100 տարի՝ զոհի՞, թե՞ դահիճի կողքին.- Հայաստանի եւ Արցախի պատգամավորները դիմեցին աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին… «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովում… Կատարվեց Ցեղասպանության զոհերի սրբադասումը…

* * *

Ապրիլի 21-ին ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, գումարվեց արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության կապակցությամբ։ Խորհրդարանը միաձայն կոչ արեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Կոչը հղվել է բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին, հայտարարության տեքստում նշվում է հետեւյալը. «ՀՀ Ազգային ժողովը հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, – արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները, – կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, – երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, – կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

* * *

Արցախի խորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նույնպես հայտարարություն է ընդունել, որի մեջ նշվում է հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը, – ոգեկոչելով 1894-1923թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին, – կարեւորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, – երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923թթ. Արեւմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։  

* * *

Ապրիլին 22-23-ին Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին 600 մարդ է մասնակցել՝ քաղաքական, հասարակական, հոգեւոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Համաժողովի գլխավոր համակարգողներն էին փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն ասել էր, որ համաժողովի 1-ին օրը շեշտը դրվելու է Ցեղասպանության իրավական եւ քաղաքական ասպեկտների վրա, 2-րդ օրը հիմնականում ելույթ ունեցան տարբեր երկրներից ժամանած պատգամավորներ: Ֆորումին զուգահեռ գործեցին նաեւ ցուցահանդեսներ. մոտ 2 հազար անուն գիրք ցուցադրվեց, նաեւ լուսանկարներ՝ ներկայացվելով աշխարհի առաջատար գործակալությունների՝ այսօր աշխարհի ամենավտանագավոր կետերում լուսանկարահանողների աշխատանքները:

Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պոլսահայ արվեստագետ Ժուլիա Մութլուի՝ «100 տարի – 100 հայկական տարազ» համերգ-ցուցադրությունը: Միջոցառմանը աջակցել էին Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի թեմը եւ այլք: Ցուցադրությունը բացման խոսք ասեց ձեռնարկի աջակից, «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը:

* * *

Ապրիլի 23-ին կատարվեց Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջեւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն: Ցեղասպանության բոլոր զոհերը սրբացվեցին՝ որպես նահատակներ հավատքի եւ հայրենիքի համար: Վիգեն Սարգսյանը նշեց, որ բացառիկ երեւույթ է, երկար դարեր Հայ առաքելական եկեղեցին սրբադասման կարգ չի կատարել: Սրբադասման կարգի ավարտից հետո ժամը 19:15-ին համազգային լռության րոպե եղավ. «Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները հայրենիքում եւ սփյուռքում մի պահ կանգ կառնեն, լռություն կպահպանեն, կհիշեն իրենց ընտանիքի, ժողովրդի պատմությունը, հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերին: Այդ պահին բոլոր հայկական եկեղեցիների հուժականի զանգերն են հնչելու՝ 100 անգամ: Հայկական եկեղեցիներին որոշել են միանալ նաեւ աշխարհի տարբեր երկրների եկեղեցիները»:

Նույն օրը 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց էր հանրության համար, մուտքն ազատ է, բայց սահմանափակում կար՝ 50 հազար մարդ:

Ապրիլի 24-ին քրիստոնեական եկեղեցիները եւս 100 անգամ զանգ կհնչեցնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ: Պատարագներ կմատուցվեն, աշխարհի բոլոր վայրերում, որտեղ կան հայկական համայնքներ, կանցկացվեն հուշ երեկոներ, որոնք կուղեկցվեն խաչքարերի բացման, արխիվային նյութերի հրապարակման արարողություններով:

* * *

Ապրիլի 24-ին Հայաստան եկող հյուրերի քանակն աննախադեպ է լինելու: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար ԱԺ-ն 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով: Հյուրերի քանակն աննախադեպ է լինելու, ծանրաբեռնված են բոլոր բարձրակարգ հյուրանոցները՝ ոչ միայն Երեւանի, այլեւ Ծաղկաձորի, Դիլիջանի եւ հարակից վայրերի: Անգամ առաջարկ է հնչեցվել ՀՀԿ-ականներին ուղղված, որ հյուրերի մի մասին տեղավորեն իրենց տներում: Շուրջ 35 երկիր պաշտոնապես ընդունել ու հաստատել է հրավերը ապրիլի 24-ին Հայաստան գալու վերաբերյալ: Արարողությանը մասնակցելու է 60-ից ավելի պետական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

10-ից ավելի չարթերային չվերթ կա նախատեսված: Միայն Ռուսաստանից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 5 հատուկ չվերթ է նախատեսված: Դրանք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող անձանց են տեղափոխելու եւ նախագահի մեքենան: Չարթերային թռիչքներ են նախատեսված նաեւ Եգիպտոսից, Օմանից, Պարագվայից, Կիպրոսից, Սերբիայից: Սպասվում է, որ նման թռիչքներ էլի կլինեն: Հատուկ թռիչքով են գալու նաեւ Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը: Նրանք կգան սեփական ինքնաթիռներով:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ մուտքը այցելությունների համար բաց կլինի 13:00-ից, իսկ մինչեւ այդ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:

* * *

Աշխարհի լրատվամիջոցները անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյակին, դիմում են երկրների առաջնորդներին՝ «Ապրիլի 24-ին հայերի, թե՞ դահիճների հետ եք լինելու»: Այդ օրը միջազգային առաջնորդները պետք է ընտրություն կատարեն Հայաստան կամ Թուրքիա այցելության միջեւ: Մասնավորապես իտալական Tempi պարբերականը գրել է. «Հարկավոր է ընտրել. գնալ Երեւան եւ հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին, թե՞ Ստամբուլ՝ դահիճներին բավարարելու համար (Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը տոնելու համար, որը հատուկ տեղափոխվել եւ նշվելու է ապրիլի 24-ին): Ապրիլի 24-ը իսկապես կդառնա որոշիչ օր, երբ կզատվեն հայի բարեկամն ու ոչ բարեկամը:

Վահագն Նանյան եւ Անի Մարության

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։