Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է -Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից (ովքեր իրենց բիզնեսն են առաջ մղում) այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում…

Ցորենի ալյուրի հարստացման թեման, հաշվի առնելով դրա կարեւորությունը, մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում՝ տալով հարստացմանը կողմ եւ դեմ շրջանակների տեսակետները: Վերջերս առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել՝ նշելով, թե ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է:

Հաղորդագրությունը տպագրում ենք որոշակի կրճատումներով:

«Ազգաբնակչության առողջության համար կարեւոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում աղավաղվում են առկա փաստերը, բանավեճերի եւ քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետները ներկայացվում են համատեքստից կտրված, ինչը հանրության շրջանում խեղաթյուրված կարծիք է ձեւավորում: Խնդիրն այն է, որ բժշկական մասնագիտություն չունեցող հասարակական որոշ գործիչներ ծրագիրը համարում են բնակչության առողջության համար վտանգավոր, ինչը գուցե թե խնդրին լիովին տեղյակ չլինելու հետեւանք է: Սակայն չհիմնավորված այս դիրքորոշումը հանրությանը կարող է ապակողմնորոշել:

Նախ պարզաբանենք, որ ամբողջ աշխարհում ցանկացած սննդամթերքի, այդ թվում՝ ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող միկրոսննդատարրերն անփոխարինելի եւ կենսականորեն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր են, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել (բացառությամբ՝ PP եւ D վիտամինների) եւ պետք է ստանա սննդի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ՀՀ-ում որեւէ սննդատեսակի հարստացման նպատակն է կրճատել որոշ միկրոսննդատարրերի անբավարարության տարածվածությունը (այն, ի դեպ, խոցում է աշխարհի բնակչության 1/3-ին) եւ կանխարգելել դրանցով պայմանավորված հիվանդությունները, բարելավել բնակչության առողջությունը…

Սահմռկեցուցիչ հայտարարություններ են արվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում: 

Ֆոլաթթվի եւ քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական եւ համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի եւ քաղցկեղի միջեւ, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների եւ/կամ հարստացված սննդամթերքի ձեւով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլաթթվի օգտագործման եւ քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։  

Ավելին՝ միկրոսննդատարրերով սննդամթերքի հարստացման ԱՀԿ ուղեցույցում առաջարկվում են օպտիմալ չափաբաժիններ, որոնք հենվում են պարբերաբար իրականացվող հետազոտությունների ապացուցողական արդյունքների եւ համարժեք գիտական խորհրդատվության վրա (GRADE մեթոդ): Թույլատրելի վերին մակարդակներ սահմանված են բոլոր վիտամինների եւ միկրոտարրերի համար (ԱՀԿ, ԱՄՆ Սննդի եւ սնուցման կոմիտե, ԵՄ Սննդի գիտահետազոտական կոմիտե): Այդ մակարդակները զգալիորեն գերազանցող քանակների վերաբերյալ առանձին հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքները կարող են շփոթեցնել ոչ մասնագետներին: Սակայն, դրանք չեն կարող նսեմացնել սննդամթերքի հարստացման ճանապարհով սննդակարգերի բարելավման կարեւորությունը, քանզի որեւէ գիտական հետազոտություն չի ապացուցում ֆոլաթթվի՝ մարդու ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխանող օպտիմալ քանակների վնասակարությունը, այդ թվում՝ քաղցկեղի առաջացման հնարավորությունը…

Ներկայացնենք ուշագրավ եւս մեկ դիտարկում։ Բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 80%-ը («Monitoring and Evaluation in Flour Fortification Programs: Design and Implementation Considerations.» Nutrition Reviews. 2008 vol: 66, iss: 3 http://nutritionreviews. oxfordjournals.org/content/66/3/148#sec-20): Մինչդեռ որոշ բանախոսներ, այդ թվում` ծրագրի ընդգծված հակառակորդներ, առաջարկում են հարստացնել ցորենի ալյուրի ոչ թե 80, այլ` 50%-ը։ Սակայն, այս պարագայում տրամաբանական, պարզ մի հարց է ծագում. եթե նրանք իսկապես գտնում են, որ ծրագիրը վտանգավոր է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում վտանգել 50%-ի առողջությունը։

Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում։ Եվ մարդիկ, ովքեր խոսում են սրա մասին, առիթը բաց չեն թողնում իրենց բիզնեսն առաջ մղելու համար։ Դեմ խոսելով ալյուրի հարստացման ծրագրին՝ միաժամանակ գովազդում են իրենց կողմից արտադրվող «Սելիմյան հացը»։ Մինչդեռ ակնհայտ է, որ այն չի կարող լուծել միկրոսննդատարրերով բնակչության ապահովման խնդիրը։ 

