Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն իսկապես բարձր մակարդակով կազմակերպվեց, համադրված՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայության դրսեւորումների եւ միասնականության առումով, նաեւ գոհացուցիչ էր հյուրերի ընդունելության մակարդակը եւ միջազգային արձագանքների համակարգումը: Անչափ կարեւոր է այս ամենը պահպանելը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համապատկերում Հայոց պահանջատիրության միջազգայնացման գործընթացի ամրագրումը: Վերջինիս առումով կան տարաձայնություններ, հիմնականում ձեւակերպումների հետ կապված, բայց այն, ինչ սկսել է Կիլիկիո թեմի Արամ Ա կաթողիկոսը՝ Սիսի եկեղեցապատկան հողերի պատկանելության հարցի բարձրացումը միջազգային ասպարեզում, արդեն քայլ է: Այսինքն՝ քայլն արված է, չնայած ոմանք այստեղ չեն տեսնում հողային պահանջատիրություն, բայց, կարծում ենք, այդպես չէ, դեռ կլինեն բացահայտումներ, դեռ կլինեն դրան նպաստող միջազգային դատավարություններ: Իհարկե, Անկարան սա լավ է հասկանում եւ փորձում է իր հասարակական կառույցների միջոցով դատավարություններ նախաձեռնել եւ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը:

Բայց ինչպես Reuters գործակալությունն էր նշել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ «100-ամյա ողբերգության ուրվականը հետապնդում է թուրքերին…»: Իսկ անդրադարձը վերաբերում էր «Թուրքիան եւ հայկական ուրվականը. Ցեղասպանության հետքերով» գրքին, որի հեղինակներն են Լաուրա Մերչանդն ու Գիյոմ Պերյեն: Գրքում անդրադարձ կա 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետեւանքներին եւ նշված է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական տարածքներում հայերի զանգվածային կոտորածների պատճառած վերքերը 1 դար անց դեռ չեն բուժվել:  

«Թուրքիայում 1915թ-ը չի մնացել անցյալում, այն ներկայի խնդիր է, քանի որ պատմությունը այս հարցում չի ամբողջացել: Հայկական հարցը, ինչպես ուրվական, թափառում է երկրով մեկ»,- նշում է գրքի հեղինակներից Պերյեն: Իսկ Լաուրա Մերչանդի կարծիքով՝ «Թուրքիայի անկարողությունը սեփական անցյալի հետ առերեսվելու հարցում այսօր էլ ունի իր հետեւանքները, լինի դա դիվանագիտության մեջ, թե սեփական երկրում փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Թուրք հասարակությունը ստիպված է իր ուսերին տանել այս մեծ գաղտնիքը իր պետության ստեղծման առաջին իսկ օրից: Անցյալի հետ առերեսվելը Թուրքիայի ժողովրդավարացման գլխավոր բանալին է»:

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ թուրքական դիրքորոշումը, ըստ հեղինակների, ապացուցում է, որ թուրքական հանրապետությունը կառուցվել է ցեղասպանության վրա, նրա տնտեսությունը հիմնվել է հափշտակված սեփականության վրա… եւ այսօր Թուրքիան բավականաչափ հարուստ ու ինքնաբավ երկիր է, որպեսզի կարողանա առերեսվել անխուսափելի փոփոխությունների հետ: Անդրադառնալով գրքի վերնագրում նշված «ուրվականներին»՝ հեղինակները նշում են, որ դրանք ժամանակակից Թուրքիայում ապրող իսլամացած հայերն են, ցեղասպանության զոհերի հետնորդները, որոնք հարկադրաբար մահմեդականացվել են (նաեւ ազգափոխվել)՝ պահպանելով սեփական կյանքը:

Այսօր նրանցից շատերը, որոնց ծպտյալ հայեր են ասում, բացահայտում են իրենց ինքնությունը եւ ինչպես նշվել է «Լուսանցք»-ում՝ նրանց թիվը հնարավոր է 3,5-ից մինչեւ 8-9 միլիոնի հասնի: Չնայած բացահայտումները կարեւոր են պահանջատիրության առումով, բայց մեծ վտանգ կա, որ ազգայնամոլ թուրքական կառավարությունն Էրդողանի գլխավորությամբ կարող է նոր սադրանքների դիմել: Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր կոդավորված են 3 ազգեր, որոնց մասին գաղտնի տվյալներ են հավաքվում: Հայերի, հույների ու հրեաների մասին է խոսքը:

«Թուրքիայի տարածքում նաեւ մեր ժառանգությունն է մնում վտանգված»,- հայտարարում է պաշտոնական Երեւանը՝ ներկայացնելով բազում փաստեր: 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմը որոշ քայլեր էր նախաձեռնել՝ փորձելով իբր պահպանել իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը: Բայց ինչպես հայտնել են մշակույթի նախարարությունից, այդ քայլերը «թույլիկ» նախաձեռնություններ էին եւ ոչ շարունակական: Նախաձեռնել են օրինակ՝ վերականգնել Անին, այն ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար, իջազգային կառույցների միջոցով փորձեցին ներգրավել նաեւ հայ մասնագետների: Առանձնակի հույսեր չեն կապվում այդ գործընթացների հետ, գուցե մեկ-երկու, եզակի դեպքեր իրապես լինեն, բայց ընդհանուր առմամբ հայկական ժառանգությունը շարունակում է մնալ վտանգված ներկայիս Թուրքիայի հայապատկան տարածքներում:

Մարդկային կյանքերի ցավալի կորուստներից խուսափելու հետ միասին մենք միշտ մշակութապահպան խնդիրն էլ ենք փորձել լուծել, քանզի մեր հայրենիքը զավթած քոչվոր բարբարոսները ոչնչացրել են հայ մշակույթը, որպեսզի հայության հետքերի մասին խոսք չլինի. «Ժամանակի հետ դա ձեռք է բերում աղետալի չափեր: Բոլոր միջազգային հարթակներում մենք առանձնակի ենք խոսում մշակութային ցեղասպանության մասին: Ոչ միայն խոսում ենք, այլեւ ցուցադրական նյութեր ենք ներկայացնում, դասախոսություններով հանդես գալիս: Մենք շատ ճանապարհ ունենք անցնելու՝ փորձելու ինչ-որ ձեւով պահպանել այդ ժառանգությունը»,- հայտնել են մշակույթի նախարարությունից:

Իսկ Թուրքիան շարունակում է հսկայական գումարներ ծախսել, որ այս կամ այն երկիրը, հատկապես ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն չընդունի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան միլիարդավոր գումարներ է տալիս, որ Ցեղասպանության հարցը փակեն: Բայց ինչքան դոլար էլ որ տա՝ հայության եւ հային սատարողների ձայնն ավելի ուժեղ է հնչում: Անգամ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չարտասանելով «Ցեղասպանություն» բառը, կրկին խոսեց «Հայոց Մեծ Եղեռնի» մասին: «Մենք մեր ընդունած օրենքներով արդեն իսկ հայերի հետ ենք՝ հիմա եւ միշտ… Իբրեւ ամերիկացի՝ մենք ձեզ հետ ենք եւ ներկայացնում ենք այն բարոյական բարձր որակը, որ պետք է հենց ամերիկյան կառավարությունը ներկայացներ: Ամերիկացիները զորավիգ են կանգնում Ցեղասպանության ընդունմանը, եւ մեր կառավարությունը պետք է նույնը անի»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Սա հասկանում են նաեւ Անկարայում եւ արդեն հուսահատ բղավում են, թե Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները՝ մասնավորապես ռազմական, 1915թ. դեպքերի հետ կապված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սա ասել է նաեւ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման ժամանակ. «Ուզում եմ խոսքս հասցեագրել Եվրոպական միությանը: Նրանք մեզ խորհուրդ էին տալիս բացել մեր արխիվները: Ես միշտ էլ ասել եմ՝ մենք պատրաստ ենք բացել արխիվները: Մենք նաեւ պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները»: Նա նաեւ կոչ է արել Հայաստանին ու մնացած բոլոր երկրներին, որոնք ունեն 1915թ. դեպքերի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, նույնպես հասանելի դարձնել դրանք փորձագետներին ու վերլուծաբաններին: Այսպես Անկարան մի այլ հնարքով, նորից փորձում է հայոց ցեղասպանության հարցը դարձնել պատմաբանների քննարկումների առարկա եւ այդպես ձգձգել խնդիրը: Անկարան այսօր էլ է առաջարկում Երեւանին՝ համատեղ հանձնաժողով նախաձեռնել արխիվային քննարկումների համար:

Բայց այն փաստերը, որոնք արձանագրված են հենց ժամանակի ականատեսների կողմից, նաեւ օտարերկրյա դեսպանների, դիվանագետների ու ռազմական գործիչների, քննարկումների հարց չեն բարձրացնում այլեւս, մնացել է միայն փաստերը բարձրաձայնելը, ցեղասպանությունը ճանաչելն ու դատապարտելը եւ հայոց հայրենիքի վերադարձի ու ցեղասպանված միլիոնավոր հայերի տարաբնույթ փոխհատուցման հարցերը լուծելը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։