Ի խորոց սրտի – Դաշնուրդ… Դեռ մաքրում ենք մեր լեզուն աղբից՝ օրհնյալ անուններն ենք պեղահանում… եւ հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը…

Պատահականություն էր, թե նախախնամություն, որ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին ինձ տվեցին գիրք, որը խռովեց հոգիս, զգացմունքներս խառնեց, որովհետեւ երկար ժամանակ էր բանաստեղծություններ չէի կարողանում կարդալ, իսկ այս գիրքը մի շնչով կարդացի: Իսկապե՛ս մի շնչով: Հարստացա, հարստացա մտքի թռիչքով ասելիքի յուրահատուկ մատուցմամբ ու բառերով…

Բերդ Բաբայան «Դաշնուրդ». հենց սկզբից վերնագիրը ինձ խորհել տվեց. առաջին անգամ էի այդ բառը լսում (ոչինչ, որ բանասեր եմ), բայց ամեն ինչ էլ լինում է, մանավանդ գիրքը հրամցրեց ու դաշնուրդի կողքին դրեց այլ բառեր եւս, որոնց հետ պատիվ ունեցա ծանոթանալ ու նրանք դարձան նաեւ իմը (կարծում եմ, հեղինակը չի առարկի, որ մենք՝ ես, ուսանողները եւ, առհասարակ, ընթերցողը գործածենք բանավոր եւ գրավոր խոսքում): Այո՛ իմը, որովհետեւ այդ յուրահատուկ բառերը ես տեսնում եմ արդեն որպես շարադրությունների վերնագրեր, բառերի շքեղ հավաքածու, որոնցով ուսանողը խոսք կկազմի: Ինչեւէ՝ «դաշնուրդ», ռուսերեն՝ ակորդ

Ակամա հայտնվեցի Բերդ Բաբայանի բառերի աշխարհում, որոնք հատիկ-հատիկ ստեղծվել էին՝ ծվարելու համար այն բանաստեղծություններում, որտեղ իրենք տեր են, գույն, համ, մտածելակերպ, աշխարհայացք, երեւակայություն, ինչու չէ, իրականություն ու որակ, նոր որակ:

«Ոսկե ժանիք»՝ այսպես է կոչվում բանաստեղծությունների 1-ին շարքը.

Ոսկեժանիք, եռագլուխ առյուծ տիրական, / երանելի եռանկյունի աստվածային, / հրակարմիր, բիբլիական ափեր կեռման, / եւ ափերից մինչեւ երկինք՝ / դյուցազնադեմ սյուներ երեք, / այդ սյուներին հպարտ բազմած / հանճարների կաճառ վսեմ, / իսկ կենտրոնում կանթեղը սուրբ՝ / Արարտի սուրբ գագաթը վառ: / Դրախտավայր երկիրն այս է… / Այս է՝ երկիրը Հայաստան:

Այս մուտքը ընթերցողին տանում է դեպի «Առասպելական հավերժություն», դեպի  «Մասիս», «Դեռ», «Մենք», «Փետրվարյան հրապարակ», հետո անցնում է «Վատ օրերի» միջով, խմում «Երեւանի ջուրը», մտնում «Խորհրդավոր մենախուցը», հիշում «Ապրիլը», «Համաճարակը», հետո… սպասում է գարնան գալուն ու… գծում է «Համբերության սահմանը»…  

Ամեն օր՝ լուսաբացից մինչեւ մայրամուտ, Հայաստանը բանաստեղծի հոգում է, սրտում, ինչպես անհագուրդ, շնչասպառ համբույրի մեջ,  քանզի Հայաստանը բանաստեղծի համար կոչում է, անուն, մայր ու հայրանուն, անձնագիր, անցաթուղթ, կենսագրություն ու շնչառություն, գոյատեւում ու պայքար՝ մինչեւ շունչը վերջին.

Ու վերստին՝/ Հայաստան ու Հայաստան… / Զառանցա՞նք է սա, / թե՞ խոստովանանք, խելահեղ սիրո / Թե՞ հենց ծննդյան իմ օրից / կյանքիս ողջ իմաստն է պտղավորվել / հոգուս խորունկ խաղտնարաններում գողտրիկ… / Հայաստանը… / Այսպես՝ մի խենթ լեռնաշխարհի / կարկամ անկյուններից թեւատ / ամբրոսաբույր մասունքներն եմ հավաքում հայկազյան / եւ լուսախառն / նրանց վերնիճով վերնաթիռ / նեկտարում եմ, սրտիկ առ սրտիկ, / մանուշակաթերթ երկնքի / աստղանոցը անծիր:

Հայաստանը բանաստեղծի հետ է ամենուր, ուր էլ գնա՝ տանելու է ասպնջական ծառի պտուղներն օրհնյալ, նրանց լուսապաշտ համը:

