Ծնող ու երեխա.- սերնդակերտության «չակրան»… Չինական կենդանակերպի փոխարեն՝ Հայկական կենդանաշրջանը, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները… Ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ… Արհեստական բանականություն…

Ծնող ու երեխա. սերնդակերտության «չակրան» - (Եվ պատվիրաններ, որ դարձել են «էկզոտիկ» ու «մոդայիկ»…)

Վաղուց հայտնի են Եհովայի 10 պատվիրանները, որին, ցավոք, անգամ եկեղեցական սպասավորները չեն հետեւում (մեծամսնությունը հարստանում ու ցոփ ու շվայտ կյանքով է ապրում…), իսկ աշխարհիկ կյանքում այդ պատվիրանները ավելի քան 1700 տարի քարոզող երկրում՝ Հայաստանում, դարձել են «էկզոտիկ» հետաքրքրություններ՝ «մոդայիկ» մեկնաբանությունների համար…

Ուստի՝ այդ պատվիրանները մի կողմ դրած, մանկվարժ Յանուշ Կորչակը իր մասնագիտական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք է անհրաժեշտ ու կարեւոր համարում ծնողների համար` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու առումով:

Եհովայի 10 պատվօրաններն թվարկենք՝ այսօրվա հոգեւորական դասին դրանց մասին եւս մեկ անգամ հիշեցնելու համար.

  1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2. Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

5. Պատվի՛ր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6. Մի՛ սպանիր (Ելից. 20:13):

7. Մի՛ շնանար (Ելից. 20:14):

8. Մի՛ գողանար (Ելից. 20:15):

9. Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր (Ելից. 20:16):

10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):  

Յանուշ Կորչակի մշակած 10 պատվիրանները՝ ծնողներին.

  1. Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերեւից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղի՛ր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարեւոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղի՛ր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշի՛ր, որ երեխայի համար բավարար արված չէ, քանի դեռ ամեն ինչ արված չէ:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի եւ արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ր եւ զարգացրու՛ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:
  9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Վահագն Նանյան

Կենդանաշրջանի առանձնահատկությունները

Նախկինում էլ անդրադարձել եմ, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Գտնելու համար ներկա թվականից հանել են 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: (2015-4=2011:12=167 եւ մնացորդ՝ 7): Իսկ 7-րդը հայկական կենդանաշրջանով Կշեռքն է:

Տարբերություններ կան նաեւ բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Հայ արիները քանիցս առաջարկել են վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք, եւ այնտեղից ետ գան՝ բերելով մե՛ր ցանկությունների պատասխանների ու մաղթանքների դրական լիցքերը… մե՛ր լիցքերը՝ հայի ու Հայքի առաքելության համար…

Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն

Մի խումբ հայ ծրագրավորողներ աշխատում են արհեստական բանականության մոդելավորման ուղղությամբ։ Թիմի տեսակետն արհեստական բանականության վերաբերյալ չի համընկնում ոչ նեյրոնային ցանցերի կիրառման, ոչ էլ տվյալների հսկայական պահոցի օգտագործման մեթոդների հետ. «Մենք մոդելավորում ենք ոչ թե բուն ուղեղը, այլ ուղեղի պահվածքը։ Եթե տեսնում ենք ուղեղի պահվածքի որոշակի դրսեւորում, մենք դա ծրագրավորում ենք մեր մոդուլի մեջ, որը կոչվում է «Այա»»,- ասել է նախագծի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը։

Ամբողջ աշխարհում ստեղծվում են հատուկ ծրագրեր ռոբոտներին սպասարկելու համար։ Կարեւոր է թե՛ ռոբոտի կառուցվածքը, եւ թե՛ միջավայրը։ Այսինքն՝ ռոբոտի մարմնի կամ միջավայրի փոփոխության դեպքում փոխվում է ծրագիրը։ Իսկ «Այա»-ի դեպքում դրա կարիքը չի լինելու. ««Այա»-ն, տեղավորվելով ռոբոտի կամ ցանկացած այլ տեսակի սարքի մեջ, ադապտացվելու է մարմնին, իսկ հետո մարմնի միջոցով ճանաչելու է արտաքին աշխարհը։

Համացանցում արդեն տեղադրված է «ԱրմՄեն» ծրագիրը, որը օգտագործում է իր մեջ «Այա»։ «ԱրմՄեն»-ին կարելի է ծրագրավորել նաեւ հստակ գործողություններ անելու համար, որոնք հիմնականում երեխաներին զվարճացնելու նպատակով են։ «ԱրմՄեն»-ի դեպքում որպես մուտք տրվել է մարդկային ձայնը: «Այա»-ի եւ նրա հետ աշխատող ռոբոտ «ԱրմՄեն»-ի հաջորդ տարբերակները լույս են տեսնելու 2016թ.։ Ըստ նախագծի հիմնադրի՝ այդ տարբերակներն արդեն ի վիճակի կլինեն նաեւ տեսնել ու ճանաչել արտաքին աշխարհը՝ տարատեսակ սարքերի միջոցով:

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։