Հայկական խոհանոց – Կարմրախայտը՝ գլուխ սոխով… Աշխարհի մարզական հեւքից – …Հերթական խորհրդակցությունը՝ Համահայկական խաղերին ընդառաջ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից՝ տեղադրե՛ք ձեր գովազդը…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կարմրախայտը՝ գլուխ սոխով

Բաղադրությունը - Կարմրախայտ – 4 հատ, գլուխ սոխ – 4 հատ, լոլիկ – 4 հատ, դափնու տերեւ – 4 հատ, սեւ պղպեղ – 4 հատիկ, թարխուն – 1 կապ, ծիծակ – 1 հատ, կարագ – 50 գ, սպիտակ գինի – 200 գ:

Պատրաստման եղանակը - Կարմրախայտը լվանալ, փորի մեջ աղով համեմել, թողնել 1 ժամ մնա սառնարանում:

Առանձին կաթսայում սպիտակ գինին լցնել, կտրտած լոլիկը դնել եւ ամբողջական սոխը, դափնետերեւը, թարխունը, ձուկը, կարագը: Դնել կրակին եւ եփել 20 րոպե: Մատուցել ծիծակով:

«ԲարՔեմփ Երեւան 2015»-ը մեկնարկել է…

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 1000 ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 30-ին եւ 31-ի մասնակցում են «ԲարՔեմփ Երեւան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (անվանվում է նաեւ «չկոնֆերանս», քանի որ ոչ պաշտոնական է…)։ «ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ։

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Աշխարհի Առմլիֆտինգի չեմպիոն ունենք

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած Աշխարհի Առմլիֆտինգի 5-րդ առաջնությանը հրավեր էր ստացել մասնակցելու նաեւ Հայաստանի Առմլիֆտինգի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը ներկայացնում էր Էմիլ Ամիրշատյանը, ով 2012թ Ուկրաինայի Յալտա քաղաքում տեղի ունեցած Առմլիֆտինգի Աշխարհի առաջնությունում, «Rolling Thunder» վարժությունում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

2013 եւ 2014թթ. լինելով զինվորական ծառայության մեջ՝ Էմիլը հնարավորություն չուներ կրկին իր ուժերը փորձելու միջազգային մրցաշարերում: Սանկտ-Պետերբուրգում նա հանդես է եկել 70 կգ քաշային կարգում եւ մրցել 2 վարժություններում՝«Apollon Axel» ու «Rolling Thunder»: «Apollon Axel» վարժությունում Էմիլը բարձրացնելով 147,5 կգ՝ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (արծաթե մեդալ), իսկ «Rolling Thunder» վարժությունում հայ մարզիկը բարձրացնելով 78 կգ՝ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ վաստակելով ոսկե մեդալ:

Ֆուտբոլային կրքեր՝ առաջնության ավարտին

Երեւանյան ակումբների՝ «Միկա»-«Ուլիս» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Սա միկացիների 8-րդ պարտությունն էր առաջնությունում, որն այնքան էլ հարմար պահի տեղի չունեցավ, քանի որ թիմը դեռեւս չի ապահովել 4-րդ տեղը: Իսկ դա տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր: Իսկ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ի հետ, չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Փյունիկցիները պարտությունից խուսափեցին մրցավարի կողմից նշանակված 11մ հարվածի օգնությամբ, որը վստահ իրացրեց հյուրերի լավագույն ռմբարկու Ռոմերոն: Այդ դրվագը դժգոհություն առաջացրեց արարատցիների մոտ, որի պատճառով 2 ֆուտբոլիստ, այդ թվում դարպասապահը, դեղին քարտի արժանացան:  

