Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համասարանի՝ կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող՝ ապագա ռազմական հոգեբան Արա Սահակյանի կուրսի 95%-ը աղջիկներ են, բայց համոզված է, որ ամենաշատը մեկն է զորամաս ոտք դնելու ու պայմանագիրը կեսից խզելու է. «Երբ կրակոց է, պարզ է, որ բարձրակրունկի կտկտոցը տեղին չէ, իզուր չեն ասում, որ տղա գնում, բայց տղամարդ վերադառնում են»,- շեշտում է Արան:
Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը: Իսրայելի դեպքում՝ «Զինծառայության մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զորակոչման են ենթակա նաեւ 18 տարեկանը լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Զորակոչուհին կարող է ազատվել ծառայությունից, եթե այն հակասում է իր կրոնական համոզմունքներին։ Պաշտպանության բանակում չծառայելը սակայն դժվարեցնում է քաղաքացիական կարիերան:
Արան, որպես ռազմական հոգեբան, Իսրայելի օրինակը ու ընդհանրապես զորակոչուհիներին համարում է քանակի խնդիր լուծող, բայց որակի հարցը հարցական թողող միջոց: «Նույնն է թե տղամարդուն խոհանոց վստահես»,- ասում է Արան, չնայած չի ժխտում, որ այս հարցում ազգային մտածելակերպն էլ իր ազդեցությունն ունի, բայց ավելացնում է նաեւ, որ զինվորներն էլ ներքին խոհանոց ունեն, որի մասին անգամ սպաները չգիտեն, թեեւ տարիներով այդ ոլորտում են աշխատում: Աղջիկը անգամ ռազմական հոգեբան չի կարող լինել, ուր մնաց առաջին գծում հայտնվելը:
«Ո՞ր մի զինվորը կգնա, ու աղջկա հետ կկիսվի, թե իրեն նեղացրել են կամ էս ինչ բառը իր դուրը չի եկել: Զինվորը, որ 2 տարի աղջիկ չի տեսնում, կոպիտ ասած կենդանի ա դառնում: Եվ՛ եղնիկ, որ վտանգը շուտ ա զգում եւ՛ առյուծ, որը գիտի պաշտպանվել: Հոգեբանի խորհուրդից հետո զինծառայողը փորձելու է ինքը հոգեբանական հարցեր տալ: Հոգեբանը կդառնա հոգեկան հիվանդ, որովհետեւ վաշտերը իրեն ուրիշ աչքով՝ թիրախի պես են նայելու: Մեր զորամասում գրադարանավարուհի ունեինք, ու տղերքը ոտից-գլուխ գիրք կարդացող էին դարձել: Դրա համար էլ հիմնականում բուժքույրերը տարեց ու ոչ այնքան հմայիչ կանայք են լինում»,- ասում է Արան:
Նախկին կուրսի աղջիկների մասին հիշելով՝ նա պատմում է, որ համալսարանը ավարտելուց հետո ոչ մեկը զորամասի տեղը չգիտի, եւ իրենց ասած՝ «հայրենիքին ուզում ենք օգուտ տալ»-ը նախադասություն է մնացել:
«Տղամարդիկ կարող են կռվի հետ կապված հարցերը լուծել, կանայք եթե շատ են ուզում՝ թող բուժօգնությամբ զբաղվեն, բայց կարեւորը հայրենասեր երեխա դաստիարակելն է, հատկապես՝ տղա, ով ոչ թե ելք չունենալով, այլ իմաստ գտնելով կծառայի: Ես իմ ծառայությունից գոհ եմ ու եթե պետք լինի, կկռվեմ էլ՝ հորս օրինակին կհետեւեմ, երբեք մոտս խուճապ չի առաջանա»,- համոզված է Արան:
20 տարեկան Թեհմինե Մակոյանը, ով նույն ֆակուլտետի ուսանող է, այն բացառիկներից է, որ հաստատ որոշել է զինված ուժերում սպա-հոգեբան աշխատել: Կանանցով բանակի թիվը լրացնելը փոքր երկրների մարտավարություն է համարում, բայց միայն մաթեմատիկական հաշվարկ անելուն դեմ է, որովհետեւ թույլ սեռը հայրենասիրական գաղափարներով ավելի ուժեղ է. «Տղաներից շատերը ինչպես չեն ուզում ծառայել, այդպես էլ դեռ դպրոցից անտարբեր են պատմավեպերի նկատմամբ, մինչդեռ աղջիկները կարդալով ավելի հասուն են դառնում: Աղջիկը ձեւականության համար խրամատներով ու վտանգներով առօրյան չի ընտրի, որովհետեւ էս բառերն էլ զենքերի նման խաղալիք չեն»,- ասում է Թեհմինեն:
Չնայած աղջիկների մոտ «ադապտացիան ավելի հեշտ է ստացվում», բայց Թեhմինեն սկզբում տղաների վերաբերմունքից ավելի շատ է վախեցել, քան կռվի մասնակցելուց, մասնագիտության ընտրության հարցում ծնողներին համոզելն էլ է հեշտ եղել, քանի որ ազատ ու կայուն համոզմունքներ ունի: Թողել են ինքնուրույն որոշի, որ սխալվելու դեպքում ծնողներին ու իրեն չմեղադրի:
Մեկ այլ ուսանողուհի Նանե Գասպարյանն էլ դեմ չէ, որ կանայք ծառայեն, բայց ծանոթանալով բանակային կանոնադրությանը, որոշել է, որ բնագավառից դուրս է աշխատանք փնտրելու: Չհարմարվելու պատճառը չափից դուրս պարտադիր պայմաններն են, ինչպես օրինակ՝ միշտ զինվորական համազգեստով լինելը: Բացի այդ՝ բանակը մի տեսակ պատրաստ չէ կնոջ համար հիգիենիկ պայմաններ ստեղծելուն, ասենք՝ ամեն անգամ Եվա-ներին հայտնի պատճառի համար հոսպիտալացնելուն:
«Այն, որ տղաները սովոր չեն զենքով, նույն համազգետով կնոջը ընդունել, փաստ է, իսկ կանայք էլ, անկախ իրենց կամքից, ձեռք են բերում տղամարդկային բնավորության գիծ՝ կոպտություն: Իրականում կանացիությունը երբեք էլ չի կորում, բայց զինվորականի հատկանիշները ընդգծվում են, երբեմն էլ՝ գերիշխում»,- ասում է Նանեն՝ շեշտելով, որ թեեւ տղամարդկային վիճաբանությունները հոգեբանական թեստի պատճառ չեն դառնում, բայց այդ խնդիրները կարող են մեղմ երանգ ստանալ, խաղաղվել կնոջ ներկայությունից՝ հարգելով նույն այդ կանացիությունը:
Թեհմինե Մակոյանի համար հագուստի վերաբերյալ շատ ավելի կարեւոր նրբություններ կան, քան այն, որ կանացիությանն է «սպառնում»: Համազգեստի պատճառով, օրինակ, դժվար է կառուցվում զինծառայող ու սպա-հոգեբանի շփումը, որովհետեւ զինվորներին թվում է, թե սպաների «կրկնօրինակն են»՝ թեկուզ միայն արտաքինով, մինչդեռ քաղաքացիական հագուստով աշխատելն էլ տեղին չէ, որովհետեւ համարվում ես բանակի մի մասնիկը:
Երկրում ապրել՝ նշանակում է երկրի մի մասնիկը լինել: Իսկ մեր երկիրը հենց ինքը բանակն է: Եվ երկիրը պահելը յուրաքանչյուրիս գործն է՝ տղամարդ, թե կին, տարեց թե երիտասարդ: Եվ երկիրը պահելիս ու պաշտպանելիս լավ կլինի զերծ մնալ ամեն տեսակ բարդույթից:
Ի դեպ, Իսրայելում երիտասարդ աղջկան հաճախ են հարցնում, թե նա որ զորքերում է ծառայել:
Սյուզան Գալստյան
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի
«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



