Հայոց ցեղասպանությունը՝ հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ – Ցեղասպանություն եզրի ծագումը – Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը – Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը – Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը – Ցեղասպանության իրագործման գործելաոճը…

Ցեղասպանություն եզրի ծագումը

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Նրա ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների եւ բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպեսեւ՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված անմարդկային վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունն (ՄԱԿ) ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ցայսօր ավել քան 20 պետություն է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն որեւէ մեկը անգամ հարաբերությունները չի դադարեցրել Թուրքիայի հետ, ուր մնաց՝ պատժեր ցեղասպան թուրքերին…

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության ծրագրված զանգվածային կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն ու եղեռնը առավել զանգվածաբար իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում (ցեղասպանության իրագործումը սկսվել է դեռ սուլթանական Թուրքիայում՝ սուլթան Համիդի գլխավորությամբ):

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին՝ 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր եվրոպական Բալկաններից մինչեւ ասիական Չինաստան եւ ռուսական Սախա-Յակուտիա՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին (նաեւ այդքան մեծ տարածքի երկրներին):  

Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների թյուրքացում: Հայությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, քանի որ թուրքական պետությունը ստեղծվել էր բուն հայկական տարածքների վրա… Այսօր էլ՝ համաթուրքականության ճանապարհին, թուրքերը Հայաստանը համարում են «անիծյալ սեպ»:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1890-ական թվականների սուլթան Համիդի կողմից, որը սիոնիստական եւ պանթուրքիստական միասնական ծրագրմամբ առավել վտանգավոր ծավալներ ընդունեց 1911-12թթ.: Բայց երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը՝ այն իրագործելու համար: Այդ ժամանակ Թուրքիայի հետ իրենց շահերը ունեցան ինչպես Եվրոպան ու Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը, եւ Հայաստանն ու հայությունը դրվեցին նշյալ համաշխարհային կենտրոնների քաղաքական ու տնտեսական շահերի զոհասեղանին...

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

1-ին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին 2,5 միլիոնից ավել հայեր: 3 միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Բայց Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել առնվազն 1895-1925թթ. ժամանակահատվածում, քանի որ ցեղասպանությունը սկսվել է սուլթանական Թուրքիայում եւ ավարտվել երիտթուրքական Թուրքիայում: Այս դեպքում ցեղասպանվածների թիվն անցնում է 3,5 միլիոնից:

Հենց այս 30-ամյա դժոխային ժամանակահատվածն են անվանում Հայոց Մեծ Եղեռն… Այն իրականացվել է ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստանում, նաեւ 1918-ին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի արնախումների կողմից, որոնք ոչնչով չէին զիջում իրենց թուրք արյունակիցներին:

Ցեղասպանության իրագործման գործելաոճը  – Հայերի իսպառ բնաջնջման հաջորդական փուլերը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է՝ նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին գործիքներր, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր հնարավորություններով, որոնք կարելի է գործածել այդ քաղաքականությունն իրականացնելու համար:

Վերը նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել առնվազն 1895-1925թթ. ժամանակահատվածում, բայց հենց 1915թ. ապրիլի 24-ն է խորհրդանշում Հայոց ցեղասպանության օրը, քանի որ այդ ժամանակ սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության իսպառ բնաջնջման 1-ին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման (խոսքը արդեն նշյալ՝ հայերի իսպառ բնաջնջման մասին է) 2-րդ փուլը՝ մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցավալի է, բայց շատ ֆիդայական ջոկատներ էլ զինաթափվեցին հենց հայկական կողմից, իբր երիտթուրքերը նորովի եւ բոլորի համար են Թուրքիա կառուցում…

Ցեղասպանության իսպառ բնաջնջման 3-րդ փուլը սկսվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական, թուրքմենական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Տասնյակ հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Հարյուր հազարավոր հայերի էլ բռնի մահմեդականացրեցին: Նրանց մեծ մասը նաեւ սարսափից ազգափոխվեց՝ դարձան ինչպես թուրքեր, այնպես էլ քրդեր կամ այլ ազգային փոքրամասնություններ:

Հայոց ցեղասպանության իսպառ բնաջնջման վերջին փուլը՝ զանգվածային տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին՝ Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում գործածելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Մշակութային եղեռն

Որեւէ ազգի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները՝ ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի մեջ:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված ու ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները (որը շարունակվում է ցայսօր, որպեսզի իսպառ ոչնչացնել հայկական հետքերը Հայկական լեռնաշխարհում): Գիտակցելով եկեղեցու, առհասարակ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում՝ թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը՝ փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում… Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արեւածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913թթ. Կ.Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված եւ թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում՝ IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց եւ ավերվեց: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ: Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների՝ 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն: (Նման իրավիճակ է նաեւ Ադրբեջանում): Հայկական ճարտարապետական շինությունները հետեւողականորեն պայթեցվել են, որպես թիրախ գործածվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների: 1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պիտի դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին՝ միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը՝ հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: Այն իրականացվում է այսօր էլ, ամեն օր…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։