Պահանջատիրության հոգեւոր ընթացքը – պահանջատեր Անթիլիասին կմիանա՞ պահանջատեր Էջմիածինը… 100 տարի անց՝ նույն թուրքը… Թուրք-ադրբեջանական հիասթափումներին հետեւեց իսրայելականը…

Պահանջատիրության հոգեւոր ընթացքը

Ըստ Անթիլիասից եկող լրատվության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովվապետական այցով այցելել է ԱՄՆ, որտեղ նույնպես քննարկել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատը: Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարեւորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ:

Արամ Ա-ն մշտական կապի մեջ է նաեւ հանձնախմբի այլ անդամների հետ եւ ուշադիր հետեւում է միջազգային մամուլին ու Թուրքիայի հակազդեցություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը դատ էր բացել Թուրքիայի սահմանադրական դատարանում՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական իմաստ ունի Կիլիկիայի ու ամբողջ հայության համար: Թուրքական կառավարությունը Սիսի կաթողիկոսարանը առգրավել էր Ցեղասպանությունից հետո: 1921թ. Օսմանյան կառավարությունը 2 օր ժամանակ տվեց Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ Կաթողիկոսը, վերցնելով կրոնական եւ մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնեց գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում եւ 1930-ին՝ Անթիլիասում։

Նշենք, որ Վաշինգտոնում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վաշինգտոնի ազգային տաճարում հանդես է եկել ելույթով, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Տեղի են ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ միջեկեղեցական հանդիպումներ:  

Էջմիածնից եւս հուսադրող լուրեր են սփռվել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել»: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գարեգին Երկրորդն ասել է. «Մենք հանձնարարական ենք տվել, ուսումնասիրվում է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը դուրս բերվեն: Սա գործընթաց է, որ բավական ջանք եւ աշխատանք է պահանջում, արխիվներն ուսումնասիրելու, արխիվային փաստաթղթերը վեր հանելու, համապատասխան իրավաբանական ձեւակերպումներով հիմնավոր կերպով նման դատական հայցեր ներկայացնելու Թուրքիայի իշխանություններին, դատական ատյաններին»:

Անթիլիասին աջակցություն հայտնած Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքները վստահաբար կաջակցեն նաեւ Էջմիածնի պահանջներին: Իսկ Հռոմի պապի մասնակցությունն այս դատերին արդեն կհամախմբի միլիոնավոր քրիստոնյաների, որոնց մի մասը (հույներ, ասորիներ եւ այլք) նույնպես պահանջներ ունեն թուրքերից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքը եւ ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքը վերջերս հանդիպել էին Կահիրում եւ միացյալ հայտարարություն ընդունել: Հայտարարությունն անդարդառնում է Միջին Արեւելքի ընդհանուր վիճակին, դատապարտում է ծայրահեղական շարժումների գործողություններն անմեղ մարդկանց ու հատկապես քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված, կարեւորվում է արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականության ամրապնդումը, ողջունում են Արեւելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան ու ուղղափառ եկեղեցիների հետ եւ, ընդհանրապես, միջեկեղեցական շարժման մասնակից դառնալը:

Հայտարարությունում կարեւորվում է նաեւ Միջին Արեւելքի հոգեւոր պետերի հանդիպումը՝ նկատի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հատկապես, որ թուրքական զինուժը բոլոր միջոցներով սատարում է իսլամական ծայրահեղականներին, իսկ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները մասնակցում են Մերձավոր արեւելքի քրիստոնյաների սրբավայրերի ավերմանը եւ քրիստոնյաների գաղթի կազմակերպմանը:

Հայտարարությունն անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ու 1,5 միլիոն հայ նահատակների սրբացմանը եւ շեշտել, որ 100 տարի անց էլ թուրքերը չեն փոխել իրենց մտադրությունները:

Հայկ Թորգոմյան

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը

Վատիկանը, լինելով համաշխարհային հոգեւոր-կրոնական կենտրոններից մեկը, ու թերեւս ամենաազդեցիկը, շարունակում է մարդկության նաե՛ւ աշխարհիկ հատվածի խնդիրների վրա ազդեցություն գործել:

Օրերս Վատիկանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետության գոյությունը:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն, դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես դա արվում էր նախկինում: «Այո, դա ճանաչում է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,- նշել է Վատիկանի մամուլի քարտուղարը:

Իսրայելը հիասթափություն է հայտնել Վատիկանի որոշման կապակցությամբ:

Սա ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաձեւման համար կունենա քաղաքական զգալի նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հիասթափումներից հետո, Իսրայելի հիասթափությունը կարծես շաղկապում է այս խնդիրները…

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։