Թուրքիան հակադրվու՞մ է գերտերություններին – Իսկ Եղեռն ձեւակերպումը կարող է լինել միայն հայերի ցեղասպանությանը բնորոշող անուն, ինչպես Հոլոքոսթն է բնորոշում հրեական ողջակիզումը…

Անկարան շատ դժգոհ է մնացել համաշխարհային 2 բեւեռները ներկայացնող գերտերությունների առաջնորդներից: Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չայցելեց Հայաստան եւ անգամ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց իր ապրիլքսանչորսյան ելույթում, միեւնույնն է՝ նրանից էլ են դժգոհ: «ԱՄՆ նախագահի՝ «1915թ. դեպքերի» վերաբերյալ հայտարարությունը, որում նա խուսափեց «ցեղասպանություն» բառը կիրառելուց, խնդրահարույց է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Ըստ նախարարության՝ այդ ելույթը միակողմանի էր, փաստերից կտրված եւ՝ հայկական տեսանկյունից էր անգամ Եղեռն բառի օգտագործումը: Բարաք Օմաբայի նկատառումները հեռու էին Թուրքիայի ու Հայաստանի պատմության ցավալի հատվածները արդար հիշողության հիման վրա գնահատելուց:

Հիշենցնենք, որ ԱՄՆ նախագահը իր ուղերձում կրկին ասել է «Մեծ եղեռն», սակայն այս անգամ հիշատակել է 1915թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուին, ով իր զեկույցներում ներկայացրել էր թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ, ինչպես նաեւ «ցեղասպանություն» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Անցյալ տարի հենց Եղեռն բառի համար մի տեսակետ առաջ քաշվեց, որ այն կարող է լինել միայն հայերի ցեղասպանությանը բնորոշող անուն, ինչպես Հոլոքոսթն է բնորոշում հրեական ողջակիզումը:  

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Հատկապես այն, որ Ռուսաստանի նախագահը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն է անվանել: «Չնայած մեր բոլոր զգուշացումներին եւ կոչերին, նախագահ Պուտինը 1915թ. իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում եւ դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են եւ իրավական ուժ չունեն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահն ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, իսկ մինչ այդ, ապրիլի 22-ին, նա «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասել էր, թե 1915թ. ապրիլի 24-ը տխուր ամսաթիվ է, «որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ»:

«Մենք գիտենք, որ 1995թ. ի վեր Դուման սովորություն ունի 10 տարին մեկ անգամ քաղաքական հայտարարություն անել, որն աջակցում է Հայաստանի միակողմանի շահերին: Դուման չխախտեց այդ ավանդույթը եւ 2015թ. ապրիլի 24-ին կրկին արեց համապատասխան հայտարարություն: Մենք այն եւս դատապարտում ենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ով Վլադիմիր Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ին Երեւանում կազմակերպված միջոցառումներին գնահատել է որպես Հայաստանի քարոզարշավի մի մաս…

Մինչեւ ԱՄՆ նախագահի ուղերձի սփռումը՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել էր Բարաք Օբամային, սակայն ուղերձի հրապարակումից հետո որեւէ հանդիպում չի եղել: Ռուսաստանի նախագահի հետ եւս հանդիպում չի եղել թուրքական կողմից, բայց նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, թե Վլադիմիր Պուտինը ծանոթ է Թուրքիայի նախագահի քննադատությանը իր հասցեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար։ Արդյո՞ք ռուսական կողմի ցեղասպանության մասին հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա. հարցին նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ  արդեն առիթ ունեցել է նշելու, որ՝ «մեր բազմաշերտ հարաբերությոնների հետագա զարգացումը, բնականաբար, մեզ համար առաջնահերթություն է հանդիսանում, հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակեն զարգանալ այն արագընթաց տեմպերով, որ մինչ օրս զարգացել են, քանի որ ունենք գործող բազում համատեղ նախագծեր, այդ իմաստով կան զբաղվելու բավականաչափ գործեր»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Վլադիմիր Պուտինին՝ 1915թ-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության համար եւ մասնավորապես, ցավ էր հայտնել, որ նա ցեղասպանություն եզրույթն է օգտագործել եւ այդ առնչությամբ ռուսական կողմին հիշեցրել էր Ուկրաինայում ու Ղրիմում տիրող վիճակի մասին։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։