Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը եւ Հայաստանի շահերը… Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է.- ԱՄՆ-Իսրայել-Իրան կապը՝ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայելի կապի փոխարե՞ն…

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը

Վատիկանը, լինելով համաշխարհային հոգեւոր-կրոնական կենտրոններից մեկը, ու թերեւս ամենաազդեցիկը, շարունակում է մարդկության նաե՛ւ աշխարհիկ հատվածի խնդիրների վրա ազդեցություն գործել:

Օրերս Վատիկանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետության գոյությունը:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն, դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես դա արվում էր նախկինում: «Այո, դա ճանաչում է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,- նշել է Վատիկանի մամուլի քարտուղարը:

Իսրայելը հիասթափություն է հայտնել Վատիկանի որոշման կապակցությամբ:

Սա ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաձեւման համար կունենա քաղաքական զգալի նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հիասթափումներից հետո, Իսրայելի հիասթափությունը կարծես շաղկապում է այս խնդիրները…

Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է

Այն, որ Իսրայելը եւ Թուրքիան արդեն քանի անգամ կանգնել են բարեկամական կոչված հարաբերությունների փլուզման շեմին, արդեն հստակ է: Վերջին անգամ դա եղավ, երբ թուրքական մի նավ փորձեց բարեգործական օգնություն հասցնել Պաղեստին, բայց նավը ոչնչացվեց իսրայելական զինուժի կողմից, եւ մեռան բոլոր թուրք նավաստիները: Այժմ Իրանի խնդիրն է բորբոքել Անկարային, եւ թուրքերը սարսափով են հետեւում Վաշինգտոնի կողմից նախաձեռնած Իրան-Իսրայել մերձեցմանը:

Սա իհարկե, ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, եւ Մոսկվան արդեն փորձում էր Անկարայի հետ վերակազմավորել կապերը: Սակայն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վլադիմիր Պուտինի այցը Երեւան եւ ցեղասպանություն եզրի օգտագործումը հայկական ջարդերի նկատմամբ՝ կատաղեցրել է թուրքերին, որոնք հայտարարել են, թե հնարավոր է վերանայեն Ռուսաստանի հետ եղած ծրագրերը:  

Forward հանդեսի հոդվածագիր Քրիստոֆեր Ատամյանը ծավալուն անդրադարձ է կատարել արդեն Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցությանը՝ ներկայացնելով այդ դաշինքի՝ իր ձեւակերպմամբ անհեռատեսությունն ու դրա հնարավոր վտանգները: Հոդվածը սկսում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու թեմայով՝ նշելով, որ «Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը 2 քայլ առաջ գցեց, երբ Ապրիլի 24-ին հանդիպեց իսրայելահայ քաղաքական գործիչներին: Միեւնույն ժամանակ նա մի հետընթաց քայլ արեց՝ օսմանյան թուրքերի ձեռքով սպանված 1,5 մլն հայերի հետ տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» չբնորոշելով»:

Հեղինակը նկատում է, որ «Հոլոքոսթը վերապրած հրեաները պետք է ամաչեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց նախագահի ցուցաբերած անվճռականությունից»: Հեղինակը նկատել է, որ չնայած ուշացումով, բայց պարտադիր է, որ Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունն ու ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի, ինչպես նաեւ ամենայն լրջությամբ ու արդարությամբ մոտենա փոխհատուցման հարցին:

«Սակայն կա մի խնդիր. Իսրայելը ոչ միայն չի ցանկանում ճանաչել անցյալում հայերի դեմ կատարված ոճրագործությունը, այլեւ ամուր դաշինք է կապել Ադրբեջանի հետ»,- շարունակում է հեղինակը՝ մանրամասնելով, որ «Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում մի երկրի, որը ռազմական հակամարտության մեջ է Հայաստանի հետ»:

Իհարկե, Թել Ավիվը կհերքի, որ Հայաստանի դեմ չէ, որ աշխատում է Իսրայելը եւ դա անում է ընդդեմ Իրանի: Սակայն, եթե անգամ դա այդպես է, ապա ոչ ոք Բաքվին չի խանգարի, եթե այդ զենքերը նաեւ Հայաստանի դեմ գործածվեն:

Քրիստոֆեր Ատամյանը հիշեցրել է Իսրայելի իշխանություններին, որ իրենց մտերիմ դաշնակից Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Թուրքիայի հետ՝ այն երկրի, որը տարբեր տարիներին բազմաթիվ հարձակումներ ու բռնաճնշումներ է իրականցրել հրեաների նկատմամբ: Որպես ասվածի ապացույց՝ հեղինակը մեջբերում է մի շարք պատմական փաստեր՝ ցանկանալով ցույց տալ, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամենեւին էլ Իսրայելի բարեկամները չեն ու հակասեմական պետություններ են:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրած զենքերը կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության բարձրացմանը, որից որեւէ մեկը չի շահի: Իսրայելը պետք է լուրջ մտածի՝ արդյո՞ք ցանկանում է գերկատարելագործված զինատեսակներով զինված հակասեմական երկիր ստեղծել տարածաշրջանում»,- նշում է հեղինակը եւ հավելում, որ դարեր շարունակ հայ ու հրեա ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապ է եղել, որը Իսրայելի իշխանությունները հաշվի չեն առել հիմնականում: Եթե վերանայեն ու համագործակցեն Հայաստանի հետ, ապա կօգտվեն երկուսն էլ ու հաստատ չեն վնասվի…

«Բարոյական քաջությունը, որն ակնկալում եք ամբողջ աշխարհից, առաջինը դու՛ք ցուցաբերեք: Վե՛րջ տվեք Ադրբեջանին զենք վաճառելուն: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը: Օգնե՛ք պայքարող երկրին աճել ու զարգանալ: Թեեւ բազմաթիվ անհեռատես քաղաքական գործիչների ու արմատականների  համար սա կարող է անհեթեթ թվալ, սակայն ի վերջո նման դաշինքից (Հայաստանի ու Իսրայելի միջեւ) կշահեն եւ՛ հայերը, եւ՛ հրեաները»,- հաստատակամ ամփոփել է Քրիստոֆեր Ատամյանը։

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։