Խաղից հետո «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ասաց, որ 11մ հարված կար, քանի որ գնդակը դիպել է «Արարատի» ֆուտբոլիստի ձեռքին: Սակայն, եթե իրոք գնդակն է դիպել ֆուտբոլիստի ձեռքին, ապա դա չի որակվում որպես ձեռքով խաղ եւ 11մ հարված չի նշանակվում: Թիմերի գլխավոր մարզիչները նշեցին, որ մոտիվացիա չկար ֆուտբոլիստների մոտ եւ շատ դժվար էր նրանց տրամադրել պայքարի: Սա նորություն չէ Հայաստանի առաջնության համար, քանի որ թիմերը, երբ հասնում են իրենց նպատակին, այսինքն, նաեւ եվրոգավաթների ուղեգիր են նվաճում, ապա անմիջապես կորցնում են հետաքրքրությունը առաջնության նկատմամբ: Չեմպիոն «Փյունիկ»-ը ժամանակից շուտ ապահովելով հաղթողի կոչումը առաջնությունում՝ անատամ անցկացրեց վերջին 2 հանդիպումները՝ կրելով 1 պարտություն եւ խաղալով 1 ոչ-ոքի, այն էլ կասկածելի: Ինչեւէ, թիմը խույս տվեց երկրորդ անընդմեջ պարտությունից, հակառակ դեպքում կդառնար Եվրոպայի «ամենապարտվող» չեմպիոն թիմը: Իսկ «Արարատը» 10-րդ միավորը վաստակեց առաջնությունում եւ խուսափեց մրցաշրջանը միանիշ թվով ավարտելու խայտառակությունից: Ֆուտբոլի բարձրագույն խմբի 27-րդ փուլի վերջին երկու հանդիպումներում Հանրապետության նախկին չեմպիոն Երեւանի «Բանանց»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-Կապան»-ի դարպասը: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Գյումրիի «Շիրակ»-ի ու Երեւանի «Ալաշկերտ»-ի խաղում, այս դեպքում ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը:

Այդպիսով, առաջնության վերջին փուլից առաջ մնացել է պարզել միայն մեկ հարց՝ թե որ թիմը կգրավի 4-րդ տեղը եւ կնվաճի Եվրոպայի լիգայի վերջին ուղեգիրը: Բանն այն է, որ «Շիրակ»-ն այս պարտությունից հետո վերջնական զբաղեցրեց 3-րդ տեղը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի 4-րդ ուղեգրին հավակնում են «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը: Առաջնության ավարտական խաղում միկացիները կհյուրընկալվեն ներկա չեմպիոն «Փյունիկ»-ին, իսկ ալաշկերտցիները կընդունեն նախկին չեմպիոն «Բանանց»-ին: Երկու թիմերին էլ հարկավոր է հաղթանակ տանել, որպեսզի զբաղեցնեն 4-րդ տեղը: Համաչափ արդյունքի դեպքում այդ հորիզոնականը կպահպանի «Միկա»-ն:

Ֆուտբոլային առաջատար երկրների առաջնություններում վերջին մի քանի փուլերի խաղերն հիմնականում անցկացվում են նույն օրը, նույն ժամին, որպեսզի պահպանվի արդար խաղի սկզբունքը: Սակայն Հայաստանի առաջնությունում այդ սկզբունքը չի պահպանվում: 1992թ. սկսած, «հայկական տարբերակով» են անցկացնում մեր առաջնությունները՝ անընդհատ տեղի, ժամի փոփոխություններ, խաղերի հետաձգումներ եւ այլն:

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ժամանել էր Երեւան

«Մենք որեւէ կոնկրետ ծրագրով չենք եկել: Պարզապես Բուլղարիա մեկնելու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան եւ հանդիպել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ով իմ մոտ ընկերն է»,- Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Պլատինին: Խոսելով հայկական ֆուտբոլի մասին՝ հանրահայտ ֆուտբոլիստը նշել է, որ ՈւԵՖԱ-ն ամեն ինչ անում է արեւելաեվրոպական երկրներում ֆուտբոլը զարգացնելու համար. «Հաճելի է, որ ՈւԵՖԱ-ի օգնությամբ Երեւանում կառուցվել է ֆուտբոլի նման ակադեմիա, սակայն էլ ավելի ուրախալի կլինի, եթե այսպիսի որակյալ խաղադաշտերում որակյալ խաղացողներ պատրաստվեն: Արդեն 2 տարի է աշխատում ենք զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում»:

Հայկական կողմից հարց հնչեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Միշել Պլատինին կարճ պատասխանեց՝ ասելով, որ դա քաղաքական խնդիր է եւ ՈւԵՖԱ-ն այդ հարցում անզոր է: Սա Միշել Պլատինիի հինգերորդ այցն էր Հայաստան, ընդ որում՝ առաջին ոչ պաշտոնականը:

Զեպ Բլատերը կրկին վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերը կրկին վերընտրվեց այդ պաշտոնում, չնայած այն բանին, որ 2 օր առաջ կաշառակերության համար ձերբակալվել էին ՖԻՖԱ-ի 9 չինովնիկներ: Նախագահական ընտրության ժամանակ Զեպ Բլատերը 209 ձայնից ստացել է 133-ը: Կանոնակարգով պետք է անցկացվեր 2-րդ փուլ, քանի որ նախագահը չէր ստացել ձայների 2/3-րդ մասը, սակայն Բլատերի միակ մրցակիցը՝ Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը, հանել է իր թեկնածությունը: Այդպիսով, Զեպ Բլատերը 5-րդ անգամ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

- *Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը միշտ էլ առանձնացել է իր յուրահատկությամբ: Դեպքերն ու իրադարձությունները հաճախ զարգանում են անկանխատեսելի լուծումներով: Առաջնության մասնակից 8 թիմերն ընդամենը 2 ամսվա ընթացքում առաջատարից կարող են վերածվել հետնապահի կամ էլ հակառակը:

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ փուլի հանդիպումները: Վերջին խաղերից առաջ արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրների անունները: Երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երեւանի «Փյունիկ»-ը: Արծաթե մեդալները նվաճել է Երեւանի «Ուլիս»-ը, իսկ բրոնզե մեդալները՝ Գյումրիի «Շիրակ»-ը: Վերջին փուլի՝ «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա առաջնության մրցանակակիր թիմերի՝ «Փյունիկ», «Ուլիս» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Հ.Գ. – «Միկա»-ն պարտվեց եւ կորցրեց եվրոգավաթային ուղեգիրըՄայիս 30, 2015թ. – Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջին տուրի խաղերից առաջ մնացել էր պարզել միայն մեկ հարց, թե որ թիմը կգրավի 4-րդ հորիզոնականը եւ կմտնի Եվրոպայի լիգա, քանի որ 1-3-րդ մրցանակային տեղերն արդեն զբաղեցրել էին համապատասխանաբար «Փյունիկ»-ը, «Ուլիս»-ը եւ «Շիրակ»-ը: Եվրոպական վերջին ուղեգրին հավակնում էին «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը, ընդ որում առաջինը 2 միավորով առաջ էր իր մրցակցից: Սակայն միկացիները հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեցին հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ին, իսկ ալաշկերտցիները սեփական հարկի տակ առավելության հասան «Բանանց»-ի նկատմամբ՝ 3:1: Այդպիսով, «Միկա»-ն նահանջեց 5-րդ հորիզոնական, իսկ 4-րդ տեղը զբաղեցրեց «Ալաշկերտ»-ը, որն էլ առաջին անգամ Եվրոպայի  լիգայում խաղալու իրավունք ստացավ: Մյուս խաղերում հաղթեցին հյուրերը: Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Ուլիս»-ին, իսկ առաջնության ընդգծված ետնապահ «Արարատ-ը» Կապանում 3 անպատասխան գոլ խփեց տեղի «Գանձասար-Կապան»-ին:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Փյունիկ»-ի մեքսիկացի հարձակվող Ռոմերոն, ով իր անվան դիմաց գրանցեց 22 գոլ եւ 1-ով առաջ անցավ «Շիրակ»-ի հարձակվող Ժան-Ժակ Բուգուիից: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ամփոփիչ աղյուսակ.

