Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞ – Մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանն ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի… Զբոսաշրջությունը Հայաստանում՝ մեր մայրաքաղաք Երեւանն ու կապուտաչյա Սեւանը ուշադրության կենտրոնում…

Պոչամբարների հարցը վերջապես կլուծվի՞

Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության հետեւանքով գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» համապատասխան փաստաթուղթը:

Այն ենթադրում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը (հանքախյուսերը) կվերամշակվեն: Սա շատ կարեւոր է, քանզի կոմբինատի  պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, եւ տարեկան ավելանում են եւս 18-20 մլն տոննայով, ինչը մեր երկրի համար բնապահպանական մեծագույն խնդիր է:

Ծրագիրն անելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Վերջինս մտադրություն ունի կառուցել ֆաբրիկա՝ տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ, վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը: Նախատեսվում է նաեւ կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվում է պոչամբարի խյուսը:

Ներդրումների առաջին փուլը մինչեւ 2018թ.-ն է, որի ընթացքում նախատեսվում է ներդնել 237.5 մլն ԱՄՆ դոլար: 2015թ. կներդրվի 68.5 մլն դոլար: Ներդրումների երկրորդ փուլը 2019-2025թթ. է, որը ենթադրում է նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերը օգտագործելու համար եւ  գործարանի հզորության մեծացում մինչեւ 25 մլն տոննա տարեկան: Երրորդ փուլը տնտեսական ու սոցիալական, բնապահպանական հարցերի լուծումն է: Խոսքը սկզբում 1000 մշտական եւ  500 ժամանակավոր աշխատատեղի մասին է նաեւ:

Ներդրումային ծրագրի մաստեր պլանում պետք է խոսվի  նախատեսվող ենթակառուցվածքների ձեւավորման, տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական սկզբունքային լուծումների, բնակչության կենսամակարդակի բարելավման մասին: Սակայն, կառավարության որոշմամբ ասվում է նաեւ, որ «մաստեր պլանում ծրագիրն իրականացնողի առեւտրային եւ գաղտնի տեղեկատվությունը, դետալացված բիզնես պլանն ու այլ ֆինանսական ու տնտեսական տվյալները չեն ներկայացվի»:  

Որ առեւտրային գաղտնիք ներկայացնող տվյալները չեն ներկայացվում, դա հասկանալի է, բայց որ ֆինանսական ու տնտեսական տվյալներ չպետք է ներկայացվեն, դա անհասկանալի է: Քանզի հենց այդ տվյալներով է, որ կարող ենք ծրագրի հանդեպ սեւեռել բոլորիս ուշադրությունը:

Այո, խորամանկորեն ելքը գտել են, ավելացրել են «դետալացված տվյալներ» արտահայտությունը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ, ասենք իմ՝ լրագրողիս պահանջած ամեն մի տվյալի տրամադրում կմերժվի՝ այն պատճառաբանությամբ, որ «դետալացված տվյալ է»: Որ այսպես կլինի, գրեթե կասկած չունեմ:

Եվ վերջում՝ առիթը բաց չթողնեմ ու պոչամբարների հետ կապված մի դրվագ հիշեմ: Ի «պատասխան» բնապահպանների բողոքների, որ պոչամբարները վտանգում են մարդկանց առողջությունը,  Ախթալայի կոմբինատի արդեն մահացած նախկին տեր ու տիրականը, ով կհիշվի իբրեւ մանուկներին պղծող հրեշ, ձեռքը տարավ պոչամբարին, մի բուռ լցակույտ վերցրեց ու այդ տարիների վարչապետ Տիգրան Սարգսյանին թե՝ «տեսեք, խմում եմ, ըհը, բան չկա»: Իհարկե, չխմեց, տարավ բերանին մոտ ու թափեց: Լրագրողները վարչապետին հարցրին. «Հավատու՞մ եք նրան»: Վարչապետը ձայն չհանեց: «Դուք կհամարձակվե՞ք խմել»,- լրագրողները պահը բաց չթողեցին: Վարչապետը, բնականաբար, չխմեց ու, ի պատասխան լրագրողների հարցադրումների, ժպտաց:

Սերոբ Տեր-Պողոսյանը անդադար կրկնում էր՝ անվտանգ է, մաքուր է: Նրան կոչ արեցինք այդ մաքուրից լցնել բաժակը եւ թեկուզ մի ումպ անել, որպեսզի կարողանանք նկարել ու ցույց տալ հանրությանը: Բնականաբար, շրջանցեց:

Առակս ցուցանեց ինչ պետք էր:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ պոչամբարների վերամշակմանը ուղղված ծրագիրն արդյունավետ կիրագործվի: Մենք էլ թեման ուշադրության կենտրոնում կպահենք՝ բնապահպաններին կոչ անելով ավելի ուշադիր լինել եւ հարկ եղած պարագայում  ահազանգ հնչեցնել մեզ:

Աստղինե Քարամյան

Զբոսաշրջությունը Հայաստանում.-

Երեւանը Եվրոպայի ամենահին 16 քաղաքների թվում՝  հիմնադրվել է Հռոմից 30 տարի առաջ

Քանի դեռ աշխարհի ամենահին քաղաքների մեծ մասը, որոնք գտնվում են Միջին Արեւելքում (Բարեբեր մահիկի տարածքում), հասանելի չեն ճանապարհորդներին, Եվրոպայում դրան հակառակ՝ ամենահին բնակավայրերը բաց են այցելուների համար:

Բրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել, այդ թվում է նաեւ Երեւանը, որի նկարագրության մասում պարբերականը գրել է. «Հռոմից 30 տարի առաջ հիմնադրված քաղաքը Հայաստանի մայրաքաղաքն է ու կարեւոր կանգառ եւ հանգույց Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Այն գրավել են Ասորեստանի արքաները, հռոմեացիները, պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, մոնղոլները, թուրքերը եւ 1920թ. Խորհրդային կարմիր բանակը: Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ավելացել է մշակութային հաստատությունների թիվը (քաղաքում գտնվում են չափազանց մեծ քանակությամբ թանգարաններ): Դանդաղ, բայց զարգանում է նաեւ զբոսաշրջությունը, մի շարք օպերատորներ առաջարկում են ուղեւորություններ դեպի Հայաստան»:

Հիշեցնենք, որ վերջերս նաեւ Չինաստանն է Հայաստանը ներգրավել իր քաղաքացիների զբոսաշրջության առաջնային երկրների ցանկում:

The Telegraph-ը նշում է, որ Երեւանի առաջին բնակիչներն այստեղ են հաստատվել մ.թ.ա. 782 թվականին:

Ցանկում ներառված մյուս քաղաքներն են Զադար՝ Խորվաթիայում, Մցխեթի եւ Քութայիսի՝ Վրաստանում, Կադիս՝ Իսպանիայում, Միտիլենա, Լեսբոս, Խալկիդա, Թեբե, Տրիկալա, Պատրաս, Խանիա, Աթենք, Արգոս՝ Հունաստանում, Լիսաբոն՝ Պորտուգալիայում, Լառնակա՝ Կիպրոսում, Պլովդիվ՝ Բուլղարիայում:

Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհին»՝ հանգստի ամենալավ վայրերից

National Geographic Traveler ամսագիրն ընտրել է նախկին ԽՍՀՄ տարածքում հանգստի համար ամենալավ 10 ուղղությունը: Այդ ցուցակում է նաեւ Սեւանա լիճը: Այս մասին գրում է travel.ru կայքը:

10 ուղղություններն են՝ 1.Ղրիմի հարավային ափ: 2. Կովկասյան լեռներ: 3. Պամիր (Տաջիկստան): 4. Հանքային ջրեր. Եսենտուկի, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Ժելեզնովոդսկ: 5. Զապալյար. Կոլսկի թերակղզի (Մուրմանսկի շրջան) եւ Ֆրանց Իոսիֆի հող (Արխանգելսկի շրջան): 6. Միջին Ասիա. Սամարկանդ եւ Բուխարա (Ուզբեկստան) եւ Իսսիկ-Կուլ լիճ (Ղրղզստան): 7. Անդրկովկաս. Բաթումի (Վրաստան) եւ Սեւանա լիճ (Հայաստան): 8. Կամչատկա. Գեյզերների հովիտ: 9. Ալթայ. Տիվա եւ Պուտորանայի արգելոց: 10. Սանկտ Պետերբուրգ:

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։