Վելիկոռուսական շահերի մեծ խաչմերուկը – Ռուսաստանյան ազգայնամոլները հարց են բարձրացրել, թե ինչու պիտի ԽՍՀՄ կազմում պետություններ (անգամ ազգ) դարձած պատմություն չունեցող երկրներն ունենան այդքան մեծ տարածքներ…

Մոսկվան վաղուց էր փորձում վերականգնել համաշխարհային 2-րդ բեւեռը: Թերեւս ԽՍՀՄ կազմաքանդումից անմիջապես հետո: Երբ ԱՊՀ-ն ստեղծվեց, դա եւս նախկին խորհրդային երկրները մոսկվայամետ, եթե ոչ մոսկվայակենտրոն պահելու միտում ուներ: Սակայն բոլոր փորձերը ձախողվում էին, քանի որ անկախացած հանրապետությունները չէին ցանկանում նույն գետը մեկ անգամ եւս մտնել…

ԵՏՄ-ն եւ Մաքսային միությունը եւս ԽՍՀՄ ուրվականը պահպանելու նպատակ ունեն, գուցե ոչ ակնհայտ, բայց հաստատ: Քանի անգամ ռուսաստանյան ազգայնականներն ու ազգայնամոլները հարց են բարձրացրել, թե ինչու պիտի ԽՍՀՄ կազմում պետություններ (անգամ ազգ) դարձած երկրները ունենան այնքան մեծ տարածքներ, որը երբեք չէին կարող ունենալ: Թվում էր, սա միայն նախազգուշական հայտարարություններ են, որպեսզի նախկին խորհրդայինները հեռու չփախչեն հանկարծ, բայց…

Որկրաինական զարգացումները Մոսկվային «հուշեցին», որ եկել է ժամանակը համաշխարհային 2-րդ բեւեռի մասին հայտարարելու: Որքան անսպասելի էին ուկրաինացիների հակառուսական պոռթկումները, նույնքան անսպասելի եղան ռուսների հակաուկրաինական քայլերը: Իսկ Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա եռյակը միշտ թվացել էր անկոտրում՝ ինչպես սլավոնական եղբայրության ձեւաչափ, այնպես էլ համասլավոնական դաշինքի հիմնաքար: Չէ որ Ռուսաստանում կան ուժեր, որ Արեւելյան Եվրոպան (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա, Խորվաթիա, Չոռնոգորիա եւ այլն) դիտարկում են համասլավոնական (ոմանք էլ՝ վելիկո(մեծ) ռուսական) տարածքներ հենց այդ եռյակի հիմքի վրա:

Սա լավ էին հասկանում նաեւ Արեւմուտքում, ուստի՝ անգամ Ուկրաինան տրոհելու գնով գնացին ռուս-ուկրաինական առճակատմանը: Բելառուսի հետ հնարավոր չեղավ դա անել, բայց Ուկրաինայի հետ զարմանալիորեն հեշտ ստացվեց: Հիմա անգամ Ռուսաստան-Բելառուս միության կայացումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ սլավոնական երկրների կամ նախկին խորհրդային հանրապետությունների չմիացման որոշում կայացրած մտածելակերպի վրա:

http://www.hayary.org/wph/?p=3880 Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ ՀայաստանինըՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական լծակները «տեղացիների» մոտ չեն եւ «տեղացիները» չեն որոշում սեփական երկրի ճակատագիրը: Ահա սա էր պատճառը, որ շատ արագ ստացվեց առճակատումը: Ուկրաինական բանդերականներն անգամ որոշ գործարարների ու ղեկավարների հրեական արմատները հրապարակեցին, ովքեր ֆինանսավորում էին հեղափոխական մայդանն ու ներկա իշխանությանը, սակայն, ինչպես ասում են՝ բանը բանից անցել էր…

Այսօր, չնայած քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակներին, Մոսկվան հայտարարել է, որ այլեւս չի կարող լինել միաբեւեռ աշխարհ, եւ Ռուսաստանն ինքը դա թույլ չի տա: Վլադիմիր Պուտինը նույնիսկ բացեիբաց հայտարարեց, որ յուրաքանչյուր հարձակում Ռուսաստանի վրա կազդարարի համաշխարհային 3-րդ պատերազմը, իսկ հակառակորդները պիտի հասկանան, որ Ռուսաստանը ժամանակակից ատոմային զենքերով պաշտպանված պետություն է եւ այն կկիրառի առանց որեւէ կասկածի… Սա, իհարկե, սառը ցնցուղ էր Արեւմուտքի համար, որը տնտեսական պատժամիջոցներից այն կողմ չանցավ՝ հասկանալով, որ միջուկային հարվածները անխուսափելի կդառնան:

Մոսկվան էլ նկատելով այս մտայնությունը, անցավ լուրջ իրավա-քաղաքական հակամարտության: Ամեն բան սկսվեց Ղրիմից, երբ այս նախկին ռուսական տարածքը հայտարարեց իր անկախության, ապաեւ՝ Ռուսաստանին վերամիավորվելու մասին: Ուկրաինայի նախկին նախագահը, ով ստորագրել էր ԽՍՀՄ-ի կազմաքանդման փաստաթուղթը, հայտարարեց, որ դեռ այն ժամանակ պատրաստ էին առանց Ղրիմի անկախանալու, քանի որ Ղրիմը ԽՍՀՄ-ի ուկրաինացի ղեկավար Նիկոլայ Խրուշչովի նվերն էր Ուկրաինային՝ իր ղեկավարման տարիներին, իսկ մինչ այդ Ղրիմը երբեք չի եղել ուկրաինական: Սա հայտարարեցին նաեւ Մոսկվայից եւ նշեցին, որ Ռուսաստանը իրավունք չուներ լքել Ղրիմի բնակիչներին: Որ հարցի լուծման գլխավոր գործոնն է եղել այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը։ «Կարծում եմ, որ մենք ճիշտ ենք վարվել, եւ ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ամենակարեւորը մեզ համար պարզելն էր, թե ինչ են ցանկանում հենց Ղրիմում բնակվող մարդիկ։ Ուզում են մնալ Ուկրաինայի կազմում, թե լինել Ռուսաստանի հետ։ Եթե մարդիկ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան եւ չեն ուզում ապրել նեոնացիստների, ծայրահեղական ազգայնամոլների ու բանդերական իշխանության ներքո, ապա մենք իրավունք չունենք նրանց լքելու», – ասել էր Վլադիմիր Պուտինն ու հավելել, թե Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում սա է եղել ռուսական կողմի հիմնական ուղերձը արեւմտյան գործընկերներին։

Սակայն իրադարձությունները ծավալում ստացան նաեւ Արեւելյան Ուկրաինայում եւ ստեղծվեցին Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, որոնք ցայսօր կատարում են միայն Մոսկվայի հրահանգները: Սա եւս չկանգնեցրեց արեւմտյան գործիչներին, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունները այն աստիճանի են վերածվել ատելության, որը թերեւս զիջի միայն ռուս-լեհական ատելությանը… Հիշեցնենք, որ Լեհաստանն էլ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից եւ Բելառուսից: Փաստորեն, հնարավոր է, որ Ուկրաինայից մնա միայն Կիեւը՝ հարակից տարածքներով, քանի որ Արեւելյան Ուկրաինայի առանձնացումից (նաեւ Օդեսայի տարածաշրջանում եւս կան ռուսամետ խմորումներ) հետո հաստատ իր անկախությունը կհռչակի նաեւ Արեւմտյան Ուկրաինան՝ բանդերականների կողմից…

Սա այն է, ինչ Վլադիմիր Ժիրինովսկու բերանով լսեցնում են Մոսկվայից: Սակայն սա դեռ վերջը չէ: Պարզվում է, որ ռուսական ազգայնամոլները չեն հաշտվում նաեւ Միջին Ասիայի երկրների տարածքների մեծ չափերի հետ: Նրանք գտնում են, որ այդ անհայրենիք տափաստանաբնակները իրավունք չունեն ԽՍՀՄ-ի հաշվին ձեռք բերած տարածքերով մնալ… Հատկապես. որ անընդհատ փորձում են հեռանալ ռուսական շահերի շրջանակներից: Ավելին՝ 5 միջինասիական երկրներից 4-ը դարձել են համաթուրքական դաշինքի անդամ, եւ ԱՊՀ-ն այլեւս կարեւոր կառուց չեն համարում: Եվ Թուրքմենստանին, Ուզբեկստանին եւ Ղրղզստանին հասնելու համար Մոսկվան նախ պիտի մասնատի Ղազախստանը, որն իր տարածքով աշխարհի 10 մեծ պետությունների շարքին է դասվում:

Ամիսներ առաջ նույն Վլադիմիր Ժիրինովսկին ասաց, թե Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո կանցնեն Ղազախստանին: Գուցե դա չզարմացներ, եթե Ռուսաստանի նախագահը եւս չասեր այդ մասին՝ նշելով, որ այդ հսկա տարածքները հայրենիք չի կարող կոչվել որոշ երկրների համար, որտեղ անգամ այսօր չկան ձեւավորված ազգեր… Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անմիջապես արձագանքեց, թե Չինգիզ խանի ժամանակներից սկսած իրենք եղել են եւ ավելի հին պետություն ունեն, քան Ռուսաստանն է… Իհարկե, մոնղոլ-թաթարական արյունը հարազատ է թյուրքական քոչվորների համար, սակայն հաստատ թյուրքական չէ… եւ մոնղոլ-թաթարական եւ չինական քաղաքակրթությունները որեւէ կապ չունեն թյուրքական արհեստածին գենի հետ: Առավել եւս, որ ղազախները, ուզբեկները, ղրղզները կամ ադրբեջանցիները թյուրքական տարրի երկրորդական մասնիկներն են… Իմիջիայլոց, այդ մասին էլ է ժամանակին խոսել Պուտինի խեղկատակ Ժիրինովսկին՝ ասելով, թե ադրբեջանցի ազգ երբեք չի եղել, իսկ Ադրբեջանն էլ ստեղծվել է միայն 1918թ.՝ էլի ԽՍՀՄ (եւ ոչ միայն ԽՍՀՄ-ի – Ա.Ա) նպատակների համար…

