Սկիզբը՝ թիվ 15-ում
http://www.hayary.org/wph/?p=4797 – Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…
Բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ Իլյա Ֆալիկովը զարմանալի խորաթափանցությամբ է աչքի ընկնում գեղարվեստում, գերադրական աստիճանի որակումով բնութագրելով մեր սիրելի պոետի ստեղծագործական ակնառու նվաճումները:
«Ռուս բանաստեղծներին հիշելով՝ ես փորձում եմ գտնել կապող թելեր, որոնցով հայկական մուսան առաջնորդում է Սոնա Վանին: Բայց բանը հենց այն է, որ նրա կոնցեպտուալ ժամանակակցությունը այստեղ սկսվում է առնվազն Նարեկացուց (10-11 դդ.)… այս ամենը եղել է… եղել է… եղել է…: Ալ. Բլոկը գնահատում էր Իսահակյանի պոեզիան հատկապես դրա թարմ, նորաստեղծ կուսականության համար: Թերեւս այս երկու հատկանիշների՝ գոյաբանական սավառնումի եւ առարկայական անմիջականության համադրությունն է ժառանգել Սոնա Վանը իր երկարակյաց նախնիներից: Սոնային կոչում են նոր Սապֆո: Նոր՝ ամեն ինչում: Առավել կարեւորն այլ բան է՝ ժամանակի բնական զգացողություն, որն ավելի խորն է ու ավելի նախնական, քան պատմական ժամանակը»:
Եվ իրոք, յուրաքանչյուր ոք երջանիկ կզգար, որ իր գրական ժառանգությունը այդքան ուժեղ ազդեր այլազգի գրականագետ-բանաստեղծի էության ողջ արժեհամակարգային ըմբռնումներին, որ նա աղերսներ է գտել Վատիկանի պանտիֆիկոսի կողմից Տիեզերական Եկեղեցու Վարդապետի տիտղոսին արժանացած միջնադարի հանճարի (իրականում Նարեկացին է աշխարհին արժանացրել ու աշխարհն արժեւորել իր տիեզերահաս գոյությամբ, եւ Վատիկանը հենց դա է գնահատել,-խմբ.) եւ իր ժամանակակցի՝ Սոնա Վանի ստեղծագործությունների միջեւ:
Պարզվում է՝ գրաքննադատ-թարգմանիչը մեծագույն սիրով է ուսումնասիրել միջնադարից էլ առաջ հայոց բանահյուսության, տաղագրության չափածո արվեստի ժամանակաշրջանի մեծություններին:
Ի դեպ, Իլյա Ֆալիկովի խոսքը վերցված է Սոնա Վանի մասին տարիներ առաջ իր հեղինակած «Օրիոն» հանդեսում ¥գլխավոր խմբագիրն է նա¤ տպագրված հոդվածից, որտեղ նա 20-րդ դարասկզբի ողբերգության մասին թեպետ անմիջականորեն չի նշում, բայց ամենայն հավանականությամբ, որի իրողությունից բխեցնելով՝ նա գրական գործչի իր դիտանկյունից եւս մի ուշագրավ միտք է արտահայտում.
«…Հայերն իրենց հինավուրց ու արժանափառ տարածաշրջանի ամենից աշխարհաքաղաքականացված ժողովուրդն են, սակայն չեն խուսափում արեւելյան չափազանցությունից: Ավելի կարեւորն այլ բան է. նրանք օժտված են ժամանակի բնական զգացողությամբ, որն ավելի խորը, տեւական ու հինավուրց է պատմականորեն:
Համաշխարհային վիշտը, որ ծագել է, թվում է, աշխարհի ստեղծմանը զուգընթաց կամ դեռեւս դրանից էլ առաջ, ըստ երեւույթին, հենց «հայերեն մտածելն է»»:
Ի դեպ, ռուս գրաքննադատի նշած «Սոնային կոչում են նոր Սապֆո» բնորոշման հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանն է: Սիրո, գեղեցկության թեմաներով ստեղծագործող մ.թ.ա. 7-6-րդ դարերի հույն բանաստեղծուհու մերօրյա անվանակցուհու գրական ձեռքբերումների մասին գրականագետը գրում է:
«Նրա խոսքի հմայքը իրականի եւ անիրականի սահմանագիծն է՝ որպես կախարդանք, որպես կյանքի բանաստեղծական պատմություն եւ կամ պատմության բանաստեղծական կյանք: Սոնա Վանը բարձր ու մնայուն, ինտելեկտուալ բանաստեղծության իր վարկանիշով եւ մտքի սրընթացությամբ, որ գերազանցում է կայծակի արագությունը, ներկայանում է որպես մեր ժամանակների մի նոր Սապֆո, որն // ուզում է տրվել անծանոթներին // անցնել ձեռքեձեռք //բերնեբերան // հի՜ն // տերունական աղոթքի նման: Սոնա Վանը ներկայացնում է հայ բանաստեղծության 21-րդ դարը:
Ծափահարենք ժամանակակից հայ պոեզիայի թագուհուն»:
Ի դեպ, Դավիթ Գասպարյանը այս օրերին աշխատում է Սոնա Վանի գրական գործունեության մասին ծավալուն գրախոսության վրա:
Մտքերի հրավառությունն ավարտենք մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ իր սիրելի պոետներից մեկի՝ Սոնա Վանի՝ ներքին երաժշտականությամբ ներշնչված բանաստեղծություններին իբրեւ գեղարվեստական պատասխան նույն՝ բանաստեղծական ոճի գնահատանքով: Ահա՛, եւս մեկ օրինակ արվեստների մերձեցման, սինթեզման, առանց որի հանճարեղ գործեր չեն արարվում:
Սթափ անզարդ բառեր:
Տողերի կառուցիկ հյուսվածք:
Շարժումի ներքին ուժականություն:
Ապրումի տաք, դյուրահաղորդ շունչ:
Այս եւ նման բոլոր որակները միասին՝ թռիչքի մեջ գոյատեւող արարվածք-բանաստեղծություն:
Սոնա Վանի հասունության միջօրեին հասած բանաստեղծությունը զորավոր ուժ է հայոց լեզվով ու հայ գրականությամբ ապրող ամեն մեկիս համար:
Բանաստեղծական շշուկն ու բանաստեղծական ճիչը նրա գրվածքներում, մեր մանկության տան ձայները մեզ վերադարձնելուց զատ, գնում են միանալու նույնանման շշուկներին ու ճիչերին, որ դարերով արձանագրվել են հայ բանաստեղծական արվեստում:
Այսպես շարունակ՝ մեկը մեկից հրաշալի գրականագիտական-վերլուծական արվեստի շուրջ առայժմ յոթ տասնյակ նմուշներ:
Տող առ տող զարգացող եզրաբանությամբ տեղին է նշել, որ իսկական արվեստագետները հակառակ, երբեմն շրջանառվող թյուր մտայնության, միմյանց ստեղծագործությունների վերաբերյալ, մի տեսակ վերապահումներով են արտահայտվում: Մինչդեռ ներկայացված ստեղծագործությունների կարծիք-արձագանքները իսպառ բացառում են նման մտայնության գոյությունը, ավելին՝ արվեստի բոլոր ճյուղերի մշակները առավել քան լավ են միմյանց հասկանում, գնահատում: Եվ, ինչու ոչ, առավել կրքոտ պաշտպանում մեկը մյուսի գեղարվեստա-գեղագիտական արժեքների նշանակությունը:
Անաչառ անկեղծությամբ գրականության երկերը վայելող հավատարիմ ու հասարակ ընթերցողներս եւս՝ սեփական ունակությունների կարելիությամբ սիրելի պոետի հանդեպ ունենք գեղարվեստական ընկալման մեր մոտեցումները: Եվ Որպես Սոնա Վանի արվեստի երկրպագու՝ Մանե Սամարյանս, ցանկանում եմ ներկայացնել «Լիբրետո անապատի համար» եռապատումի հենց առաջին «Ես հավերժական սարդն եմ» ասք-բանաստեղծության ազդեցության ներքո ստացած տպավորությունս:
