Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Շուտով կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ… Հաղթել նաեւ տնտեսակա՛ն պատերազմում… Հայաստանը՝ խմելու ջրի կորստի վտանգի առաջ…

Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ

«Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը եւ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ադրբեջանցի լրագրող, քաղաքական վերլուծաբան Շահին Ռզայեվը ասել է. «Զոհերի թիվն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել, եւ զինվորները մահանում են կռվում» (՞՞՞- խմբ.):

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ շեշտել է, որ նախաձեռնությունը միշտ գալիս է Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ԼՂՀ հարցը լուծված չէ, սառեցված չէ»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի այս լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջան-Արցախ շփման գծում, ինչի մասին խոսում է Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել եւ պատասխանել Ադրբեջանին:

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ երկու հիմնական, կարեւոր գործոն ենք տեսնում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունը այնքան է մեծացել, որ զոհերի թվով է որոշվում»,- նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Ադրբեջանական բանակի անմխիթար ու անհեռանկարային վիճակը հաշվի առնելով (բայց ամեն օր երկրի առաջին դեմքի մակարդակով պոռոտախոսելով)՝ այդ երկրի կառավարությունը որոշել է, որ բանակում ծառայելու են նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ: «Պայմանագրային զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը արդեն շրջանառվում է, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերում այսուհետ կարող են պայմանագրային ծառայության անցնել օտարերկրացիներ եւ առանց քաղաքացիության անձինք (գուցե՝ ահաբեկիչներ):  

Ի դեպ, ադրբեջանական զինված ուժերում ծառայության անցնելու համար պարտադիր պայման է ինքնությունը հաստատող փաստաթուղթը, կրթության մասին վկայագիրը, դիպլոմ կամ դրա պատճենը, ինչպես նաեւ լուսանկար:

Կարեն Բալյան

Հաղթել նաեւ տնտեսակա՛ն պատերազմում

Թուրքիան Արաքսի ջրերն ամբարում է, իսկ Հայաստանի ջրերը թափվում են Կասպից ծով, այսպիսի մտայնություն կա որոշակի: 1927թ. վավերացվեց մի կոնվենցիա, որով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվեցին Արաքս եւ Ախուրյան գետերի ջրերն օգտագործել հավասարաչափ՝ 50/50 եւ ոչ ավելի: Մինչ օրս կոնվենցիան չի խախտվել, բայց վերջին տարիներին Թուրքիայի կողմից Արաքս գետի վտակների վրա ակտիորեն կառուցվող ջրամբարները վկայում են, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկանգնի ջրային պաշարների նվազման լուրջ խնդրի առջեւ, ու կխախտվի շուրջ 90 տարի գործող կոնվենցիան:

«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը  դեռ 2014թ. առիթով խոսել էր, որ Հայաստանը մինչ օրս օգտագործել է իր հասանելիք 50% ջրային ծավալի մոտ կեսը, մինչդեռ Թուրքիան՝ շատ ավելին: Արաքսի վտակների վրա Թուրքիան կառուցել է 52 մլն խմ ծավալով ջրամբար, որն արդեն 2 տարի է գործում է, սկսել են 160 մլն խմ ծավալով ջրամբարի շինարարություն, որը պետք է ավարտին հասցվի 3 տարի հետո, ինչպես նաեւ Կարս գետի վրա՝ 220 մլն խմ ծավալով ջրամբար, որը կավարտեն այս տարի: Բացի այդ, Թուրքիան 300 մլն խմ ծավալով եւս մի քանի եւ 1 մլրդ-անոց ջրամբարների նախագծեր ունի, որոնք կառուցելուց հետո Արաքսից ստացվող ջրային պաշարների ընդհանուր ծավալը Թուրքիայի համար կկազմի մոտ 1 մլրդ 800 մլն խմ: Դրանք բազմիցս քննարկվել են նաեւ Հանրային խորհրդի կողմից եւ այդ խնդիրները ներկայացվել են ՀՀ նախագահի եւ վարչապետների հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկելով խնդրի լուծման գործնական տարբերակներ:

