Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Եռահամակարգ (մարմին-միտք -հոգի) մարդը տիեզերքից ստանում է հոգե-ոգեղեն ահռելի ուժ, ինչը երբեմն նմանեցնում են հրեղեն ճառագայթների հետ: Բնազդական-բանական-բնախոսական համադրությամբ մարդը առավել բաց տեղեկատվական էներգետիկ համակարգ է, որն ունակ է արտաքին միջավայրին տեղեկություն տալու եւ այնտեղիւց էլ տեղեկություններ ստանալու: Հեռահաղորդակցությամբ՝ նշյալ եռահամակարգ մարդը կարող է նաեւ զգալ, լսել եւ տեսնել ինչպես Տիեզերական ազդակները, այնպես էլ Տիեզերական իրականությունը… Բայց կա մի հարց, թե մարդը որքանով է պատրաստ առնչվել ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ հետ եւ ըստ այդմ՝ տիեզերքից ինչ տեղեկություններ եւ ինչ ճանապարհով է ստանում, նաեւ ինչ տեղեկություն է տալիս տիեզերքին եւ ինչպես:

Մարդու մարմինը երկրազգացողությամբ նպաստում է, որ միտքը ստեղծագործի ու նախագծի, վերլուծի ու ծրագեր կազմի՝ անկախ այն բանից, թե դրանք լավն են, թե վատը, ճիշտ են, թե սխալ… Եվ ստեղծվում է մարմնա-մտավոր մի գոյություն, որն անմիջապես սկսում է գործել: Այստեղ կարեւոր է այդ գոյության հոգեւոր աստիճանը, քանզի միտքը կսլանա իր ծրագրի հետեւից այն ուժով ու արագությամբ, որքան հոգեւորի տիեզերահասության աստիճանն է…

Հաճախ եռահամակարգ մարդը իր մտքի հետեւից երկրորդն է ուղարկում, ապա երրորդը՝ փորձելով ջնջել նախորդները: Սակայն, դա այնքն էլ հեշտ չէ: Հայ-արիական իմաստությունն ասում է. «Միտքը Տիեզերքինն է»: Մարդը պիտի կարողանա նաեւ ջանքեր գործադրել, որպեսզի առաջին միտքը ոչնչացնող ուժ ստանա: Ուստի՝ պետք է սթափ գործել, քանի որ անզգույշ, անփույթ որոշումները կարող են շարունակել իրենց գործը՝ անկախ մարդու ընդունած նոր որոշումներից… Եվ հայ-արիական իմաստությունը այստեղ հավելում է, որ եթե միտքը Տիեզերքինն է, ապա տիրապետի՛ր մտքիդ, հետեւի՛ր ընթացքին, այլապես միտքն ինքը կիշխի քեզ… Հենց այնպես չի ոչնչանում հրեղեն (կրակե) ճառագայթերով ընթացող միտքը, այն հսկայական արագությամբ ընդունակ է հասնելու անսահմանության…

Մարդը գաղտնիք չէ բնության համար, ուստի եթե նույնիսկ ցանկանա էլ, տիեզերքից գաղտնիք ունենալ չի կարող, մտքերը մտովի փակել ու մոռանալով ջնջել՝ չի կարող: Մարդը բոլոր մտածումների, անգամ ապրումների մասին տեղեկություն է տալիս տիեզերքին: Եվ իր սնոտիապաշտական պատկերացումների եւ հավատալիքների պատճառով կարող է կասեցնել, ոչնչացնել առկա հնարավորությունն իր նպատակներն իրագործելու համար: Կարող է հիվանդանալ, պատիժների արժանանալ, անգամ մահանալ, եթե մտածումներն ու ապրումները բացասական եւ ինքնաոչնչացնող բնույթ ունեն:

Բարի նպատակների համար թերեւս քիչ համառություն է ցուցաբերվում, իսկ ահա չարագործն իր որոշման մեջ համառ է ու հետեւողական, ուստի՝ հաճախ է հասնում իր նպատակին: Սակայն, եթե բարի մտքերը նույն համառությամբ վեր սլանան, ապա, Տիեզերական Արդարությունն անտեսանելի է, բայց հաստատ կպատժի չարագործին եւ կսանձի չար մտքերը:

