Արցախը՝ տարածաշրջանի օրինավոր կղզյակ.- Արցախի քաղաքական ոլորտը… Արցախցիներն անցնում են մշտական խորհրդարանի…. Արցախյան ժողովրդավարության բացահայտումները…

Արցախը՝ տարածաշրջանի օրինավոր կղզյակ

Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի կարծիքով էլ՝ նման ընտրությունները պարզորոշ հիմնավորում են, որ Արցախի հայությունն ունի ոչ միայն ինքնահարգանք, այլեւ հարգանք է տածում միջազգային չափորոշիչներ հայտարարված սկզբունքների նկատմամբ: Այսինքն, արցախահայերը, չնայած միջազգային հանրություն կոչվածի անարդար որոշումներին, շարունակում են հարգալից վերաբերվել միջազգային կեցակարգին: Նաեւ հիմնավորվում է, որ Արցախի նոր սերունդը բոլորովին այլ մտածողություն ունի, որը չի կարող համատեղվել ադրբեջանական նավթա-բանանա-կամ ինչ-որ այլ բանային դոլարաշեն ապրելակերպի հետ, որի ամբողջ նպատակը աշխարհում հայատյացություն սերմանելն է… Իհարկե, հայ արիներն ու միավորված հեթանոս ազգայնականները վաղուց են հայտարարել, որ ճանաչում են ՀՀ-ԼՂՀ վերամիավորման երկկողմանի իրավական ու պատմական որոշումները, եւ Արցախը համարում են Հայաստանի 12-րդ մարզը, սակայն հասկանում են նաեւ, որ միջազգային մակարդակում պիտի դեռ հասնել այդ գիտակցության ամրագրմանը, ինչին էլ նպաստում են օրինական-իրավական հաջորդիվ քայլերը…

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները հերթական հիստերիան առաջացրին Ադրբեջանում: Ընտրական տեղամասում քվեարկելիս Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ այն հանգամանքը, որ աշխարհը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները, չի նշանակում, որ իրենք հուսահատվելու եւ շեղվելու են իրենց ընտրած ուղղուց. «Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, վճռականությունը ուղեկցել եւ ուղեկցում են մեզ»: Ըստ Արցախի նախագահի՝ այդօրինակ հատկանիշների գործադրումը օգնել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես նաեւ նվաճումներ եւ հաջողություններ ձեռք բերել: Իսկ դա անպայման կնպաստի նորանոր հաջողություններ արձանագրելուն, հատկապես, որ ընտրություններն ունեն նաեւ մեկ այլ յուրահատկություն՝ արցախցիներն անցնում են մշտական խորհրդարանի. «Այսինքն՝ ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, իսկ դա ինքնին նշանակում է, որ արհեստավարժ աշխատանք ենք իրականացնելու, հետեւաբար խորհրդարանի արդյունավետության աստիճանն ավելի բարձր է լինելու»:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրողների 70,6%-ը, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 102. 034 քաղաքացուց  ընտրություններին մասնակցել է 72.039-ը: «Պիտի ասեմ, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ այս թիվը ավելացել է: 2010թ.. մենք ունեինք 3135-ով պակաս ընտրող»,- ընտրությունների ավարտից հետո հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նա նշել է, որ ընտրական օրվա ամբողջ ընթացքում ընտրատարածքները չեն ստացել գրավոր դիմում-բողոքներ. «Միայն ԿԸՀ-ում ստացվել է 3 դիմում, որոնցից 2-ի խնդիրը լուծվել է հօգուտ դիմողի, իսկ 1-ը ընթացքի մեջ է»:

Ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտ էին ժամանել միջազգային դիտորդներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ էին ժամանել 100-ից ավել միջազգային եւ 110-ից ավել տեղական դիտորդներ եւ այլ հյուրեր:  

Ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաեւ այլընտրանքային համարվող՝ Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն ընտրողներին ներկայացավ պատրաստված թիմով, այլընտրանքային ծրագրով ու այլընտրանքային ներքաղաքական զարգացումներով։ Ի դեպ, այս ուժի հետ է կապվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, ով դեռ տարիներ առաջ էր բարձրաձայնել քաղաքական սերնդափոխության ու նոր մտածողության մուտքը քաղաքական դաշտ ապահովելու մասին։ Հանրությանը արդեն ծանոթ ուժերը եւս մասնակցռցին, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք»-ը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությանը եւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած ՀՅԴ-ն։ Կառուցողական ընդդիմություն եւս կար՝ «Շարժում–88»-ը, որի ցուցակը ղեկավարում էր իր կեցվածքով արդեն հայտնի ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը։ Ընտրությունների ավարտից հետո Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը նշեց, որ այս ընտրությունները չճանաչելն անտրամաբանական է. «Ընտրություններն, ընդհանրապես, նշանակում են եւս մեկ անգամ հաստատել մեր պետականությունն ու ցույց տալ, որ դա հարատեւ է ու անշրջելի»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Արցախի ընտրությունները չճանաչելուն՝ պատգամավորը նշել է, որ նախ եւ առաջ դա նրանց գործն է., եւ երկրորդ՝ ընտրությունները չճանաչելը լրջորեն կվնասի նաեւ բանակցություններին, օրինակ, համանախագահող պետությունների դեպքում, եթե մենք չլինենք, իրենք ի ՞նչ են անելու: Չեն կարող չէ՞ գնալ ուղղակի հրապարակում կանգնել ու սպասել, ով կգա բանակցելու: Անհեթեթ բան է, որ չեն ճանաչում»:

Խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի ժողովրդին ողջունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այսպիսի ընտրությունն արձանագրում է այն բացահայտ տարբերությունը, որը կա Արցախի ու բռնատիրական Ադրբեջանի միջեւ»,- Ստեփանակերտում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի խորհրդարանական ընտրություններին: «Հենց այս ակնհայտ տարբերությունն է պատճառը, որ Արցախյան ընտրություններն այդքան գրգռում են Ադրբեջանին»: Նա հավելել է, որ բոլորս էլ գիտենք Ադրբեջանի հայտնի սեւ ցուցակների մասին, որոնց իրական, խորքային իմաստն այն է, որ Ադրբեջանի համար լիովին անցանկալի է, որ Ղարաբաղ այցելած մարդիկ հետագայում լինեն Ադրբեջանում ու կարողանան համեմատել: «Այդ համեմատությունն իրենց համար մահացու է»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

100-ից ավելի արտասահմանցի դիտորդների հրավերն ու այցն Արցախ  մի պարզ բացատրություն ունի, որքան շատ մարդիկ իրենց աչքով տեսնեն իրականությունն ու փոխանցեն այն՝ այդքան լավ Արցախի համար: Իսկ նրանց գնահատականները իրապես կարող են փոխել իրավիճակն ու տանել դեպի ԼՂՀ ճանաչման: Շատերն իրենց համար պարզաբանում են նաեւ, թե ինչպես է Ադրբեջանը առաջնորդվում իր հայատյացությամբ, ինչպես է խախտում սահմանային անդորրը: Ոմանք արդեն իսկ համոզվում են, որ Արցախը չի կարող է լինել Ադրբեջանի կազմում, քանի որ ակնհայտ սադրիչ ու վտանգավոր պահվածք է դրսեւորում Բաքուն: Եվ ինչպես ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց. «Տարբեր մոտեցումներ ունեն մասնակիցները, բայց հիմնականում այն մարդիկ, ովքեր այստեղ են՝ ուղղակի հիացած են, որովհետեւ իրենց համար նման մակարդակով կազմակերպվածությունն անսպասելի էր: Մի բան է լսել՝ «թեժ գոտի» եւ մի բան է գալ ու տեսնել իրական կյանքը: Նույնիսկ Եվրոպայի փողոցներում չես հանդիպի այն հանգստությունը, որը կա Արցախի փողոցներում»:

Հիմա նոր սպասումններ կան, թե ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունները ԼՂՀ հիմնահարցի վրա: ԼՂ-ի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար դա նշանակալից է այնքանով, որքանով, որ մենք ենք ստանձել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ վարելու պարտավորությունը։ «Հայաստանը կարող է ասել, որ Արցախի գործող իշխանությունները վերահսկում են իրավիճակը, իշխանությունները ձեւավորվում են ժողովրդավարական թափանցիկ ճանապարհով եւ հետընտրական ցնցումներ կարծես թե չեն լինում»,- նշել է նա եւ հավելել, որ միջազգային տարբեր կառույցներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունները, որպես Ղարաբաղյան հիմնահարցի վրա ազդող երեւույթ, բայց միաժամանակ էլ Մինսկի խմբի համանախագահները կարեւորել են Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքը։

