Հայոց պահանջատիրության նոր փուլը.- Երեւանն ու Անկարան զատեցին բարին ու չարին – Թյուրքական եւ իսլամական ծայրահեղականները՝ մնացյալ աշխարհի դեմ…

Այսօր Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա կլինի շուրջ 60 պատվիրակություն, որոնցից 4-ը՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կիպրոսը եւ Սերբիան, ներկայացված կլինեն նախագահի մակարդակով:

Կիպրոսի նախագահը Հայաստան կայցելի երկրի խորհրդարանի նախագահի հետ: Մնացած պատվիրակությունները ներկա կլինեն միջոցառումներին իրենց երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով: Շատ երկրների ղեկավարներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշել, որ «…սա ամբողջ մարդկության դեմ իրականացված հանցագործության 100-րդ տարելիցն է»:

Արդեն հայտնի է, որ Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին մասնակցելու է Բեռլինում նախատեսված հիշատակի միջոցառմանը, իսկ Կանադայի վարչապետը մասնակցելու է կանադահայ համայնքի կազմակերպած միջոցառումներին: Սուրբ Աթոռը՝ Վատիկանը ներկայացված է լինելու կարդինալների, այսինքն նախարարական մակարդակով: Չեխիայի նախագահն էլ նշել է, որ այդ օրը ինքը հանդիպում է ունենալու Վատիկանում, ուստի չի կարող մասնակցել Երեւանում կայանալիք միջոցառումներին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ: Ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ՌԴ պետդումայի պատգամավորների հետ կժամանի Երեւան։  

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես կժամանի ապրիլի 23-ին եւ բացի Մեծ Եղեռնի արարողակարգերին մասնակցելուց, Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան։

Ապրիլի 23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին եւ կմեկնի ապրիլի 26-ին միայն:

Մեզ՝ հայերիս, պետք է նույնքան հետաքրքրի նաեւ Թուրքիա մեկնողների ցանկը, քանի որ նրանք դառնալու են հայության թշնամիները: Պաշտոնական Անկարան հրապարակել է իր հյուրերի ցանկը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Չանաքքալեի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա կժամանեն 21 պետությունների ղեկավարներ: Վերջիններիս թվում հիշատակվում են Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը, Քաթարի էմիր Թամիմ բին Համա աս Սասնին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Միջոցառումներին սպասվում է նաեւ Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Ջիբուլթիի, Չադի, Հարավային Սուդանի, Իրաքի, Իռլանդիայի, Չերնոգորիայի, Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մալիի, Նիգերի, Սենեգալի, Սլովենիայի, Սոմալիի նախագահների այցը: Հայտնի է նաեւ, որ վարչապետի մակարդակով միջոցառումներին ներկայացված կլինեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի վարչապետները: Պաշտոնյաների թվում նշվում են նաեւ մի շարք երկրների նախարարներ:

Այս ցանկից կարելի է ենթադրել, որ Անկարա են վազում հիմնականում թյուրքական ու ծայրահեղ իսլամական հակումներ ունեցող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները: Այսպես՝

- Եթե Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում ասում են, թե իրենք 1 ազգ են՝ 6 պետությունում (համաթուրանականությունն է), ապա մի առիթով Պակիստանի ղեկավարը թուրք պաշտոնակցին հայտնել էր, որ իրենք էլ 1 ազգ են, բայց ապրում են 2 պետությունում: Ի դեպ, սա միակ երկիրն է, որ ի պաշտպանություն Ադրբեջանի, չի ճանաչել «զավթիչ» Հայաստանի անկախությունը:

- Ալբանիան, Բոսնիա եւ Հերցոգովինան ու Սերբիայից զավթված Կոսովոն Անկարայի սպասարկուներն են Եվրոպայում, ինչը եւս չի զարմացնում… Սրանք եվրոպական համագործակցության մեջ, որը քրիստոնեական ժառանգության հետեւորդների միություն է, ներկայանում են որպես իսլամադավան երկրներ:

- Հյուսիսային Կիպրոսը բուն Կիպրոսից զավթած տարածք է, որը ճանաչել են միայն Թուրքիան ու Ադրբեջանը:

- Ջիբուլթին, Չադը, Հարավային Սուդանը, Մալին, Նիգերիան, Սենեգալը, Սոմալին եւ էլի նման երկրները իսլամական ծայրահեղականության որջեր են դարձել:

- Իրաքը եւ Քաթարը Թուրքիայի հետ հակաիրանական ճակատում են հայտնվել:

- Իսկ հակառուսական ճակատում հայտնված Մոլդովան ու Ռումինիան ակամա դարձել են հակահայ «թուրանականներ»…

- Մեծ Բրիտանիան եղել ու մնում է եվրոպական ամենահայատյաց երկիրը, որը դարեդար սատարել է թուրքերին ու, ինչպես հայ արիներն են նշել, Թուրքիայի «հաստ աղին» է Եվրոպայում: Անգլիական գաղութային հին ու բարի ավանդույթների համաձայն՝ Ավստրալիան ու Նոր Զելանդիան վազում են Լոնդոնի հետեւից:

- Զարմանալի է թերեւս Իռլանդիայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի եւ Սլովենիայի մասնակցությունը: Եթե վերջին 3-ը հակասերբական ճակատում են ու տխմարաբար կարծում են, թե թուրքերն իրենց կօգնեն, ապա ինչու՞ նաեւ Իռլանդիան… անհասկանալի է:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը ներկայացնելու է խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, ով Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարն է: Նույն օրը Թուրքիայում անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն եւ խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Սա ոչ միայն խորհրդանշական է, այլեւ հստակ քայլ, պաշտոնական Թբիլիսին եղբայրական ռազմական դաշինքի մեջ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչով, բայց մի շարք պատգամավորների միջեւ (հիմնականում ադրբեջանցի) ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը հստակ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել:

Իսկ ԱՊՀ ու ԵՏՄ մեր «եղբայրակից» Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի փոխարեն խոսել է նրա նախկին խոսնակ Սեյթքազ Մաթաեւը, ով բացատրել է՝ ինչու վերջինս չի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին. «Դժվար է պատկերացնել, որ երբ Ղազախստանում ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ են նշանակված, Նազարբաեւն այդ ծանրաբեռնված օրերին ժամանի Երեւան՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին։ Նախընտրական շրջանն ավարտվում է, նա իր վերջնական հանդիպումներն է անցկացնում ընտրազանգվածի հետ, 2 օր նա Ալմաթի քաղաքում էր։ Արդեն գնացել է իր հարազատ գյուղ՝ ընտրողների հետ հանդիպելու»: Երբ հայ արիները հայտարարեցին, որ ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ն առավելապես թյուրքական տարրի սատարման կողմնակիցներ են, ոմանք զարմացան, մինչդեռ ՀԱՊԿ-ն նաեւ հայերիս ռազմական պաշտպանությամբ պիտի զբաղվեր… Հիմա էլ նույն խաղերը ԵՏՄ-ում են:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։