Թուրք-թաթարական նախկին համերաշխությունը փորձում են այսօր եւս կիրառելի դարձնել, սակայն ապարդյուն: Անկարան ցայսօր պահանջում է Ղրիմը տալ թաթարներին եւ պատրաստ էր անգամ հակամարտել Մոսկվայի հետ, եթե Վաշինգտոնը սատարեր, սակայն «ատոմային ահաբեկումը» զգուշացրեց Վաշինգտոնին… Անկարան, սակայն, համառում է, վերջերս թուրքական պատվիրակությունը այցելել է Ղրիմում ապրող թաթարներին, բայց… գոհացել է նրանց վիճակով: Թուրքիայի իշխող կուսակցությունից նախկին պատգամավոր Մեհմեդ Ուսքյուլի գլխավորությամբ դիտորդական խումբը Ղրիմում ուսումնասիրել է տեղի թաթարների դրությունը եւ հայտարարել, որ արդյունքը գոհացնող է: Նշենք, որ 2014թ. աշնանը Ղրիմում անցկացված մարդահամարի արդյունքների համաձայն, այնտեղ ապրում է մոտ 230 հազար թաթար, որ կազմում է տեղի բնակչության 10,6%-ը:

Բայց համաթյուրքական դաշինքը այսօր ավելի մեծ վտանգ է զգում՝ Ղազախստանը վախենում է հայտնվել Ուկրաինայի վիճակում: Այդ երկրւմ նկատվող ժողովրդագրական տեղաշարժերը պարունակում են այն նույն ցուցիչները, որոնք նախորդ տարի հակամարտություն հրահրեցին Ուկրաինայում: Այս մասին գրում է նաեւ The Washington Post պարբերականը՝ նկատի ունենալով, որ Ղազախաստանում ապրող էթնիկ ռուսները վերջին շրջանում սկսել են իրենց անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ հայտնել, ինչպես որ ժամանակին տեղի ունեցավ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում ու Ղրիմում: Հիշեցնենք, որ այստեղ բնակչության ավելի քան 40%-ը ռուսներ են կամ ռուսախոսներ: Եվ տարիներ առաջ ղազախ ղեկավարները որոշեցին մայրաքաղաքը Ալմաթիից (որ երկրի հարավային մասում է) տեղափոխել երկրի հյուսիսային հատված, որտեղ առավելապես ռուսներ են բնակվում եւ մոտ է Ռուսաստանի սահմանին՝ Աստանա, որպեսզի ոտնձգության դեպքում Մոսկվան զգուշանա Ղազախստանի նոր մայրաքաղաքը գրավելուց…

Ղազախաստանում մտավախություն կա, որ միջէթնիկական բախումների հավանականության տեսանկյունից օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները (որում գործող նախագահը հաղթեց սովետական ավանդույթների համաձայն՝ ավելի քան 97%-ով) կարող են վերջին խաղաղ ընտրությունները լինել Ղազախաստանում եւ արդյունքում էությամբ թուրք Նազարբաեւի հեռանալուց հետո երկիրը կարող է հայտնվել միջէթնիկական սուր բախումների հորձանուտում:

«Ղազախստանի բնակչության քառորդ մասը էթնիկ ռուսներ են եւ նրանցից շատերն այսօր իսկ բախվում են այնպիսի դժվարությունների, ինչպես որ դա տեղի էր ունենում Ուկրաինայի ռուսների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց ստիպում են խոսել ղազախերեն, որի կիրառման դաշտը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Եվ ռուսների չնչին մասն է, որ առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի քաղաքական վերնախավում»,- գրում է ամերիկյան պարբերականը: Այս համատեքստում էլ հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահը հանձն է առել պաշտպանել էթնիկ ռուսներին աշխարհի որ երկրում էլ նրանք լինեն: Արեւմտյան զլմ-ները եւս հիշեցնում են, որ Ղազախստանում այս առումով մտահոգություններ առաջացան հատկապես այն ժամանակ, երբ անցյալ տարի Վլադիմիր Պուտինը երկիմաստ հոճոյախոսություն արեց Նուրսուլթան Նազարբաեւին՝ ասելով, որ նա ստեղծել է Ղազախստան պետությունը այնտեղ, որտեղ երբեք պետություն գոյություն չի ունեցել:

Այդ զլմ-ները նաեւ ահազանգել են, որ «Նազարբաեւից հետո շատ վտանգավոր անցումային փուլ կսկսվի: Երկրի ապագայի համար կատաղի պայքար կբռնկվի… Իրենց ապագայի հարցում Ղազախստանում ապրող էթնիկ ռուսների մտահոգությունն ու վախերը նույնպես մեծ են եւ նրանք արդեն իսկ անցյալ տարի նամակով դիմել են Կրեմլին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել»: Ռուս համայնքի ղեկավարներից Յուրի Բունակովը նույնպես նշել է, որ այս նախագահի հեռանալուց հետո իրադարձությունների զարգացման սցենարները չափազանց վատատեսական են:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։