Հայոց ցեղասպանությունը՝ նաեւ Հայոց հայրենազրկություն – Վատիկանում ազդարարվեց ցեղասպանության հատուցմա՛ն փուլը… Գրիգոր Նարեկացին՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ…

Ապրիլի 12-ին Վատիկանում կատարվեցին բաներ, որ երբեք չէր եղել, թերեւս պատկերացնել անգամ չէր կարելի: Այդ օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին աղոթքները բազմալեզու էին հնչում, իսկ մթնոլորտը զուտ հայկական էր՝ հայաշունչ: Հայերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն եւ գերմաներեն լեզուներով հնչեցվեց աղոթք՝ ի հիշատակ 1,5 միլիոն նահատակված հայերի: Այս ամենին էլ ավելի հայկականություն հաղորդեց հայածին ծիրանափողի՝ դուդուկի զգացական մեղեդին, ինչը եւս առաջին անգամն էր թույլատրվում եկեղեցական արարողության՝ սուրբ պատարագի ժամանակ:

Նշենք, որ պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինը հանդես եկան ելույթներով:

Իսկ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակելը՝ մի յուրօրինակ երախտիքի արտահայտություն էր, ուղղված հայ մարդու հոգե-մտավոր զորությանը:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ նաեւ Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսներն են Պատարագ մատուցել՝ ի հիշատակ հայ ժողովրդի նահատակների, ովքեր 100 տարի առաջ զանգվածային սպանությունների զոհ դարձան Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտնել է «Վատիկանի ռադիո»-ն: Պատարագին մասնակցելու համար Վատիկան էին հրավիրվել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հռոմի պապը ոչ միայն հնչեցրեց ցեղասպանություն բառը՝ խնդիրներ առաջացնելով Թուրքիայի համար, այլեւ հարվածեց կործանվող աշխարհակարգի կարծրացած ողնաշարին: Իսկ համաշխարհային ճաքերը սպասեցնել չեն տա…

Միջազգային առաջատար բոլոր լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին: Պարբերականները փաստում են, որ պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը օգտագործել է ցեղասպանություն եզրույթը, ինչը խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար՝ առաջացնելով նրա վրդովմունքն ու դժգոհությունը:

Վատիկանն ազդակ հղեց համայն աշխարհին, որը ոչ միայն հոգեւոր ու աշխարհիկ նշանակություն կունենա, այլեւ՝ բարոյա-հոգեբանական, որը կարող է լրջորեն ազդել համաշխարհային կարծրատիպերի վրա, այդ թվում՝ հակահայկական:

Վատիկանի քայլը հատկապես մեծ նշանակություն կունենա ամբողջ կաթոլիկ աշխարհի համար, իսկ այդ աշխարհի դերը մեծ է ոչ միայն քրիստոնեական հատվածում (շուրջ 1,2 մլրդ. կաթոլիկներ կան), այլեւ հավատացյալ մյուս հատվածներում:

Հռոմի պապը դատապարտեց ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 20-րդ դարի այլ կոտորածները (ֆաշիզմի եւ ստալինիզմի ժամանակները եւս հիշեցրեց): Սակայն կարեւոր էր, որ նա Հայոց ցեղասպանությունը հայտարարեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ինչը նաեւ բացահայտող նշանակություն ունի աշխարհի բնակչության մեծամասնության համար:

Հռոմի պապը կարեւոր նկարագրություն էլ արեց, երբ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած հայ ժողովրդի տառապանքը ինչ-որ առումով համարեց Հիսուս Քրիստոսի տանջանքների շարունակությունը…  

