Քաղաքա-չկա-նության վտանգները – Հայկական քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ՝ նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում…

Քաղաքաչկանության վտանգները…

Այն, որ հայ քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ, ասել ենք պարբերաբար, փաստել ենք՝ վերլուծելով ավելի քան 25-ամյա մեր քաղաքական անցյալը: Իսկ այն ամեն անգամ վերլուծելու կարիք չկա, քանի որ այդ տարիների ընթացքում ոչ մի լուրջ փոփոխություն չի եղել երկրի քաղաքական դաշտում… նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում՝ նրանք եղել են, կան ու ամեն խարդավանքի դիմում են, որ մնան…

Հետաքրքիր է, որ արտաքին աշխարհի համար էլ չկա նոր խնդիր Հայաստանի քաղաքական բնագավառում, ուստի՝ նրանք էլ դժվարություն չեն զգում ինչ-որ բաներ եւ իշխանությանը եւ ընդդիմությանը պարտադրելու: Խնդիր չունեն, որովհետեւ բոլորի հետ էլ «տվել-առել» են (խոսքը միայն «օրինական» կաշառքի՝ դրամաշնորհների մասին չէ…) ու այդ փաստերը հավաքած, ինչ-որ ուժերի կատարածուներ աներկբա ասիչներ են աշխատում մեր երկրում:

Այլեւս ակնհայտ են ինչպես մեր շուրջ 25-ամյա իշխանություն-ընդդիմություն խաղացողները, այնպես էլ այն երկրները, որոնք հատուկ շահագրգռվածություն են ցուցաբերում Հայաստանում եւ մեր տարածաշրջանում:

Դրա համար էլ Հայաստանը դարձել է միջազգային օրենքների, կարգերի ու բարքերի հավաքածու մի տարածք, որտեղ բնակչության շուրջ 99% հայության առկայության դեպքում էլ մերժվում է ազգայինը, էլ չասենք՝ ազգայնականը, բարոյականը, ավանդականը եւ բնականը…

Այս համապատկերին խիստ հետաքրքրական էր նախկին հայտնի ՀՀՇ-ական, Բագրատ Ասատրյանի այն միտքը, թե «անհատույց ոչինչ չի լինում, ՀՀ-ին տրվող վարկերն ու գրանտները հենց այնպես չեն տրվում…»: Ի՞նչ կա դրանց տակ թաքնված, ինչու՞ են տալիս դրամաշնորհը, որն առաջին հայացքից թվում է անհատույց, բայց… իրականում այն պարտադրանք է Արեւմուտքի կողմից:

Սա նաեւ փորձագիտական գնահատական է: Գուցե բացառություն չէ նաեւ ֆոլաթթվով ալյուրի հարստացման պետական ծրագի՞րը, որի վտանգավոր հետեւանքների մասին բարձրաձայնում են նաեւ մասնագետները: Համայնքների խոշորացման ծրագիրը նույնպես սպառնալիք կարող է դառնալ մեր երկրի համար, բայց պարտադրվում է… Ամուր ու կենտրոնաձիգ նախագահական համակարգը փորձում են դարձնել խորհրդարանական, որտեղ օրնիբուն վեճերն ու ասեկոսեները պիտի տնօրինեն: Կամ՝ «ֆեմինիստական», «կապույտ եւ վարդագույն» շարժումների իրավունքներն են օրինականացվում, ինչպես համացանցում են նշել, «Ֆեմին շարժման իրական նշանաբանն է «Կորչի՛ կինը, փա՛ռք էգերին»: Ահա, թե ինչ վերջնանպատակ է հետապնդում «կանանց իրավունքների պաշտպանություն» անվան տակ հանդես եկող այդ շարժումը: Իսկ կապտա-վարդագույն ԼԳԲՏ-ները արդեն «օրինականության» սահմաններում ավերում են հայ ընտանիքները…  

Մի՞թե այս եւ մյուս վտանգները չի տեսնում նաեւ իշխանությունը: Իհարկե տեսնում է: Իսկ ընդդիմությու՞նը: Վստահաբար՝ տեսնում է: Իսկ ոչինչ չի փոխվում, որովհետեւ… արդեն նշեցինք, թե ինչու:

Իհարկե, ով-ով, բայց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ով եղել է ԿԲ նախագահ ՀՀՇ-ի պիկային տարիներին, հստա՜կ գիտի, թե ինչպես են դրամաշնորհների մի մասը հատկացնում ինչ-որ ծրագրի իրականացման համար, մի մասը տալիս են օտար մասնագետներին, որ գալիս են իբր խորհուրդ տալու մեր խորհուրդ չլսող պաշտոնյաներին՝ դրա համար նաեւ վարձատրվում են, իսկ գումարի մի մասն էլ թողնում են երկրում փողերը մեջ-մեջ անողների թիմին: Եվ իբր աննկատ է այս ամենը կատարվում: Բայց իրականում հենց այն կաշառքն է թողնվում, որի համար պարտավորվածություններ են ամրագրվում եւ պիտի իրականանան դրամաշնորհ տվողների ծրագրերը Հայաստանում, պիտի օրենքները համապատասխանեցվեն օտարների բարքերին ու ցանկություններին եւ այլն, այսպես բոլոր բնագավառներում:

Ահա այստեղ է, որ բնակչության շուրջ 99% հայության առկայության պայմաններում մերժվում է բուն ազգայինը՝ զիջելով այսպես կոչված միջազգայինին:

Հիմա մեր քաղաքական դաշտում ոչ մի լուրջ բան չի կատարվում: Ինչ-որ լրջության, այն էլ կասկածելի, պիտի սպասել նոր ընտրությունների շեմին:

Իսկ դրանից հետո, մի որոշ ժամանակ կհայտնվեն գագիկծառուկյաններ, որ կխաղան մարդկան ջղերի հետ ու կտաքացնեն դրանք, ապա, որոշ ժամանակ անց, միանգամից կլիցքաթափեն եւ անհուսալի վիճակի մեջ կգցեն փոքր-ինչ հավատ պահպանած մարդկանց եւս: Դրա համար էլ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը ԲՀԿ նախկին ղեկավարի մասին խոսելիս ասել է, որ Գագիկ Ծառուկյանը դժվար թե պատասխանի քաղաքական հարցերի, մարդը հեռացել է եւ խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն…

Միակ նոր ու հետաքրքիր լուրը, որ ստացվեց պաշտոնական լրահոսից այս օրերին՝ այն է, որ Քիմ Քարդաշյանն այնքան է սիրել իր հայրենիքը, որ Հայաստանից մեկնելիս խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր հայտնի ամերիկահայի հետ հանդիպմանը, նրան է ուղարկել «Հայ պոեզիայի ընտրանին», որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչեւ մեր օրերը: Առաջիկայում լույս կտեսնի թարգմանությունների նոր երկհատորյակ՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում եւ արտերկրում ապրող, եւ կառավարությունն այն եւս կուղարկի…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։