Հայաստանն առաջին երկիրը չէ, որ նախատեսում է հանրային առողջապահական այս խնդիրը լուծել ալյուրի պարտադիր հարստացման ճանապարհով։ Ցորենի ալյուրի հարստացում առաջին անգամ կատարվել է դեռեւս 1943թ. ԱՄՆ-ում, ապա 1949-ին՝ Միացյալ Թագավորությունում ու Կանադայում (առ այսօր)։ Ալյուրի եւ այլ սննդատեսակների տարբեր միկրոսննդատարրերով հարստացում իրականացվել է նաեւ Խորհրդային Միությունում: Ներկայումս 82 երկիր ունի արդյունաբերական եղանակով աղացվող առնվազն մեկ տեսակի հացահատիկի որոշ վիտամիններով եւ միկրոսննդատարրերով հարստացման օրենսդրություն։ Այն երկրներում, ուր հացն ու հացամթերքը համեմատաբար քիչ է օգտագործվում, զուգահեռաբար հարստացվում են նաեւ այլ սննդատեսակներ՝ կաթը, հյութերը, առավոտյան նախաճաշի փաթիլները եւ այլն։ Ավստրիայում այսօր հարստացվում է 470 տարբեր սննդատեսակ, որից 43-ը՝ վիտամին C-ով ու B6-ով, Գերմանիայում՝ 288 սննդատեսակ, որից 20-ը՝ ֆոլաթթվով, եւս 20-ը՝ երկաթով։ Իռանդիայում վիտամին D-ով ու B12-ով հարստացվում է օրվա սննդաբաժնի 5-12%-ը։

Ասենք, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներից շատերը միաժամանակ կիրառում են վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման ավելի ծախսատար մեթոդներ (հաբերի, փոշիների եւ համեմատաբար թանկարժեք դեղապատիճների լայն օգտագործում)։ Դրան զուգահեռ կիրառում են նաեւ կամավոր հարստացման բիզնես ծրագրեր։ Այդ երկրներում բնակչությունն ապահովված է համեմատաբար բարձր եկամուտներով եւ մսամթերքով հարուստ բազմազան սննդով։ Եվ վերջապես՝ նրանց մոտ առավել փոքր է հանրային առողջապահական այս խնդիրը եւ անհամեմատ բարձր՝ անձնական պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հղիության ընթացքում բժշկի կողմից նշանակված երկաթի հաբերը 90 օր անընդմեջ ընդունած կանանց թիվը չի գերազանցում 2%-ը։

Ցավալի է, որ հանրությանը կարեւոր այս ծրագրի դեմ տրամադրելու համար չհիմնավորված փաստեր են բերվում, թե իբր այս կամ այն երկրում քաղցկեղի աճը պայմանավորված է այս ու այն սնունդը պրեմիքսներով հարստացնելով։ Չարորակ նորագոյացությունների ու ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդությունների աճ այսօր արձանագրվում է ամբողջ աշխարհում։ Եվ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի իրականացումով։

Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ներդրման անհրաժեշտությունն առաջացել է 2000, 2005 եւ 2010 թթ. ժողովրդագրական հետազոտությունների արդյունքում։ Ստացված ցուցանիշներն առավել քան խոսուն են։ 2000-ին մեր երկրի նախադպրոցական տարիքի երեխաների մոտ անեմիաները կազմել են 24%, իսկ վերարտադրողական տարիքի կանանց մոտ՝ 12%: 2005թ. գրանցվել է այդ ցուցանիշների 1,5 եւ 2 անգամ աճ (24-ից մինչեւ 37% եւ 12-ից մինչեւ 25%): 2010-ին թեեւ անեմիայի հետազոտություններ չեն կատարվել, սակայն երեխաների քաշի ու հասակի չափումները ցույց են տվել, որ ոչինչ չի փոխվել։ Փաստորեն, մեր երկրում ռիսկերի առկայությունն ապացուցվում է ինչպես միկրոտարրերի սպառման ցածր մակարդակով, այնպես էլ՝ կլինիկա-բիոքիմիական ցուցանիշներով:

Տեղեկացնենք, որ ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը նպատակահարմար գտանք ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2015թ. վերջին։ Դա պայմանավորված է ՀՀ ԱԺ ներկայացվելիք «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ։ Այս օրենքի կիրարկումով հանրային առողջապահական ծրագրերն օրենքի ուժ կստանան։ Միաժամանակ 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների հերթական տարին է։

Առողջապահության նախարարությունն առավել քան վստահ է, որ ինչպես առ այսօր իրականացված ու շարունակվող հանրային առողջապահական ծրագրերը, սա եւս հաջողությամբ ծառայելու է մեր բնակչության առողջության պահպանմանը»։

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։