«Մենք Աստծո ողորմությունը կաղերսենք, որպեսզի այն օգնի մեզ ամոքել ամեն վերք սիրո, ճշմարտության եւ արդարության ոգով ու կմոտեցնի ժողովրդների միջեւ հաշտեցման ու խաղաղության հստակ գործողությունները, որոնք մինչ օրս չեն կարողանում խելամիտ համաձայնության հասնել այն տխուր իրադարձությունների գնահատման հարցում»,- ասել է Պապը՝ դիմելով հայ եպիսկոպոսներին: Ի դեմս՝ Հռոմ ժամանած Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, Հռոմի պապը ողջունել է ամբողջ հայությանը, այդ թվում՝ սփյուռքում գտնվող, ովքեր հոգեպես կմիանան Հռոմում հնչող աղոթքին: Պապը հատկապես նշել է ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ, անշուշտ, հայերի բնական ու պատմական հայրենիք Հայաստանը: «Ես խորապես մտահոգված եմ այն տարածաշրջանների իրավիճակի համար, այդ թվում՝ Քեսաբի, Հալեպի… որոնք 100 տարի առաջ հուսալի հանգրվան դարձան փոքրաթիվ վերապրածների համար: Այդ շրջանները վերջերս վտանգավոր են դարձել այնտեղ բնակվող քրիստոնյաների համար, եւ ոչ միայն հայ»,- հիշեցրել է Հռոմի պապը՝ անդրադառնալով Մերձավոր Արեւելքի ներկայիս դեպքերին:

Հայ ժողովուրդը, որն ըստ ավանդության, առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց 301 թ. եւ շուրջ 2 հազարամյա պատմությամբ պահպանում է հոգեւոր ու մշակութային քրիստոնեական ժառանգությունը, միաժամանակ ունակ լինելով վեր հառնել բազում հետապնդումներից ու փորձություններից հետո.- ասել է Պապը՝ հորդորելով հայերին միշտ հավատարիմ մնալ Տիրոջը երախտագիտության զգացումին, երբ նույնիսկ ամենածանր ժամանակներում Նրան հավատարիմ մնալու ունակություն է դրսեւորել: Բացի այդ, կարեւոր է սրտի իմաստնություն հայցել Աստծուց. 100-ամյա վաղեմության զոհերի մասին հիշատակն ի հայտ է բերում mysterium iniquitatis-ի խավարը… Ինչպես ասում է Ավետարանը, սրտի խորքում կարող են արթնանալ ամենամութ ուժերը, որոնք կարող են նույնիսկ եղբայրների պարբերաբար բնաջնջում ծրագրել, եղբորը թշնամի համարել, հակառակորդ եւ նույնիսկ իրեն հավասար մարդկային արժանապատվությունից զուրկ: Սակայն հավատացյալների համար մարդու գործած չարիքի մասին հարցը նաեւ հատուցման Տանջանքներին մասնակցության առեղծվածին է առնչվում, քիչ չեն հայ ժողովրդի զավակներն ու դուստրերը, ովքեր կարողացան Քրիստոսի անունը շուրթերին պահել՝ ընդհուպ մինչ հեղվեց նրանց արյունը կամ մինչեւ սովամահ լինելը անվերջ երթում, որին նրանք դատապարտված էին»:

Հիսուսի տանջանքների շարունակություն համարելով հայերի տառապանքը՝ Պապը նաեւ ասել է, որ այդ տառապանքի մեջ արդեն կա Հարության ծիլը: Հռոմի պապը մաղթել է եպիսկոպոսներին այնպես քարոզել աշխարհիկ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան նոր հայացքով ընթերցել պատմությունը՝ օրեցօր գալով այն ընկալման, որ ոչ միայն հանուն Քրիստոսի համար տառապած ազգ են, այլ նաեւ Նրա միջոցով Հարություն առած ժողովուրդ…

Իր ուղերձում Պապը հիշատակել է նաեւ բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել մեղմացնելու համար հայ ժողովրդի տառապանքները, առաջին հերթին Բենեդիկտոս XV պապին, որը բանակցել է սուլթան Մեհմեդ V-ի հետ՝ հայերի չարչարանքներին վերջ տալու համար: «Բենեդիկտոս XV-ը «քրիստոնյա Արեւելքի մեծ բարեկամն է եղել»,- հիշեցրել է Պապը: Հենց նա է հիմնել Արեւելյան եկեղեցիների կոնգրեգացիան ու Պապի Արեւելյան ինստիտուտը: Ապրիլի 12-ին «Եկեղեցու տիեզերական ուսուցիչների» շարքին դասվեց հայ ժողովրդի մեծ զավակ՝ Սբ Գրիգոր Նարեկացին:

* * *

Գրիգոր Նարեկացին՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն նախեւառաջ ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը եւ սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, ու խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասել է կարդինալը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ եւս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի ու խաղաղության կերտող:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանից հետո հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նշենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է, առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռեւս չէր մատուցվել:

Պատարագին մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

* * *

Հիշեցնենք, որ Ֆրանցիկոսը 2006թ. երբ դեռեւս արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում, կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ իր հայրենիք Արգենտինայում՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ՝ որակելով այն որպես «ծանրագույն ոճրագործություն մարդկության ու հայ ժողովրդի դեմ, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը»:

«Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների համար՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»,- գրել է իտալական Korazym էլեկտրոնային պարբերականը: Հոդվածի ամբողջական թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ. «Կհայցենք Աստվածային Բարեգթությունը, որ այն օգնի մեզ ի սեր ճշմարտության եւ արդարության, որպեսզի բուժի մեր վերքերը եւ նպաստի ազգերի հաշտեցմանը, խաղաղությանը նպատակաուղղված շուտափույթ քայլերի իրականացմանը: Ազգեր, որ դեռեւս չեն կարողանում հասնել ողջամիտ համաձայնության նման տխուր իրադարձությունների մեկնաբանման շուրջ: Մեկ դար անց Հայոց ցեղասպանությունը դեռ մնում է մեծապես չճանաչված Օսմանյան կայսրությունում այն իրականացնողների ժառանգների կողմից: Եվ չնայած ցեղասպանությունն ընդունվել է ավելի քան 20 պետությունների կողմից, ինչպես նաեւ 1920թ. Փարիզում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, թվում է, թե այս ողբերգությունն իր բնույթով որեւէ ազդեցություն չի ունեցել համայն մարդկության խղճի վրա: Մոտ 1.500.000 հայերի բնաջնջման առաջին ալիքը եղավ 19-րդ դարի վերջին՝ 1893-1894թթ.՝ կազմակերպված Աբդուլ Համիդի, ապա Երիտթուրքերի կողմից, իսկ հետո ժողովրդին հարվածեց մահվան եւ հետապնդումների երկրորդ ալիքը, որն իրագործվեց 1915թ. 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք ժողովրդի հայր Քեմալ Աթաթուրքի կողմից: Հայերը ենթարկվեցին մի իրական ցեղասպանության, քանզի քրիստոնյա էին, կրթված եւ պատկանում էին միջին խավին: Նրանց դպրոցները փակվեցին, եկեղեցիներն ավերվեցին ու անմիջապես լայն թափ առան սպանությունները, բռնությունները, բռնաբարությունները եւ ստորացումները: Սրանց հաջորդեցին տեղահանությունները դեպի անապատ, զանգվածային գերեզմանահորերը, տեղահանված ու հրկիզված մարդկանցով լի գնացքները: Այս ցեղասպանությունը երբեք չմոռանալու համար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն գրել է հետեւյալ կոնդակը. «1915թ. ազգիս մեկ ու կես միլիոն զավակներ զոհ գնացին ջարդերին, սովին, ու հիվանդություններին, տեղահանվեցին ու հարկադրված քայլեցին մինչեւ մահ… Հայ եկեղեցին ճանաչում է այն սրբերին, որ արդեն ընդունվել են ժողովրդի կողմից՝ հավաստի ապացույցներով: Եկեղեցին ընդունում է այն, ինչ տեղի է ունեցել, ընդունում է ցեղասպանությունը: Արդարություն է պահանջում մեր անմեղ զոհերի արյունը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարության պահանջն է դատապարտել մինչ այսօր մեր սրբությունների ավերումը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, նաեւ կեղծվող եւ խեղաթյուրվող պատմությունը»:

Թուրքերը պարզապես գազազեցին, նրանց համար անակնկալ էր Պապի հստակ ձեւակերպումները: Նրանք թերեւս հավատում էին, որ չի հնչի ցեղասպանություն եզրը: Թուրքական մամուլն արձանագրեց. «Հռոմի պապն ասաց ցեղասպանություն ու Անկարային տակնուվրա արեց»: Հատկապես Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել է թուրքական լրատվամիջոցների լայն լուսաբանմանը, հիշեցնում էին, որ Ֆրանցիսկոսը նախկինում էլ հնչեցրել է 1915-ի վերաբերյալ նման տեսակետ: Պատարագի մասնակիցների եւ ընդհանուր մանրամասների մասին հիշատակումով թուրքական զլմ-ները ուղիղ մեջբերել են հետեւյալ ձեւակերպումը. «20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ»:

Ermenihaber.am-ը մեջբերել է, որ մասնավորապես ընդդիմադիր Dogan Haber լրատվական գործակալությունը նշել է. «Չնայած Թուրքիայի բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, Պապը ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացված եղել»: Չափավոր իշխանամետ Posta պարբերականի կայքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հռոմի ներկայիս պապը առաջինը եւ միակը չէ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդներից, որ 1915-ին կատարվածն անվանել է ցեղասպանություն: «Ավելի վաղ, Պապ Ֆրանցիսկոյից առաջ էլ Վատիկանը կրկին օգտագործել էր «ցեղասպանություն» եզրաբառը»,- նշել է ընդդիմադիր Cumhuriyet-ը, հավելելով, որ «Հայոց ցեղասպանություն ասաց այն Պապը, ով եղել է Էրդողանի նախագահական պալատի առաջին պաշտոնական հյուրը»: Ձախակողմյան Birgun պարբերականը հիշեցնում է, որ դեռեւս մարտի վերջերին Վատիկանում Թուրքիայի դեսպանն ասում էր, թե սպասելիք ունեն, որ Պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը, ինչն էլ անակնկալի է բերել թուրքերին… «Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է»,- գրել են որոշ զլմ-ներ:

Անկարան պաշտոնապես բողոքեց Վատիկանի այս «հայանպաստ քայլի» դեմ: Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, արտգործնախարարն ու պետական եւ քաղաքական այլ դեմքեր արձագանքել են անմիջապես:

Իսկ թուրքական արտաքին գերատեսչությունը խտրական է անվանել Հռոմի պապի հայտարարությունը, քանի որ այն հիշատակում է միայն քրիստոնյա հայերին՝ անտեսելով Օսմանյան կայսրության մահմեդական բնակչությանը եւ այլ խմբերին: ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Օսմանյան մահմեդականները, քրիստոնյա հայերը, ուղղափառ հույները, քրիստոնյա ասորիները եւ եզդիները հավասարապես տառապել են 1-ին աշխարհամարտի ժամանակ: «Այս հայտարարությունը միտումնավոր քողարկում է այն փաստը, որ այն ժամանակ, երբ Օսմանյան մահմեդականները հիմնականում տառապում էին պատերազմի զրկանքների հետեւանքով, մյուս խմբերը, այդ թվում՝ հայերը, տառապում էին Անատոլիայի հոմոգենացման նպատակով երիտթուրքական, իսկ այնուհետեւ՝ քեմալական կառավարության կողմից իրականացված՝ ծրագրված եւ համակարգված գործողության հետեւանքով: Թուրքիայի ԱԳՆ կողմից մյուս խմբերի տառապանքների հիշատակումը, թերեւս, կարող է հանգեցնել թուրքական պետության կողմից այն իրողության ընդունմանը, որ պետական վերակազմավորման այդ քաղաքականության առանցքային զոհը հայերն էին»:

Պաշտոնական Անկարան ավելի կոշտ է արտահայտվել՝ համարելով, որ Հռոմի պապը աղավաղել է պատմությունը եւ հանդես է եկել սխալ ձեւակերպումներով:

Հռոմի պապը պատասխանել է նաեւ Թուրքիայից հնչող նոր դժգոհություններին: Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին հնչած հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին եւ հետ կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին: «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը եւ համարձակություն ու քաջություն տալ»,- ասել է Պապը՝ Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ: Նա բոլոր իր հետեւորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը եւ չվախենալ դրա համար:

Չնայած Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, թե իր դեսպանի հետկանչից բացի, «Թուրքիան կարող է նոր միջոցներ ձեռնարկել Վատիկանի» դեմ, Հռոմի պապը շարունակում է հաստատել իր խոսքերի ճշմարտացիությունը, իսկ միջազգային զլմ-ները արձանագրում են, որ Թուրքիան չափից դուրս կոշտ է արձագանքում հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։