Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը եւ թուրքերի գազանությունները ցնցող են… Վատիկանը դեռ ունի գաղտնի փաստաթղթեր…

Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատարագ մատուցելը, Վատիկանը շարունակում էր փաստաթղթեր հրապարակել հայերին փրկելու իր ջանքերի մասին: Իտալիայում հրապարակվող ջեզվիտական La CiviltՈ Cattolica հանդեսը գրեց, որ Հռոմի Պապ Բենեդիկտ XV-ը աշխարհի միակ կրոնական առաջնորդն էր, ով այդ օրերին բողոքի ձայն բարձրացրեց հայերի զանգվածային սպանությունների դեմ: Լրագրող Անդրեա Գալյարդուչչին նշել էր, որ կաթոլիկ եկեղեցին ահազանգում էր ջարդերի մասին 1915թ. ապրիլի 24-ից դեռ տարիներ առաջ: Այսպես, 1896թ. մայիսի մարտի 27-ին, Հալեպի ֆրանցիսկանցի հայր Դոմենիկո Վերսոնը բարձրաձայնել էր Մարաշում կատարված հայ քրիստանյաների սպանդի մասին: Փաստաթղթերը հրապարակվել են նոր լույս տեսած 4 հատորում ջեզվիտ հայր Ժորժ-Անրի Ռյուսենի խմբագրությամբ, ով նշել է, որ 1,5 միլիոն հայեր սպանվել ու միլիոնավոր էլ տեղահանվել են 1915-1923թթ. ընթացքում: Ներկայացված են 2 անձնական նամակ Հռոմի Պապ Բենեդիկտ XV-ից սուլթան Մուհամաթ Ռեշադ V-ին՝ գրված 1915թ. սեպտեմբերի 10-ին եւ 1918թ. մարտի 12-ին: Վատիկանի ներկայացուցիչները փորձում էին պաշտպանել հայերին՝ դիմելով նաեւ Ջեմալին 1917թ.: Կարդինալ Պիետրո Գասպարին բանակցում էր նույն հարցով Մուսթաֆա Քեմալի հետ նաեւ 1921թ.: Բացի դիվանագիտական ջանքերից, Վատիկանը կազմակերպում էր նյութական օգնություն որբերին, ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Իտալիայում, որտեղ Հռոմի արվարձանում Կաստել Գանդոլֆոյում բացվել էր որբանոց հայ աղջիկնորի համար:

Արքեպիսկոպոս Աուգուստո Բոնեթին 1887-1904թթ. դեսպան էր Կոստանդնապոլսում, ով բնորոշել էր ժամանակի միջազգային իրավիճակը՝ ասելով. «Ֆրանսիան եւ Ռուսաստանը ավելի շատ են մտահոգված Թուրքիան միասնական պահպանելու խնդրով, քանի որ Փարիզն ունի Օսմանյան կայրությունում խոշոր ներդրումներ, իսկ Սանկտ-Պետերբուրգը չի ցանկանում որեւէ բախում սուլթանի հետ՝ պատրաստվելով ռուս-ճապոնական պատերազմի…»:  Դեսպանի կարծիքով, Գերմանիան այդ օրերին շահագռգռված էր թուրքերի եւ հույների միջեւ առճակատմամբ, մինչդեռ Անգլիան քաղաքական շահեր էր որոնում Թուրքիայում:

Հաշվի առնելով նաեւ Վատիկանի փաստաթղթերի հավաստիությունը՝ Հռոմի պապն ապրիլի 12-ին կատարեց պատարագի արարողություն, իսկ ապրիլի 24-ին Սբ. Պետրոսի Մայր Տաճարում կրկին աղոթելու է Հայոց ցեղասպանության նահատակների համար:

Վատիկանը նաեւ այլ պատմական փաստաթղթեր հրապարակեց, եւ համաշխարհային մամուլն արձագանքեց այսպես. «Վատիկանը գաղտնազերծել է հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ թուրքերի գազանությունները ցնցող են»: Գաղտնի փաստաթղթերը հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են՝ սկսած 1621թ.-ից: Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը: 100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված էր նաեւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպվել էր Կապիտոլիայի թանգարանում եւ կշարունակվի մինչեւ այս տարվա սեպտեմբերը: Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նա նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին:

2011թ. ամռանը Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտը հայտնել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն Հռոմում կազմակերպվող Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսին 2012թ. փետրվարին: Արխիվարիուսը հայտնել էր, որ 1896թ. Հռոմի Պապ Լեւոն XIII -ը հորդորել էր սուլթան Աբդուլ Համիդին կարեկցություն ցուցաբերել եւ դադարեցնել հայերի ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության մասին շուրջ 100 փաստաթուղթ կա, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, որը կհրատարակվի առանձին գրքով: Ներկայացվել է հատվածներ այդ գրքից, թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղեր եւ սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին: Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը եւ ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ: Նրանց 3 օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են…»:

Եպիսկոպոս Պագանոն նաեւ հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաեւ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: «Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»,- ասել է եպիսկոպոսը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագից առաջ Սուրբ Աթոռը տարածել է աղոթագրքեր, որտեղ տեղ է գտել ցեղասպանություն բառը: Այս փաստը արդեն իսկ գազազեցրել էր թուրքերին: Թուրքական Internethaber.com լրատվակայքը անդրադարձել էր թեմային՝ «Վատիկանից՝ Անկարային. շոկ առաջացնող որոշում» վերնագրով հոդվածում: Նշվում է, որ «Զատիկի երկրորդ կիրակին կամ աստվածային ողորմություն» եւ «Հայոց նահատակության 100-րդ տարելիցի կապակցությամբ սուրբ պատարագ» վերնագիրը կրող աղոթագրքում տեղ են գտել պատարագին ընթերցվելիք աղոթքներ, հատվածներ ավետարանից, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը: Նշված է եղել, որ «վերջինիս կաթոլիկ եկեղեցին «տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհելու, ինչի մասին Ֆրանցիսկոս Պապը կհայտարարի պատարագի ժամանակ»,- գրել է Ermenihaber.am-ը: Թուրքական աղբյուրը մեջբերել է նաեւ գրքույկում տեղ գտած հետեւյալ նախադասությունը. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա մարդկության պատմության մեջ ցավագին հետք թողած ցեղասպանությունների, պատերազմների եւ բոլոր ջարդերի զոհերին, ու հատկապես այս պատարագի ժամանակ մեր հիշատակած հայ ազգի ներկայացուցիչներին»:

Նշենք, որ Անկարան ամեն բան արեց, որ Ֆրանցիսկոս Պապը չօգտագործի ցեղասպանություն բառը հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, անգամ ինչ-ինչ հավաստիացումներ էր ստացել, սակայն ամեն բան այլ կերպ ընթացավ:

Հիշեցնենք, որ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ ներկայիս Պապը հայտարարել էր, որ «թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն են իրագործել», իսկ Հռոմի պապ ընտրվելուց հետո էլ մի առիթով նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Այս խոսքերը նա վերահաստատեց արդեն ապրիլի 12-ի պատարագի ժամանակ՝ ցույց տալով Վատիկանի վճռականությունը եւ իր՝ որպես ճշմարիտ մարդ եւ հոգեւորական լինելու առաքինությունը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։