Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը
Ժամանակին երբ մեր էլցանցերը մասնավորեցվում էին, բազմաթիվ բողոքներ հնչեցին: Պետությունը հանրությանը հանգստացրեց այն առումով, որ դա բաշխիչ ցանցերն են ընդամենը, իսկ կարեւոր՝ բարձրավոլտ էլցանցերը մնում են պետության սեփականությունը (ցայսօր այդպես է): Բայց արի ու տես, որ այս բաշխիչ ցանցերը սեփականացնելը իսկական պատուհաս դարձավ սպառողներիս գլխին: Իրականում սա նաեւ փորձանք է հենց պետության գլխին, բայց քանի որ իշխանությունները դա դեռ չեն հասկացել, այն դառնում է միայն սպառողների հոգսը:
Բանն այն է, որ ռուսական կողմը երբ ստացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սկզբում խոստացավ, որ կլինեն հստակ ներդրումներ, որոշակի արդյունքներ եւ դրական զարգացման դինամիկա: Բայց ընկերությունը փոքր-ինչ առաջ անցավ, եւ դեռ այդ լա՜վ ապագային չհասած՝ ղեկավար կազմին շա՜տ լավ աշխատավարձեր նշանակեց: Տարիների ընթացքում վարկեր ներգրավվեցին: Սպառողների համար դա ոչնչով տեսանելի չեղավ: Որովհետեւ, օրինակ, Բուզանդի փողոցում, Ագաթանգեղոսի փողոցում, Ավանում ինչպես եւ կային հոսանքազրկումները, այդպես էլ մնացին: Բնակիչները զանգում էին եւ պատասխան ստանում, թե լարերը մաշված են եւ այլն եւ այլն: Բայց վարկերը գալիս էին ու գալիս, իսկ լարերը մաշվում էին ու մաշվում: Երբ սպառողները պետությանն էին բողոքում, էներգետիկայի նախարարությունը պատասխանում էր, թե իրավասու չէ ոչինչ անել, քանզի դա մասնավոր ընկերություն է, եւ նաեւ չի կարող ասել, թե ինչքան վարկ է ներգրավվել ու ինչ ուղղությւններով է ծախսում այն ընկերությունը:
Մի խոսքով, ահա այդ՝ մասնավորի գործունեությանը չմիջամըտելը հասցրեց բարձիթողի մի այնպիսի վիճակի, որ համարյա ամեն տարի մեր երկրում էլէներգիան թանկանում է եւ դեռ կշարունակի թանկանալ:
Հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց: Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»:
«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ»,- ասաց Երվանդ Զախարյանը: Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- հայտնեց նախարարը:
Տեղեկացնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման եւ հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (իմա՝ սպառողների կողմից արվող վճարների) վերանայման հայտերով: Իսկ ՀԷՑ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: Հիմա՝ թե ինչքան կթանկանա սակագինը, առայժմ պարզ չէ: «Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց եւ հիմնավորումները քննարկելուց հետո»,- նշեց նախարարը:
Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել էր, որ էլէներգիան գոնե այս տարի չի թանկանա: Ի պատասխան լրագրողների հիշեցումների, նախարարը նշեց, թե « կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից»:
Համապատկերում նախարարը հայտնեց նաեւ, որ բոլոր երկրներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, եւ դա բնականոն գործընթաց է: Նրա գնահատմամբ՝ սակագները Հայաստանում եւս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն:
Սա պետք է հասկանալ՝ կթանկանան, քանզի կյանքը ցույց է տվել, որ մեզ մոտ վերանայումը երբեք էժանացում չի ենթադրում:
Այնուամենայնիվ, ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին վճարի ոչ հայկական ընկերության (օտարերկրյա՝ ռուսական պետական կառույցի) ձախողումների համար: Մանավանդ, որ ձախողումների պատճառը սպառողը չի եղել՝ հաշվի առնելով սպառած էլէներգիայի դիմաց գանձումների 100 տոկոս մակարդակը: Լրագրողների հարցադրումներին ի պատասխան նախարարը երկրորդեց, թե ձախողումների պատճառը ԱԷԿ-ի չնախատեսված կանգն էր, սակավաջուր տարին եւ այլ գործոններ:
Գանք ՀԷՑ-ի պարտքերին. նախարարի խոսքերով՝ ուսումնասիրությունները պարզել են, որ 2012-2014թթ-ին ոչ իրատեսական էներգաարժեկշիռների, ատոմակայանի չնախատեսված կանգի եւ ջրի սակավության պայմաններում հիդրոէլեկտրակայաններում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ընկերությունում առաջացել է շուրջ 27,6 մլրդ դրամի ճեղքված: Բացի այդ, դարձյալ ըստ նախարարի, այստեղ կարեւոր դեր է խաղացել ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը (գուցե կրկնվում ենք, բայց սա շատ կարեւոր պահ է, որ հետագայում շատ հարցերի վրա լույս կսփռի,-Ա.Մ.): Ե. Զախարյանը շեշտեց, որ այս մարժային տարում էլ արդեն ձեւավորվել է 9.2 մլրդ դրամի ճեղքվածք: Այսինքն՝ վերջին երեք տարիների ընթացքում, ՀԷՑ-ում առաջացել է 37,6 մլրդ դրամի վնաս: Սրա հիմնավորված պատճառները մի կողմ թողած՝ (ԱԷԿ-ի կանգ, սակավաջուր տարի), կա նաեւ վատ կառավարման գործոնը, որը նույնպես պարտքերի գոյացման պատճառ է դարձել:
«Վատ կառավարումը ընթացիկ աշխատանքներ են, որոնց համար պատասխանատուները հավանաբար կպատժվեն,-ասաց նախարարը,- վատ կառավարման համար որոշակի չափանիշներ չկան, որ ճշտես, թե ինքան վնաս են հասցրել, բայց արդյունավետ կառավարման դեպքում վնասները կարող էին ավելի քիչ լինել: Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ այսօր կա»: Ուշադրություն դարձնենք, նախարարն ասում է՝ հավանաբար կպատժվեն: Սա նշանակում է՝ չեն պատժվի:
Բացի այս ամենը, ըստ նախարարի, սակագների վերանայման մի պատճառ է կա. ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումները. «Ես համոզված եմ, որ այսօրվա սակագների վերանայման ներկայացված առաջարկները բոլորը հիմնավոր են»:
Երվանդ Զախարյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց, թե սակագների բարձրացումը ՀՀ-ից կախված չէ, քանի որ սեփական էներգակիրներ չկան: Իսկ այն դիտարկմանը, թե ԵՏՄ անդամ երկրների համեմատ էլեկտրաէներգիայի սակագինը ավելի էժան է, Ե. Զախարյանը պատասխանեց՝ մեջբերելով միայն ՌԴ-ի օրինակը, այն՝ որ Ռուսաստանն ունի սեփական գազ, նավթ, ենթակառուցվածքներ՝ գազ եւ նավթ տեղափոխոխելու համար. «Իսկ Հայաստանը տարանցիկ երկիր չէ ոչ նավթի, ոչ գազի համար, չունի սեփական էներգառեսուրսներ: Դուք ուզում եք սակագներով համեմատվել Ռուսաստանի հե՞տ»:
Չէ, Ռուսաստանի հետ չենք ուզում, պարոն նախարար, բայց այ Բելառուսի հետ ուզում ենք…
Սովետական գիգանտը անկախության օրոք կռացել է
«Նաիրիտ»-ի ճակատագիրը դեռ որոշված չէ: Համաշխարհային բանկն ուսումնասիրություններ է անում՝ գնահատելու քիմգործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախնական արդյունքներն արդեն կան: «Մենք արդեն ստացել ենք նախնական եզրակացությունը, եւ ես կարող եմ հայտարարել, որ Համաշխարհային բանկը ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը նպատակահարմար չէ»,- նշեց նախարարը:
«Այնուամենայնիվ, ի՞նչ են ասում այդ նախնական ուսումնասիրությունները եւ ինչ պատճառներ է նշում ՀԲ-ն, ըստ որոնց «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը նպատակահարմար չէ». հարցիս ի պատասխան Ե. Զախարյանը համառոտեց, թե վերագործարկման համար, նախնական տվյալներով, անհրաժեշտ կլինի 250-350 մլն դոլար, եւ դրանից հետո էլ պարզ չէ, թե արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ կլինի, թե ոչ, եւ արդյոք այդ շուկան կունենանք, թե ոչ:
