Հայոց ցեղասպանության միակ փոխհատուցումը – Միայն ազգահավաքի ու հողահավաքի ավարտը կգոհացնի միլիոնավոր զոհերի հոգիներին – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայությունն իր հազարամյակների պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ չլուծված նպատակներ, իղձեր, որոնց իրականացման առաքելությունը փոխանցվում է սերնդե սերունդ: Չնայած այդ նպատակների առատությանը, այնուամենայնիվ, դրանցից առաջնային են դառնում միմիայն այն նպատակները, որոնք առնչվում են հայության (համահայկական) գերագույն նպատակին: Իսկ դա, մեր կարծիքով, հայոց հայրենիքի վերամիավորումն է Հայկական լեռնաշխարհում եւ հայության համախմբումն իր սրբազան հայրենիքում, ավելի կարճ՝ այս ՆՊԱՏԱԿԸ կոչվում է Հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիր:

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից (եւ միայն այսպես էլ պետք է դիտարկել), ապա միանգամից հասկանալի է դառնում սույն հարցի կարեւորությունն ու առաջնահերթությունը, այս հարցի նկատմամբ հետեւողականության անհրաժեշտությունը:

Այսինքն՝ ցեղասպանության ճանաչումը գերագույն նպատակ չէ, բայց մեր վերոնշյալ գերնպատակին հասնելու առաջնային խնդիր է՝ գերխնդիր: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այն նպատակներից է, որոնք գուցե հանգրվանային լուծումներ են պահանջում, ուստի՝ նման նպատակները ոչ միայն համարվում են ազգային նպատակ, այլեւ՝ ամրագրվում են ազգային եւ պետական անվտանգության հայեցակարգերում, եւ դառնում են նաեւ հայկական պետության արտաքին հարցերի առաջնային խնդիր:

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ պետություն-պետականությունը լավագույն միջոցն է ազգի նպատակների իրականացման համար, ներկայիս հայկական պետությունը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում հենց այդ միջոցը պետք է հանդիսանա: Միջոց՝ օտար եւ շեղող ներխուժումներից զերծ:

Այս առումով, Հայաստանի 3-րդ Հանրապետությունն իր 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրում ներառեց այս խնդիրը, ինչը հետագայում ամրագրվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում, իսկ մինչ այդ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեով՝ նաեւ ՀՀ Սահմանադրությունում (իհարկե, ոչ անմիջական ձեւակերպմամբ, այլ հռչակագրային դրույթները որպես հիմք ընդունելով):

Սակայն, ըստ Անկախության Հռչակագրի ձեւակերպումների, Հայաստանի Հանրապետությունը պարզապես սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Այստեղ ակնհայտ հակասություն կա ազգային եւ պետական նպատակների միջեւ: Իսկ քանի որ պետությունը միջոց է ազգային խնդիրների լուծման համար, ապա այդ հակասությունը պետք է նախ եւ առաջ վերացնել: Մեր ազգային առաջնային նպատակը չի կարող հանձնվել օտարի տնօրինությանը եւ պարզապես այդ օտարին սատարել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը եկավ շտկելու այս բացը, եւ Հայաստանը խոսեց պահանջատիրությունից: Բայց դա միայն առաջին քայլն է եւ դեռ անելիքներ կան Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ այդ ամենից բխող փոխհատուցման ուղղությամբ: Իհարկե կարեւոր է միջազգային ասպարեզում հաջողությունների ամրագրումը, ինչպես այսօր է իրականացվում, սակայն պետք է քայլեր արվեն նաեւ հայկական պետության օրենսդրական ու իրավական ոլորտներում: Այս առումով անհրաժեշտ է, որ՝  

