Գալիպոլիի հաղթանակի տոնական պարտությունը – Էրդողանի նպատակը ձախողված կարելի է համարել հիմնովին՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լսարանի համար… Հայերը նոր արշավ են սկսել՝ պահանջատիրական…

Աշխարհի առաջատար լրատվամիջոցների հավաստմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Գալիպոլիի միջոցառումը չկարողացավ ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Շուրջ 20 երկրի ղեկավար էր նշված Անկարայի կողմից հրավիրյալների առումով, սակայն եթե անգամ բոլորը ներկա լինեին միջոցառմանը, ապա այդ երկրների առաջնորդների ազդեցությունն այնքան մեծ չէր, որ կարողանար ստվերել Հայաստան այցելած 4 երկրների ղեկավարներին, թերեւս միայն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Պուտինի եւ Օլանդի ներկայությունն էր բավարար այդ անհամարժեքությունը գրանցելու համար:

Էրդողանի թվաբանական հաշվարկները ամենեւին էլ չեն վկայում այն մասին, որ Գալիպոլիի օրը ավելի նշանակալի իրադարձություն էր, քան Երեւանում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունները: Այդտեղ էլ եղել են ոչ թե ինչպես Էրդողանն է նշել 20, այլ 17 երկրների ղեկավարներ: Եվ միջազգային զլմ-ների կարծիքով, եթե թվերի պարզ համեմատությամբ թուրքական կողմին թվում է, թե իրենց դիվանագիտական հաղթանակն էր դա, ապա իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում:

Լրատվամիջոցները չեն զլացել եւ թվարկել են այն բոլոր երկրների խորհրդարաններին, որոնք բանաձեւերով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտեցին այն: Այնուհետեւ անդրադառնում են Հռոմի պապի վատիկանյան հայտնի ելույթին, Գերմանիայի նախագահի ելույթին, Եվրախորհրդարանի բանաձեւին ու գերմանական Բունդեսթագում մեկնարկած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի շուրջ քննարկումներին: Ապա նկատել են, որ «եթե այս ամենին էլ գումարենք բազմաթիվ այլ կառույցների ու գործիչների (առավելապես Արեւմտյան) կողմից «G» եզրույթի արտաբերումը եւ այն դիվանագիտական իրարանցումը, որ այս ամենը առաջացրեցին Թուրքիայի շուրջ, ապա արքայազն Չարլզի, ինչպես նաեւ Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Ջիբութիի կամ մյուս երկների ղեկավարների ներկայությունը բոլորովին անհամարժեք է այն մթնոլորտին եւ վերաբերմունքին, որը ստեղծվեց աշխարհի հզոր երկրների ղեկավարների ու խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը»:  

Ցայսօր շարունակվում է Գալիպոլիի արժեզրկումը: «Թուրքիայի լրատվամիջոցներն ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների եւ վարչապետների թիվը» գլխագրերը դեռ «ռմբահարում» են Գալիպոլին: Անգամ զավեշտալի մեկնաբանություններ հայտնվեցին, թե թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը եւ Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, բայց եվրոպական 2 երկրների առաջնորդները չէին կարող միաժամանակ լինել երկու տեղում… Նրանք զբաղված են եղել իրենց երկրների պետական գործերով, ավելին՝ Ռումինիայի վարչապետն այդ պահին Կրայովա քաղաքում ընդունել էր Բուլղարիայի եւ սերբիայի վարչապետներ Բոյկո Բորիսովին ու Ալեքսանդր Վուչիչին։

Մի խոսքով, այն հայերը, որ չսիրելով մեր իշխանություններին ուրախացել էին, թե Թուրքիան հյուրերի թվով «կրել» է Հայաստանին, նույնպես տխեցին: Երեւի… Քանզի ի վերջո արձանագրվեց, որ «Էրդողանի ապրիլքսանչորսյան՝ Գալիպոլիի 100 ամյակը թերեւս կրկեսի է վերածվել»:

Այս խոսքերին նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայում կայացած Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների արարողակարգային մասում անակնկալներ են եղել. քննադատության է արժանացել այն փաստը, որ ցուցադրական մասում՝ Առաջին աշխարհամարտին Անտանտի դաշնակիցների 4 ռազմանավ՝ բրիտանական, ֆրանսիական, ավստրալիական եւ նոր զելանդական, մոտեցել են Դարդանելի նեղուցին, ուր նրանց պիտի դիմավորեր առափնյա հրետանին՝ ողջույնի համազարկերով, բայց թնդանոթները լռել են: Փոխարենը ռազմանավերին դիմավորել է «Սավարոնան»՝ թուրքական կառավարությանը պատկանող շքեղ զբոսանավը… ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել նաեւ մեկ այլ դրվագ՝ 1 դար առաջ տեղի ունեցած ճակատամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը ցուցադրում էր թուրք զինվորներին մարտի ոգեշնչելու դրվագը: Եվ ասպասելիորեն հնչել է ներկայիս նախագահ Էրդողանի ձայնը, ով արտասանել է հայրենասիրական բանաստեղծություն… այն ունեցել է կրոնական-իսլամական բովանդակություն, ինչը եւս առաջացրել է շատերի տարակուսանքը, քանզի օսմանյան բանակի կազմում մարտին մասնակցել են նաեւ այլ կրոններ դավանող զինվորներ, այդ թվում՝ հայեր……

Տոնակատարությունն առաջացրել է անգամ ընդդիմադիր թուրք ազգայնամոլների զայրույթը: Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը քննադատել է իշխանություններին նրա համար, որ ընդդիմադիր կուսակցություններին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ կենդանի մարդկանց հանդեպ գործած բռնություններից հետո այժմ էլ մեր զոհերի հետ է դաժանաբար վարվում։ Տոնակատարությանն ով ասես չկար, բացի Աթաթուրքի հիմնած կուսակցությունից»,- մեջբերում է Hurriyet-ը: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության ղեկավարի տեղակալ Յուսուֆ Հալաչօղլուն ասել է, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցության չեն հրավիրել, ու հավելել. «Իրենք նվագում, իրենք էլ պարում են, գովազդի են վերածել…»։ Նա նաեւ քննադատել է միջոցառումներն ապրիլի 24-ին անցկացնելը: «24-ին ի՞նչն են նշում։ Անզակի զորքերի՝ թերակաղզի ափհանու՞մը։ Պիտի նշեին մեր հաղթանակի տոնը, եւ ոչ թե թշնամու ափհանման»,- ասել է նա:

Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն այս տարի առաջին անգամ պատմության ընթացքում նշվեցին ապրիլի 24-ին, թեեւ մարտերն սկսվել էին 1915թ մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916թ. հունվարի վերջը: Դաշնակիցների ափհանման օպերացիան՝ բուն Գալիպոլիի ցամաքային մարտերը, սկսվել են ապրիլի 25-ին:

Տեղափոխելով միջոցառումը՝ Անկարան նպատակ էր հետապնդում խանգարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը, Նպատակը ձախողված կարելի է համարել հիմնովին՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լսարանի համար:

Արամ Ավետյան

Հայերը նոր արշավ են սկսել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սիսի նստավայրը իրական տերերին վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած հայցադիմումը մեծ արձագանք է առաջացրել ներկայիս Թուրքիայում:

Այդ երկրի մամուլը սույն առնչությամբ ահազանգել է. հայերի փոխհատուցման դատերը սկսվեցին: Asil Haber կայքը հայցադիմումին արձագանքել է «Հայերը նոր արշավ են սկսել Թուրքիայի դեմ» վերնագրով հոդվածով: Turktime-ը հայտնել է, որ Կիլիկիայի կաթողիկոսությանը պատկանող վանքը վերադարձնելու պահանջով հայկական եկեղեցու փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: «Հուրիեթ» թերթը հայցադիմումին անդրադարձել է «Հայերի փոխհատուցման դատերը սկսվեցին» խորագրով: Թուրքական որոշ կայքեր էլ այդ մասին լուրերում գրել են, թե «հայերը աչք են դրել Ադանայի վանքի վրա»…

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի ՍԴ՝ պահանջելով վերադարձնել Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը եւ վանքապատկան հողատարածքները:

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։