Ապրիլի 24-ի վշտով ծանրացած հիշողությունը սպիացնող Սոնա Վանի «Ես հավերժական սարդն եմ…» բանաստեղծության մոտիվի առանցքում՝ սոսկ սրտով լսելի հնչյունաշարը հիշեցնում է Իոհան Սեբաստիան Բախի երգեհոնային ստեղծագործություններում անզուգական պոլիֆոնիկ (հանգերգ, կրկնաբանություն) տարրերով էներգիայի կուտակումներից ծնված երաժշտական հուզահարույց ելեւէջների փունջը:
Հնագույն հայ բանահյուսության տեքստերով մեզ հասած հազվագյուտ երաժշտական խաղիկների, առավելապես հայտնի Գողթան երգերի տոնայնությամբ Սոնա Վանի կերտած տխրահուշ, բայց ամենեւին ոչ ողբացյալ պոետական ռեքվիեմպատումը հայությանն ուղղված զորակցական ուժի եւ այդ ուժի հանդեպ հավատի ամրապնդման ոգեշունչ կոչ է, ինչպեսեւ՝ բացասումի խոսք՝ հայոց բազմադարյա պատմության վատագույն ժամանակների կրկնության:
Ավելացնեմ նաեւ, որ ինքնակամ ստանձնելով յուրաքանչյուր հայի համար նվիրական ու թանկ «Լիբրետո անապատի համար» ժողովածուի լույս ընծայման աշխատանքների ընթացքում տեխնիկական հարցեր համակարգողի համեստ դերակատարությունը, ընթերցելով ապագա ժողովածուի մի քանի բանաստեղծություններ, ռեժիսորիս պատկերամտածողությամբ գրի առած հոդվածաշարքից մեկում պատկերված տեսիլքային մի դրվագ, այժմ իսկ, ամենայն ակնածանքով, ընծայաբերում եմ պոետի երկերի ներկապնակի վառ երանգների գամմայով ներհյուսված վերոնշյալ հեղինակներին՝ իրենց կերտած վերլուծական արվեստի գոհարների վայելչանքին ի պատասխան:
Մարդկային էությունը երեւակայության թեւերով ճախրելով դեպի անհայտ՝ խորհրդավոր դրախտային մի աշխարհ, որ լուսավորվում է արեգակի պես հրե գնդի ծիածան-ծիրանագոտու յոթ գուներանգ ճաճանչներով, այդպիսի զգացողությանս արթմնի մի պահի նշմարվեց ինձ արտասովոր մի տեսիլք-պատկեր.
«Եզակի Արարիչ Աստծո՝ տիեզերքը գոտեւորող ոսկեթելի վրա մարգարտաշար տերողորմյայի հատիկները վառ լուսաշիթի միջով, սիրո եւ պոեզիայի երեք մուսաների* թեւերի մեղմ թափահարումից խաղացկուն, ինչպես ձյան փաթիլներ, հին հայկական ջութ հիշեցնող նվագարանի հոգեթով հնչյունների ներքո հանդարտ սահում էին վար եւ հայոց ոսկետառ այբուբենի հերթակարգով շարվում պոետի առջեւ: Լույսի պայծառացման հետ, ուրվապատկերի արտացոլանքում՝ ստեղծագործական մաքառումի արարման բարձրակետում, սրբազան տերողորմյայի հատիկները վերածվում էին պոետական երկունքի տրոփյունից ծնված տողերի, որոնք աննինջ ներշնչանքի պահերին սպասարկու առաքելությամբ նույն խորհրդավորությամբ բարձրանալով վեր Բարձրյալի հովանու ներքո՝ ինչպես ողջ մարդկության հանճարների ստեղծած բարձրարվեստ գործերը՝ նոր-նոր արարված բանաստեղծությունները եւս իրենց հավերժ հանգրվանն էին գտնում տիեզերական հավերժատեւ ալմանախում՝ բոլոր ժամանակների համար, ինչ էլ որ պատահի, ներքեւում՝ մեր մեղսավոր աշխարհի հետ: Տեսիլքն այնուհետեւ մշուշվեց եւ ձուլվեց երկնքի անհունին»:
Վերը հիշատակված հոդվածաշարքում ոչ գրականագետիս ուժերով փորձեմ նաեւ «Լիբրետո անապատի համար» ժողովածուի, հատկապես Դեր Զորի թեմայով պատումի պոետական եզակի մտահղացմամբ դրամատիկ սյուժեով հագեցած համատեքստից վեր հանել հեղինակի մտազարգացման պրոցեսում ձեւավորված գաղափարական խորքային իմաստը, որով այլաբանորեն տարփողվում է հրաշափառ երեւույթ.
«Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայության ընդհատված ֆիզիկական կյանքից հետո, անմեռ ոգիները վերամարմնավորվում-փոխակերպվում են իրենց իսկ արմատներից վերընձյուղվող սերունդների շարունակվող կյանքում, ռեինկարնացիայի օրինաչափությամբ: Բանաստեղծաշարքերի գլխավոր լեյտմոտիվ՝ «ես վերջին հարսն եմ Դեր Զորի» շրջուն շարադասությամբ հաճախ կրկնվող տողով, հեղինակը ընդգծում է եռապատումի էութենական հասկացություն-գաղափարը, որը միստիկ պատկերներով արտացոլված է նրա «երազներում անապատի», այդկերպ սիմվոլացվելով վերածնունդ-երկունքի հրաշքով լինել «ինքնազոհաբերմամբ»՝ «վերջին հարսը Դեր Զորի»:
Գրքի գաղափարական մեկնակետի բյուրեղացմամբ՝ դարից ավելի ժամանակ անց, մեկուկես միլիոն նահատակներից վերջինի ոգու վերամարմնավորմամբ հեղինակը ավետում է Մեծ Ավարտը Հայոց Մեծ Վշտի, վասն ոգեկոչման՝ հայի հարատեւ անկանգ երթի շարունակության, մինչեւ հայի հանդեպ անարդարության հետեւանքով այս աշխարհի արատավոր կարգերի վերջը, մինչեւ հայի՝ իր Մասիսի փեշերին հերթական վերածնունդ-առաջնաստեղծությամբ գալիք առողջ եւ արդար քաղաքակրթության նոր մի Սկզբի Ծնունդը ի շրջանս յուր առմիշտ եւ հավիտյան»:
Եվ, սակայն, կա Աստվածային Մեծ Հույս, որ Արարչի հերթական բարկությամբ պայմանավորված հարաբերականորեն ասված «աշխարհի վերջը» կարող է երկարաձգվել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին աշխարհի խղճի աննախադեպ հուժկու արթնացմամբ այնքան, որքան մարդ էակի հնարած «հավերժ» ¥իրականում չկա ոչինչ հավերժ քանզի տիեզերքը եւս ունի տարիք իր մեծությանը համապատասխան անչափելի ժամանակով¤ բառիմաստով ժամանակային սահմանումն է:
Եվ թող երկրաբնակը բազմալեզու, բազմաձեւ իր աղոթքներով, գործողություններով թողություն խնդրի Արարչից, որ դեռ ներում է մեր մեղսավոր աշխարհին:
Մանե Սամարյան, ռեժիսոր, լրագրող, 2015թ. ապրիլ
* Հայոց բազմադարյա կենսագրության անտիկ շրջանում անչափ հետաքրքրաշարժ մի իրողություն կա՝ կապված ապոլոնյան 9 մուսաներից մեկի՝ կրքահարույց քերթվածքի հովանավոր Էրատոյի անվան հետ: Հայոց թագուհի Էրատոն 141 հայ թագակիրների մեջ միակն է, ով գահ է բարձրացել 3 անգամ: Հարցին, թե արդյոք նա արժանացե՞լ է «Էրատո» անվանը հատուկ սիրո վայելքին, նա պատասխանել է՝ ոչ. «Տերության գործերը սիրո համար բաժին չթողեցին ինձ: Աշխարհին ու մարդկանց Էրատո անունով ներկայացա որպես կին, բայց ուսերիս վրա կրեցի յոթ տղամարդ արքաների բաժին բեռ»:
* * *
Աստղիկ, Անահիտ եւ Նանե Աստվածուհիների մաղթանքները
Աստղիկ
– Երբ կինը սիրում է, նրա սիրտը նմանվում է ոսկե տաճարի, ես այդ տաճարը կլցնեմ սիրո նեկտարով, կներկեմ երազի գույներով, որ կինն այդ սիրով միշտ հմայի ու խենթացնի տղամարդկանց:
Անահիտ
– Քիչ է սիրել, պետք է, որ սերը նաեւ սրբագործված լինի: Ես այդ սիրո նեկտարին կխառնեմ պտղաբերության շաղախը, եւ դրանից կծնվի ընտանիքը: Ես կնվիրեմ կնոջը արարչական ամենամեծ շնորհը՝ մայրությունը, եւ դրանով իսկ նրան կդարձնեմ հար պաշտելի տղամարդու կողմից:
Նանե
– Քիչ է ստեղծել ընտանիք, պետք է նաեւ պահել այն, եւ միայն ողջախոհությամբ կարելի է ամուր պահել սիրով ստեղծված ընտանիքը: Սիրող կնոջ կողքին տղամարդը երջանիկ է, ընտանիքով՝ հարուստ, իսկ ողջախոհ կնոջ կողքին՝ իմաստուն: Ես կօժտեմ հայուհուն այս շնորհներով, եւ նա կդառնա աշխարհի ամենաերանելի կինը:
«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



