Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Վրեժը աստվածային-բնական պարգեւ է եւ այն պահպանել-նորոգել-իրականացնելը վրեժը կրող սուբյեկտի պարտքն է:

Ազգերի էպոսները՝ նրանց հոգեկերտվածքի արտահայտությունները, վրեժի յուրահատուկ «դասագրքեր» են: Բացառություն չէ, այդ առումով, նաեւ մեր էպոսը՝ «Սասունցի Դավիթ»-ը: Այն մերօրյա ու գալիքի բազում վրեժային խնդիրներ ունեցող հային ոգեղեն դասեր է տալիս:

Էպոսի դիցհերոսների համար վրեժն այն աստիճան բնական զգացում ու գործողություն, ինքնին հասկանալի մի բան է, որ նրանք երկար-բարակ չէին մտածում, թե վրեժի զգացում ունենա՞ն, վրեժն առնե՞ն, թե՞ ոչ: Էպոսում թշնամու արածների վերաբերյալ ինչ-որ իրավական գնահատականներ, ինչ-որ բարոյախոսություն (առավել եւս դրա սպասումը թշնամու կողմից…) գրեթե չկան. թշնամին իր արածների՝ գողության, թալանի, Սասնա տան ազգային ինքնությունը, հավատքը խաթարելու, Տունը հարկատու դարձնելու, երկիրն իրենը համարելու համար պետք է պատժվի եւ վե՛րջ: Ա՛յս է մեր դիցհերոսների հոգում թշնամու արածների առաջին անգիտակցական-բնազդային արձագանքը (մեր խենթ, ծուռ դիցհերոսների վրեժային վարքում, որպես կանոն, այդ գիտակցությունը մտցնում էին Տան մեծամեծերը, Հայ նախնի Ոգին մարմնավորող Քուռկիկ Ջալալին եւ Հայ Իմաստությունը խորհրդանշող Պառավը):

Հիշենք այս առումով, էպոսային մեկ-երկու դրվագ: Սանասարը իմանալով, որ Խալիֆը մարդ է ուղարկել իր մորը՝ Ծովինարին սպանելու, «կատաղում» է եւ ինքն է նրան սպանում: Բաղդասարը (անգամ Բաղդասարը…) հայրենիք գալուց հետո, մի օր, իր մտադրությունն է կիսում եղբոր հետ, առ այն, որ որոշել է գնալ Բաղդադ, որ կամ Խալիֆան իրեն մատաղ անի իր «Ջոջ կուռքին», կամ էլ ինքը սպանի նրան: Մեծ Մհերը չի համակերպվում Սասնա տան Մսրա Մելիքին «խարջդար»՝ հարկատու լինելու հետ եւ որոշում է նրա դեմ կռվի ելնել: Տակավին պատանի Դավիթը Պառավից իմանալով Մսրա Մելիքի մարդկանց Սասնա տնից «խարջ» հավաքելու մասին, գնում-հավաքածը հետ է բերում, հարկահավաքների մի մասին սպանում, մյուս մասին հետ ուղարկում Մսր, իրենց ուղարկողին ասելու թե՝ «Էն Մհերի տղա՝ Դավի՛թն էդպես արեց./ մեկ էլ չը գա… Սասնա կընիկ, աղջիկ տանի՜/ Սասնա տուն ձեռ չի՛ ավերվե,/ Որ դուք էկե մեզեն խարջ ու խարազ կ՛ուզեք:/ Մըսրա գավառ իրեն, Սասնա գավառ մեզի:/ Թե չէ ինչ իրմեն կը գա, թող չը խնայե»:

Վրեժի ծարավը էպոսասացները անընդհատ իրենց ունկնդիրների մեջ էլ են բորբոքում, իրենց չը «օղորմի»-ներով, ասելով, օրինակ՝ «Դառնանք, զօղօրմի չը տանք/ Չմշկիկ Սուլթանին, /չը տանք օղօրմի:/ Դառնանք, զօղօրմի չը տանք / Մսրա Մելիքին,/ Չը տանք օղօրմի…»:

Էպոսում մեր դիցհերոսների վրիժառության մղումն իր ուժային հիմնավորվածությունն ունի. նրանք վստահ են իրենց ուժին, զորությանը, ոգուն, իրենց արարչատու հրեղեն որակներին, եւ, հետեւաբար, ինչու՜ պետք է թշնամուց, որքան էլ, որ նա զորեղ լինի, վախենան. «Աստուծով են, (խալիֆը,- հեղ) չի կարնա մեզ մորթի»,- ասում է Սանասարը եղբորը՝ տեսնելով նրա երկմտելը. «Մելիք, զա՜րկ, զա՜րկ, թող գա՛ քո գուրզ:/ Չըլնեմ, չիմանամ, որ էրկու մըտանի՛ ըլնես:/ (Աստծուց դրած չէր,/որ մեր ազգ մըսրցոց դեմ փախնի/)».- ասում է պատանի Դավիթը իրենից տարիքով Մելիքին՝ համոզված լինելով, որ նրա գուրզը բռնելն ի՜նչ է որ:  