  1. Հայաստանի Հանրապետությունն օրենք ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին եւ օրենքը պետք է սահմանի ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատիժներ՝ ցեղասպանության մերժման կամ հերքման դրսեւորումների դեպքում: Օրենքը պետք է նաեւ հնարավորություն ընձեռի՝ միջազգային ատյաններում նույնպես պաշտպանելու ցեղասպանության անհերքելիության հարցը: Առանց նման օրենքի գոյության՝ հայկական (այդ թվում՝ սփյուռքահայության) բոլոր ջանքերը լուրջ հաջողություններ չեն արձանագրելու: Հաղթանակները լինելու են մասնակի:
  2. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը պետք է բարձրացվի միասնաբար: Միայն ցեղասպանության ճանաչումը չի ենթադրում հայկական գերնպատակի իրականացմանն ուղղված քայլ: Ճանաչումը կարող է ունենալ բացարձակապես բարոյական նկատառում եւ մի քանի հանդիմանական ձեւակերպում՝ տրված 1915թ. սահմռկեցուցիչ իրադարձություններին: Բացառությամբ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի ու էլի մի քանի երկրների, ցեղասպանության հարցը հիմնականում ավարտվել է ճանաչման փուլով եւ իրավական տեսանկյունից չկա իրական դատապարտում եւ ոչ մի խնդիր առաջ չի քաշում, որ Հայաստանն էլ գոնե իր սատարելու որոշումով աջակցի այդ ճանաչումներին:

Դատապարտումը ենթադրում է նախ՝ օրենքի ընդունում, ապա հարցի միջազգայնորեն արծարծումը հետեւյալ ուղղություններով՝

ա/ Հայոց ցեղասպանությունը որպես հայության եւ մարդկության հանդեպ իրականացված ցեղա(գենա)սպանական ոճիր (միլիոնավոր մարդկանց անդառնալի կորուստ),

բ/ Ոճիրի բարոյական առումով դատապարտում,

գ/ Ոճիրի հոգեբանական առումով դատապարտում,

դ/ Ոճիրի մշակութային առումով դատապարտում,

ե/ Ոճիրի իրավական առումով դատապարտում,

զ/ Ցեղասպանվածների ժառանգների նյութական վնասների փոխհատուցում,

է/ Ցեղասպանվածների ժառանգների հողային (հայրենիքի) պահանջատիրական հարցերի բավարարում:

Այս բոլոր կետերը պետք է ներառված լինեն «Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին» ՀՀ օրենքում, որը ցեղասպանվածների ժառանգների իրավահաջորդների միակ օրինական երկիր-պաշտպան կճանաչի Հայաստանի Հանրապետությանը (որպես համայն հայության կողմից ճանաչված հայկական պետական կազմավորում): Այս հանգամանքը թույլ կտա ավելի հեշտ բախել ու բացել միջազգային կառույցների դռները: Սակայն, սա չի նշանակում, որ պաշտոնական Երեւանը դառնում է ցեղասպանվածների ժառանգների միակ օրինական պաշտպանը: Սփյուռքահայությունն այդ իրավունքը նույնպես ունի եւ երբեւէ չի կարելի նրան զրկել այդ իրավունքից (անհատ սփյուռքահայից (իմա՝ հայաստանահայից) մինչեւ ամենամեծ կազմակերպությունը ունեն այդ իրավունքը): Սփյուռքահայության մեկուսացումը կարող է կործանարար լինել ցեղասպանության հարցի հետագա ճակատագրի համար, քանզի հնարավոր է տարաբնույթ միջազգային ճնշումներ լինեն Երեւանի վրա, եւ այս դեպքում աշխարհասփյուռ հայությունը կշարունակի հարցի շարունակական եւ իրավական արծարծումը: Պարզապես պետական մակարդակով հարցի միջազգայնորեն բարձրացումն առավել ազդեցիկ ու հետեւողական բնույթ կկրի, ինչին սփյուռքահայությունը զուգահեռաբար եւ հավասարապես կաջակցի:

Տեսակետներ են հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, որ, եթե թուրքական իշխանությունները համոզված լինեն, որ հողային պահանջատիրության խնդիր չի առաջանա, ապա կճանաչեն հայոց ցեղասպանությունը եւ օրինակ են բերում հրեական Հոլոքոսթի տարբերակը՝ Գերմանիան ճանաչեց, դատապարտեց, նյութական վնասները փոխհատուցեց եւ ամեն բան ավարտվեց՝ երկու ազգերն ու երկրները հաշտվեցին:

