Հայկական խոհանոց – Սմբուկով եւ հոնի չրով աղցան… «ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում կհավաքի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ… Թանգարանային գիշերներ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով եւ հոնի չրով աղցան

Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ- 1 հատ, գլուխ  սոխ – 1 հատ, գունավոր տաքդեղ – 3 հատ, սխտոր – 1 գլուխ, բուսայուղ – 200 գ, հոնի չիր – 100 գ, համեմ, սամիթ, մաղադանոս – 1 կապի չափ:

Պատրաստման եղանակը – Սմբուկը, դդմիկը եւ տաքդեղները ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել:

Հետո ավելացնել սխտորն ու մանր կտրտած կանաչեղենը եւ վերջում՝ հոնի չիրը: Անուշ լինի:

«ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում է կհավաի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ

1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ը 1 հարկի տակ է հավաքելու աշխարհի 1 տասնյակից ավելի երկրներ ներկայացնող 52 արվեստագետի մոտ 130 աշխատանք: Էքսպոն բացվելու է մայիսի 19-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի պատկերասրահում։ Մասնագետ արվեստագետներն արտերկրից (Վրաստան, Իրան, Ճապոնիա, Բելառուս, Ղազախստան, Հոլանդիա, Շվեդիա, Պերու, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) եւ Հայաստանից ցուցադրելու են իրենց գեղանկարները, գծանկարները, քանդակները, լուսանկարներն ու թվային վիդեո արվեստը:

«Շատերն են դիմել, մենք ընտրել են միայն պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքները: Արվեստագետների մի մասին մենք ենք հրավիրել, մի մասն էլ տեղեկանալով էքսպոյի մասին, իրենք են դիմել՝ մասնակցության համար»,- ասաց Վակո Արմենոն: Ներկայացվելիք աշխատանքները, ըստ համադրողի, տարբեր ոճերի են, թեման էլ ազատ է եղել: Նա նշեց, որ ռեալիստական աշխատանքներ չկան, հիմնականում 20-րդ տարի տարբեր ուղղություններ ու դպրոցներ ներկայացնող արվեստագետների ստեղծագործություններ են: Օտարազգի արվեստագետներից ոմանք ներկա են լինելու էքսպոյի բացմանը:

«Ես երեք անգամ Եվրոպայում մասնակցել եմ նման ցուցահանդեսների: Որոշեցի Հայաստանում էլ կազմակերպել: Ինչո՞ւ ոչ: Իհարկե, բավական բարդ, դժվար աշխատանք է, բայց արդեն գրեթե պատրաստ ենք: Նպատակ ունենք այսպես նպաստել մշակույթի զարգացմանը, հայ եւ արտասահմանից արվեստագետների միջեւ կապի ամրապնդմանը, նաև հենց օտարազգի արվեստագետներին ծանոթացնել հայ արվեստի հետ»,- ասաց Վակո Արմենոն: Նա նշեց, որ էքսպոն կանցկացվի ամեն տարի, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ավելի շատ մասնակիցներ կլինեն: «Նպատակ ունեմ՝ էքսպոն ժամանակի ընթացքում վերածել բիենալեի: 2 տարին մեկ կանցկացվի ու ավելի մեծ մասշտաբներով»,- ասաց 1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ի կազմակերպիչը:  

Վակո Արմենոյի կարծիքով, ցուցահանդեսը կհետաքրքրի արվեստասեր հայ հասարակությանը, քանի որ մեկտեղված ներկայացված են լինելու աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 5 տասնյակից ավելի արվեստագետների աշխատանքներ՝ տարբեր ոճեր, տարբեր մոտեցումներ, տարբեր թեմաներ, բայց նպատակը մեկը՝ ստեղծել արվեստի գեղեցիկ, մարդկանց գերող ստեղծագործություն:

Թանգարանային գիշերվա շրջանակներում ԳԱԿ-ում ցուցադրվելու է Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավը

Մայիսի 16-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային թանգարանային համայնքի հետ միասին տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00-ն: Panorama.am-ից արվեստի կենտրոնի միջոցառումների համակարգող Մարիա Հովսեփյանը հայտնեց, որ Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի նկարիչ Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավի ցուցադրության բացումը կենտրոնի «Խանջյան» սրահում: Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու ընթացիկ ժամանակավոր ցուցադրությունները. «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» Սասունցի Դավիթ պարտեզի սրահում եւ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» Արծիվ սրահում: Վերջինների հիման վրա Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվեն նաև երկու կրթական ծրագիր՝ Հայկական կոլաժներ (հիմնված «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության վրա), Հիշողության քարտեզ (հիմնված «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրության վրա):