Եվ, ընդհանրապես, էպոսում կա այն դիցազնական ինքնագիտակցությունը, որ «Աստըծուց սավայ (բացի,- հեղ.),- մենք, մեր ազգը մարդից չենք վախենա»,- ինչպես այդ ինքնագիտակցությունը արտահայտում է Մեծ Մհերը՝ էպոսի մեկ այլ պատումում:

Էպոսի մեր հերոսները դիցազուն (լեզվաբանորեն նշանակում է աստվածային ծագում ունեցող, աստվածամարդ) էին, պե՞տք է իրենց մեջ աստվածային ուժի հորդումը զգային, թե՞ ոչ:

Էպոսի հիմքում ընկած հայ ուժապաշտական իմաստությունը հեռու է պահում իր հերոսներին այնպիսի թուլամորթ քայլերից, որոնց համար նրանք հետո կզղջային (բացառությամբ մեկ-երկու քայլի, որի մասին ստորեւ կխոսենք), եւ, ներկա դեպքում, օրինակ, թույլ չէին տա հետագայում թշնամուց ինչպես հարկն է իրենց վրեժն առնել: Դիպուկ է, այս առումով, էպոսի այն դրվագը, որտեղ Մսրա Մելիքը մեր պատանի Դավթին, որպես հնազանդության նշան, ստիպում է իր թրի տակով անցնել, բայց նա ոչ միայն չի անցնում, այլեւ խրոխտաբար ասում է՝ «Էնպես կանի, որ վաղ մեծնամ՝/սուր չը քաշեմ՞ էնոր վերան: /Էն ինձ թրով զարկի՛- ես չը զարկե՞մ էնոր: /Հազար էդպես Մելիք մեռնի՛ /Էս մեկ չարսու լաչակ է,/ էս լաչակի տակով կ՛անցնեմ./Էնոր թրի տակով չեմ անցնի»:

Սասնա տանը ինքնին հասկանալի ճշմարտություն է այն, որ այլ բան է բնատուր զորեղ ուժով օժտված լինելը, որպես ի վերուստ տրված պարգեւ, մեկ այլ բան՝ այն պահել-պահպանել-նորոգելը, այն չմսխելը, ցրիվ չտալը, կենսանորոգ նպատակների համար ծառայեցնելը. եւ դա՝ թե՛ տան, թե՛ ներքին կյանքը բարելավելու, թե՛ արտաքին գործերը ըստ պատշաճի անելու համար:

Երկրորդ առումով խորդանշական է էպոսի այն դրվագը, որտեղ պատանի (յոթ տարեկան) Մեծ Մհերը մորն ասում է թե՝ «Մարե՜,/քանի մեր տուն դեռ մարդ չըկա /Դեւեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան: /Աղեկ է, որ հիմիկվանէ պատրաստ ըլնեմ՝/ թըշնամու դե՛մ կայնեմ», եւ մայրը, չնայած «պստիկ» էր Մհերը, թույլ է տալիս, որ նա գնա սարեր, քարեր շրջի, որս անի, (…«այդպես մարդերու շարք մտնի»: Կամ էլ այն դրվագը, որտեղ Պառավը պատանյակ Դավթին բռնացնելով իր կորեկի արտում որս անելիս, այն ավերելիս՝ բարկացած ասում է. «Դու էդ ինչ՞ է՝ կ՛անես./ Իմ հույս՝էդ փշուր կորե՛կն է: /Դուն էլ էկար, տրորեցի՛ր: /…Դուն, որ էդպես տղամարդ էս՝/ Հորի՞ չէս էրթա, Ծովասար:/ Թե կտրիճ էս՝ գնա, քո հոր որսատեղ առ:/…Հրեն, Մսրա Մելիք էկե,/ քո հոր սար զավթե, /…Հիմիկ ինչի՞դու չէս էրթա էնտեղ./ Վեր ինձի՞ էղար կտրիճ». եւ Դավիթը հետեւում է Պառավի խորհրդին:

Իսկ ինչ մնում է առաջին առումին, ապա էպոսում քիչ չեն այն լուսաբանող՝ անգամ զավեշտալի-դրամատիկ դրվագները: Օրինակ, դրանցից մեկում, երբ Դավիթը «խալխի» երեխաների հետ խաղալիս, քանի որ շա՜տ ուժեղ էր, նրանց մարմինը «խեղում» է,- «քաղքի մեծերը» գալիս են Հովհանին բողոքի, նրան խորհուրդ տալով՝ «Արի՛ Դավթին գործի՛ մի դիր. /Քաղքի մեջ շա՛տ ավերություն տ՛ըլնի» (մեր էպոսն, ընդհանրապես, «գործի» պարագան շատ է կարեւորում, քանզի դրանով է անձի ներքին էներգիան իր կենսանորոգ փոխակերպումն ունենում…). եւ Հովհանը Դավթին հովվության է տալիս, որ նա «պարապ» չկենա, մի օգտակար գործ անի, այդպես հոգե-մարմնական հասունացում ապրի…

Շարունակելի

Սերգեյ Մանուկյան, ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։