Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյա ընթացքը – 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը – Նրանք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են – Նրանք սատարել են մեր իրավունքի միջազգայնացմանը…

Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետեւյալ պետութւյունները՝  1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկանը (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստանը (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015):

Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշանավորվեց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերի հաղթարշավով, ինչը մի նոր փուլ բացեց հայկական հարցի, հայ դատի լուծման ճանապարհին: Այս ամենին հայությունը սպասեց շուրջ մեկ դար, սակայն «սառույցը տեղից շարժվեց»… Շատ կարեւոր էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հայտարարելը, ինչը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող միլիոնավոր հավատավորներին նաեւ կոչ էր հետեւելու իր օրինակին: Այս՝ համաշխարհային նշանակության ճանաչումը լրացուցիչ ուշադրության արժանացավ, երբ հայտարարվեց նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։

2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նոր բանաձեւեր են ընդունել Բոլիվիան, Չեխիան ու Ավստրիան, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հասավ 23-ի: Ըստ ամենայնի, այդ թիվը կավելանա ապրիլի 24-ին, քանի որ նման մտադրություն ունեն նաեւ Բուլղարիան եւ Գերմանիան: Կանցլեր Անգելա Մերկելի խոսսնակ Շտեֆան Զայբերտը ասել է, որ ուրբաթ օրը կառավարությունն աջակցելու է խորհրդարանում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ այն հայտարարելով որպես ցեղասպանության վկայություն: Ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ կարծում է՝ Անկարան ըմբռնումով կմոտենա այս հարցին, նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցին:

Հրեա հոգեբան, սոցիոլոգ եւ պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել Ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն, որը ղեկավարի Հայաստանը, նաեւ ցեղասպանություններից տուժած ժողովուրդների հանդեպ ոչ անտարբեր երկրների միություն: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաժողովի ժամանակ նա հանդես եկավ նման առաջարկով, ապա նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք՝ ցեղասպանագետներս, միավորենք մեր ջանքերը հետագա ցեղասպանությունները բացառելու ուղղությամբ: Եվ այս առաջարկը, որ ներկայացնում եմ, կարող է շատ լավ անդրադառնալ մեր ընդհանուր ցանկության իրագործման վրա»: Իսրայել Չարնին ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2 փաստաթղթերը, որոնցից մեկով դատապարտվում է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը, մյուսով՝ դեկտեմբերի 9-ը սահմանվում է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Ըստ նրա, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը բխում են իր առաջարկի տրամաբանությունից:

Դառնալով 2015-ի դեպքերին, նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը (ավելի քան 30 եվրոպական երկրների քաղաքական ուժերի միավորում է), Եվրանեսթ ԽՎ-ն եւ Եվրախորհրդարանը եւս ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Սոցինտերնը եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Socialist International-ը ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է եւ համախմբում է բոլոր մայրցամաքների ավելի քան 140 երկրների շուրջ 170 քաղաքական կազմակերպությունների։  

Եվրոպական 28 երկրներ նշեցին եւս, որ ԵԽ-ն ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձեւում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի, որ դատապարտում է դրա ժխտումը։ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության 1,5 մլն. հայ նահատակների հիշատակին, միացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպական խորհրդին հետեւել իր օրինակին։ Եվ ապրիլի 23-ին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն։ Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից։

Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը եւ մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն: Բանաձեւը կարեւոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ Այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը եւս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը եւ համամարդկային արժեքներին:

Այսօր աշխարհի արդեն 23 երկիր 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն: Այդ երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ եւ գիտական լայն շրջանակներ 1915թ. իրադարձությունները որակում են որպես իրականում տեղի ունեցած, ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն՝ ցեղասպանություն: Բացի այդ՝ Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եւ մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում ընդունած որոշումների համաձայն՝ ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: «Թեեւ ոչ բոլոր պետություններն են ընդունել ցեղասպանության իսկությունը, սակայն, չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները, անդրադառնալով 1915թ. դեպքերին, այն որակում են որպես Հայոց ցեղասպանություն»,- գրել է «ntvmsnbc» թուրքական կայքը:

Նրանք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչեւ պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները:

Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002 եւ 2005թթ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են.

