Հայաստանը տնտեսական հրաշքի կարիք ունի – տնտեսապես չզարգանալու դեպքում ռազմա-քաղաքական հաջողությունները եւս կնահանջեն… Ոռոգման ջուրը՝ անհատույց, բայց միայն մայիսին… Կամ՝ ճաղերի հետեւում, կամ՝ պրոբացիայի տակ…

Երբ միջազգային ասպարեզում քաղաքական հաջողություններ են արձանագրվում, եւ հայոց պահանջատիրության հարցը ամենաբարձր հարթակներից է արդեն հնչում, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունները նոր աշխարհակարգի եւ պետությունների վերաձեւման են հանգեցնում, անչափ կարեւոր է տնտեսապես կայուն լինել եւ ռիթմիկ զարգացում ապահովել:

Միջազգային տարբեր կազմակերպություններ իրականացնում են սոցիոլոգիական հարցումներ, կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բնութագրվում են պետությունների հաջողությունները, տնտեսական առաջընթացը, բարեկեցության աստիճանը եւ այլ չափորոշիչների միջոցով վարկանիշավորվում է տվյալ պետությունը: Անկախացումից հետո մեր շփումները հնարավորություն են տալիս տարբեր ձեւաչափերում կազմակերպվող միջոցառումներում փաստացի տեսնել այլ երկրների հաջողությունները եւ տնտեսական առաջընթացը:

Բնականաբար, մեր երկրում եւս որոշ առաջընթաց է գրանցվում, բայց շատ դանդաղ, ինչը ստիպում է իշխանություններին՝ թերեւս ավելի վառ գույներով ներկայացնել մեր երկրի առաջընթացը: Իհարկե, ոչինչ չի փոխվի մեր կյանքում, եթե ասենք՝ Հայաստանը վերոնշյալ չափորոշիչների համաձայն 115-րդից տեղափոխվում է 111-րդ տեղ, միեւնույնն է սա որեւէ գունագեղ փաստարկումից հետո անգամ չի կարող նկատելիորեն ազդել մեր կենցաղի, կեցակարգի եւ բարգավաճման վրա:

Ըստ մի շարք վերլուծաբանների, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի հապշտապ ԵՏՄ մտնելը մեկնաբանվում է իբրեւ քաղաքական պարտադրված քայլ: Սակայն մեր պետության ներքին կյանքում սոցիալական խորը բեւեռացումը, տնտեսական ոչ այնքան հաջող ընթացքը, ֆինանսական անկայունությունը եւ որոշակիորեն բացահայտված օֆշորը նկատել են տալիս, որ այլընտրանք փնտրելու ժամանակ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել խորը տնտեսական համագործակցության պարագայում Հայաստանն իր ոչ մեծ տնտեսական հաջողություններով աշխարհամասի շուրջ 50 երկրների շարքում կարող էր լինել ասենք՝ 45-րդը, իսկ ԵՄ-ի հետ համեմատվելու դեպքում՝ շուրջ 30 երկրների մեջ կհանգրվաներ թերեւս 25-30-րդ տեղերում:

Սա բարդ եւ գրեթե անհուսալի, անվստահելի իրավիճակներ կառաջացներ, եթե մեր երկիրը բազմակողմանի քայլերի չդիմեր, այսինքն՝ տնտեսական ձեռնարկումները չվերածեր քաղաքա-տնտեսականի: Եվ այս ամենը հաշվի առնելով նաեւ մեր իշխանությունները նախընտրեցին բաց չթողնել ԵՏՄ-ի շարքերում լինելու հանգամանքը…

Իհարկե ԵՄ-ԵՏՄ համագործակցության ոլորտում Հայաստանը տարածաշրջանում հուսալի գործընկեր է երկու կողմի համար էլ, հատկապես քաղաքա-տնտեսական առումով, ինչը թերեւս կօժանդակի մեր երկրին՝ ֆինանսա-տնտեսական աջակցություն ստանալու գործում: Բայց պիտի հիշել, որ տնտեսապես չզարգանալու դեպքում քաղաքական հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ կնահանջեն, իսկ տնտեսական առումով շահեկան չի համարվի ԵՄ-ԵՏՄ-ի միջնորդի կարգավիճակը: Եվ կողմերը կփնտրեն այլ երկրներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը միշտ փորձելու են գրավել Հայաստանի տեղը…  

Օրերս «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը» Աստանայում կազմակերպել էր սեմինար «Զբաղվածության հարցերը եւ իրավիճակի գնահատումը» թեմայով, որին մասնակցում էին ոչ միայն միջազգային փորձագետներ Ժնեւից ու Բրյուսելից, այլեւ նախկին Խորհրդային միության 11 հանրապետությունների ներկայացուցիչներ:

Կրկին փաստենք, որ Հայաստանը շատ մեծ անելիքներ ունի, եւ համահայկական քաղաքական համերաշխությունը, որ ձեւավորվեց այս օրերին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, պիտի շտապ ուղղել տնտեսական ոլորտ՝ պետականորեն խթանելով հայության ներդրումները եւ տնտեսական գործունեությունը Հայաստանում:

Մեր իշխանությունները պիտի իսկապես ազգային, եթե չասվի՝ ազգայնական գիծ տանեն՝ Հայաստանի եւ հայության համապարփակ շահերը հայրենիքում եւ սփյուռքում պաշտպանելու համար:

Տնտեսական առաջընթացը պիտի միայն թվաբանական-թղթաբանական երեւույթ չլինի, այն պիտի էապես ազդի մարդկանց կենցաղի բարելավմանը, ավելի լավ է հայտարարվի տնտեսական փոքր աճի մասին, բայց այն լինի տեսանելի, քան հակառակը, որն ավելի է հուսահատեցնում:

Գուցե սա է պատճառը, որ դեռ շաբաթներ առաջ խոսք կար, թե ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, որ հնարավոր է նոր քաղաքական կոալիցիայի ձեւավորում: Այսօր խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսյալ նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետերով:

Բոլորն էլ փորձում են ճշտել «վերեւների» տրամադրությունները՝ արդյո՞ք հիշում են իրենց գոյության եւ ծառայությունների մասին, թե՞ մոռացել են եւ՝ հիշեցնել է պետք…

Եթե այսպե՛ս պիտի լինեն փոփոխությունները (ներկա-նախկին ախպերության մակարդակում), ապա Հայաստանի տնտեսական ցանկալի զարգացումը արագորեն հեքիաթի կվերածվի, ինչն էլ, ցավոք, կազդի նաեւ քաղաքական առկա հաջողությունների վրա, որը փորձում է զարգացում ապրել միջազգային ասպարեզում:

Նարե Մշեցյան

Ոռոգման ջուրը՝ անհատույց, բայց միայն մայիսին

Կառավարությունը երեկվա նիստում, նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին, թույլատրեց «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ընկերություններին, որպեսզի վերջիններս մինչեւ 2015թ. մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարեն առանց հասույթ ձեւավորելու: Ջրօգտագործողների ընկերություններն էլ մինչեւ 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մայիսին կտան անհատույց:

Տեղեկացնենք, որ 2009-2012թթ. գարնան վարարումների ջրերը աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով մատակարարվել են անվճար: 2013-2014թթ. սակավաջրությամբ պայմանավորված՝ ոռոգման ջրի անհատույց մատարակարարման որոշումներ չեն կայացվել: Այս տարի, ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության, գետերի ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաեւ գարնանային ինտենսիվ տեղումների եւ վարարումների հավանականություն: Ներկայումս, ճիշտ է, դեռ չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն  որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել եւ աղակալած հողերը լվանալ: Այս նպատակով էլ կայացվեց կառավարության երեկվա որոշումը: Այն հնարավորություն կտա մայիսին 80 հազ. հա հողատարածություններին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Կամ՝ ճաղերի հետեւում, կամ՝ պրոբացիայի տակ

Մեր երկրում այսուհետ պատժի կրման նոր ձեւ կկիրառվի՝ պրոբացիա, կամ՝ փորձաշրջան, փորձություն: Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը:

Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, վերականգնողական արդարադատության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատժի նպատակներին կարելի է հասնել հանցագործությունների հետ կապված խնդիրները լուծելու եւ տուժողին պատճառված վնասը վերականգնելու միջոցով, այլ ոչ թե զուտ պատժողական մոտեցումներ ցուցաբերելով: Վերականգնողական արդարադատության դեպքում հաշվի են առնվում տուժողի եւ հանցագործություն կատարած անձի կարիքները: Վերականգնողական արդարադատության մոտեցման համաձայն՝ հանցագործությունը եւ իրավախախտումը կատարվում է անձի, համայնքի նկատմամբ, այնուհետեւ՝ օրենքի: Մինչդեռ քրեական արդարադատության պատժիչ ուղղվածությունը ուղղակիորեն բնորոշում է հանցագործությունը որպես պետության օրենքների խախտում, այլ ոչ որպես անձանց եւ իրենց հարաբերություններին ուղղված վնաս: «Այնպես որ,-ասաց արդարադատության նախարարը, – ելնելով վերականգնողական արդարադատության սկզբունքներից՝ արդարադատության  ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման եւ վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։