Իսկ «պրոֆեսիոնալ հայտարարությունը» կդառնա՞ «պրոֆեսիոնալ հոգատարություն» – թե՞ ռուսական կողմի պարտքը մենք ենք մարելու… Հայաստանն այդպես էլ չդիմեց Իրանին՝ էժան գազ գնելու համար…

Այն, ինչ կատարվում է մեր երկրի էներգետիկ ոլորտում, ցավոք, մեկ անգամ եւս ընդգծում է իրական անկախ պետություն ունենալու անհրաժեշտությունը: Մենք արդեն անդրադարձել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին եւ նշել, որ անընդունելի է ՀԷՑ-ի պարտքը փակել բնակչության հաշվին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Յուրաքանչյուր թանկացում չի կարող մնալ զուտ ոլորտային եւ ակնհայտ է, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր սոցիալ-տնտեսական հետեւանքներ է ունենալու՝ շղթայական թանկացումներ առաջացնելով: Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման թանկացումների միջով անցել է, ուստի՝ լավ պատկերացնում է, թե ինչ կկատարվի հաջորդիվ:

Ամենասարսափելին այն է, որ որեւէ թանկացումից հետո անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը չկասեցվեց, չպահպանվեց այն նվազագույն զամբյուղը, որն անհրաժեշտ է մարդուն իր գոյությունը պահպանելու համար: Սա նպաստելու է նաեւ տեղական արտադրողների արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը:

Տեսակետ կա, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ արվում է հենց ՀԷՑ-ի կուտակած շուրջ 250 միլիոն դոլարի պարտքը փակելու նպատակով: Իսկ պարտքը կուտակվել է նաեւ վատ կառավարման հետեւանքով: Հիմա ինչու՞ է մեր կառավարությունը ցանկանում, որ մե՛նք փակենք այդ պարտքը: Միայն այն բանի համար, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսների ձեռքու՞մ է: Բայց չէ՞ որ այս ամենը տեղի է ունեցել հենց կառավարության աչքի առաջ, դա մի օրվա բան չէ: Փոխանակ այդ ընթացքում այս համակարգը առողջացնելու քայլեր ձեռնարկվեին, մեղավորները պատժվեին եւ ընկերության կառավարումն է՛լ ավելի արդյունավետ դառնար,  բոլորովին այլ բան է արվում՝ ընկերության պարտքը հիմա ուզում են փակել բնակչության հաշվին:

Իհարկե, հեշտ թիրախ է ընտրվել, բազում սոցիալական խնդիրներից ու երկարատեւ պայքարներից հոգնած ժողովրդին ավելի հեշտ կլինի պարտադրել, քան փչացնել ռուսի հետ հարաբերությունները՝ նրանց դեմ քայլեր անելով:

Նման վիճակները ամեն անգամ հիշեցնում են մեր կառավարությունների խոստացած «վագրային» կամ այլ թռիչքները տնտեսության մեջ, ինչն այդպես էլ չի արվում՝ մեզնից չկախված, բայց մեծամասամբ, կախված պատճառներով: Ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու մոլուցքը պիտի հանգեցներ այս վիճակին, ու այդպես է գրեթե բոլոր «վաճառված» ոլորտներում:  

Բաշխիչ ցանցերը 2002թ. վաճառվեցին ինչ-որ օֆշորային ընկերության, որն, իր հերթին, հետագայում բաշխիչ ցանցերը շատ ավելի թանկ գնով վաճառեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին», եւ հիմա կանգնել ենք նրանց պարտքերը սեփական գրպանից փակելու շեմին: Ստացվում է՝ մեր ժողովուրդը եւ՛ վճարում է սպասարկման համար եւ՛ ոմանց հարստանալու համար:

«Մեզ նույնպես հուզում է էլէներգիայի հնարավոր թանկացումը, եւ սուբյեկտիվ պատճառներով սակագինը բարձրացնելը ընդունելի չէ»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ցանկացած թանկացում դրական չէ, բոլորիս համար՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն։ Եթե կա թանկացում, բնականաբար, սա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին, մանավանդ երբ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք լուսնից չենք իջել ու հասկանում ենք, որ ցանկացած թանկացում չի բխում ոչ մեկի շահերից, ամենաշատը իշխանությունն է, որ շահագրգռված է, որ չլինեն թանկացումներ, բայց կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- հավելել է ԱԺ փոխխոսնակը՝ նշելով, որ չի կարող ասել՝ այս դեպքում սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներն են գերակշռում:

Նա համաձայն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ մայիսի 14-ին արած «պրոֆեսիոնալ հայտարարության» հետ եւ ավելացնելու ոչինչ չունի: Իսկ այդ «պրոֆեսիոնալ հայտարարությունը» որքանով կդառնա սեփական ժողովրդի հանդեպ «պրոֆեսիոնալ հոգատարություն», կիմանանք շուտով… Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է 1 կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 58-59, իսկ գիշերայինը՝ 32-ից 48 դրամ: Մայիսի 14-ին Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որեւէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց՝ ո՞ւմ համար, համենայն դեպս՝ ոչ մեր կառույցի»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի համար ՀԷՑ-ի այդ քայլը զարմանալի չէր եւ նույնիսկ սպասելի էր: «Էլեկտրոցանցերի վիճակը, նրանց անընդհատ չբավարարելը, նրանց կողմից ներկայացվող հսկայական կորուստները, չհիմնավորված վնասների ռիսկերը տպավորություն են ստեղծում, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ»,- վերլուծելով իրավիճակը ասել է նա: Տնտեսագետի պնդմամբ, ՀԷՑ-ում էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, ինչպես սահմանված է պայմանագրով, տեխնիկական լուրջ աուդիտ պետք է անցկացնի՝ գնահատելու՝ ինչու են առաջանում կորուստները եւ ինչ պետք է անել այն կանխելու համար: Տարբեր տեղեկություններով, ՀԷՑ-ում կորուստները կազմում են 12%: Հանրապետությունը էլէներգիայով մատակարարող ընկերությունը աշխատում է հին տրանսֆորմատորներով, ապահովիչների համակարգով, իսկ «հաստ ու բարակ» էլեկտրական լարերն էլ անհավասարաչափ են բաշխված (իսկ ի՜նչ են արել ներգրավված վարկերով,-խմբ.):

