Պայքար, որ կշարունակվի՛ ու չի՛ դադարի – 100-ամյա տարելից.- աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ, հետո նաեւ՝մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները եւ դրանց քաղաքական նշանակությունը իսկապես տպավորիչ եղան: Անգամ անսպասելի զարգացումներ ունեցան, այնքան անսպասելի, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը զուգընթաց՝ միջազգայնացվեց նաեւ Հայոց պահանջատիրության հարցը:

Սա թերեւս ամենակարեւորներից մեկն էր, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Հռչակագիրը արդեն նախատեսել էր նման ծավալումներ, ինչը կարելի է հաջողված համարել:

«Մեր ձայնը տեղ է հասել, բարձրացրած խնդիրները, իրազեկման խնդիրը լիարժեքորեն կատարվել է: Արձագանքը մեր սպասածից լայն էր ու լսելի»,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, ապրիլի 22-24-ը Հայաստանում անցկացված բոլոր միջոցառումները ծառայել են իրենց նպատակին՝ միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացում, Հայոց ցեղասպանության խնդիրը ցեղասպանության հանցագործության դեմ ավելի ընդհանրական համատեքսում ներկայացում եւ այլն:

Կարեւորվել է ապրիլի 22-23-ին Երեւանում անցկացած համաժողովը, որը դարձավ խթանիչ քայլ՝ ցեղասապանության հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում:  

Այդ մասին ասել են նաեւ համաժողովի մասնակիցները: «Մասնակիցներն արձանագրեցին, որ ֆորումի օրերին միջազգային հանարության ձայնը լսելի դարձավ, Հայոց ցեղասպանության թեման, ցեղասպանության հանցագործության խնդիրը, որն արդիական է նաեւ այսօր, դարձել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնական խնդիրը: Խորհրդանշական է միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի առաջարկը, կոչը Հայաստանին՝ վերցնել առաջնորդի դերակատարումը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործընթացում»,- ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողը: Նա նաեւ կարեւորեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը գաղափարական, հոգեւոր, ազգային առումով համախմբման, միասնականության դրսեւորում էր:

Արդեն ասվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը չի ավարտվում ապրիլի 24-ի միջոցառումներով: Հաջորդ օրվանից ցայսօր աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում միջոցառումներ: «Միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարեվերջ, մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը: Ունենք մշակութային, քաղաքական միջոցառումների հստակ ծրագիր»,- նշել է Վիգեն Սարգսյանը եւ հավելել, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են նվիրատվությունների հաշվին. «Յուրաքանչյուրը ստանձնեց մի ուղղություն՝ սկսած գրահրատարակչությունից մինչեւ ֆիլմարտադրություն, համերգներից մինչեւ սրբադասման արարողություն, գլոբալ ֆորում: Մեկենասությունը նման ծրագրերի կարեւորագույն շարժիչ ուժն է»:

Իսկ մայիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողը հայտնեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը, 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։

Առաջիկա կայանալիքում գրանցվել է մոտ 400 մասնակից։ Իսկ մինչ այդ՝ http://armenian geno cide100.org/-ը կշարունակի աշխատել նույն պատասխանատվությամբ՝ նյութեր տեղադրելով աշխարհի տարբեր վայրերում կազմակերպված միջոցառումների մասին։

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ, որտեղ Վաշինգթոնի Մայր աթոռի վանքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությամբ էկումենիկ պատարագ մատուցվեց։

Միջոցառումների շարքում իր տեղն է գտել նաեւ միջազգային երաժշտական MIDEM փառատոնը, որը հունիսին կկայանա ֆրանսիական Կաննում, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի պատվո հյուրի կարգավիճակով։ Փառատոնին հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասին եւ Ցեղասպանություն վերապրած մեծ մտավորականի ժառանգությանը։

Պետական հանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսին էլ կկայանան համահայկական խաղերը։ Սեպտեմբերին անկախության տարեդարձի միջոցառումները նույնպես հարուստ կլինեն, բացի այդ կկայանա Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ընթացքում կկայացվեն մի շարք կարեւոր որոշումներ:

Կարեն Բալյան

* * *

Ի տարբերություն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Կարմիր հրապարակում սպասվող միջոցառումներին կմասնակցի Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

Հասկանալի է, որ Էրդողանի կողմից Պուտինի հրավերի մերժումը կապված է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին Պուտինի` Երեւան կատարած այցելության հետ: Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ին մի շարք նախագահների թվում նաեւ ռուս գործընկերոջն էր  սպասում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, սակայն այս հանդիսություններին Ռուսաստանը ներկայացրեց Պետդումայի նախագահ Սերգեյ Նարոշկինը:

Այնուհետեւ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց Պուտինին՝ Երեւանում արած հայտարարության համար: Ուստի պաշտոնական Անկարայի կողմից Մոսկվա գնալու հրավերի մերժումը ավելի քան կանխատեսելի էր:

Իսկ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարելիցին նվիրված զորահանդեսը անհանգիստ ու անկայուն աշխարհի խորհրդանիշն է լինելու։  Լեհաստանը պետք է հիշի պատմության դասերը եւ չտրվի այն մոլորությանը, թե հանրապետությանը ոչինչ չի սպառնում, ասել է նա. «Շուտով մայիսի 9-ն է, եւ Մոսկվայում Կարմիր հրապարակը կրկին կվերածվի զրահատանկային հրապարակի։ Այնտեղ կրկին ցուցադրելու են այն դիվիզիաների ուժը, որոնք վերջերս աշխարհի ու մեր աչքերի առջեւ հարձակվեցին հարեւան Ուկրաինայի վրա։ Վաղուց ռազմական հակամարտությունն այդքան մոտ չի եղել Լեհաստանի սահմաններին, ինչպես հիմա է։ Անհրաժեշտ է հիշել, որ այդ ռազմական ուժի ցուցադրման մեջ խոսք է գնում ոչ թե պատմության, այլ ներկայի եւ ապագայի մասին։ Նման պայմաններում մենք ստիպված ենք կառուցելու Լեհաստանի անվտանգությունը»։

Նախագահը հավելել է, թե Լեհաստանը գտնվելով արևմուտքի և արևելքի միջև պետք է հիշի պատմական փորձը և իր ուժը կառուցի հենվելով համաձայնության և միասնության վրա այնտեղ, որտեղ դա հնարավոր է։

«Ներկայիս աշխարհը սպառնալիքներ է պարունակում, այդ իսկ պատճառով կարևոր է երկրի հետագա զարգացումը, արևմուտքի հետ կապերի ընդլայնումը եվրոպական ինտեգրացիայի ընդլայնման և ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցության միջոցով», – ասել է Կոմորովսկին։

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։