Պատռվեց թուրքական դիվանագիտության դիմակը… Եվրոպական քայլերը հունից հանեցին Էրդողանին – Եվրախորհրդարանն ու Եվրանեսթը կպարտադրե՞ն Անկարային…

Պատռվեց թուրքական դիվանագիտության դիմակը

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների կոշտ արտահայտությունները եւ արձագանքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին, որը նվիրված էր 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հետապնդումների զոհ դարձած հայերին, արդարացված չեն. «Թուրքիայի իշխանությունների տոնայնության կոշտությունը ինձ արդարացված չի թվում՝ հատկապես հաշվի առնելով, որ դեռ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը հայերի բնաջնջումը որակել էր Ցեղասպանություն»:

Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո, երբ Պապը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ 1915-1916 թթ. հայերի զանգվածային սպանությունները եւ հետապնդումներն անվանեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Թուրքիայի կառավարությունը, ի պատասխան, հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, ինչպես նաեւ հայտարարեց «լրացուցիչ միջոցների» դիմելու մասին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այս կապակցությամբ պատասխանել է իտալական Adnkronos.com կայքի հարցերին.

- Ի՞նչ տպավորություն ունեք Հռոմի պապի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունից։

– Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարությունը կարեւոր ուղերձ էր համերաշխության, զորակցության հայ ժողովրդին, ուղերձ էր նաեւ՝ ի աջակցություն միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանը։

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի դժգոհությունը Հռոմի պապի այս հայտարարարության կապացությամբ։

– Սա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։

- Դա փաստում է, որ Թուրքիան եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

– Սա եւս մեկ ապացույց է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։

Առաջնորդվելով համամարդկային վեհ արժեքներով, իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի պապը՝ «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»։

Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։

Եվրոպական քայլերը հունից հանեցին Էրդողանին

Եվրախորհրդարանը երեկ իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին։ Այն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Բանաձեւն առաջարկում եւ հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձեւեր ընդունել ու որոշումներ կայացնել երեւույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած եւ իրականացրած՝ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռեւս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987թ. հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձեւում մասնավորապես նշվում է, թե ԵԽ-ն գտնում է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դատապարտման կոնվենցիայում:

Պատգամավորների մեծամասնությունը օգտագործում էր հենց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիեւան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը եւս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին եւ այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»: Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:

Թուրքիայի կառավարությունը պիտի ճանաչի Ցեղասպանությունը, ինչքան էլ որ սա դժվար քայլ է. ասել են ելույթ ունեցողները: Գերմանացիների համար էլ էր դժվար ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել հրեաների հետ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

«Կարեւոր է, որ ազգերն ընդունեն այն, ինչ արել իրենց նախնիները: Եվ ես գտնում եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կհամաձայնի սրա հետ: Սա պաշտոնական եւ միասնական հիշողության հարց է»,- ասել է ԵԽ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պիտի լինի ազգային առաջնորդների քննարկվելիք հարցը եւ ոչ թե գիտնականների: Լատվիայից պատգամավոր Զանդա Կալինինա Լուկաշեւիչան իր հերթին հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած բանաձեւը կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները եւ խրախուսել հետագայում էլ օժանդակել այս առաքելությանը:

««Եվրանեսթ»-ի այս տարի ընդունած բանաձեւը, որը նույնպես անդրադառնում է այս թեմային, այն տեսլականն է ընդգրկում, որ ժողովուրդների ապագա հաշտեցման համար հող նախապատրաստելն առանցքային կարեւորություն ունի: Հայաստանն այս իրադարձություններին վերաբերում է որպես ցեղասպանության: ԵՄ անդամ որոշ երկրներ նույնպես պաշտոնապես ճանաչել են այն եւ այդ մասին օրենքներ ընդգրկել իրենց ազգային օրենսդրությունում: Այնուամենայնիվ, դեռեւս ընդհանուր համաձայնություն չկա 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սահմանման հարցում»,- նշել է Լատվիայի պատգամավորը՝ ընդգծելով, որ 1915թ. ողբերգական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ երկու կողմերի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել այս խնդիրը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս բանաձեւի ընդունման կարեւորությունն ընդգծել է նաեւ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը: Իսկ թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ փոխնախագահ Անտոնիո Տայանին, նախապես խոսելով ապրիլի 15-ին կայանալիք քննարկման մասին, նշել էր. «Ոչ ոք որեւէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով՝‘բանաձեւն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլեւս ցեղասպանություններ չլինեն»: Եվ այսպես՝ Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917թթ. Հայոց ցեղասպանությունը, նաեւ՝ որ երկխոսություն հաստատվի Թուրքիայի եւ հայերի միջեւ:

Արման Դավթյան

Հ.Գ. - Թուրքիայի ԱԳՆ-ն երկրի նախագահի պես հիստերիկ արձագանքեց ԵԽ կողմից Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունմանը. «Մենք լուրջ չենք ընդունում այս բանաձեւն ընդունողներին: Մինչեւ 1915-ին անդրադառնալը, ԵԽ անդամները լավ կանեն հիշեն իրենց անցյալը եւ մարդկության դեմ այնպիսի զարհուրելի արարքներ, ինչպիսիք են 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրենց երկրների գործողությունները»… Թուրքիան այս քայլի հետեւում տեսնում է կրոնական ու շահութային ֆանատիզմ։ «Ինչ վերաբերում է 1915թ-ին, ակնհայտ է, որ Թուրքիան ջանասիրաբար իրականացրել է իր պարտքը՝ կապված հիշողության հետ։ Հույս ունենք, որ Հայաստանը եւս որքան հնարավոր է շուտ կհասնի հասունության այդ մակարդակին»,- ասված է հայտարարությունում:

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։