Ինչ վերաբերում է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը, ապա մի շարք տնտեսագետներ հայտարարել են, թե կասկած չունեն, որ կարգավորող հանձնաժողովը կհաստատի ՀԷՑ-երի ներկայացրած հայտը: Ըստ նրանց, ՀԾԿՀ-ի վերջին շրջանի պահվածքը ցույց է տալիս, որ եթե պետք է որոշում, ապա դա արվում է, քանի որ նրանց մոտ կամքի ու խիզախության պակաս կա…

Էներգակիրների թանկացումը միշտ էլ ռիսկային է, քանի որ ապրանքների գնարժեքում այն մեծ դեր ունի: Եվ սա չի կարելի չհասկանալ:

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանը, Հայաստանը եւ Վրաստանն էներգետիկայի ոլորտում որոշել են համագործակցել: «Դա կարող է լինել առաջիկայում»,- հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆելահիանը: Իրանի էներգետիկայի փոխնախարարը վրացի գործընկերոջ՝ Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհրանում հանդիպման ընթացքում, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը, նշել է, որ նախատեսվում է, որ Իրանը Հայաստանի միջոցով Վրաստանի հետ էներգառեսուրսների փոխանակում իրականցնի: Նաեւ տեղեկացրել է, որ վարկի տեսքով իրանական բանկերի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքում 170 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում:

Բայց սա հետագայի ծրագիր է եւ այսօրվա խնդրին չի անդրադառնում: Իսկ, շատերի կարծիքով, վաղուց արդեն տարօրինակ է, որ ունենալով Իրանի նման պաշարներով հարուստ հարեւան, մենք շարունակում ենք հայտնվել ծուղակում:

Կամ՝ խոսենք ռուսական ծուղակի մեկ այլ օրինակի մասին: Հայաստանի հանրությանը փորձում են համոզել, որ մեր սահմանին ռուսական գազի նվազումը չի կարող բերել սպառողի համար գնի նվազման։ Համոզում էր, իհարկե, «Գազպրոմ»-ը, իր «Արմենիա» դուստր ձեռնարկության հետ: Համոզում էր նաեւ հիշյալ հանձնաժողովը։

Ինչպես հայտնի է, Գազպրոմը հայտնել էր, որ Հայաստան մատակարարվող գազը նվազեցնելու է 189 դոլարից մինչեւ 165 դոլար, սակայն ներքին գինը Հայաստանում չի փոխվելու։ Գազպրոմը պարզապես իր համար ներքին վերաբաշխում է կատարել, քանի որ Հայաստան մատակարարողն էլ, Հայաստանում գնողն ու բնակչությանը վաճառողն էլ ինքն է։

Որեւէ լրջություն չկա այն բանում, թե ինչու պետք է Գազպրոմը ինքն իրեն գազը դոլարով վաճառի, ոչ թե ռուբլով։ Անբացատրելի է նաեւ, թե ինչ է նշանակում Հայաստանի սահմանի գին, եթե Հայաստանը համարվում է ԵՏՄ անդամ։ Այս իրողությունները հերթական անգամ վկայում են՝ միասնական տնտեսական տարածք ասվածը ոմանց շահերի դեպքում անհեթեթության են վերածվում:

Անհեթեթություն է նաեւ Իրանին հարեւան ունենալով հանդերձ՝ մխրճվել ռուսական գազի գնախաղում: Իսկ հակառակը պիտի լիներ՝ ռուսական Գազպրոմը պետք է ամեն բան աներ, որպեսզի իրանական գազի հետ մրցակցեր:

Եվ մենք ռուսական գազի ծուղակում ենք այն դեպքում, երբ այլընտրանք ունեինք: Այդպես էլ անպատասխան մնաց այն բացահայտ առաջարկը, որն արեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ այն մասին, որ Հայաստանին կարող են վաճառել ռուսականից ավելի էժան գազ։ Անգամ՝ թանկի ու էժանի խնդիրը կարելի էր երկրորդական համարել, քանի որ մրցակցային լուրջ ասպարեզ էր բացվելու…

Չենք բացառում, որ Իրանը խաղեր էր տալիս հանուն ռուսական կողմի, բայց ամբողջ հարցն այն է, որ հայկական կողմն այդպես էլ չդիմեց իրանական կողմին՝ էժան գազ գնելու համար:

Մինչեւ 2010թ. անընդհատ թմբկահարվում էր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանման ծրագիրը: Անգամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ կան նաեւ ստորագրված փաստաթղթեր թուրքական կողմի հետ: Ծրագիրը մահացա՞վ դեռ չծնված, թե՞ թուրքական մասնավոր ընկերությանը թուրքական պետությունն արգելեց գործակցել ՀՀ-ի հետ: Կամ էլ գուցե կրկի՞ն թակարդ լարվեց ՀՀ-ի համար. չէ՞ որ մեր էներգահամակարգն ինչքան փակ ու չինտեգրված, այնքան՝ կախյալ: Իսկ ումի՞ց: Պարզ է՝ նանից, ով այսօր տիրում է մեր էներգահամակարգին…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։