Ցեղասպանագետները կամ հայ ու օտարազգի իրավագետները մի կարեւոր հանգամանք միշտ անտեսում են (գուցե նաեւ միտումնավոր): Եթե ցեղասպանության իրականացման (տեսակի (գենի) նպատակային ոչնչացման) տեսանկյունից հայերի եւ հրեաների ցեղասպանությունները միջազգային տեսանկյունից համարժեք են (չնայած հրեաներն անհիմն շարունակում են պնդել Հոլոքոսթի եզակիությունը), ապա իրականացման տարածքի (որտեղ իրականացվել է ցեղասպանությունը) մասով համարժեք չեն՝ հայերին ցեղասպանել են իրենց պատմական բնօրրանում՝ հայրենիքում, իսկ հրեաներին՝ օտարի տարածքում՝ Եվրոպայում (Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան, եւ այլն): Ուստի, եթե հրեաների ցեղասպանության պարագայում ճանաչումն ու դատապարտումը գրեթե նույն բնույթն են կրում՝ դատապարտվում է ոճիրը եւ տրվում է նյութական (դրամական) փոխհատուցում, ապա հայերի ցեղասպանության դեպքում, ինչպես վերը նշեցինք, այս ձեւակերպումները տարբեր են եւ անժխտելի է, որ ցեղասպանության հետեւանքով հայերը կորցրել են ոչ միայն անձնական եւ ազգային նյութական արժեքներն ու հարստությունները, այլեւ՝ հայրենիքի մի զգալի մասը: Այստեղ է, որ ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ կարեւորվում է դատապարտումը՝ հայոց պահանջատիրույունը (հայտնի «Հայ դատ» ձեւակերպմամբ):

Անհրաժեշտ է, ի վերջո, հատուկ քննարկում կազմակերպել կառավարական մակարդակով՝ ներգրավելով համայն հայության կարող ուժերին՝ մեկ միասնական ազգային հայեցակարգ մշակելու՝ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքում ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը մեկընդմիշտ ընդգրկելու համար: Առավել եւս՝ 100-ամյա տարելիցից հետո պետք է ունենանք հստակ ռազմավարություն հետագա քայլերի համար: Եվ այն իշխանությունը, որը կհրաժարվի այդ առաքելությունից, կհամարվի ազգադավ…

ՀՀ բոլոր նախագահներն իրենց նախընտրական ելույթներում բազմիցս շեշտել են, որ մեր ազգի ճակատագրական հարցերը պետք է լուծել ազգովի՝ պաշտպանելով հայոց սահմանադրական եւ պատմական իրավունքները: Երկրի նախագահի պաշտոնը ստանձնելիս երդում է տրվում՝ անձնուրաց ծառայել ազգին ու արդյունավետ միջոցներով հայրենիքը պաշտպանել աղետալի վիճակներից… Սակայն, դեռ ոչ ոք լուրջ քայլեր չի ձեռնարկել ցեղասպանության խնդիրը համակարգված տեսքի բերելու առումով: Դրա համար անհրաժեշտ է՝

  1. Երեւանում ստեղծել ցեղասպանագիտական իրավաբանական միջազգային կենտրոն, որը պետք է ամփոփի հայոց ցեղասպանության բոլոր փաստերը (հավաքված ցեղասպանության թանգարանում, տարբեր կազմակերպություններում, անհատ անձանց մոտ եւ այլն), կազմի իրավական փաստաթուղթ՝ որպես մեղադրական եզրակացություն, միջազգային դատարան ներկայացնելու եւ հայ դատի պահանջները բավարարելու համար:

Այս համապատկերում անիմաստ, եթե չասենք վտանգավոր կլինի հայ-թուրքական որեւէ հանձնաժողովի ստեղծումը՝ իբր ցեղասպանության փաստերը ճանաչելու եւ հիմնավորելու առումով: Այսօր արդեն Անկարան առանց այդ հանձնաժողովի գոյության էլ շահարկում է հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացումը», եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում է չանդրադառնալ Հայոց ցեղասպանությանը՝ իբր Անկարա-Երեւան երկխոսությունը չխաթարելու համար: Իսկ Երեւանն էլ, հետ չմնալու նպատակով, հայկական զլմ-ներով «ուրիշ թուրքերի» քարոզն է անում՝ թուրքը էլ էն թուրքը չէ… Հիշենք, որ այդպիսի մի ձեւակերպմամբ էլ «ստացանք» 1915թ. ցեղասպանությունը:

  1. Կազմել ցեղասպանության զոհերի ու տուժածների անվանացանկը, նրանց՝ ներկայիս Թուրքիայում թողած նյութական արժեքների հաշվարկները եւ այլ անհրաժեշտ ապացույցներ: Պարտադիր չէ, որ 1,5-3,5 մլն. ցեղասպանվածների ցանկը միանգամից ներկայացվի միջազգային դատարան: Դա կարելի է անել մաս-մաս: Կարեւորը փաստաթղթի հիմնավորված լինելն է: Պետք է հաշվարկել բարոյական, նյութական եւ այլ վնասների չափը, նաեւ մարդկային վնասների՝ թե հիմա 3,5 մլն. հայից 100 տարի անց քանի հայ ծնված կլիներ եւ ինչ կարողությունների կտիրապետեր…
  2. Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը քննարկել ցեղասպանության հետեւանքի տեսանկյունից: Արցախի՝ Ադրբեջանի անբաժանելի մաս չճանաչելն ու միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու ամենակարճ ուղին արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումն է, որն առնչվում է Հայոց Մեծ Ցեղասպանության հետ: Այս փաստը համաձայն ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ցեղասպանության կանխարգելման համաձայնագրի՝ Ադրբեջանին արգելանքի իրավունքից զրկելու հիմք կծառայի: Ուստի, բանակցությունների սեղանին, ինչ մակարդակով էլ դրանք ընթանան, պետք է դրվեն արցախահայության (լեռնային ու դաշտային) ցեղասպանության փաստը եւ նշված հռչակագիրը, որոնց հիման վրա միջազգային ատյանները պարտավոր են բավարարել Արցախ-ԼՂՀ-ի պահանջը՝ արդեն ինքնորոշված արցախահայության՝ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրավունքը: Սրան պետք է գումարել նաեւ 1922թ. Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախորդի) որոշումը՝ Լեռնային Ղարաբաղ ճանաչված վիճելի տարածքի մասին (որում ԼՂ-ն ունի հստակ ընդգծված տարածք, իսկ Ադրբեջանը՝ ոչ):

Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձման խնդրին, որն առաջադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Ադրբեջանի (ինչպեսեւ՝ Թուրքիայի) պահանջով, ապա պետք է բարձր ամբիոններից եւ աղմկալից ներկայացնել, թե ի՛նչ ենք հասկանում Ադրբեջան եւ ադրբեջանցի ասելով, ե՞րբ եւ ինչպե՞ս են առաջացել, ի՞նչ տարածք ու ծագում են ունեցել, որ հիմա էլ դրանք «խլվել» են իրենցից: Պետք է մասոնա-բոլշեւիկյան (սովետական) ծրագրով ստեղծված Ադրբեջանի ու կովկասյան թաթարներից ադրբեջանցի դարձածների սին տեսությունները միջազգայնորեն պարզաբանվեն եւ իրավական հարթությունում արծարծվեն: Արցախահայությունը ազատագրել է իր բնօրրանի որոշ տարածքներ միայն, եւ դեռ ազատագրված չեն Գետաշենը, Շահումյանը, Խանլարը, Գանձակը… որտեղ տեղաբնիկ հայությունը ցեղասպանության ենթարկվեց տակավին վերջերս:

Ադրբեջանի հետ տարածքային հարցերը պետք է լուծվեն ընդհանուր համապատկերում, որի հիմքում պետք է դրվի թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ՝ բռնությամբ դրան կցված հայկական բոլոր տարածքներն իրենց օրինական տիրոջը վերադարձնելու հարցը, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի հարցը՝ անվավեր ճանաչելով 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական եւ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի ստորացուցիչ եւ մեզ պարտադրված պայմանագրերը:

1991թ. դեկտեմբերի 30-ին նորաստեղծ Արցախ-ԼՂՀ-ն դիմել է ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ պետություններին, որ ԼՂ-ում ցեղասպանություն է իրականացվում եւ հարց է հարուցվել ճանաչել իրեն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Սույն փաստաթուղթը ուժի մեջ է ցայսօր, ուստի, հենց այն պետք է դրվի ԼՂՀ կարգավիճակի լուծման հիմքում եւ Արցախի կարգավիճակի լուծման համար անհրաժեշտ է նախ՝ ճանաչել ցեղասպանության փաստն Արցախում, որն այսօր էլ որպես «դամոկլյան սուր» կախված է արցախահայության գլխին: Այնուհետեւ, ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա, որն այդ հարցում զրկում է Ադրբեջանին վետոյի իրավունքից, հասնել միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու ԼՂՀ պահանջի բավարարմանը՝ Ադրբեջանի կազմից դուրս:

Իհարկե, Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը եւ պատմական, եւ բարոյական, եւ իրավական, եւ ներկայիս կարգավիճակի տեսանկյուններից, հայանպաստ են, սակայն, որպեսզի այս խնդիրները միջազգային հանրության համար առավել նկատելի լինեն եւ հիմնահարցի որակումը որպես տարածքային վեճ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չդառնա առաջնային, կարեւոր է խնդիրը դիտարկել Հայոց ցեղասպանության հետեւանքների շրջանակում:

  1. Չեղյալ համարել (չճանաչել) Սումգայիթում ցեղասպանություն իրականացնողների դատավճիռները (խուլիգանության հոդվածներով), եւ դատական անջատ գործերը միացնելով՝ դրանք միջազգային դատարան ներկայացնել որպես մեկ ընդհանուր գործ (ինչպես ԽՍՀՄ կոմկուսակցական վերնախավի, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների դեմ):

Սումգայիթյան ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ ԳԽ 1988թ. հունիսի 15-ի որոշման մեջ «ոճրագործություն» բառը պետք է փոխարինել «ցեղասպանություն» բառով:

  1. Վերականգնել (վերահաստատել) 1921թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը՝ այս ուղղությամբ միջազգային քարոզարշավ ծավալելով:
  2. Դիմել ՄԱԿ-ին եւ պահանջել, որ վերոգրյալ համաձայնագիրը ստորագրած պետությունները, նաեւ՝ Հայաստանը, ի վերջո, կատարեն դրա 5-րդ հոդվածի պահանջը եւ իրենց քրեական օրենսգրքում առանձին հոդված մտցնեն ցեղասպաններին պատժելու մասը՝ պահպանելով մահապատիժը:
  3. Հայաստանից խլված տարածքներում (մինչեւ իրական տերերին վերադարձնելը) միջազգային հովանավորության տակ վերցնել հայոց հուշարձանների պահպանումը, գործուն միջոցներ ձեռնարկել դրանց ոչնչացման դեմ:
  4. Դիվանագիտական, քաղաքական, լրատվական եւ բոլոր այլ միջոցներով արդյունավետ քարոզչություն ծավալել Հայոց ցեղասպանությունը աղավաղող թուրք-ադրբեջանական քարոզչության դեմ:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերի դեմ իրականացված փաստերը մոռացության տալու սիոնա-համաթուրանական ջանքերից մեկն էլ այն է, որ հատկապես սովետական եւ ԱՊՀ երկրների հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշվի, որ այդպիսի հանցագործություն կատարել է նացիստական պարագլուխ Ադոլֆ Հիտլերը՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հրեաների դեմ: Որպեսզի պահպանվի Հոլոքոստի (հրեական ողջակիզման) եզակիությունը: Կասկածից վեր է, որ «գենոցիդ» բառին նման մեկնաբանություն են տվել նաեւ աշխարհի գրեթե բոլոր հանրագիտարաններում:

Առաջարկում ենք, որ մեր պետությունը (իշխանությունը)՝

  1. Դիմի ՄԱԿ-ին եւ պահանջի, որ աշխարհի բոլոր հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշվի, որ նախ եւ առաջ այն իրականցվել է թուրքերի կողմից՝ հայերի դեմ՝ հայերի հայրենիքում, եւ այսօր էլ շարունակվում է իրականացվել շրջափակման եւ այլ արգելանքների միջոցով՝ համայն աշխարհի քար անտարբերության ներքո:
  2. Արգելի հայ-թուրքական կամ միջազգային հաշտեցման (եւ կամ այդ նպատակով ստեղծված այլ անունով) հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցությունը, իսկ ոչ պաշտոնական մասնակիցների ներգրավումը որակի որպես դավաճանություն մեր ազգային շահերին:
  3. ԱՄՆ նորընտիր նախագահին պահանջ ներկայացնի, որպեսզի կատարվեն նախընտրական տարբեր խոստումները եւ ճանաչվի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Անհրաժեշտ է նաեւ շարունակել պետականորեն տարվող քաղաքականությունը ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանն ուղղված՝ դա չպայմանավորելով հայ-թուրքական հարաբերություններով:

Թուրքիան բացահայտորեն պայքարում է Հայոց ցեղասպանության հարցի արծարծման դեմ եւ դա երբեք չի կապում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդրին: Ներկայիս տարբեր տիպի բանակցային գործընթացում Արցախի հիմնախնդիրը բարձրացվում է ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ՝ թուրքերի կողմից: Ինչու՞: Որովհետեւ Թուրքիան միջնորդ երկիր է դարձել եւ երբեք չի հրաժարվել իր հարձակողական արտաքին քաղաքականությունից: Չնայած Անկարան Արցախի կորստյան հետ հաշտվել է Բաքվի պարտությունից ի վեր, սակայն, բանակցային փաթեթում մշտապես արծարծում է այդ հարցը եւ երբեք չի հանելու իր արտաքին քաղաքականության օրակարգից։ Անդրադառնալով Արցախին եւ ազատագրված տարածքներին՝ թուրքերը համարում են, որ սա հայերին արված առաջին ու վերջին տարածքային «զիջումներն» են, մոտավորապես՝ «քվիտի» նման մի բան, որպես փոխհատուցում Հայոց ցեղասպանությունից իրենց «բաժին մնացած» ահռելի տարածքների… Նրանք գուցե թե ճանաչեն էլ Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, եթե Երեւանը պաշտոնապես հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումից եւ Արեւմտյան Հայաստանի պահանջատիրությունից: Իսկ ինչ վերաբերում է «գրավյալ տարածքներին», ապա սա թուրքերի համար նույնպես փոխզիջումային, բայց արդեն ընթացիկ միջոց է։ Կորցրածի (հայոց ազատագրված հողերի) մասին նրանք ավելի եռանդուն ու երկար կխոսեն, իբրեւ կանխարգելիչ միջոց՝ հայերին Արեւմտյան Հայաստանի հողային պահանջներից շեղելու եւ, ինչքան հնարավոր է, հեռու պահելու համար։ Սա նաեւ սեփական ժողովրդին հայերի դեմ լարելու լավ միջոց է:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ թուրքերը միայն ձեւացնում են, թե հօգուտ Ադրբեջանի հետ են ուզում «գրավյալ տարածքները» եւ, մանավանդ, Արցախը: Ավելի պարզ՝ Անկարան եւ Բաքուն Արցախի ու «գրավյալ տարածքների» հիմնախնդիրները միջազգային կազմակերպությունների բանակցային գործընթացների միջոցով թեժ պահելով, այնուամենայնիվ, հետապնդում են տարբեր նպատակներ, որը մեր դիվանագիտական հարձակողական քաղաքականության դեպքում կարող է լրջորեն բարդացնել Անկարա-Բաքու հարաբերությունները (ինչը մի քանի անգամ արդեն տեղի է ունեցել):

