Հայաստան՝ «շվեյցարական» մոդելով – Հայաստանը կարող է դառնալ բանակցային կենտրոն՝ ինչպես տարածաշրջանային (Իսրայել-Պաղեստին, Իրան-Արեւմուտք, Կիպրոս-Թուրքիա), այնպես էլ գերտերությունների (ԵՄ-ԵՏՄ, Արեւմուտք-Արեւելք…) հակամարտությունների համար…

Հայությունը սփռված է համայն աշխարհով, եւ 100-ից ավելի երկրներում հայեր են բնակվում: Իհարկե, բոլոր տեղերում չէ, որ կան կազմավորված համայնքներ, սակայն հիմնականում հայկական սփյուռքը կազմավորված ու կազմակերպված է: Որոշ տվյալների համաձայն, ներկայիս Թուրքիայի տարածքում կա ավելի քան 8,5 մլն ծպտյալ հայ, որոնք ներկայանում են որպես թուրքեր, քրդեր, հույներ, ասորիներ եւն… Նման հայեր կան նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում: Հետաքրքիր է, որ վերջին երկրում հայերը վրացականացվել են խորհրդային «եղբայրական» տարիներին, որպեսզի աշխատանքում կարողանան բարձր պաշտոնների հասնել…

Այժմ, հետզհետե բացահայտվում են ծպտյալ (թաքուն) հայերը, եւ առաջիկայում հայության թիվը ավելի հստակ կլինի: Իսկ այժմ՝ առանց ծպտյալ հայերի, աշխարհհում հայության մոտավոր թվաքանակը կազմում է 13-15 մլն, որից շուրջ 3,5 մլն.-ն է ապրում Հայաստանում եւ Արցախում: Մնացյալ հայերն ապրում են հայրենիքից դուրս՝ սփյուռքում, եւ հայ ազգի ներուժի հսկա բաժինը Հայաստանից դուրս է գործում, ցավոք, հաճախ նաեւ՝ ոչ Հայաստանի համար:

Միշտ օրինակ է բերվում հրեական սփյուռքը, որը ամենակազմակերպվածն է աշխարհում: Սակայն հայոց սփյուռքը, ի տարբերություն հրեականի, ավելի մեծ թիվ է կազմում եւ՛ Արեւմուտքի երկրներում (ԱՄՆ՝ մոտ 2 մլն, Ֆրանսիա՝ 0,9 մլն եւ այլն), եւ՛ Ռուսաստանում (մոտ 3 մլն.), եւ՛ Իրանում  (ավելին քան՝ 0,5 մլն), նաեւ՝ Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Այսինքն՝ միմյանց հետ քաղաքական բնույթի խնդիրներ ունեցող Արեւմուտքի, Ռուսաստանի ու Իրանի (նաեւ Մերձավոր Արեւելքի) միջեւ հայությունը կարող է լինել կապող օղակ:  

Այստեղ է, որ գնահատելի է պաշտոնական Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը: Աշխարհա-քաղաքական բեւեռների միջեւ համերաշխությունը միայն ի նպաստ հայության կլինի, եւ սա՛ է Հայաստանի եւ հայության արգացման առավել արդյունավետ ուղին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում աննախադեպ քաղաքական իրավիճակ ձեւավորվեց Հայաստանի ու համայն հայության համար: Ապրիլի 24-ին Երեւանում հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ բանակցություններն առնչվում էին ոչ թե Հայաստանին, այլ աշխարհա-քաղաքական հիմնախնդիրներին, Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ առկա տարաձայնություններին:

Այսպես Հայաստանը կարող է դառնալ բանակցային կենտրոն, նաեւ՝ ԵՄ-ԵՏՄ հարաբերություններում: Երեւանում կարող են բանակցել Իսրայելն ու Պաղեստինը, Իրանն ու Արեւմուտքը, նաեւ Կիպրոսն ու Թուրքիան:

Իսկ հետագայում հնարավոր կլինի միջազգային քաղաքական ու տնտեսական բնույթի տարատեսակ հիմնախնդիրների կարգավորման համար երկխոսության հարթակ դարձնել մեր երկիրը, ինչը թույլ կտա, ինչպես նախկինում, Հայաստանը դարձնել իրական կապող օղակ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, հատկապես, որ Չինաստանը նախատեսում է վերականգնել հանրահայտ «Մետաքսի ճանապարհը»:

Սկզբունքորեն՝ սա Հայաստանի «շվեյցարացման» մոդելն է, որը կարելի է համադրելի դարձնել համաշխարհային բոլոր կարեւոր կողմերի համար:

Հայաստանը պետք է ամեն կերպ ձգտի դառնալ հենց այն բանակցային հարթակը, որտեղ աշխարհի առաջնորդները կքննարկեն ու կլուծեն համաշխարհային կարեւորագույն խնդիրները: Հայկական լեռնաշխարհը նաեւ կարեորագույն առանցք է Մերձավոր Արեւելք-Կովկաս կապի միջեւ, չնայած վաղուց չի արծարծվում «Հայկական լեռնաշխարհ» եզրը, բայց դա կարելի է շտկել: Իսկ շտկել պետք է նաեւ այն նպատակով, որպեսզի հայոց պահանջատիրությունը կարողանա առաջ շարժվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո…

Հասկանալի է, որ դրան հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի. Հայաստանը պիտի կարողանա պատշաճ անցկացնել բոլոր կազմակերպվելիք միջոցառումները, իսկ սփյուռքն ու հայկական լոբբին լինեն անկասելի կազմակերպիչ-գործակալներ: Սա հայության զարգացման, ինչպեսեւ հայապահպանության համար հզոր խթան կլինի եւ կվերաարժեւորի հայության դերն ու Հայաստանի նշանակությունը համաշխարհային ռազմա-քաղաքական հարթակում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։