Հարց է ծագում՝ հսկայական գործարան ունենալու եւ հազարավոր աշխատատեղեր ապահովելու նպատակով այդ ի՜նչ մի գումար է 250 մլն դոլարը: Եվ հետո՝ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե մեր արտադրանքի շուկան կա, մնում է միայն աշխատեցնել կարողանալը: Հիմա ՀԲ-ն ասում է՝ չկա… Իսկ ինչու՞ մե՛նք չենք ուսումնասիորւմ այդ շուկաների, ֆինանսների ու ծավալների հարցը, որ վստահել ենք գործը ՀԲ-ին:
Անկեղծ լինելու համար ասենք, որ նախարարը միաժամանակ հավելեց, թե սա չի նշանակում, թե կառավարությունն այլեւս չի զբաղվելու գործարանի հետագա շահագործման խնդիրներով: «Գործարանի հետագա ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, եւ եզրակացությունների վերջնական տարբերակները ստանալուց հետո կկայանան քննարկումներ կառավարությունում, որոնք կլինեն բաց եւ թափանցիկ հանրության համար: «Նաիրիտ» գործարանը բոլոր տարիներին Հայաստանի համար եղել է առաջին արտադրական կարեւորագույն ձեռնարկություններից մեկը, ուստի գործարանի հետ կապված ցանկացած քայլ կներկայացվի հանրությանը՝ հանդիպումների, քննարկումների, տարբեր կարծիքներ լսելու եղանակով: «Նաիրիտ»-ի հետ կապված որեւէ հարցի լուծում փակ չի լինելու»:
Առաջիկա օրերին Հայաստանի կառավարությունը կստանա Համաշխարհաին բանկի վերջնական եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ:
Հավելենք նաեւ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անդրադարձավ նաեւ «Նաիրիտ»-ի աշխատավարձերի խնդրին: 2009թ. մարտից գործարանը չի աշխատել եւ կուտակել է մեծ պարտքեր, այդ թվում՝ շուրջ 5,5 մլրդ դրամ գործարանի չաշխատած տարիների համար ավելի քան 2400 աշխատողների (որոնց մի մասը գտնվել են հարկադիր պարապուրդի մեջ) աշխատավարձները, շուրջ 6 մլրդ դրամ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները (հարկային պարտավորություններ, սոց վճարներ եւն), իսկ գոյացած պարտքի զգալի մասը Միջպետական բանկին է: Գործարանի չաշխատած տարիների համար, աշխատակիցների կուտակված աշխատավարձերի մի մասը ՀՀ կառավարության հանձնարարությամբ, վճարվել է էներգետիկայի բնագավառի ընկերությունների կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրած փոխառությունների հաշվին: Պարտքի կուտակումը կանխելու նպատակով 2014թ. նոյեմբերից չաշխատող աշխատակիցների 1900-ը կրճատվել է: Մնացել է 480 աշխատող, ովքեր կիրականացնեն գործարանի պահպանությունն ու անվտանգությունը:
«Նաիրիտ»-ի գույքն ամբողջությամբ գրավադրված է Միջպետական բանկում, եւ ՀՀ նախագահի, կառավարության կողմից Միջպետական բանկի ղեկավարության հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գույքը գրավից հնարավորինս շուտ հանեն: Խնդիրը կարծես լուծվում է: «Կարծես թե հարցը լուծվում է: Երկու-երեք օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի, իսկ երբ գույքը գրավից հանվի, այն կհանձնվի ՀՀ կառավարությանը»:
Ի դեպ, այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ վճարեն: Ե. Զախարյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան ժամանակ հետո հնարավոր կլինի ամբողջությամբ մարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը, որը կազմում է 5.7 միլիարդ դրամ: «Չեմ կարող ժամկետներ նշել, թե երբ կվճարենք, բայց հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ ամբողջ աշխատավարձը մարելու հնարավորություն կստեղծենք»:
Ի միջի այլոց, նաիրիտցիները երեկ երկօրյա ցույցի նստեցին կառավարության դիմաց՝ աշխատավարձերի լրիվ մարման պահանջով:
Արմենուհի Մելքոնյան