Հայաստանը որպես բարեմանուկ ուրվական, որպես արշալույսի շաղոտն հրաշագործ գարունակ՝ թեւածում է իր հյուրընկալ պարերի մեջ:

… Բանաստեղծի կարոտ աչքերը քսվում են «Մասիս»-ին, եւ ուշակորույս հայացքը փշրվում է նրա կրծքին: Թվում է, եթե ձեռքերը մեկնի, կգրկի ու կզգա «Մայրական ջերմությունը» Մասիսի: Աչքերը խուփ, կույր մատներով իր փրկված, երազներն է ցանում Մասիսի կուսական լանջերին:

Հազարավոր դարերից եկող ծեր, բայց միշտ վեհ ու երիտասարդ լեռան հառաչանքները՝ որպես անմոռաց ցավ պապերից եկող, երակից երակ հասնում է ամեն նորածին հայի՝ որպես սրբազնագույն նշխարք: Եվ միայն Մասիսն է միակ լուսաբացը, որ կանչում է հեղինակին՝ տեսնելու երազների բերդապարը գոռ, գնում է մեղմելու կարոտից շիկացած հուրը, մատները Մասիսի աստվածային ձյուների  զովությամբ:

Ու ես դեռ կգամ Մասի՛ս, / երկար գրկելու Քեզ, / ու մի կուշտ կարտասվեմ…

Պատահական չէ, որ Մասիսին հաջորդում է «Դեռ» վերնագիրը կրող բանաստեղծությունը, որը նոր խոսք է մեր լեզվի մասին:

Դեռ մաքրում ենք մեր լեզուն՝ / աղբից այլահաչ / դեռ մեր շեների /օրհնյալ անուններն ենք պեղահանում…

Այլահունչ ու զազիր շղթաներից ազատում է մեր երգերի թեւերը, պոկոտում է պարերին լպրծված խեղաթյուրանքը: Հեղինակը ձգտում է սրբել, մաքրել դարավոր պղծումը, վռնդում է քստմնելի այլաբանը մեր ազգագիր խաղերից: Նա հոգու, մտքի հզորությամբ ու ազգային հոգեկերտվածքով տեսնում է, թե ինչքան խորն են թաղված մեր ադամանդները՝ լեզուն ու մշակույթը, որոնք պետք է ձերբազատվեն աժախառն բնափոշու պղծումից ու հեղձումից, այլահպումից գարշաթո, որպեսզի  հառնի Աստվածաշունչ ոսկեղենիկը՝ հայոց լեզուն:

Դեռ նայում ենք / մեր սարերին՝ աղճատված /դեռ գրի ենք առնում /աչքերի թախիծը մեր ծերերի… /դեռ նորովի բարկանալ ենք սովորում… /սակայն, Տեր աստված, /սակայն՝ դեռ ինչքան էլի, / ու մինչեւ ե՞րբ՝ դեռ…

Արարչատուր շնորհով է ներկայացնում իր ազգի ծնունդը «Մենք» բանաստեղծության մեջ:

Թե երկնքից իջանք՝/ մե՞նք հավաքեցինք մեր ետեւից /ետդարձի աստիճանները փրկարար / Թե հողը մեզ արարեց՝/ ու՞ր են հապա /աստիճաններն արարումի…

Անհրաժեշտ է թափանցել խորքը ասածի, շա՜տ խորքը, որ ճիշտ ընկալվի նախանշած այն ճանապարհը, որով անցել է ազգը հնամենի:

Մենք, մոռացած, / որ ոսկե հելունը մեր ձեռքի / նետ է եղել նախեւառաջ, / հավատացինք, մանկան պես միամիտ, / այն հեքիաթին տխմար, / թե՝ նվիրական քայլերգը մեր / կհնչի լոկ այն դեպքերում, / երբ անառակ ճնճղուկները մեր բախտի / էլեկտրական լարերին նստեն / բոլո՜ր հնչյուններին ներդաշնակ:

Զգում ես հեղինակի բողոքը…

Մենք առնականացանք… / Սակայն մեջքին / հզորության զսպանակ մեխած / միջանցիկ այն դռան պես լոկ, / որ հպարտ ու խրոխտ / տեղահան է անում իր իսկ / շրջանակը սեփական:

Բանաստեղծի հոգու մատյանը թեեւ պատենված է, ուր հանգրվանել է ցավը, բայց նա սպասում է՝ մեկը հավատա, հասկանա ու հարազատի պես ներս մտնի, թեկուզ մշուշի թեւերով, գորովանքով ներս մտնի ու ստանա սրտի հաստատուն բանաձեւը՝ «տառապանքների ջրվեժների գումարումը հավասարազոր է լույսի…»

Ես հասու եղա այս բանաձեւին, հուշիկ-հուշիկ շրջեցի ու թերթ առ թերթ ինձ համար հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը:

Ջուլիետա Բադալյան

Երեւանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի հայոց լեզվի եւ գրականության դասատու

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։