Իսկ գազանային հանցագործության հեղինակը ՄԱԿ-ի անդամ է – Բայց մարդանման այդ տեսակը անպատիժ հոշոտում է նաեւ այսօր («գազանային հանցագործություն» ասելով՝ թյուրք-գազանին չես զարմացնի)…

ՄԱԿ-ում ավելի քան 200 երկրներ չեն շտապում միասնաբար ճանաչել Հայոց ցեղասպանությունը (որպես առանձին պետություն՝ ավելի քան 20 երկիր ճանաչել է) եւ կոչ են անում վեր հանել փաստերը: Փաստեր ասելով նկատի ունեն 1,5 մլն. զոհերի ոսկորնե՞րը… Եթե ոչ, ապա ի՞նչ վերհանելու փաստերի մասին են հարցնում, եթե դրանք վաղուց կան, ակնհայտ են ու հավաստի, բազմաթիվ են ու գտնվում են տարբեր երկրների արխիվներում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայոց ցեղասպանությունը համարում է «գազանային հանցագործություն», բայց չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, նա աշխարհի երկրներին կոչ է անում՝ շարունակել համագործակցությունը 100 տարվա վաղեմության փաստերը վեր հանելու նպատակով:

Օրերս այսպիսի դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում «ի գիտություն» են ընդունել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ասածները, որն անցած կիրակի օրը Հայոց ցեղասպանությունն անվանել է «XX դարի առաջին ցեղասպանությունը»: Դյուժարիկը նկատել է, որ Պան Գի Մունը «հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում կնշեն 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը», ինչպես նաեւ գիտակցում է «տեղի ունեցածի որակավորման հետ կապված հարցի զգայուն լինելը»:

Այսինքն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը համարում է «գազանային հանցագործություն» եւ այն իրականացրած գազանի հանդեպ զգայուն-զգայացունց վերաբերմունք է դրսեւորու՞մ… Իսկ չի հասկանու՞մ, որ ավելի զգայուն է այն կողմը, ում հանեպ կատարվել են այդ գազանությունները… Մի՞ թե այդքան անզգա են ՄԱԿ-ի ղեկավարներն ու մնացյալը:

«Գլխավոր քարտուղարը հաստատապես համոզված է, որ այդ ամսաթվի նշումը, 1915թ. ողբերգական իրադարձությունների հիշողությունը, ինչպես նաեւ փաստերի վերականգնման նպատակով համագործակցության շարունակությունը տեղի ունեցածի շուրջ պետք է ամրապնդեն ապագայում այդպիսի գազանային հանցագործությունների կրկնությունը կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: 

Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուչիբելլոն կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ բացատրություններ տալու, իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն Պապի խոսքերն անվանել է անընդունելի եւ պատմությունը խեղաթյուրող:

Իսկ ՄԱԿ-ում ոմանց զգայարանները դեռ խցանված են…

Հռոմի Պապի խոսքը, իհարկե, որոշակի խցահանումներ կանի, իսկ մինչ այդ, 2015թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում համաձայնեցումներով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»):

Մեր երկրին միացան եւ բանաձեւը համահեղինակեցին 64 պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Վերահաստատվում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը (իսկ «գազանային հանցագործություն» ասելով՝ գազանին չես զարմացնի») եւ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համագործակցության լուրջ խոչընդոտ է, ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարեւոր գործիք:

Հայաստանի նախաձեռնած բանաձեւում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին, ինչը նկատում ենք հենց հիմա, Անկարայի գռեհիկ եւ ամբարտավան պահվածքում:

Բանաձեւում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը՝ հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Իհարկե, նաեւ կոչ է արվել ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը՝ ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ եւ պարբերական խախտումները կանխելու նպատակով:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր, որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն եւ բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:

Սակայն ապագայի կերտումը չի կարող առաջ ընթանալ առանց անցյալի եւ ներկայի պարզաբանումների: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն կկասեցնի հաջորդ նման ծրագրերը, միայն բարոյական հարթության մեջ այս խնդիրը չի կարող բավարար լուծում ստանալ…

Բանաձեւով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Նախատեսվում է նաեւ ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

Բայց այս բոլորը իրապես կյանքի կկոչվեն, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ամբողջանա հայկական պահանջատիրության ճանաչմամբ:

Իզուր չէր Հռոմի Պապը դիմում իր հետեւորդներին եւ մարդկությանը, որ հանուն հավատի պետք է «ասել ճշմարտությունը եւ  չվախենալ դրա համար»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։