդան Մինասյանն ազատված է աշխատանքից: Մարզի եւ ակումբի ղեկավարությանը զայրացրել է սեփական դաշտում «Ակտոբեից» 0:2 հաշվով կրած պարտությունը: Վարդան Մինասյանը «Տոբոլե-ում աշխատում էր 2014թ. սկզբից:

Սուրեն Չախալյանը հրաժարական տվեց

Երեւանի «Արարատ»-ի ղեկավարությունը ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը: Թիմի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Սուրեն Չախալյանին՝ կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա մարզչական կարիերայի ընթացքում:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ «Արարատը» 21 փուլից հետո 8 միավորով եզրափակում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Երկու ֆուտբոլիստները որակազրկվել են 5 տարով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Արնար-98» թիմի երկու ֆուտբոլիստների որակազրկել է 5 տարով: Պարզվում է՝ ապրիլի 12-ին կայացած Հայաստանի պատանեկան առաջնության «Արնար-98»-«Արարատ-98» հանդիպումը ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել:

Վերջինիս հիմնականում մասնակցել է դաշտի տերերի 5 եւ հյուրերի 3 ֆուտբոլիստ: Առավել խիստ պատժի արժանացել են «Արնար-98»-ի խաղացողներ Սերգեյ Վարդապետյանն ու Վահե Վանեսյանին, որոնք 5 տարով որակազրկվել են: «Արնար» բարեգործական հիմնադրամը ընդհանուր առմամբ տուգանվել է 120 հազար, իսկ «Արարատ» ակումբը` 90 հազար դրամով: Կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է Երեւանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Սեկու Մամադու Ֆոֆանային եւ «Միկա»-ի բրազիլացի պաշտպան Ալեքս Դա Սիլվային: Վերջում հավելենք, որ Հայաստանի ֆուտզալի առաջնության մասնակիցների թիվը մեկով պակասել է, քանի որ «Երեւան ԻՏ» թիմը դուրս է եկել մրցաշարից:

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը

85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի երկարամյա տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանը:

4 մեդալ… եւ Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի հիմնը

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից 4-ը արժանացան մեդալի. Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ եւ երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ եւ Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:

Պարգեւատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը:

Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին:

Հ.Գ. – Սերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների 2-րդ օրը՝ ապրիլի 18-ին մեր մարզիկներից եւս 3-ը արժանացան մեդալի. Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյան /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանն ուժեղագույնն էր: Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ եւ երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ եւ Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 19-ին:

Արթուր Դավթյանը կվիճարկի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Մոնպելիեյում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում մրցումային առաջին օրից հետո Հայաստանի 6 պատվիրակներից 4-ը հավակնում են մրցանակային տեղերի: Բազմամարտում հանդես եկած Արթուր Դավթյանը որակավորման մրցումներում զբաղեցրել է 4-րդ տեղը եւ մտել եզրափակիչ: Այսօր նա 24 ուժեղագույնների պայքարում կվիճարկի չեմպիոնի կոչումը:

Նժույգթափերի մրցումներում Հարություն Մերդինյան գրավել է 7-րդ տեղը եւ կրկին մտել եզրափակիչ: Օղակների վրա վարժության որակավորման փուլում հաջող են հանդես եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը: Հենացատկի եզրափակիչին կմասնակցի նաեւ Արթուր Դավթյանը:

Կանանց առաջնության բազմամարտում մեր միակ ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը գրավել է 28-րդ տեղը եւ ավարտել ելույթը:

Հ.Գ. – Արթուր Դավթյանը հաստատեց իր բարձր կարգը – Եվրոպայի ուժեղագույն մարմնամարզիկների մրցավեճը շարունակվում է ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Երեկ երեկոյան տեղի ունեցան տղամարդկանց եւ կանանց բազմամարտի եզրափակիչները: Մեր երկրի պատվիրակների մրցելույթների մասին մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գառնիկ Սարոյանը սկսեց մեզանում եղած հնամաշ գործիքներից, հայտնեց մասնավորապես պտտաձողի եւ ազատ վարժությունների հարթակի անբարվոք պայմաններից: Ընդհանրապես՝ Արթուրն առաձնանում է կայուն, հստակ մրցելույթներով, եւ այս մասին խոստովանում են նաեւ մրցավարները: Նրանք Արթուրի առումով, ինչպես ասում են, բռնելու տեղ չունեն: Մնում է, որ մեր մարզօջախներում պայմանները բարելավվեն: Հաճելիորեն զարմացրեց Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող ամերիկահայ մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը: Նա 21-րդ արդյունքով մտավ բազմամարտի եզրափակիչ: Իսկ ահա վճռական փուլում առավել դժվարին մրցակցությունում նա վստահ կատարումներով արժանացավ բարձր գնահատականների և ճանաչվեց Եվրոպայի 19-րդ մարմնամարզուհին: Ապրիլի 18-ին կսկսվեն առանձին գործիքների վրա եզրափակչի մրցումները: Հայաստանից մեդալների համար պայքարին կմասնակցեն «նժույգավար» Հարություն Մերդինյանը , իսկ օղակներ մրցաձեւում` Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը: Իսկ Արթուր Դավթյանը հենացատկերում հանդես կգա ապրիլի 19-ին:

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն – Ֆրանսիական Մոնպելիե քաղաքում ավարտված մարմնամարզության Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին ընդամենը 1 մեդալ: Փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգաթափերի որակավորման փուլում չնայած զբաղեցրեց 7-րդ տեղը, սակայն եզրափակիչ մրցումներում գերազանց դրսեւորեց իրեն եւ ցույց տվեց 2-րդ արդյունքը: Այդպիսով, 31-ամյա մարզիկը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Իսկ ահա օղակների եւ հենացատկի որակավորման փուլում 3-րդ տեղերը գրաված Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը չկարողացան պահպանել միավորների առավելությունը եւ ի վերջո դուրս մնացին առաջին եռյակից՝ համապատասխանաբար գրավելով 5-րդ եւ 4-րդ տեղերը:

Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը բաժանեցին տեղերը

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանը բավականին հաջող հանդես եկավ Սենտ Լուիսում ավարտված այդ երկրի առաջնությունում: 15-ամյա գրոսմայստերը (ամենաերիտասարդը աշխարհում) 5,5 միավորով բաժանեց 5-7-րդ տեղերը, որը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն, որ առաջին անգամ էր մասնակցում առաջնությանը: Նա վաստակեց 9 հազար դոլար պարգեւավճար: Մեր մյուս հայրենակից Վարուժան Հակոբյանը նույնպիսի արդյունք ցույց տվեց, ինչպես Սամուել Սեւյանը, եւ Գաթա Կամսկու հետ միասին կիսեց նույն տեղերը: Չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 8 միավոր:

Կանանց առաջնությունում 1-ին տեղը գրավեց Իրինա Կրուշը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանն այս անգամ անհաջող հանդես եկավ եւ նախորդ տարվա 3-րդ տեղը փոխարինեց 7-րդ հորիզոնականով:

Շախմատի Հայաստանի չեմպիոնն անտեսվեց

Հայաստանի շախմատի ֆեդերացիան այս տարի անտեսեց հանրապետության չեմպիոնին: Դա պարզ դարձավ, երբ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հրապարակեց թիմի կազմը, որը մասնակցելու է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությանը: Այդ մրցաշարին ՀՇՖ-ն հայտավորել է հետեւյալ շախմատիստներին՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան: Դա նշանակում է, որ 2015թ. Հայաստանի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը չի ընդգրկվել հավաքականի կազմում, ինչը՝ չեմպիոնի դեպքում արվում էր նախորդ տարիներին, եւ հնարավորություն չի ստացել իր ուժերը փորձել ազգային թիմում:

Ի դեպ, վերջերս կայացած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում հանդես եկան այդ երկրի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Իսկ ահա մեր շախմատային ֆեդերացիան ամեն տարի արտոնություն է տալիս հավաքականի անդամներին եւ նրանց ազատում է հանրապետական ստուգատեսից՝ նրանց դարձնելով անփոխարինելի:

Շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 18-29-ը, Ծաղկաձորում:

Հայ շախմատիստը վրացուն ստիպել էր շուտ-շուտ զուգարան գնալ

Վրաստանի շախմատի չեմպիոն Գայոզ Նիգիլիձեն որակազրկվել է այն բանի համար, որ պարտիայում սեփական քայլերը ճշտել է սմարթֆոնի միջոցով: Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ պարտիայում նա, ով Վրաստանի 2013 եւ 2014 թթ. չեմպիոն է, հաճախակի զուգարան է գնացել, որտեղ էլ օգտվել է սմարթֆոնից: Դա նկատել են մրցաշարի կազմակերպիչները: Գլխավոր մրցավար Մահդի Աբդուլ Ռահիմի խոսքերով՝ Տիգրան Պետրոսյանն ավելի շուտ տեղեկացրել է իրեն, որ կասկածներ ունի՝ կապված վրացի շախմատիստի հետ, ով, ըստ հայ գրոսմայստերի, վճռորոշ քայլերից առաջ չափազանց հաճախ է զուգարան գնացել: Ինքը՝ Գայոզ Նիգիլիձեն, հայտարարել է, որ չի օգտվել էլեկտրոնային սարքից: Բայց, ըստ կազմակերպիչների, զուգարանում նրանք գտել են սմարթֆոնը, որի վրա համապատասխան շախմատային էջ է բացված եղել, որում վերլուծվել է ընթացիկ խաղը:

Կատարվածի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ՖԻԴԵ-ին: Մրցաշարի գլխավոր մարզչի խոսքերով՝ նման դեպքերում շախմատիստը 3 տարով զրկվում է մրցաշարերի մասնակցելու իրավունքից, իսկ կրկնության դեպքում՝ 15 տարով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Շախմատի աշխարհի 10-րդ թիմային առաջնության բացմանը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր 10  հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի եւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ եւ իրենց աշխարհամասերի չեմպիոններ: Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկրներից է, որին 2-րդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001թ. Երեւանում:

Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող ուժեղագույն հավաքականների շախմատիստներին եւ մրցաշարին հետեւող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ եւ հաջողություն: Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են եւ խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երեւանում, այլ նաև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ 2015թ. եւ՛ Հայաստանի, եւ՛ ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են 4 հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ: «Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաեւ դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը 3 անգամ դարձել է օլիմպիական եւ 1 անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք եւ զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, եւ ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր ու մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ ու բովանդակալից խաղերի: Թո՛ղ հաղթեն լավագույնները»,- ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Պաշտպանում են «ՕԽ-2024»-ի անցկացման գաղափարը

Փարիզի իշխանությունները պաշտպանում են 2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը: Արդեն հունիսին հայտը կներկայացվի Միջազգային օլիմպիական կոմիտե, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերն է:

Ավելի վաղ իրենց թեկնածություններն են առաջադրել Բոստոնը (ԱՄՆ), Համբուրգը (Գերմանիա) եւ Հռոմը (Իտալիա): Ինչ վերաբերում է Փարիզին, նշենք, որ այն 2 անգամ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել՝ 1900 եւ 1924 թթ.:

«ԱԱ-2018»-ի գնային քաղաքականությունը

ՌԴ կառավարությունը կկարգավորի հյուրանոցների գնային քաղաքականությունը ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ: Մշակույթի նախարարությունն արդեն համապատասխան նախագիծ է մշակել՝ կարգավորելու համար հյուրանոցների համարների գներն այն քաղաքներում, որտեղ կանցկացվեն «ԱԱ-2018»-ի խաղերը: Այս քայլը Սոչիում կայացած 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի փորձի արդյունք է: Հաղորդվում է, որ կարգավորումը կվերաբերի 4824 հյուրանոցի: Ամենաէժան համարները կլինեն Կազանում, Սարանսկում, ամենաթանկերը՝ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ աշխարհի 2018թ. առաջնության խաղերը կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Կազանում, Վոլգոգրադում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում եւ Սոչիում:

Եվրոպական խաղեր՝ ադրբեջանական միապետության համար

«Ալիեւի ավտորիտար վարչակարգն օգտագործում է Եվրոպական խաղերը սեփական ամբիցիաները բավարարելու համար», «Եվրոպական խաղերին ընդառաջ` շների զանգվածային սպանդ Բաքվում», «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը», «Միջազգային քննարկում Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումների մասին» եւ այլ արձագանքներին ավալեցավ եւս մեկը՝ «Եվրոպական խաղերին Ադրբեջանը գրաքննություն է սահմանում արտասահմանյան լրագրողների համար»:

Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերի առիթով՝ Ադրբեջանի հասցեին քննադատական ցանկացած բան գրելու դեպքում լրագրողներին կարող են արգելել աշխատել կամ պարզպես կարող են վտարել երկրից: Այս մասին Keir Radnedge World Sport Service-ի կայքում գրում է բրիտանացի սպորտային փորձագետ Քեյ Ռեդնիջը: Նա, հղում կատարելով ադրբեջանական «ԱզերՆյուզ» կայքի՝ երկրի միգրացիոն ծառայության կողմից լրագրողներին վիզա տրամադրելու հետ կապված սահմանափակումների ներդրման մասին հաղորդագրությանը, գրում է, որ Ադրբեջանն այն երկրներից է, որը սպորտի միջոցով ձգտում է հասնել միջազգային ճանաչման եւ կարգավիճակի: Մյուս կողմից՝ դա երկիրը թիրախ է դարձնում քննադատների եւ արտասահմանյան ԶԼՄ-ների, քաղաքագետների ու իրավապաշտպան կազմակերպությունների առջեւ: Վիզային համակարգը կհեշտացվի Եվրոպական խաղերի այն այցելուների համար, ովքեր գործող հավատարմագրեր կամ միջոցառման տոմսեր կունենան:

«Սակայն, լրագրողները պետք է հաշվի առնեն, որ այն իրենց չի տալիս քարտ-բլանշ, որպեսզի զբաղվեն նրանով, ինչը նրանք սովորաբար ընկալում են որպես ազատ խոսքի արտահայտման իրավունք»,- գրում է հեղինակը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից հաստատված արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիրների հավատարմագրերի կանոնների համաձայն՝ վիզա ունեցող լրագրողները իրավունք ունեն զբաղվել լրագրողական գործունեությամբ: Սակայն հավատարմագիրը կարող է չեղյալ հայտարարավել, եթե լրագրողը խախտի այդ կանոնները: «Եթե օրինակ բացահայտվի, որ ԶԼՄ-ի ներկայացուցիչը տարածում է աղավաղված տեղեկատվություն Ադրբեջանի մասին՝ աչառու կերպով ներկայացնելով երկրի շահերը, ապա կբախվի օրենքին»,- գրում է Ռեդնիջը: «Նման սահմանափակումների պատճառով՝ որոշ ԶԼՄ-ներ կհամարեն, որ ադրբեջանցիներն ընդունում են իրենց խնդիրների առկայությունը, որոնք միաժամանակ ցանկանում են թաքցնել, եւ դրանով իսկ նրանց մարտահրավեր են նետում»,- ասվում է նյութում:

Իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ընդհակառակը, պատրաստվում են «Ադրբեջանում մարդու իրավունքներին սպորտային հնարավորություն տվե՛ք» թեմայով լսումներին: «2015 թվականի հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Եվրոպական օլիմպիական կոմիտեի հովանու ներքո կկայանան առաջին Եվրոպական խաղերը: Դրա հետ կապված արդեն իսկ սկսվել են հակասություններ այն հաղորդագրությունից հետո, որ խաղերում մասնակցող 50 օլիմպիական հավաքականների ծախսերն իր վրա է վերցնում Ադրբեջանը: Երկրի ներքին քաղաքական իրավիճակը մտահոգության առիթ է տալիս. վերջին 12 ամիսների ընթացքում հիմնական քննադատների, այդ թվում՝ իրավապաշտպանների, ընտրությունների դիտորդների, փաստաբանների եւ հետաքննող-լրագրողների ձերբակալությունների ալիքը գրեթե ամբողջությամբ լռեցրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը: Ակտիվիստներն ու լրագրողներն ազատ արտահայտվելու համար մշտական հարձակումներ սադրող վարչակազմի պայմաններում վտարանդի են»,- ասված է Index on Censorship միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նյութում նշվում է, որ մի շարք խոշոր ՀԿ-ներ փակվել են, իսկ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները գրեթե անհնարին են դարձրել նրանց՝ արտասահմանից ֆինանսավորվելու հնարավորությունը: Կառավարությունը վերահսկում է բոլոր ԶԼՄ-ները, իսկ դեկտեմբերին հարկադրաբար փակվել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի մասնաճյուղի գրասենյակը:

«Ընդ որում՝ Ադրբեջանը բավականին հաջողությամբ շարունակում է իր թանկարժեք PR արշավը՝ արտասահմանում իր իմիջի առաջխաղացման նպատակով: Միջազգային քննադատությունը զգալի մակարդակով լռեցվել է, իսկ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն փնտրում են ճանապարհներ Ադրբեջանի հետ ավելի սերտ և ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար»,- ասված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ մասնակիցները լսումների ընթացքում կքննարկեն՝ ինչպես է Ադրբեջանը տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննատադության պայմաններում նման միջոցառումներն օգտագործում իր իմիջը բարելավվելու համար:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։