Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կմաղի ոչ բարեկամներին – Ապրիլի 24-ը յուրօրինակ «ինդիկատոր» կդառնա՝ հստակեցնելու մեր արտաքին առաջնահերթությունները… Միջազգային մամուլը՝ ակամա հայդատական…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել կրկնվող ցեղասպանություններից: Իսկ այդ աշխարհի վճռական մասերից մեկն այսօր եվրոպական համագործակցությունն է, որտեղ դեռ շարունակվում են թուրք-ադրբեջանական խառնակչությունները:

Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելով թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ցեղասպանության հարցում իր ժխտողականության գործիքակազմը. այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին: Նախագահը միաժամանակ հավելեց. «Մենք հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի առաջ երբեք որեւէ պայման չենք դրել, այդ թվում նաեւ՝ Ցեղասպանության ճանաչումը, բայց մի շարք պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, եւ արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացվեցին»: Իսկ այդ մի շարք պատճառներից էին Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելը եւ Արցախյան խնդրի ներառումը բանակցություններում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներից կարեւորագույնը կանցկացվի Երեւանում, որի ընթացքում միջազգային հանրության ներկայացուցիչները հայ ժողովրդի հետ համատեղ հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ համատեղ կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եւ մեր կողքին կլինեն շատ ժողովուրդների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջնորդներ: Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն եղբայրական երկրների ղեկավարները:

«Եթե միջազգային հանրությունը հավաքական կերպով արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, մենք այլ 20-րդ դար կունենայինք, եւ հնարավոր է՝ այսօր չէինք խոսի այն մասին, թե ինչ է կատարվում քրիստոնյա փոքրամասնությունների հետ Միջին Արեւելքում: Հայտնի է, որ Հոլոքոստի դեպքում Հիտլերը ցեղասպանության մտադրության մասին առաջին անգամ բացահայտ ասել է 1939թ.-ին, երբ հրապարակավ հարցրել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Միտում կա թերագնահատելու 20-րդ դարի դասը, եւ շատ հաճախ շահերը գերակայում են արժեքներին»,- ասել է իր վերջին ելույթներից մեկում Հայաստանի նախագահը: Նա նշել է, որ ցեղասպանությունների դարն ավարտված չէ, Միջին Արեւելքում, որտեղ հիմնական թիրախում են էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները, ականատես ենք ցեղասպանության գործողության սկզբի: Մենք հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ է հավաքական ջանք գործադրել. «Ինչո՞ւ 100 տարի անց դեռ այդքան դժվար է միաձայն համաձայնության գալ, թե ինչ է տեղի ունեցել, մինչդեռ կա որոշակի լռություն եւ՝ ոչ միայն Թուրքիայի կողմից»…

Ըստ մեր երկրի նախագահի, Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, նույն թուրքական ռազմական դատարանը 1919թ. մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին: Անկարան նույնիսկ ընդունում է, որ եղել են հայ քաղաքացիական բնակչության սպանություններ: Որոշ պետություններ դա կոչում են ցեղասպանություն, որոշ պետություններ՝ կոտորածներ, որոշները՝ ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիայի հետ նրանց շահերով:

Բայց Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ արտաքին քաղաքականության մեր ռազմավարական հայեցակարգի հիմքում հակադրությունը չէ, այլ համագործակցությունը եւ համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ ներդաշնակությունը: Հավաքական անվտանգության (ՀԱՊԿ) պայմանագրի կազմակերպության հիմնադիր երկրներից մեկն է Հայաստանը, որը ներառում է նախկին Խորհրդային միության որոշ երկրներ, բայց, միեւնույն ժամանակ, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Երեւանը նաեւ հայտարարել է, որ ձգտլու է լինել կամուրջ ԵՄ-ԵՏՄ հարաբերություններում:

Այսպիսով, ապրիլի 24-ը յուրօրինակ «ինդիկատոր» կդառնա մեզ համար՝ հստակեցնելու արտաքին առաջնահերթությունները:

Կարեն Բալյան

Միջազգային մամուլը՝ ակամա հայդատական

Պապի ուղերձը համաշխարհային մամուլում, որը խիստ վերահսկելի ոլորտ է հայտնի ու գաղտնի ուժերի համար, «պայթյունավտանգ» է որակվել եւ շատ համարձակ քայլ: Իսկ համաշխարհային նման անդրադարձը միանշանակ կարող է հայանպաստ նշանակություն ունենալ, եթե պետական եւ համազգային մակարդակով շարունակենք մեր դատի միջազգայնացումը:

Ներկայացնենք գլխագրեր համաշխարհային առաջատար մամուլի անդրադարձի, քանի որ տեղեկատվության տարածման ամենաազդեցիկ հատվածը իր տոնայնությունը թելադրում է մյուս ԶԼՄ-ներին:

Reuters՝ «Հայերի ջարդը ցեղասպանություն որակելով՝ Պապը Թուրքիայի հետ լարվածության է գնում», Associated Press՝ «Հայերի ջարդը նկարագրելու համար Ֆրանցիսկոս պապն օգտագործեց «ցեղասպանություն» բառը», Agence France-Presse՝ «Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագով Պապը ձգում է դիվանագիտական պարանը», Bloomberg՝ «Պապն ասաց, որ 1-ին աշխարհամարտի տարիներին հայերի սպանությունները ցեղասպանություն էին»:

Հրապարակումներում բազմակողմանի անդրադարձ են կատարել Հայոց ցեղասպանության խնդրին, Թուրքիայի ժխտողականությանը, Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին եւ հնչեցրած ելույթին: Շատ լրատվամիջոցներ սեփական թղթակիցների միջոցով են լուսաբանել Վատիկանում կայացած պատարագն ու հնչած հայտարարությունները: Բրիտանական BBC-ն նշել է, որ «Թուրքիան ցասման մեջ է Ֆրանցիսկոս պապի կողմից «Ցեղասպանություն» բառը կիրառելու համար», անդրադարձել է Հռոմի պապի հայտարարություններին, Հայոց ցեղասպանության խնդրին՝ նշելով, որ թեեւ Թուրքիան ժխտում է այն, սակայն այլազգի գիտնականների մեծ մասը եղելությունը բնութագրում է որպես ցեղասպանություն: BBC-ն ներկայացրել է նաեւ Դեյվի Ուիլլիի մեկնաբանությունը: «Այժմ մնում է հետեւել, թե Պապի դիտարկումներն ինչպես կազդեն մեղմ իսլամական երկրի հետ Վատիկանի հարաբերությունների վրա: Սա համարձակ որոշում էր, բայց լիովին համապատասխանում էր Ֆրանցիկսոսի՝ բարոյական փաստարկների շուրջ բաց բանավեճի փիլիսոփայությանը»,- ասել է բրիտանացի վերլուծաբանը: BBC-ի այս նյութն արտատպվել կամ օգտագործվել է տասնյակ այլ լրատվամիջոցների կողմից, որոնց թվում News Next-ը, Starr FM-ը, Newser-ը, Ya Libnan-ը, Information Nigeria-ն, Idea Stream-ը, NPR-ը եւ այլն:

Հոդվածների մեծ մասում վերնագրերը համընկնում են. «Պապը հայերի ջարդն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այս վերնագրի ներքո թեմային անդրադարձել են տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես Breaking News-ը, The Telegram-ը, BosNewsLife-ը, The American Register-ը: Մյուսները թեեւ փոքր տարբերությամբ, այդուհանդերձ իրենց վերնագրերում առանձնացրել են Հռոմի պապի գնահատականը: «Ազատություն» ռադիոկայանը «Հայերի ջարդերը նկարագրելու համար Պապը օգտագործել է «ցեղասպանություն» բառը» նյութում, ի թիվս ցեղասպանության խնդրի, անդրադարձել է նաեւ Գրիգոր Նարեկացու սրբագործման փաստին՝ նշելով, որ Նարեկացին միջնադարի հայ խոշորագույն հոգեւորական ու գրականագետ է: Ֆրանցիսկոս պապի դիտարկումները ներկայացրել են մասնավորապես Big News Network-ը, Independent Catholic News-ը, News Hub-ը, Straits Times-ը, Nation and World-ը,NewsVine-ը, Interaksyon-ը, Wink News-ը, Town Hall-ը, Observer Chronicle-ը, The Hamilton Spectator-ը եւ բազմաթիվ այլ ամերիկյան ու եվրոպական տեղեկատուներ:

Թեման չեն շրջանցել համաշխարհային մամուլի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են The Independent-ը, Boston Herald-ը, Huffington Post-ը,The New York Times-ը, The Globe and Mail-ը, USA Today-ը, RTE-ն, El Paso-ն:

Իսկ ահա The Guardian-ը, Financial Times-ը, News Hub-ը, Herald Recorder-ը,  The Bustle-ը, The Telegraph-ը, USA Todayը, Los Angeles Times-ը, The Independent-ը, The Time-ը, Washington Post-ը, The New York Times-ը, Daily Mail-ը, Wall Street Journal-ը թեման լուսաբանել են անմիջապես Վատիկանից ու լուսաբանման ընթացքում ցեղասպանության խնդրին ավելի լայն անդրադարձ կատարել: Նույն կերպ են վարվել նաեւ հեռուստաընկերությունները, ինչպես օրինակ CBS-ը, CNN-ը, Sky News-ը: Թեմային անդրադարձել են նաեւ կանադական CBS, ավստրալիական ABC, ամերիկյան FOX News, համաեվրոպական EuroNews, գերմանական Deutsche Welle, ֆրանսիական France 24 եւ բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ: Այս ցանկից դուրս չեն մնացել նաեւ ամերիկյան Voice of America եւ ռուսական հտցՑվՌՍ ռադիոկայանները:

Վատիկանում տեղի ունեցածն, իհարկե, եղել է նաեւ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Sabah-ը, Hurriyet-ը, Zaman-ը  թեման լուսաբանել են նաեւ անգլերեն տարբերակով: Նույն կերպ են վարվել նաեւ իսրայելական մամուլի առաջատարներ Times of Israel-ը,Israel National News-ը, Haaretz-ը, The Jerusalem Post-ը:

Առհասարակ Ասիայի տարածքում եւս հայկական թեմատիկան լայն անդրադարձի առիթ է դարձել: Այսպես օրինակ Մերձավոր Արեւելքում Press TV, Al Jazeera եւ Middle East Eye, Հարավային Ասիայում Times of India եւ Tamil Guardian, Հեռավոր Արեւելքում Asia News եւ China Post բավականին լայն անդրադարձ են կատարել թեմային: Հարկ է նկատել, որ միջազգային մամուլի համար սկզբնաղբյուր է դարձել նաեւ «Վատիկանի ռադիո»-ն, որի պաշտոնական կայքում զետեղվել էին պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարիգին Բ-ի ելույթների անգլերեն տարբերակները:

The Associate Press-ը գրում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի առթիվ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը անվանեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Գործակալության դիտարկմամբ՝ պապի հայտարարությունը «քաղաքականապես պայթուցիկ հայտարարություն էր, որը վստահորեն առաջացնելու է Թուրքիայի վրդովմունքը ու զայրույթը»: Նաեւ նշվել է, որ Պապն իր խոսքում կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Agency France Press-ը եւ գերմանական Deutsche Wellen-ը նույնպես փաստում են, որ Վատիկանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի պապը 1915թ. դեպքերը անվանեց Ցեղասպանություն: Գործակալությունների փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ նախորդ դարում տեղի են ունեցել երեք «զանգվածային ողբերգություններ», որոնցից առաջինը հենց Հայոց ցեղասպանությունն է: Ինչպես նշում են գործակալությունները, Ֆրանցիսկոս պապի խոսքը կարող է Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական լարվածության առիթ դառնալ: Շատ ԶԼՄ-ներ են նշել, որ Հռոմի պապ ընտրվելուց հետո առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործել էր 2 տարի առաջ, ինչը կատաղի բողոք էր առաջացրել Թուրքիայում: Որ այս անգամ նույնպես Պապի կողմից ցեղասպանության եզրույթի կիրառումը դժգոհություն եւ վրդովմունք կառաջացնի Թուրքիայի մոտ, որը հետեւողականորեն ժխտում է 1915թ. դեպքերը, հասկանալի էր: Հռոմի պապի կողմից 1915թ. դեպքերը 20-րդ դարի 1-ին ցեղասպանություն անվանելու փաստն են արձանագրել նաեւ այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Le Figaro-ն, WashingtonPost-ը, The Guardian-ը, Liberation-ը,  The New York Times-ը, France 24-ը, Daily Mail-ը, TimesofIndia-ն, USA Today-ը,  NBC News-ը Fox news-ը, The Independent-ը եւ այլ պարբերականներ: Պարբերականները լայնորեն լուսաբանել են, որ պապի կողմից Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Կարծիքներ կան, որ Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի հնչեցումը կարող է նոր լարվածություն առաջացնել Վատիկանի հետ Թուրքիայի հարաբերություններում եւ, առհասարակ, Թուրքիայի համար նոր խնդիրներ կառաջացնի ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցում:

Հավելենք, որ այս դեպքում նոր իրողություններ կստեղծվեն Հայաստանի համար՝ տարածաշրջանում եւ Հայ Դատի խնդիրների միջազգայնացման հարցում:

Վահագն Նանյան

Հ.Գ. - Մեր ընթերցողներից ներողություն ենք խնդրում միջազգային պարբերականների անվանումները հայատառ չգրելու համար: Բայց այդպես ենք արել, որպեսզի յուրաքանչյուրն ինքը կարողանա համացանցում անգլիատառ գրությամբ արագ գտնել տվյալ մամուլի միջոցն ու ծանոթանալ մանրամասներին՝ ամբողջությամբ եւ բնօրինակով:

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։