Թուրքիայի կողմից Արաքսի եւ Ախուրյանի ջրերը հսկայածավալ ջրամբարներով ամբարելու քայլերը կարելի է տնտեսական ճնշում համարել Հայաստանի վրա: Դա, անհանգստանալու տեղիք է տալիս: «Նոր ջրամբարների կառուցմամբ Թուրքիան կանցնի կոնվենցիայով սահմանված 50% ջրօգտագործման իրավունքը, եւ Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջեւ: Բայց քանի որ նրանք կառուցում են իրենց գումարների հաշվին, որեւէ մեկը նրանց չի հարցնում՝ հայերի համաձայնությունն ունե՞ք կամ ինչո՞ւ խախտեցիք կոնվենցիան: Իսկ մենք կառուցում ենք միջազգային վարկերի միջոցով, եւ մեզնից պահանջում են ներկայացնել Թուրքիայի համաձայնությունը»,- ասել է Յուրի Ջավադյանը: Նա հավելել է, թե Թուրքիայի նկրտումներին դիմակայելու ամենալուրջ քայլը՝ մեր կողմից ջրաբարների կառուցումն է, հակառակ դեպքում 6-7 տարի հետո կկանգնենք ջրի դեֆիցիտի առջեւ. «Շիրակի, Թալինի եւ Արմավիրի ոռոգման համակարգերում մոտ 50 հազ. հա տարածքի համար, ջրի 70-75%-ի պակասություն կունենանք»: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանն այնքան ժլատ է օգտագործել Արաքսի եւ Ախուրյանի ջրերը, որ եթե անգամ առաջիկայում մի քանի խոշոր ջրամբարներ կառուցի, դեռ շատ ու շատ հեռու կլինի իր հասանելիք 50% ջուրն օգտագործելուց:

Հայաստանն այսօր 7 մլրդ 300 մլն խմ հոսող ջուր ունի, որից մոտ 2,5 մլրդը Արաքս-Ախուրյանինն են: Դրանից Հայաստանն օգտագործում է ընդամենը 2 մլրդ 300 մլն-ը, մնացածը հոսում է դեպի Կասպից ծով: Դրա լուծման ճանապարհը կրկին ջրամբարների կառուցումն ու ջրի ամբարումն է: Առհասարակ, ջրամբարների կառուցումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Բարեբախտաբար, անցյալ տարվանից մեկնարկել են 3 ջրամբարների կառուցման աշխատանքները. Կապսի ջրամբարը՝ 25 մլն խմ ջրով, Եղվարդի ջրամբարը՝ 90 մլն խմ ջրով եւ Վեդիի ջրամբարը՝ 29 մլն խմ ջրով:

Կարեւորելով խնդիրը՝ ՀՀ նախագահը հանձնարարել է կառավարությանը, որ միջոցներ հատկացնի «Հայջրնախագիծ» ինստիտուտին նոր ջրամբարների կառուցման հնարավորությունների ուսումնասիրությունների համար: Ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է որպես ջրամբար օգտագործել հանքավայրերը: Արմավիրի տարածքներում՝ մայր ջրանցքի ափերին, կան հանքավայրեր, որոնց շահագործումը կիսատ է թողնված, դրանցից 2-ը ավազի եւ կոպճի հանքավայրեր են, 1-ը՝ բազալտի ու կավի: Եթե դրանք շահագործվեն ու դատարկվեն, դրանց տեղը հնարավոր է ջրամբարներ կառուցել, ինչն ավելի էժան ու ժամանակի առումով ավելի արագ կլինի: Դա հնարավորություն կտա ինքնահոս ձեւով մոտ 60 մլն ջուր ամբարել եւ ուղղել դեպի ոռոգման համակարգեր՝ մեղմացնելով ապագայում մեր ջրային ռեսուրսների խնդիրը:

Կառավարության հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է նաեւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի եւ Արմավիրի մարզպետի կողմից: Այդ հանքերը շահագործելու նպատակով միջազգային մրցույթ կհայտարարի: Հանքը շահագործող ընկերության հետ կկնքվի նաեւ պայմանագիր՝ ժամկետներով, որ հանքերի շահագործման եւ մաքրման գործընթացը պետք է իրականացվի 1-2 տարում: Իսկ մյուս ջրամբարները, լավագույն դեպքում, շահագործման կհանձնվեն 6-7 տարում: Բացի այդ, ապագայում նախատեսվում է կառուցել մոտ 25 փոքր եւ միջին ջրամբարներ, որոնք կապահովեն Արարատյան դաշտավայրի եւ նախալեռային գոտու ոռոգումը:

Այս ամենից բացի, 1987թ. Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի կողմից Արաքսի մոտ գտնվող Սուրմալու գյուղում համատեղ 600 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու վերաբերյալ, որը պետք է օգտագործվեր հավասարապես երկու կողմից, եւ Հայաստանում ու Թուրքիայում պետք է կառուցվեին 48-ական ՄԳՎ հզորությամբ ՀԷԿ-եր, որոնցով էլեկտրաէներգիա կարտադրվեր 2 երկրների համար: Ըստ մասնագետների, եթե ծրագիրն իրականանար, մենք հնարավորություն կունենայինք նույնիսկ 11 հազար հեկտարով ավելացնելու մեր ոռոգման հողերի տարածքները, իսկ ամենակարեւորը՝ այլեւս Արաքսի ափերի ամրացման կարիք չէինք զգա, ինչը մեզ համար հսկայական ծախս է (խոսքը հակահեղեղային պատնեշների կառուցման մասին է): Ծրագիրն այդպես էլ չի իրականացել, եւ մեր կողմից արված տնտեսական հիմնավորումը մնացել է սեղանին, չնայած մինչեւ վերջերս նամակներ են հղվել Թուրքիային, որպեսզի ջրամբարը կառուցեն:

1989թ. Թուրքիայի նախագահ Ահմեդ Օզալի օրոք, գործը տեղից շարժվեց, բանակցությունները դրական եղան, բայց Ադրբեջանի սանձազերծված պատերազմը կասեցրեց ծրագիրը:

Անի Մարության

Հայաստանը՝ խմելու ջրի կորստի վտանգի առաջ

Հյաստանի որոշ բնակավայրեր (Արթիկի, Ախուրյանի, Մարալիկի, Արմավիրի, Վաղարշապատի, Արարատի մի շարք շրջաններ) կարող են զրկվել խմելու ջրից: Պատճառը ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ արդյունավետ օգտագործումն է, որի հետեւանքով հանքային կամ բարձր հանքայնացման ջրերը կխառնվեն քաղցրահամ ջրերին եւ կորակազրկեն դրանց՝ դարձնելով խմելու համար ոչ պիտանի: Անվերահսկելի աշխատանքի ընթացքում արդեն անհետացել են Սեւ ջուր գետի ակունքների աղբյուրները, եւ վտանգ է սպառնում Վերին Ախուրյանի, Կաթնաղբյուրի, Ապարան՝ Քուչակի եւ այլ գոգավորությունների եւ իջվածքների ստորերկրյա ջրաղբյուրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի խմելու ջրամատակարարման համար օգտագործվող ջրերի 96%-ն իրականացվում է ստորերկրյա ջրերով: Վերջիններն օգտագործվում են նաեւ տնտեսական տարբեր նպատակներով՝ ոռոգման, արդյունաբերական, ձկնաբուծական եւ այլն:

Մեր անհեռատեսության շնորհիվ կարող ենք կորցնել մեր այն հարստությունը, որ շատ երկրներ երազել անգամ չեն կարող: Պետական դավաճանություն է սա, եւ իրապես պետական դավաճաններ են քաղցրահամ ջուրը ոչ ռացիոնալ գործածող գործարարները, այդ գործարարներին թույլտվություն տվածները, գործարարների գործունեությունը չվերահսկածները եւ դրանց (չեմ կարող ասել նրանց) չպատժածները: Բայց, հավատացեք, գալու է պատասխան տալու պահը: Միայն թե ուշ չլինի: Լավ կլինի, որ հենց իշխանական օղակներում աշխատող քիչ թե շատ մաքուր մնացած պաշտոնյաները (կան այդպիսիք) բարձրաձայնեն այդ մասին:

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։