ՌուսաստանիԴաշնության Պետդուման 1995թ. ապրիլի 14-ին՝ 1915-1922թթ. Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982թ. երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915թ. Ցեղասպանության փաստը:

Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին՝ 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել:

Կանադայի խորհրդարանը 1996թ. ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Իսկ արդեն 2004թ. Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:

Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2000թ. ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:

Լիբանանի Ազգային խորհուրդը 1997թ. ապրիլի 3-ին բանաձեւ է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձեւը կոչ է անում Լիբանանի ժողովրդին՝ ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը:

Հարավային Ավստրալիայի Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997թ. ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009թ. մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւ է ընդունել:

Բելգիայի Սենատը 1988թ. 1915թ. Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել ու դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը՝ Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Եվ պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչեւ 1 տարվա ազատազրկում։

Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988թ. մայիսի 29-ին 1915թ. Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000թ. նոյեմբերի 7-ին բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձեւի տեքստը, փոխարինելով սկզբնական՝ «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»՝ «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915թ. Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001թ. հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Իսկ 2006թ. հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:

Արգենտինայի Սենատը 1988թ. ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:

Շվեդիայի խորհրդարանը 2000թ. մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում եւ ճանաչում է 1915թ. թուրքերի իրագործած ոճիրը, պաշտոնապես ճանաչել 2010թ.:

Մեծ Բիտանիայի կազմում գտնվող Ուելսի Ազգային ժողովը 2002թ. ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Շոտլանդիան նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004թ.:

Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004թ., հետագայում ընդունել նաեւ ժխտողականությունը քրեօրեն պատժելի օրենք:

Գերմանիայի Բունդեստագը 2005թ. առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915թ. ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձեւը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի ու հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրաարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:

Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձեւ ընդունել է 2005թ. դեկտեմբերին: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգմավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է եւ անհնար:

Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունել է 2005թ. հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ փաստաբան Ժանետ Մադրիսը:

Չիլիի Սենատը 2007թ. հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում՝ աջակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:

Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը եւ հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի ճանաչմանը: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված:

Բրազիլիայի ամենամեծ նահանգի՝ Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006թ. ապրիլի 24-ը «1915թ. ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 մլն հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:

ԱՄՆ-ի 50 նահանգից 44-ը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել է Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2000թ. հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է 596 բանաձեւը, որով ընդունում է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007թ. հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմ եւ 21 դեմ ձայնով ընդունել է բանաձեւը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009թ. մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրես հայերի Ցեղասպանությունը ճանաչող  252-րդ բանաձեւ է ներկայացվում: 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 2010թ. մարտի 4-ին:

Սակայն ԱՄՆ-ում մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ. հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության Միջազգային Դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդգրկված է Արդարադատության Միջազգային Դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»: Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ 2-րդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:

Երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության հետեւանքով սպանվեց (տարբեր հաշվարկներով)1,5-3,5 մլն հայ (1915-1923թթ. Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում), մնացած մասը տեղահանվեց, իսկ որոշն էլ՝ հիմնականում կանայք եւ մանկահասակ երեխաներ, բռնի մահմեդականացվեց: 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածն ու զանգվածային տեղահանությունը՝ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետեւյալ պետությունները՝ 1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկանը (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստան (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015):

Նրանք սատարել են մեր իրավունքի միջազգայնացմանը

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է՝ ԱՄՆ-ն 3 անգամ (1916թ., 1919թ., 1920թ.) ընդունել է նմանատիպ բանաձեւեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր հայոց կոտորածները։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, եւ 2005թթ., ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն, ինչը արդեն մոտեցրել է հանգուցալուծումը. որի առաջին կայծը տվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի համար մատուցած պատարագի ժամանակ:

Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր.- Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ – 11 մարտի, 2010թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը – 4 մարտի, 2010թ., ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը – 10 հոկտեմբերի, 2007թ., Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007թ., Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006թ., Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ., Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005թ., Եվրախորհրդարանի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005թ., Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը – 14 հուլիսի, 2005թ., Գերմանիա, Խորհրսդարանի որոշումը – 15 հունիսի, 2005թ., Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005թ., Լեհաստան, Խորհրդարանի որոշումը – 19 ապրիլի, 2005թ., Նիդեռլանդներ, Խորհրդարանի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004թ., Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը – 30 նոյեմբերի, 2004թ., Կանադա, Համայնքների պալատի որոշումը՝ 21 ապրիլի, 2004թ., Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004թ., Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004թ., Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004թ., Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը – 16 դեկտեմբերի, 2003թ., Արգենտինա, Սենատի որոշումը – 20 օգոստոսի, 2003թ., Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002թ., Եվրոխորհրդարանի որոշումը – 28 փետրվարի, 2002թ., Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին – 27 սեպտեմբերի, 2001թ., Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում – 26 սեպտեմբերի, 2001թ., Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001թ., Իտալիա, Պատգամավորների պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000թ., Եվրոխորհրդարանի որոշումը – 15 նոյեմբերի, 2000թ., Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000թ., Լիբանան, Խորհրդարանի որոշումը – 11 մայիսի, 2000թ., Շվեդիա, Խորհրդարանի զեկույցը – 29 մարտի, 2000թ., Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ – 28 մայիսի, 1998թ., Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998թ., Լիբանան, Պատգամավորների պալատի որոշումը – 3 ապրիլ, 1997թ., ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996թ., Հունաստան, Խորհրդարանի որոշումը – 25 ապրիլի, 1996թ., Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլի, 1996թ., Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995թ., Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի, 1995թ., Եվրոխորհրդարանի որոշումը – 18 հունիսի, 1987թ., ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 – 12 սեպտեմբերի, 1984թ., Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982թ., ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975թ., Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965թ., ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920թ., ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ – 6 օգոստոսի, 1919թ., ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916թ., Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր – 24 մայիսի, 1915թ.:

Կազմակերպություններ.- Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն – 9 ապրիլի, 2007թ., Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ – 24 ապրիլի, 2006թ., Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ., YMCA-ի Եվրոպական դաշինք – 20 հուլիսի, 2002թ., Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր – 24 ապրիլի, 2001թ., Մարդու իրավունքների լիգա – 16 մայիսի, 1998թ., Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր – 24 ապրիլի, 1998թ., Ցեղասպանագետների ասոցիացիա – 13 հունիսի, 1997թ., Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ – 24 ապրիլի, 1996թ., Ամերիկայի հրեական համայնքների միություն – 7 նոյեմբերի, 1989թ., ՄԱԿ-ի՝ փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով – 2 հուլիսի, 1985թ., Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում – 16 ապրիլի, 1984թ., Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ – 10 օգոստոսի, 1983թ., ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում – 9 դեկտեմբեր, 1948թ., ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց – 28, մայիսի, 1948թ.:

Նահանգային ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ.- ԱՄՆ նահանգներ – Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Դելավեր, Ֆլորիդա, Ջորջիա, Այդահո, Իլլինոյիս, Կանզաս, Կենտակի, Լուիզիանա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսսուրի, Նեբրասկա, Նեւադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Դակոտա, Օհայո, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հրվ. Կարոլինա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, Վաշինգտոն, Վիսկոնսին: Ավստրալիա - Նոր Հարավային Ուելսի նահանգ: Արգենտինա - Կորդոբայի նահանգ, Բուենոս Այրեսի նահանգ: Կանադա – Բրիտանական Կոլումբիա, Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը), Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը): Շվեյցարիա - Ժնևյան կանտոն, Վոդ կանտոն: Մեծ Բրիտանիա – Ուելս, Շոտլանդիա: Իտալիա – Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ, Ուդինեի քաղաքային խորհուրդ, Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ, Սալգարեդայի քաղաքային խորհուրդ, Բելլունոյի քաղաքային խորհուրդ, Հռոմի քաղաքային խորհուրդ, Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ, Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ, Ջենովայի քաղաքային խորհուրդ, Թիենեի քաղաքային խորհուրդ, Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ, Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ, Ռավեննայի քաղաքային խորհուրդ, Ֆելտրեի քաղաքային խորհուրդ, Վենետիկի քաղաքային խորհուրդ, Իմոլայի քաղաքային խորհուրդ, Ֆաենցայի քաղաքային խորհուրդ, Պարմայի քաղաքային խորհուրդ, Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ, Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ, Միլանի քաղաքային խորհուրդ, Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ, Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ, Լուջոյի քաղաքային խորհուրդ, Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ, Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ, Ասիաոյի քաղաքային խորհուրդ, Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային, Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային, Պադովայի քաղաքային խորհուրդ, Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ, Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ, Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ, Ռոսսիի քաղաքային խորհուրդ, Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ, Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ, Տոսկանայի նահանգային խորհուրդ: Իսպանիա -  Նավառայի խորհրդարանի բանաձեւ, Կատալունիա խորհրդարանի բանաձեւ, Բասկերի երկիր խորհրդարանի բանաձեւ, Բալեարիկ կղզիներ խորհրդարանի բանաձեւ, Միսլատա խորհրդարանի բանաձեւ, Բուրխասոտ խորհրդարանի բանաձեւ, Բետերա խորհրդարանի բանաձեւ, Պինտո խորհրդարանի բանաձեւ, Չիրիվեյա խորհրդարանի բանաձեւ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով ու բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Սկսած 1915թ. տարբեր պետություններ ընդունել են բանաձեւեր, որոնցում քննադատել են բնիկ հայ ժողովրդի դեմ արված ցեղասպանությունը: Եվ ժամանակն է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտման հետ միասնաբար առաջ քաշել Հայոց պահանջատիրության հարցը, որը հենված է ինչպես հայության, այնպես էլ մարդկության պատմական անցյալի եւ հայի՝ բնիկության միջազգային իրավունքի վրա:

Արամ  Ավետյան եւ Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։