Մարդու ճակատագրի «գիրը» հենց մարդն ինքն է ամրագրում՝ իր հասու կամ թերհաս գիտակցությամբ, իր ճշմարիտ կամ սին հավատամքով: Տիեզերական ազդակները՝ հրեղեն ճառագայթները կարող են մարդուն նաեւ իր ճակատագրի մասին տեղեկություն տալ, դրանք կարելի է ընկալել եւ զգալ նաեւ մազերի, մաշկի, ձեռքի ափերի, ոտնատակերի, շրթունքների, աչքերի եւ մարմնի այլ մասերով: Դրանք բոլորը ուղարկվում են չակրաներին: Չակրաները էներգիայի բաշխման շրջապտույտի անիվներն են, նյարդային կենտրոններ, որոնք, ստանալով տեղեկատվությունը կրող ճառագայթները (կրակները), ուղարկում են գեղձերին, մարմնի մյուս կենտրոններին, եւ սկսվում է ծրագրով նախատեսվածի գործողությունը: Չակրաները մարդու ֆիզիկական մարմինը կապում են եթերային մարմնի հետ, որի ցանկացած մաս նույնպես չակրա է կոչվում, եթե ունի նյարդային կենտրոն: Դրանք համարվում են շփման, շոշափման կետեր: Չակրաներից 5-ը տեղակայված են ողնաշարի վրա, մյուսները՝ պարանոցից բարձր:  

Առաջին կենտրոնը գտնվում է պոչուկի մեջ, որտեղ գտնվում է կունդալինի բնակավայրը: Կունդալինը այն հզոր ուժն է, որի վրա հիմնված է ամբողջ կյանքը: Այդ կենտրոնին համապատասխանում է հողի տարերքը, որի վրա մտորումն ու կենտրոնացումն ուժեղացնում են կենսական ուժը, թույլ տալիս հսկելու շնչառությունն ու ուղեղի աշխատանքը: Եթե առողջ եւ ուժեղ է այդ կենտրոնը, մարդը կարող է ձեռք բերել գիտելիքներ մարդկային գոյության անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Այն մեր կյանքի հիմքն է, ուստի պահպանում եւ ղեկավարում է մեր բոլոր կենտրոնները, օրգանները, մարմինը, ոսկորները, ճարպը, մաշկը, հոդերը: Այն հսկում է նաեւ այդ բոլորի ծրագրերի կատարումը՝ կապված ճակատագրի հետ: Եթե մարդու մոտ թույլ է առաջին կենտրոնը, մարդը թերահավատ է նորի եւ գիտելիքների նկատմամբ, դանդաղաշարժ է, ծանրամարմին եւ այդ թերություններին համապատասխան ստանում է վերը նշված օրգանների հիվանդություններ: Այդ կենտրոնի աշխատանքներն ուժեղացնելու համար պահանջվում է նախ գիտակցական վերաբերմունք գիտելիքների նկատմամբ, ապա շնչառական վարժությունների կատարումը: Յուրաքանչյուր չակրա ունի իր ծրագիրը, իսկ տարբեր մարդկանց մոտ այն տարբեր է, քանի որ այն մարդուն տրված է իր արժանիքներին համապատասխան:

Երկրորդ չակրան կամ նյարդային կենտրոնը տեղադրված է սեռական օրգանների շրջանում: Այն համապատասխանում է ջրի տարերքին, հսկում եւ ղեկավարում է փորի ներքեւի մասը, երիկամները, միզապարկը եւ սեռական օրգանների աշխատանքը, ինչպես նաեւ նրանց ծրագրերի կատարումը:

Քանի որ այն համարվում է ջրի կենտրոն, վերահսկում է նաեւ ֆիզիկական ուժին, ինքնազգաց գիտելիքներին, հոգեւոր ու ոգեղեն գոյություններին: Այդ կենտրոնը մարդկանց մոտ ոչնչացնում է բացասական որակները: Եթե այն առողջ է եւ ուժեղ, ապա թույլ չի տալիս, որ մարդու մոտ առաջանան անմաքուր մտքեր: Եթե մարդու մոտ այդ կենտրոնը ոչ միայն ուժեղ, այլեւ հզոր է, ապա մարդն ունի նուրբ, փափուկ խառնվածք, հաստատուն է իր գործունեության եւ սովորույթների մեջ, կարող է հարմարվել ցանկացած պայմանների եւ իրադրությունների: Նա սիրալիր է բոլորի նկատմամբ եւ կարողանում է գեղեցիկ խոսել: Եթե կենտրոնը թույլ է կամ անառողջ, ապա մարդը դառնում է եսասեր, նախանձ, նենգ, գերսեքսուալ եւ գրեթե միշտ գտնվում է գրգռված վիճակում: Հիվանդագին երեւույթներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել շնչառական վարժություններ, ուշադրությունը կենտրոնացնել ու մտորել այդ կենտրոնի մասին: Եթե մարդը խոստովանի գոնե ինքն իրեն, որ իր չակրան, այսինքն՝ ջրի կենտրոնը թույլ է, անհանգստանա դրա համար, գիտակցի իր թերություններն ու աշխատի դրանք վերացնել, նրա առողջական վիճակը կփոխվի:

Երրորդ նյարդային կենտրոնը գտնվում է ողնաշարի վրա՝ պորտի շրջանից վեր ընկած տիրույթում, որին համապատասխանում է կրակի տարերքը (արեւահյուսակ): Այն վերահսկում է փայծաղի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամի աշխատանքները եւ դրանց ծրագրերի կատարումը: Եթե մարդու արեւահյուսակն առողջ է, այսինքն՝ կրակի կենտրոնն ուժեղ է, ապա մարդն ինքն ուժեղ է, համարձակ, քաջ, աներկյուղ, տղամարդկային: Եթե այդ կենտրոնը թույլ է, լավ չի գործում, ապա մարդը նյարդային է, միշտ գրգռված վիճակում, մեծամիտ ու անզուսպ:

Չորրորդ չակրային կամ նյարդային կենտրոնին համապատասխանում է օդի տարերքը, որը գտնվում է սրտի վրա: Յուրաքանչյուր մարդ հենման կետ կունենա, եթե հենվի սրտի կրակների վրա: Եթե մարդը շնչառական վարժություններ կատարելիս իր ուշադրությունը կենտրոնացնի չորրորդ չակրայի վրա, նրա մոտ կբացվեն հոգեկան հարուստ հնարավորություններ: Այդ կենտրոնը վերահսկում է ամբողջ կրծքավանդակին եւ այն օրգաններին, որոնք տեղադրված են նրա վրա՝ թոքերին, սրտին, բրոնխներին, եւ հետեւում է այդ բոլորի ծրագրերի կատարմանը: Նրա հիմնական խնդիրն է շնչառության վրա վերահսկողությունը: Եթե մարդն ունի զարգացած եւ ուժեղ կենտրոն, ապա նա իր շրջապատի մարդկանցից տարբերվում է լավ ինքնատիրապետմամբ, չքնաղ շարժուձեւով, ներդաշնակ զարգացմամբ, աշխատունակությամբ եւ բոլորի հետ ունեցած հարաբերություններում արդարացի վերաբերմունքով: Իսկ եթե թույլ է այդ կենտրոնը կամ անառողջ, այդ մարդը շատախոս է, անկայուն, թեթեւամիտ եւ անշնորհակալ:

Հինգերորդ չակրան գտնվում է վահանագեղձի շրջանում՝ կոկորդի հիմքում, եւ կապված է կուլ տալու տիրույթի հետ: Եթե մարդն իր ուշադրությունը կենտրոնացնի եւ մտորի այդ կենտրոնի մասին շնչառության վարժություններ կատարելիս, ապա նա ցանկացած ոլորտում կարող է հասնել մեծ հաջողությունների: Այդ կենտրոնին համապատասխանում է տարերքի հինգերորդ տարրը՝ եթերը: Եթե այդ կենտրոնն առողջ է, ուժեղ, ապա մարդու համար հեշտությամբ հասանելի կդառնան անցյալի, ներկայի եւ ապագայի բոլոր գիտելիքները: Այդ կենտրոնը վերահսկում է կոկորդը, վահանագեղձը, թքագեղձերը եւ նրանց հետ անմիջական կապի մեջ գտնվող օրգանները: Այն վերահսկում է ձայնի եւ խոսքի ծրագրերի ճիշտ կատարմանը: Եթե այն առողջ է եւ ուժեղ, ապա մարդն ընդունակ է սիրո ու նվիրվածության, ունի լավ վերաբերմունք մարդկանց նկատմամբ:

Հիվանդ ու թույլ կենտրոնով մարդու օրգանիզմն էլ է դառնում թույլ, ալարկոտ, անտարբեր եւ անմասնակից իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մարդկանց հատկապես անհրաժեշտ է զբաղվել իրենց կոկորդի հետ կապված հիվանդությունների բուժմամբ:

Վեցերորդ չակրան հայտնի է երրորդ աչք անունով, քանի որ նրա շնորհիվ մարդը կարող է շատ բան տեսնել առանց աչքերի օգնության, միայն ներքին հոգեւոր ուժով: Այդ նյարդային կենտրոնը գտնվում է ճակատի շրջանի ոսկրածուծում՝ հոնքերի միջեւ: Եթե մարդն իր ուշադրությունը կենտրոնացնի երրորդ աչքի վրա, կարող է ստանալ ներզգացական գիտելիքներ: Այդ կենտրոնում են գտնվում առաջնային ուժն ու հոգին: Այն վերահսկում է հիպոֆիզը, էպիֆիզը, կոնաձեւ գեղձը, ինչպես նաեւ ուղեղի այն մասը, որը ղեկավարում է մեր բոլոր զգայական օրգանները: Այն ոչ միայն վերահսկում է դրանց կատարած աշխատանքները, այլեւ հետեւում դրանց ծրագրերի կատարմանը:

Քանի որ տրամաբանությունը կառուցված է ներզգացողության վրա, իսկ այն երրորդ աչքի գործառույթիի արտահայտությունն է, հասկանալի է դառնում, թե որքան մեծ է այդ կենտրոնի դերը մարդու կյանքում: Այդ կենտրոնը շատ մեծ տեղեկատվություն է ստանում կենդանակերպերից, մոլորակներից ու տիեզերքից ընդհանրապես: Քանի որ ճակատագրի իրականացմանը շատ է օգնում եթերը, այն ուղեկցում է հոսանքներին, որոնք բերում են ճակատագրի մասին ուղարկված տեղեկություն եւ ծրագիր: Եթե այդ չակրան ուժեղ է եւ առողջ, ապա մարդն ունի լավ ճակատագիր, բաց են նրա բոլոր ճանապարհները, եւ նա կյանքում հաջողակ կլինի: Եթե այդ կենտրոնը թույլ է, եւ մարդը վատ առողջություն ունի, պատճառն այն է, որ նա ունի վատ ճակատագիր, նրա ծրագրերը սահմանափակված են այնպես, որ չկարողանա իրականացնել իր ցանկությունները: Այս մարդիկ գոնե իրենք իրենց պետք է խոստովանեն եւ հասկանան իրենց անհաջողությունների իրական պատճառը, ուղղեն իրենց վարքագիծը՝ կիրառելով շնչառական վարժություններ՝ ուժեղացնեն վեցերորդ չակրան ու կապը տիեզերքի հետ:

Յոթերորդ չակրան համարվում է մարդկային օրգանիզմի բարձրագույն նյարդային կենտրոնը: Այդ կենտրոնը գտնվում է գանգի գագաթում եւ զբաղեցնում է հատուկ բարձրագույն դիրք: Բոլոր նյարդային ուղիները կապված են նրա հետ եւ քանի որ կապված են նաեւ կոնաձեւ գեղձի հետ, այս չակրան մարդուն կարող է տալ գերգիտակցական մակարդակ, եթե կենտրոնն առողջ է եւ զարգացած: Սա է պատճառը, որ նման կենտրոն ունեցող մարդիկ հազվադեպ են, նրանք ունեն ոչ միայն լավ ճակատագիր, այլ Երկիր են ուղարկված, որ օգնեն մարդկանց իրենց զարգացման եւ ծրագրի կատարման գործում: Երբ նրանց մոտ ազատագրվում է էներգիան, միանում է աստվածային ճառագայթումներին: Երբ մարդը հասնում է գերգիտակցական մակարդակի, նրա համար բացվում են բարձրագույն գիտելիքներ՝ եռանդուն բարձրագույն նյարդային կենտրոն ունենալու շնորհիվ:

Նյութական մարմնին շրջապատող ճառագայթումներն անվանում են լուսապսակ (աուրա): Գիտնականների բազում փորձերն ու դիտարկումները ցույց են տվել, որ եթե մարդու մոտ ամեն ինչ կանոնավոր է, ապա նրա աջ կողմի լուսապսակը կապտավուն է շողում, ձախը՝ դեղնակարմիր:

Գլխից վեր մարդու լուսապսակում են գտնվում ութերորդ եւ իններորդ չակրաները:

Ութերորդ չակրան աստեղային ծրագրի դրդապատճառի կետն է, որը մղում է մարդուն այս կամ այն իրադրության մեջ իրագործել իր ծրագիրը սեփական ցանկությամբ կամ գիտակցաբար: Երբ գործում է ութերորդ չակրան, մարդն իրականացնում է իր ծրագիրը սեփական զգացումների օգնությամբ:

Իններորդ չակրան մտածողության մղումային կետն է, որը մարդուն մղում է իրականացնելու իր ծրագրերը՝ նրա մոտ համապատասխան միտք առաջացնելու ճանապարհով: Միշտ չէ, որ այդ միտքը կարող է համապատասխանել մարդու ցանկություններին, ծրագրին, ուստի մարդը խիստ զգոն պետք է լինի սեփական մտքերի նկատմամբ: Ցանկացած միտք պիտի պահել տրամաբանական վերլուծությունների սահմաններում, քննել, դիտարկել դրա հետեւանքները, ապա հանգել անհրաժեշտ եզրակացության, թե տվյալ միտքն իրեն ուր կարող է տանել, այն արդյո՞ք արժանի է ուշադրության: Չի բացառվում, որ տվյալ միտքը մարդուն փոխանցված լինի մեկ այլ մարդուց՝ հեռահաղորդման ճանապարհով: Եթե մարդուն տրված է լավ ճակատագիր, նա ունի գերգիտակցական մակարդակ, ապա նրա չակրան նույնպես հզոր է, նա չի կարող շփոթել իր սեփական մտքերը դրսից ստացված մտքերի հետ, նույնիսկ կարող է գտնել այն աղբյուրը, որտեղից բխել է տվյալ միտքը: Հզոր չակրա ունեցող մարդուն հաղորդվում է իր զարգացման ուղղությունը, որով նա կարող է հասնել աստվածային իմաստության բարձրագույն մակարդակին, այսինքն՝ աստվածային ճշմարտությանը, անգամ՝ արարչական…

Մարդկային օրգանիզմի ծրագրերը, նրա նյարդային կենտրոններն այն մարմիններն են, որոնք իրականացնում են մարդու ճակատագիրը: Նշանակում է, որ դրանց զարգացման ճանապարհով կարելի է ազդել ճակատագրի վրա, նրան տանել ցանկացած ճանապարհով: Տիեզերքից հաղորդվող ազդեցությունները, ինչ խոսք, թողնում են իրենց հետեւանքները մարդկային օրգանիզմի վրա, սակայն եթե մարդը տեղյակ լինի օրգանիզմում գործող որոշ օրենքների, շատ բան կարող է փոխել: Շատ կարեւոր մի գործոն կա, որն աննկատ քայքայում է մարդու մարմինը. դա օրգանիզմից էներգիայի հեռացումն է, տարբեր օրգանների միջեւ եղած կապի խախտումը կամ էներգիայի ուղղության փոփոխությունը: Էներգիան անտեսանելի է, սակայն երբ այն հեռանում է որեւէ օրգանից, օրգանը թուլանում է, չի գործում: Մարմնի էլեկտրականության գեներատորը սիրտն է: Եթե զրուցենք սրտի նոպա ունեցած հիվանդի հետ, նա կասի, որ նոպայի պահին ինքն զգում էր, թե ինչպես է հոսանքը հեռանում իրենից: Մեր մարմինը էլեկտրական է ոչ միայն բնույթով, այլեւ իր դրական ու բացասական բեւեռներով: Սիրտը ներկայացնում է բացասական բեւեռը, իսկ ուղեղի աջ մասը՝ դրական բեւեռը: Սրտի եւ ուղեղի միջեւ պետք է լինի հավասարակշռություն: Այդ հավասարակշռությունը ստեղծելու համար մարմնի վրա կան կետեր, որոնց միջոցով կարելի է վերականգնել այդ հավասարակշռությունը:

Եթե մարդը հիվանդ է, նախ պետք է վերականգնել հավասարակշռությունը, որից հետո կվերականգնվի առողջությունը: Չպե՛տք է մոռանալ, որ բուժման ոչ մի մեթոդ վերջնականապես չի բուժում հիվանդությունը, այն շտկում է օրգանիզմի խաթարված վիճակը, իսկ բնությունը բուժում է այն: Բայց բնությունը բուժում է նրանց, ովքեր գիտակցաբար հաղթահարում են իրենց թերությունները, զղջում սրտանց, եւ ապրում մաքուր կյանքով: Իսկ ի՞նչ է անում բժիշկը կամ վիրաբույժը. նա կտրում է որեւէ անպետք օրգան, մարմինը պատում է վերքերով, ստեղծում է հնարավորություն, որ բնությունը կարողանա բուժել մարդուն: Դրանից հետո բնությունը բուժում է եւ՛ վերքերը, եւ՛ մարդուն: Շփման կետերով մարդն ինքը կարող է բուժել իր հիվանդություններից շատերը:

Կան նաեւ այլ տվյալներ՝  5 տարրերի եւ 7 չակրաների մասին

* 5 տարրերը չինական տեսությամբ դասակարգվում են հետեւյալ բովանդակությամբ. 1. Փայտը սնում է կրակը, 2. Կրակը ստեղծում է Երկիր մոլորակը, 3. Երկիր մոլորակը կրում է մետաղ, 4. Մետաղը հավաքում է ջուր, 5. Ջուրը սնուցում է կրակը: Կամ՝ հետեւյալ իմաստով. 1. Փայտն անջատում (ստեղծում) է Երկիր մոլորակը, 2. Երկիր մոլորակը ներծծում է ջուր, 3. Ջուրը սնուցում է փայտը, 4. Կրակը հալեցնում է մետաղը, 5. Մետաղը կոտրում է փայտը:

Իսկ ըստ ճապոնական տեսության՝ 5 տարրերը դասակարգվում են հետեւյալ բնութագրական հատկանիշներով. 1. Երկիր մոլորակը ներկայացնում է պինդ, կարծր նյութերը, 2.  Ջուրը ներկայացնում է հեղուկ նյութերը, 3. Կրակը ներկայացնում է քանդող, ոչնչացնող իրերը, 4. Օդը ներկայացնում է շարժվող իրերը, 5. Դատարկ տարածությունը ներկայացնում է իրերը ոչ մեր առօրյա կյանքից:

* 7 չակրաներն  են՝ 1. Սահասրարա՝ ճակատ – միտք/անսահման տարածություն. 2. Աջնա՝ երրորդ աչք – լույս/ստվեր, 3. Վիշուդհա՝ կոկորդ – եթեր/ձայն, 4. Անահատա՝ սիրտ – օդ, 5. Մանիպուրա՝ պորտ – կրակ, 6. Սվադհիստանա՝ սրբոսկր – ջուր, 7. Մուլադհարա՝ արմատ – երկիր մոլորակ:

Կենդանաշրջանի առանձնահատկությունները

Նախկինում էլ անդրադարձել եմ, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Գտնելու համար ներկա թվականից հանել են 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: (2015-4=2011:12=167 եւ մնացորդ՝ 7): Իսկ 7-րդը հայկական կենդանաշրջանով Կշեռքն է:

Տարբերություններ կան նաեւ բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Հայ արիները քանիցս առաջարկել են վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք, եւ այնտեղից ետ գան՝ բերելով մե՛ր ցանկությունների պատասխանների ու մաղթանքների դրական լիցքերը… մե՛ր լիցքերը՝ հայի ու Հայքի առաքելության համար…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։