Արցախն ու ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հաղթող երկրից «հետ վերցնելու» թուրք-ադրբեջանական ճիգերն ավելի են սաստկանում ցեղասպանությունը ճանաչող երկրների թվի ավելացման հետ։ Սակայն, թուրքերի այլեւայլ ջանքերը (որոնց դժվար է դիվանագիտական համարել)՝ խուսափել կատարած եղեռնագործությունների խոստովանանքից, ի դերեւ կանցնեն իրար հաջորդող երկրների օրենսդիր ատյանների կողմից ցեղասպանությունը դատապարտող օրինագծերի ճնշման տակ։ Եթե, իհարկե, միայն Երեւանի անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով՝ իբր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով, չդադարեն այդ ճանաչումները… Թուրքերն արդեն շահարկում են ՀՀ իշխանությունների «բարի կամքը», եւ սա կարող է իր ազդեցությունն ունենալ:

  1. ՀՀ Հռչակագրի հոդված 11-ում նշվում է, որ ՀՀ-ն սատարում է 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում սանձազերծած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այն միջազգային դատարանով դատապարտելու գործին՝ հայոց հողերը օրինական տիրոջը վերադարձնելու եւ հայությանը հասցրած նյութական վնասը հատուցելու պահանջով:

Եվ քանի որ Հռչակագրում հնարավոր չէ փոփոխություն կատարել սատարելու առումով, ապա ՀՀ Սահմանադրությունում անհրաժեշտ է ավելացնել, որ «Հայաստանի Հանրապետությունը հայության դեմ իրականացված ցեղասպանությունների զոհերի ժառանգորդն է եւ ստանձնում է հայ դատի հետեւողական հետապնդումը՝ հասնելով նրան, որ Թուրքիայի ու Ադրբեջանի (նաեւ վերջին տասնամյակների՝ Բաքու, Մարաղա եւ այլն) կողմից հայ ազգի դեմ ցեղասպանություն իրականացրած եւ մինչ օրս անպատիժ մնացած հարցը դատապարտվի Հաագայի միջազգային դատարանում՝ դրանից բխող բարոյական, իրավական ու տարածքային բոլոր հետեւանքներով»:

Հաշվի առնելով, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել միայն ազգովի, այն էլ միասնական ու միակամ լինելով, անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ առաջարկել, որ ՀՀ-ում ստեղծվի հայապահպանության նախարարություն, քանզի արդեն ստեղծված սփյուռքի նախարարությունն իր իրավունքներով ի վիճակի չէ զբաղվել հայ դատի համապարփակ հարցերով ու հայապահպանությամբ եւ նման է հայության մի հատվածի հարցերով զբաղվող առանձնացված ստորաբաժանման…

Ժամանակն է հայապահպանությունն ու հայագիտությունը ռազմավարականացնելու:

Պետք է ստեղծել բազմոլորտ հայապահպանության նախարարություն: Սա թույլ կտա ոչ միայն հաջողության հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում, այլեւ կկանխի Արցախի ու Ջավախքի հայությանը Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի հայության ճակատագրին արժանացնելու գործընթացը: Ցավալի է, բայց մենք շատ ուշ ենք նկատում «սպիտակ» ցեղասպանության աննկատ գործը, չնկատեցինք դա Նախիջեւանում, նույնը կրկնում ենք Ջավախքի դեպքում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը զուտ սահմանների բացում դիտարկելն ու առեւտրական կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել համարելն արդեն ծիծաղելի են հնչում, բայց, երբ պատկերացնում ենք դրանցից բխող չարաբաստիկ հետեւանքները, ապա այդ պատկերացումները սահմռկեցուցիչ են դառնում՝ նոր կորուստների հեռանկարներով, որոնք կարող են նաեւ անդառնալի լինել:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։