– Հաշվի առնելով վերջին տարիներին վառելիքաէներգետիկ շուկայում եւ էներգահամակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման շարժը, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման ընդլայնման միտումները, անհրաժեշտություն է առաջացել մեկտեղել էներգահամակարգի ռազմավարական նշանակության նախագծերը, որի արդյունքում էլ մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղինները» փաստաթուղթը: Այն, նախարարի համոզմամբ, կարեւոր նշանակություն ունի ոլորտի համար եւ արդեն իսկ քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ ու շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը: Նախարարի խոսքերով, ծրագրի իրականացմամբ կունենանք կայուն ու կանխատեսելի համակարգ:
Երեւանում երթ է՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Երեւանի Ազատության հրապարակում հավաքվել էին տասնյակ քաղաքացիներ, ովքեր դուրս են եկել հանրային քննարկման՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման եւ իրենց պայքարի հետագա քայլերի մասին խոսելու։ Նրանք անհիմն են համարում հոսանքի թանկացումը, համարելով դա իշխանությունների քմահաճույք։ Նշում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանն, արտագաղթի ավելացմանը եւ այլն։ «Մենք չենք պատրաստվում իրենց կուտակած պարտքերը մարել, նրանց ներկայացրած հիմնավորումները կամ հաշվարկները մեզ հավատ չեն ներշնչում, իբրեւ թե բարեգործության անվան տակ մեզ ուզում են թալանել»,- շեշտում են հանրային քննարկման մասնակիցները։
Չհիմնավորված թանկացումը զսպելու համար կդիմեն մարդիկ պատրաստ են օրենքով չարգելված ցանկացած պայքարի. «Այստեղ թալանի խնդիր է՝ կա ինչ-որ պարտք, որը գոյացել է ինչ-որ շատ անհասկանալի պայմաններում, բայց բնակիչները բարեխիղճ վճարում են բոլոր վարձերը, բայց դա նրանց համար բավական չէ, ուզում են ավելի շատ մարդկանց թալանել, առավել եկամուտներ ունենալ։ Եթե նրանք իրենց պարտավորությունները չեն կատարել պարտքը վեցնելուց հետո, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասում էին մարդիկ միաբերան։ Հավաքվել էին տարբեր ոլորտի մարդիկ եւ առաջարկեցին ստեղծել 10-15 հոգանոց աշխատանքային խմբեր, որոնք իրազեկման ակցիաներ կիրականացնեն՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին հրաժարվել էլեկտրաէներգիայի վարձը վճարել։
Կարեւորվեց, որ պիտի հանրային քննարկում կազմակերպել. «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությամբ, «Ոչ թալանին», «Չենք վճարելու» եւ նման այլ կարգախոսներով։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու համար։
Սուբյեկտիվ պատճառներով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելը ընդունելի չէ
«Մեզ նույնպես հուզում է էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը եւ սուբյեկտիվ պատճառներով սակագինը բարձրացնելը ընդունելի չէ»,- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ցանկացած թանկացում դրական չէ, բոլորիս համար՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն։ Եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված չէ, որ լինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ չի կարող ասել՝ այս դեպքում սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներն են գերակշռում: Նա համաձայն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ մայիսի 14-ին արած «պրոֆեսիոնալ հայտարարության» հետ եւ ավելացնելու ոչինչ չունի:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է 1 կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ: Մայիսի 14-ին ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որեւէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