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հանրության համար անվճար բաց կլինի նաեւ մայիսի 17-ին (10:00-20:00) եւ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը (10:00-17:00): Հիշեցնենք, որ մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Այս տարի մասնակից թանգարանների թիվը 111-ն է:

Հայաստանը ղեկավարման էստաֆետը հանձնեց Ֆրանսիային

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երեւանյան կոմյունիկեն եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:

Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության եւ կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության  համատեքստում: Մեր նախարարը հայտարարել է, որ Երեւանյան գագաթաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Բռնցքամարտի հավաքականը կհրաժարվի՞ Բաքու մեկնել

«Դեռ վաղ է խոսել Բաքվի մասին: Ես առաջիններից եմ, ով պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հնարավոր է, որ մենք հրաժարվենք խաղերին մասնակցել,- այս մասին հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

«Դեռ ժամանակ կա որոշում կայացնելու կամ որոշումից հրաժարվելու: Ադրբեջանն ունի ոչ մարզական գործելաոճ: Վերջին տվյալների համաձայն՝ Բաքվում խաղերի կրակը պատրաստվում է գեներալի համազգեստով վառել Ռամիլ Սաֆարովը: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ եթե նրանք փոխեն իրենց մոտեցումները եւ դրանք լինեն զուտ մարզական, մենք կմեկնենք Բաքու ու հաղթանակներ կունենանք այնտեղ»,- նշել է Արթուր Գեւորգյանը:

Հայ-ադրբեջանական հերթական բախումը մրցասպարեզում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը չի կարող չանդրադառնալ այս կամ այն ոլորտին, այդ թվում՝ սպորտի բնագավառին եւ ահա որերրորդ անգամ ադրբեջանցիները մարզաշխարհում եւս զբաղված են հակահայկական դրսեւորումներով: Օրերս Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխ էր հարձակվել: Անգամ խոսվում էր նպատակադրված դավադրության մասին, որն այնքան էլ հեռու չէ վրացիներից:

Տակավին վերջերս, սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, երբ հնչել էր Հայաստանի պետական օրհներգը հայ մարզիկի պատվին, ադրբեջանցի մարզիկը կքանստած է մնացել, ում նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ հայկական կողմը վճռական եղավ: Իսկ Թբիլիսիի «Սպորտի տանը» անցկացվող Շոտոկան կարատե-դոի միջազգային 6-րդ առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբեր: Մեծ թվով երկրներ են եղել ու կազմակերպիչներն այն ոչ պաշտոնապես կոչել էին «Աշխարհի գավաթ», ինչն էլ երեւի թե ոգեւորել էր ոմանց: Այդ ժամանակ տատամիում մրցել են ադրբեջանցի մարզիկը եւ Ախալքալաքի Նինոծմինդա քաղաքի թիմի հայ անդամը: Մենամարտի ժամանակ մրցավարական խնդիրների պատճառով մարզիկների միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է բախման, ինչի պատճառով Նինոծմինդայի թիմը եւ ադրբեջանցին հեռացվել են մրցաշարից, իսկ մենամարտը սպասարկող մրցավարը 1 տարով որակազրկվել է: Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Իսկ ըստ հայկական կողմի՝ Հայաստանի հավաքականը ծեծկռտուքի հետ կապ չի ունեցել:

Հայաստանը թաեքվոնդոի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի «Տրակտոր» մարզապալատում ընթանում է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 4 մարզիկներ՝ Հայկազ Սամվելյանը (58 կգ), Հակոբ Ղազարյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Արման Երեմյանը (80 կգ): Մրցաշարը կավարտվի մայիսի 18-ին:

Մեդալներ՝ բռնցքամարտիկների եւ ըմբշամարտիկների մրցաշարերից

Հայաստանի բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Մինսկում կայացած Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցեւի միջազգային հուշամրցաշարում: Նարեկ Աբգարյանը (52 կգ) եզրափակչում պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցչին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արա Պուլուզյանը (64 կգ) չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը եւ գրավել է 3-րդ տեղը՝ բրոնզե մեդալով:

Բելառուսի մայրաքաղաքում միաժամանակ կայացած «Հաղթանակ գավաթ» հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, մեր երիտասարդական հավաքականը նվաճել է 3 մեդալ: Նորիկ Հախոյանը (50 կգ) գրավել է 2-րդ տեղը, իսկ Տարոն Դումոյանը (60 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է մրցամարտի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կրկին ռինգ կմտնի: WBA վարկածով կիսաթեթեւ քաշային կարգի աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խեսուս Մարսելո Անդրես Կուեյարը հայտնել է, որ չեմպիոնական գոտու համար հաջորդ մրցամարտն անցկացնելու է հունիսի 6-ին, Վախթանգ Դարչինյանի հետ: Սակայն դեռեւս հայտնի չէ մրցամարտի անցկացման վայրը:

28-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկը 27 մրցամարտերում տարել է 26 հաղթանակ, այդ թվում 20-ը նոկաուտով: Վախթանգ Դարչինյանը, ով այս տարվա հունվարի 7-ին դարձել է 39 տարեկան, պրոֆեսիոնալ ռինգում տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ 1 անգամ ոչ-ոքի է արել:

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կմտնի հուլիսի 18-ին

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հերթական մրցամարտը կանցկացնի հուլիսի 18-ին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը 4-րդ անգամ կհանդիպի այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Նախորդ 3 մենամարտերից 2-ում հաղթել էր Արթուրը, իսկ 1 անգամ առավելության էր հասել գերմանացի բռնցքամարտիկը: Մրցամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Հավանական թեկնածուներն են Մյունխենը, Լեյպցիգը, Շտուտգարտը եւ Հալեն:

Տիգրան Կիրակոսյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին,  մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Ուրախալի է, որ նրանցից 3-ն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում եւ հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն: Ի դեպ, մեր 3 մեդալակիրներն էլ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով ունենք 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

Հայաստանում էին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Խառը մենամարտերի չեմպիոն, ամերիկուհի Ռոնդա Ռոուզին ցուցադրական մարզում է անցկացրել Երեւանի «Դինամո» մարզադահլիճում: Անվանի մարզուհին եւ դերասանուհին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր անձնական մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ ժամանել էր Հայաստան: «Ուրախ եմ, որ այս օրերին լինելու եմ հայ ժողովրդի կողքին: Գիտեմ, որ 1915թ. ցեղասպանություն է եղել: Ես եւ մարզիչս որոշեցինք գալ եւ մեր աջակցությունը ցուցաբերել հայ ժողովրդին: Կփորձեմ նաեւ խորհուրդներով օգնել հայ բռնցքամարտիկներին»,- ասել է Ռոնդա Ռոուզին, ում բաց մարզումը տեւել է մոտ 1 ժամ:

Աշտարակում անցկացվել է «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը

Մայիսի 14-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն այս անգամ անցկացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, որին մասնակցել են քաղաքային համայնքներում հաղթած նախադպրոցական հիմնարկներն ու դպրոցները: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված նախադպրոցական հիմնարկների միջեւ անցկացվող մրցույթում հաղթող է ճանաչվել Թալինի № 3 նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղը գրավել է Աշտարակի «Հովիկ» նախադպրոցական հիմնարկը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել են Ապարանի № 1 եւ Թալինի № 2 նախադպրոցական հիմնարկները:

Միջոցառմանն ակտիվ մասնակցության համար նախարարության շնորհակալագրով պարգևատրվել է Աշտարակի «Մանուշակ» նախադպրոցական հիմնարկը, իսկ մրցանակակիր թիմերը պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Արագածոտնի մարզպետարանի համապատասխան կարգի հավաստագրերով ու գավաթներով:

Դպրոցական 5-6-րդ դասարանցիների միջեւ անցկացվող «Սպորտլանդիա-2015» մարզական մրցույթում հաղթողի կոչումը նվաճել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան № 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղն զբաղեցրել է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան № 3 հիմնական դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցության համար նախարարության շնորհակալագրով պարգևատրվել է Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ մրցանակակիր թիմերը պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Արագածոտնի մարզպետարանի համապատասխան կարգի հավաստագրերով ու գավաթներով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.