Հրեա վրիժառուն ոգեշնչվել է հայ վրիժառուից – Ասե՛լ ենք եւ կասե՛նք՝ տարբեր բաներ են վրիժառությունն ու ահաբեկչությունը… Ահաբեկչությունը չի՛ կարող որեւէ մտավոր բացատրություն ունենալ…

Բազմիցս ենք անդրադարձել հայ վրիժառուական պատմությանը, հատկապես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) գործունեությանը: Ասե՛լ ենք եւ կասե՛նք՝ տարբեր բաներ են վրիժառությունն ու ահաբեկչությունը: Մեկ այլ խնդիր է, երբ անձնասպանական գործողությամբ ազգային արժանապատվության եւ մարդկային արդարության հաղթանակի կոչն է հնչում, մեկ այլ բան է, երբ անձնասպանական քայլով սպասարկվում է այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռը կամ քաղաքական ու կրոնական համաշխարհային ուղղությունը:

Ինչպե՞ս կարելի է Փարիզում «Վան» գործողությունը կազմակերպած ԱՍԱԼԱ-ական տղաներին, ովքեր Թուրքիայի դեսպանատունը գրավել ու Հայոց ցեղասպանության ճանաչումն էին պահանջում «խլացած» ու «կուրացած» մարդկությունից, համեմատել իսլամական այն ծայրահեղականների հետ, որոնք արաբներին կամ եզդիներին ցուցադրաբար մորթում են որպես անհավատների կամ սխալ հավատի հետեւորդների:

Սա ավելի շատ նման է ցեղասպանության, քան ինչ-որ բան է հիշեցնում վրեժին առնչվող: Այսպես թուրքերն էլ ցեղասպանեցին հայերին, հույներին, եզդիներին, ասորիներին ու այլոց՝ որպես անհավատ գյավուրների: Այսինքն՝ վրիժառուական քայլն արդար պատիժ է, որ թեկուզ ուշացած, բայց տեղին արված ու բացատրելի է: Իսկ ահաբեկչությունը երբեք չի կարող որեւէ մտավոր բացատրություն ունենալ:

Ըստ «Jewish.ru» պարբերականի, հրեական ջարդերի համար ուկրաինական նացիոնալիստների պարագլուխ Սիմոն Պետլյուրայից վրեժ լուծելու որոշումը կայացնելու համար հրեա պոետ եւ հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը ոգեշնչվել է հայ Սողոմոն Թեհլերյանի վրիժառուական արարքից: 1926թ. ուկրաինական հակասեմիթին (իմա՝ հակահրեային) սպանելու հարցում այս պոետը ուսումնասիրել է հայ երիտասարդ վրիժառուի օրինակը, ով մի քանի տարի առաջ Բեռլինում դատաստան էր տեսել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի հետ:  

Այսպես է նաեւ պարզաբանում «Jewish.ru»-ն «Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուկրաինայում մոտ 200 հազար հրեաների կոտորածի ու այդ ջարդերի հիմնական պատասխանատու, Ուկրաինայի Ազգային Հանրապետության դիրեկտորիայի ղեկավար Սիմոն Պետլյուրայի սպանությունը»: Հոդվածում զուգահեռներ են տանում Բեռլինում 1921թ. Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության եւ 1926թ. Փարիզում Շալոմ Շվարցբարդի կողմից Պետլյուրայի սպանությունների միջեւ՝ համարելով, որ երկու սպանություններն էլ ունեցել են նույն դրդապատճառը եւ նպատակ են ունեցել վրեժխնդիր լինել իրենց հայրենակիցների կյանքերի համար՝ հանուն արդարության:

Պարբերականը բավականին մանրամասն անդրադարձել է Սողոմոն Թեհլերյանի կյանքին, Բեռլինում Թալեաթի նկատմամբ իրագործած նրա դատաստանին եւ գերմանական դատարանում հայ վրիժառուի արդարացմանը: «Ես հայ եմ, ով գնդակահարել է թուրքի: Գերմանիան չպետք է միջամտի այս հարցին»,- մեջբերում է հոդվածագիրը Սողոմոն Թեհլերյանի խոսքն այն ժամանակ, երբ ոստիկանները ձերբակալել են նրան՝ սպանված Թալեաթի դիակի մոտ կանգնած:

Հատկանշական է համարվել, որ երկու ազգերի վրիժառուներն էլ,  այնուամենայնիվ, արդարացվել են դատարանի կողմից, իսկ տարիներ անց՝ 1948թ-ին է միայն ՄԱԿ-ն ընդունել որոշում, որով Ցեղասպանությունը սահմանվել է միջազգայնորեն քրեորեն հետապնդելի հանցագործություն՝ դրանով իսկ արդարացնելով այն դատաստանը, որը Թեհլերյանն ու Շվարցբարդը իրականացրել են հայ եւ հրեա ազգերի դահիճների նկատմամբ:

Հոդվածում մեջբերված է փիլիսոփա, քաղաքագետ Հաննա Արենդտի միտքը Թեհլերյանի եւ Շվարցբարդի մասին, ըստ որի՝ «Երկուսի համար էլ սպանության դրդապատճառը ոչ թե վրեժխնդրությունն է եղել, այլ արդարության վերականգնման ձգտումը: Նրանք չեն փորձել թաքնվել ոստիկանությունից, ավելին՝ կամովին սպասել են նրան, որպեսզի ձերբակալվեն ու դատարանում հնարավորություն ունենան բոլորին պատմելու այն գազանությունների մասին, որոնք իրագործել են Թալեաթն ու Պետլյուրան»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։