Այս ընտրություններն առանձնահատուկ են նաեւ մեկ այլ առումով. «Միջազգային տեսանկյունից ստիպված են լինելու անընդհատ հաշվի նստել այս փաստի հետ, որ այնտեղ խախտումներ չեն լինում, որ ժողովրդավարական օրինական ընտրություններ են՝ ուզեն, թե չուզեն, եւ դա առանձնացնում է ԼՂՀ-ի հիմնահարցը մյուս բոլոր այս տիպի հիմնահարցերից»,- նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ մենք պիտի ողջունենք, որ Ղարաբաղում առավել արդյունավետ ընտրություններ են ընթանում, որը պետք է նպաստի Արցախի՝ որպես պետության ճանաչմանը աշխարհով մեկ եւ նպաստելու է, որպեսզի մեր հայրենակիցները լիարժեք պետականություն ունենան, որը կընդունվի աշխարհով մեկ։ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի կարծիքով էլ՝ նման ընտրությունները պարզորոշ հիմնավորում են, որ Արցախի հայությունն ունի ոչ միայն ինքնահարգանք, այլեւ հարգանք է տածում միջազգային չափորոշիչներ հայտարարված սկզբունքների նկատմամբ: Այսինքն, արցախահայերը, չնայած միջազգային հանրություն կոչվածի անարդար որոշումներին, շարունակում են հարգալից վերաբերվել միջազգային կեցակարգին: Նաեւ հիմնավորվում է, որ Արցախի նոր սերունդը բոլորովին այլ մտածողություն ունի, որը չի կարող համատեղվել ադրբեջանական նավթա-բանանա-կամ ինչ-որ այլ բանային դոլարաշեն ապրելակերպի հետ, որի ամբողջ նպատակը աշխարհում հայատյացություն սերմանելն է… Իհարկե, հայ արիներն ու միավորված հեթանոս ազգայնականները վաղուց են հայտարարել, որ ճանաչում են ՀՀ-ԼՂՀ վերամիավորման երկկողմանի իրավական ու պատմական որոշումները, եւ Արցախը համարում են Հայաստանի 12-րդ մարզը, սակայն հասկանում են նաեւ, որ միջազգային մակարդակում պիտի դեռ հասնել այդ գիտակցության ամրագրմանը, ինչին էլ նպաստում են օրինական-իրավական հաջորդիվ քայլերը:

Ժողովրդավարական ընտրությունները նախ եւ առաջ Արցախի ապագայի համար են.- ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ընդունելով խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների: Բայց կարեւորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերը՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու եւ փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեեւ իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար:

Ինչեւէ՝ ընտրությունները մեկ քայլ առաջ են Արցախի ժողովրդավարության կայացման ճանապարհին, դիտորդներն էլ գոհ են մնացել ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպեսեւ ընտրողների մասնակցության մակարդակից:

Հայկ Թորգոմյան

Արցախյան ժողովրդավարության բացահայտումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ-ի ընտրությունների վերաբերյալ համաշխարհային հիստերիա ծավալեց, որին այս անգամ այնքան էլ չօժանդակեց Թուրքիան, որը դեռ ուշքի չի եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարվածներից: Ուստի՝ Բաքուն այլ միջոցների դիմեց, անգամ փորձեց աղավաղել այս կամ այն պետության տարածած հայտարարության իմաստը: Հատկապես փորձ արեց ԱՄՆ-ի հայտարարությանն մեջ ճշգրտում մտցնելու: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւն ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի (ԱՄՆ) արած հայտարարությունում կիրառվել է «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը. «Դա սխալ է եւ անընդունելի: Ընդհանուր առմամբ, գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն: Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն ունի իր բնակչությունը, որը բաղկացած է հայ եւ ադրբեջանական համայնքներից: Տվյալ փաստը պետք է արտահայտվի հստակ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ այդպես էլ շարունակել ներկայացնել Արցախի խորհրդարանական ընտրությունները:

ԱՄՆ Պետքարտուղարը չի արձագանքել այս «սրբագրմանը». սակայն պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտնել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ճանաչի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ ԱՄՆ-ն ԼՂՀ-ն որպես անկախ, ինքնիշխան հանրապետություն չի ճանաչում: Նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում «մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը հապճեպ եզրակացություններ կատարել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, ԱՄՆ-ն չի պատրաստվում կանխորոշել ԼՂ իրավական կարգավիճակը կամ հարատեւ ու խաղաղ կարգավորմանը միտված միջազգային բանակցությունների ելքը… Իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան որոշելու դերակատարում ունի»։

Իսկ ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը հայտարարել է, որ «ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, ազատ, արդար պայմաններում, համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Նա իր խոսքում նշել է, որ այս կարծիքը միայն իրենը չէ, այլ ընտրությունների ընթացքին հետեւող ամերիկացի բոլոր դիտորդների գնահատականը: «Տպավորված եմ պրոֆեսիոնալիզմով ու նվիրվածությամբ, որ նկատեցինք ողջ գործընթացում»,- ասել է նա՝ հատկապես ողջունելով մեծ թվով կանանց ներգրավվածությունը ինչպես ընտրական գործընթացները կազմակերպելու, հետեւելու գործում, այնպես էլ հենց կին թեկնածուների առկայությունը:

«Ընտրությունները մրցակցային էին: Արցախում անցկացված ընտությունները դիտարկում ենք որպես ժողովրդավարության օրինակ»,- ընդգծել են ԱՄՆ դիտորդները եւ նշել, որ դա վկայում է, որ ԼՂՀ-ն ժողովրդավարական երկիր է: Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Լ. Պելերինը նույնպես նշել է, որ ընտրություններն անցկացվել են արդար, անվտանգ մթնոլորտում: Հավելել է, որ վերադառնալով Կալիֆորնիա, խնդրելու է Սանտա Կրուզի ղեկավարությանն աջակցել Լեռնային Ղարաբաղին՝ զարգանալու որպես անկախ ու ազատ երկիր. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ինչքան շատ ընդունեն բանաձեւեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ճանաչեն անկախությունը, ազդեցություն կունենան ամերիկյան ղեկավարության վրա, որ նույնպես ճանաչի»:

Ըստ դիտորդների, այլ երկրների նման Լեռնային Ղարաբաղն ունի կառավարություն, ընտրական համակարգ, որը շատ լավ է գործում, ինչպես իսկապես ժողովրդավարական երկիր եւ այս ամենը վկայում է, որ, իրոք, Ղարաբաղում անկախ պետություն է, այնտեղ ապրում է անկախ ժողովուրդ: Դեւիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշել է, որ իրենց վերջնական զեկույցում կփորձեն մի քանի խորհուրդներ ներառել, որը կնպաստի ավելի մեծ քանակի մասնակցություն ապահովելու համար: Ըստ նրա, դա կօգնի, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան հեշտությամբ մասնակցել ընտրական գործընթացին: Դիտորդների խոսքով, ԼՂՀ կառավարությունը բաց է խորհուրդներ, առաջարկություններ ընդունելու համար ընտրական գործընթացը է՛լ ավելի բարելավելու համար:

Եվրախորհրդարանում լսվեց Արցախի խմբի պատվիրակության ԼՂՀ-ում  խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ զեկույցը, որում մասնավորապես նշված է, որ ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը՝ ԵԽ Արցախի խումբը պատվիրակություն ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ 2015թ. մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով: Թեեւ Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի պատճառով ԵԽ կամ ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնական դիտորդական առաքելությունը բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել եւ գնահատել ընտրական գործընթացը: Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից եւ ուղեկցող անձնակազմից: Խումբը նախ հանդիպել է բոլոր թեկնածուներին, ապա շրջել ավելի քան 20 ընտրատեղամասում, հետեւելով որոշընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ ընտրատեղամասերի փակմանը:

Ընդհանուր առմամբ, ըստ եվրադիտորդական խմբի եզրակացության, ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլեւ նախանշել որպես ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հստակ միաձուլում ԼՂՀ-ում: Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը: Դիտորդական առաքելությունն իր երախտագիտությունն է հայտնել ԼՂՀ իշխանություններին 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում բացարձակ թափանցիկության ու բաց համագործակցության պայմաններում լիակատար աջակցություն ցուցաբերելու համար: Եվրոպական խորհրդարանում Արցախ խումբը նաեւ իր շնորհակալությունն է հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը՝ դիտորդական առաքելության նախապատրաստման եւ իրագործման ընթացքում վճռական եւ անմնացորդ աջակցության համար: 

«Պետք է ասեմ, որ այստեղ ընտրությունները դրական առումով զգալիորեն տարբերվում են իմ երկրում անցկացվող ընտրություններից»,-  ասել է ընտրությունները դիտարկելու համար Ստեփանակերտ ժամանած զիմբաբվեցի լրագրող Էնդրիու Մամբոնդիանին: Պատասխանելով հարցին, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները, նա նշեց, որ դա առաջնային հարց չէ. «Կարեւորը, որ ընտրություններն անցնեն արդար ու ազատ մթնոլորտում: ԱՄՆ-ն, օրինակ, մեզ մոտ անցկացվող ընտրություններն էլ չի ճանաչում»: Էնդրիու Մամբոնդիանին մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում է եւ իր խոսքում նշեց, որ հիացած է Արցախով՝ մարդկանցով, բնությամբ, գեղեցիկ կառույցներով. «Այստեղ ամեն բան աննկարագրելի գեղեցիկ է՝ Շուշին, Գանձասարը… Անպայման կրկին կլինեմ Արցախում, ընկերներս արդեն կատակում են, որ կարող եմ Զիմբաբվեում Արցախի ներկայացուցիչը լինել»:

Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենեւայն Հանս Յորգին եւս հիացել է ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների մակարդակով եւ Արցախով: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության եւ ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ավստրիացի պաշտոնյային եւ համոզմունք հայտնել, որ Արցախի բարեկամների թիվը եւս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Արցախի վարչապետը կարեւորել է Ավստրիայի խորհրդարանի ու քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման եւ ամրապնդման նշանակությունը, նա շնորհակալություն հայտնել ավստրիացի գործընկերոջը եւ Ավստրիայի ազատական կուսակցությանը՝ վերջերս երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը եւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։