Այսօր Հաղթության օր է, նաեւ՝ Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Հայության համար մայիսը հաղթանակների ամիս է: Սա խորհրդանշական իմաստ ունի այսօր, քանի որ նախկինում հայոց հաղթանակները այլ պարբերականությամբ են կատարվել ու որեւէ ամիս չէր կարող զատվել… Սակայն դարեր շարունակ հայրենիքի կորուստը սրտներին հայերն այդ հաղթանակներից հեռու են եղել, ցեղասպանվելով ավելի են կռացել ու այս կամ այն պետությանն ապավինելով մի երկար ժամանակ հեռու մնացել հաղթանակների բերկրանքից: Բայց Արցախյան ազատամարտի հաղթական օրերը եկան ամբողջացնելու այդ դարերի ընթացքում որոշակիորեն ձեռք բերած հաղթանակները եւ դրանք եղան մայիսյան…

Հայ արիականները մայիսյան հաղթական մեկամսյակը նշում են հենց մայիսի 1-ից: Նրանք համարում են, որ աշխատավորի օրը, առավել եւս հայ աշխատավորի՝ կռիվ է եւ հաղթանակ՝ ամենօրյա ապրելու, երկիրը ապրեցնելու եւ ապագային գնալու համար…  Դա չի կարող լինել սոցիալիստական կամ կապիտալիստական տոն, աշխատավորը հայրենաշեն եւ ազգասեր այն հատվածն է, որ կմաքառի օրնիբուն, բայց կապրեցնի իր ընտանիքը, իր հայրենիքը:

Հայ աշխատավորն է նաեւ հայ զորականի թիկունքը:

Այստեղ էլ պիտի հաղթել, ներքին թշնամուն, որ օտարների կենցաղն ու բարքը, օտարների տարաբնույթ շահերն «օրինականացնում» է հայոց երկրում: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հպարտորեն հայտարարում են, որ Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր կամ պարզ հաղթանակ, հայոց կարեւորագույն բնակավայրերից մեկի վերադարձը վճռական բեկում էր եւ՜ արցախյան պատերազմում, եւ՜ մեր՝ հայության հոգիներում: Այս հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում… Եվ ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր… հայրենատիրական յուրօրինակ մի կանչ:

Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր նաեւ կրոնական շղարշով, ասում են հայ արիները, իսկ Սարդարապատը՝ հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման, ապա՝ Շուշիի ճակատամարտը սրբազան կռիվ էր վասն ազատագրության, հանուն հայրենատիրության եւ գալիք հաղթական ապագայի:

Հայ արիներն ու ազգայնականները այսօր առավոտյան այցելեցին Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ:

Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրության, մայիսի 9-ը՝ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրերն են, այս օրերին նաեւ Երկրապահի տոնն է նշվում, իսկ մայիսի 28-ը՝ Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման պատմական օրն է, որով էլ ամփոփվում է մայիսը…Եվ հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող քաջերին, բոլոր հայերին:

Ի դեպ, այս եռուն օրերին հայ արիականներն նշում են նաեւ Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է… Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը: Մարտի 21-ի՝ Հայոց Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Հայոց Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի: Այսօր՝ մայիսի 8-ին, առավոտյան, կապուտաչյա Սեւանի ափին հայ արի քրմերը փառաբանեցին Վանատուր Աստծուն, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

Այնուհետեւ հայարիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը: Երեւի զուգադիպություն է, որ Հայոց օջախների Աստծո տոնի օրերին, մայիսի 15-ին էլ ՄԱԿ-ն է նշում Ընտանիքի օրը: Հայ արիները հույս են հայտնում, որ աշխարհն ի վերջո կվերադառնա ազգային ու ընտանեկան ավանդական-բնական կեցակարգին ու նաեւ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Հայ Արիական Միաբանության, Լրատվական կենտրոն

08.05.2015թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։