1. Փյունիկ 28+19=4-5 / 58-26 / 61

2. Ուլիս 28+15=5-8 /43-32 / 50

3. Շիրակ 28+14=7-7 / 51-32 / 49

4. Ալաշկերտ 28+10=8-10 / 32-35 /38

5. Միկա 28+9=10-9 / 33-34 /37

6. Բանանց 28+8=8-12 /42-46 /32

7. Գանձասար-Կապան 28+7=8-13 / 31-44 /29

8. Արարատ 28+3=4-21 /28-69 /13

- *Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Խմբի 28-րդ փուլի «Ալաշկերտ-2»-«Բանանց-2» հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ այդ խաղը կորոշի Առաջին խմբի չեմպիոնին. «Ալաշկերտ-2»-ը 52 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Բանանց-2»-ը, որ անձնական խաղերում առավելություն ունի մրցակցի նկատմամբ, ունի 49 միավոր:

ՀՊՏՀ-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Հայաստանի ֆուտզալի առաջնությունում կայացավ 4-րդ փուլից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը: Հյուրերը հաղթելով 8:3 հաշվով, վաստակեցին 52 միավոր եւ անհասանելի դարձան 2-րդ տեղում ընթացող «Թալգրիգ»-ի համար: Այդպիսով, ՀՊՏՀ-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: 3-րդ տեղը զբաղեցրեց «Գյումրի»-ն: Առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին, երբ տեղի կունենա 17-րդ փուլի հետաձգված «Գյումրի»-«Թալգրիգ» հանդիպումը:կնարկի մայիսի 24-ին:

Արթուր Աբրահամն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են

Օրերս հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում:

Մեկնարկեց Արցախի ԱԺ գավաթի խաղարկությունը

Մայիսի 26-ին Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» հերթական խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացմանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, կրթության եւ սպորտի գործիչներ:

Խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում է 8 թիմ՝ Ստեփանակերտի քաղաքային եւ շրջանային փուլերում թեթեւ աթլետիկա մարզաձեւից լավագույն արդյունքներ ցուցաբերած 3-6-րդ դասարանի աշակերտները: Արդեն 12-րդ անգամ անցկացվող ամենամյա խաղարկությունը եւս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բեւեռելու մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանն ու կամային հատկանիշների ձեւավորմանը: ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկությունը կտեւի 2 օր: Հաղթող թիմը իրավունք կստանա մասնակցելու ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը:

Պատանիները կորոշեն Հայաստանի առաջնությունների հաղթողներին

Երեւանի Շենգավիթի մարզադպրոցում մեկնարկել է 1999-2000թթ. ծնված պատանիների եւ աղջիկների բասկետբոլի Հայաստանի 2015թ. առաջնությունները: Մրցումներին մասնակցում են Երեւանը եւ մարզերը ներկայացնող պատանիների եւ աղջիկների 8-ական թիմեր:

Պատանիների թիմերն են են՝ «Պոլիտեխնիկ», «Արմավիր», «Արթիկ», «Շենգավիթ», «Գրանդ սպորտ», «Արցախ», «Վանաձոր», եւ «Գյումրի»: Աղջիկների թիմերն են՝ «Աջափնյակ», «Արցախ», «Արաբկիր խաղերի մարզադպրոց», «Արարատ», «ԽՄՕՄՄ», «Արթիկ», «Գյումրի», եւ «Վանաձոր»: Մրցումների հաղթողները հայտնի կդառնան մայիսի 31-ին:

Հայազգի թենիսիստուհին հաղթահարել է որակավորման փուլը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հանդես կգա թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» հիմնական մրցաշարում: Որակավորման փուլի վերջին խաղում մեր հայրենակցուհին 3 սեթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանեվսկայային` 6:3, 6:7, 6:4: Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական մրցաշարը կմեկնարկի մայիսի 24-ին: Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթին

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա «Աշխարհի գավաթ», որին մասնակցելու համար հայ հրաձգներից 2-ը մեկնել են Մյունխեն: Ընդհանուր թվով Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաեւ Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) եւ Քրիստիան Լաուեր ամուսինները: Նրանք բոլորն էլ հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձեւում: Հայ մարզիկները «Աշխարհի գավաթ»-ին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 19-ամյա Սուրենն ու Հրաչը ուժերը կչափեն մեծահասակների պայքարում: Մյունխենում խաղարկվում են Ռիո 2016-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակն արժանանում է ուղեգրի, սակայն եթե առաջատարները արդեն իսկ ունենում են ուղեգիր, ապա այն բաժին է հասնում հաջորդողներին: Մեր մարզիկները մրցելույթները սկսել են մայիսի 28-ից:

– Հայաստանը 47-րդ տեղում է

Մայիսի 29-ին, փոքր տրամաչափի հրացան, 50մ, պառկած դիրքից 60 կրակոց տղամարդկանց որակավորման նախնական փուլի 1-ին կեսին մասնակցել է 70 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 615,9 միավորով գրավել է 47-րդ տեղը: Վերջինիս չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը եւ նա դուրս է մնացել տվյալ վարժության հետագա պայքարից: Իրինա Լաուերն էլ կմասնակցի 50մ, հրացան 3 դիրքից վարժությանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է ունենում «Աշխարհի գավաթ»-ի խաղարկությունը,  որտեղ Հայաստանը ներկայացնում  են՝ Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաեւ Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) եւ Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում է ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Աշխարհի գավաթ»-ին մասնակցում է 87 երկրի  901 մարզիկ: Խաղարկվում է 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ:

Ընթանում է Եվրոպայի անհատական առաջնությունը

Հայաստանի առաջատար շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական չեմպիոնի կոչման համար: Դա առայժմ ավելի հաջող է ստացվում Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Գալոյանի մոտ, ովքեր 8-րդ փուլից հետո վաստակել են համապատասխանաբար 5,5 եւ 5 միավոր: Նրանց համաքայլ է ընթանում Լիլիթ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանույշ Ղուկասյանը:

 – Էլինա Դանիելյանը հաղթեց եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական

Մեր առաջատար շախմատիստուհին շարունակում է հաջող հանդես գալ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 10-րդ փուլում նա սպիտակներով հաղթեց վրացուհի Սալոմե Մելիային եւ վաստակեց 7,5 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական: Էլինա Դանիելյանը առայժմ 1 միավորով ետ է մնում ուկրաինուհի Նատալյա Ժուկովայից, կեսով՝ վրացուհի Նինո Բաթիաշվիլուց:

6 միավոր վաստակած Լիլիթ Մկրտչյանն այսօր անհաջող հանդես եկավ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի դեմ եւ պարտություն կրեց: Նա նահանջեց 22-րդ հորիզոնական եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Վաղը կայանալիք վերջին տուրում լուրջ պայքար է սպասվում մրցանակային տեղերի համար, քանի որ վերը նշված եռյակից բացի մեդալի հավակնում են եւս 6 մասնակիցներ:

Լեհաստան կմեկնեն 3 հայ ծանրորդներ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը եւ 2014թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգի մրցաշարին, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Հայաստանի սամբիստները Ստեփանակերտից հետո կմեկնեն Բաքու

Հայաստանի սամբոյի հավաքականը մայիսի 28-ին մեկնեց Ֆրանսիա` «Փարիզի Մեծ մրցանակին» մասնակցելու համար: Մրցաշարի արդյունքներով կձեւավորվի «Բաքու-2015» եվրոպական առաջին խաղերին մեկնող մարզիկների վերջնական կազմը:

Փարիզի «Ա» դասի միջազգային մրցաշարին մեր սամբիստներից հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը եւ Գրիգոր Մխիթարյանը (երկուսն էլ 57 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանը եւ Էդիկ Պետրսյանը (90 կգ), աղջիկներից` Սոսե Բալասանյանը եւ Ռոզա Խաչատրյանը (52 կգ): Հավելենք, որ Բաքու մեկնելուց առաջ մեր մարզիկները հունիսի 1-18-ը Ստեփանակերտում կանցկացնեն ուսումնամարզական հավաք:

Հայաստանի ԱՕԿ-ը հրաժարվել է Բաքվի աջակցությունից

«Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի Եվրոպական առաջին խաղերի կազմկոմիտեի ֆինանսական աջակցությունից եւ բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջացել են այս ընթացքում, կատարել է ՀԱՕԿ-ի նախագահը»,- հայտնել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանն այդ խաղերում հանդես է գալու 25 մարզիկ-մարզուհիով (տես ստորեւ ներկայացվող ցուցակը), որոնք հանդես կգան 6 մարզաձեւերում: Մեր առաջին պատվիրակությունը Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ մեկնելու է հունիսի 10-ին: Հայաստանը մասնակցելու է բացման արարողությանը, բայց դեռ պարզ չէ՝ քանի հոգով: Խաղերում ոսկե մեդալ նվաճող հայ մարզիկը ՀԱՕԿ-ի կողմից կպարգեւատրվի 50 հազար դոլարով, արծաթե մեդալակիրը` 30 հազարով, բրոնզե մեդալակիրը` 20 հազարով: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մեր պատվիրակների անվտանգության հարցերը լիովին լուծված են, առայժմ մտահոգության կարիք չկա: Սակայն նա միաժամանակ խոստովանեց, որ ոչ մի հայի համար ներկայումս ցանկալի չէ մեկնել Բաքու, ուստի բոլոր նրանք, ովքեր համաձայնել են գնալ այդ քայլին, արդեն իսկ հերոսներ են («Լուսանցք»-ը բազմիցս դեմ է արտահայտվել Բաքվի խաղերին մասնակցելու այս ջանքերին, ուստի՝ նաեւ չի՛ կարող ողջունել այս մասնակիցների գնալը…): Ի դեպ, այդ հերոսների մեջ չեն հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Նրանց բացակայության մասին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց (իսկ մենք նշենք, որ այդ մարզիկները (եւ շատերը, նաեւ որոշ մարզիչներ) արհամարանքով են խոսել ու անվստահություն հայտնել Բաքու գնալու մասին, փաստարկ բերելով նաեւ «Լուսանցք»-ի էջերում նշված շատ հիմնավոր պատճառաբանությունները եւս…): Այն հարցին, թե ՀԱՕԿ-ը որքան գումար է ծախսելու այդ խաղերին պատրաստվելու եւ մասնակցելու համար, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Դա կոմերցիալ գաղտնիք է: Համենայնդեպս, շատ մեծ գումար է, որը գերազանցում է մեր սպորտային ֆեդերացիաներից մի քանիսի բյուջեն միասին վերցրած»: Վերջում Հրաչյա Ռոստոմյանը հավելեց, որ Եվրոպական խաղերը լուսաբանելու ցանկություն է հայտնել միայն 1 լրագրող:

Եվրոպական 1-ին խաղերին հայտավորված Հայաստանի մարզիկների ցանկը. Արման Երեմյան` թեքվանդո, Հրաչիկ Բաբայան` հրաձգություն, Տիգրան Կիրակոսյան` սամբո, Աշոտ Դանիելյան` սամբո, Սոսե Բալասանյան` սամբո, Հովհաննես Դավթյան` ձյուդո, Դավիթ Նիկողոսյան` ձյուդո, Ժաննա Ստանկեւիչ` ձյուդո, Արտյոմ Ալեքսանյան` բռնցքամարտ, Նարեկ Աբգարյան` բռնցքամարտ, Արամ Ավագյան` բռնցքամարտ, Սամվել Բարսեղյան` բռնցքամարտ, Հովհաննես Բաչկով` բռնցքամարտ, Նիկոլ Արությունով` բռնցքամարտ, Գարիկ Բարսեղյան` ազատ ըմբշամարտ, Դեւիդ Սաֆարյան` ազատ ըմբշամարտ, Մուսա Մուրթազալիեւ` ազատ ըմբշամարտ, Լեւան Բերիանիձե` ազատ ըմբշամարտ, Գրիգոր Գրիգորյան` ազատ ըմբշամարտ, Վոլոդյա Ֆրանգուլյան` ազատ ըմբշամարտ, Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտ, Կարապետ Չալյան` հունահռոմեական ըմբշամարտ, Մաքսիմ Մանուկյան` հունահռոմեական ըմբշամարտ, Միհրան Հարությունյան` հունահռոմեական ըմբշամարտ:

Հերթական խորհրդակցությունը՝ Համահայկական խաղերին ընդառաջ

Մայիսի 27-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզպետների եւ այդ մարզերի՝ Համահայկական խաղերին մասնակցող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են նույն կոմիտեի մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարի դրանք աննախադեպ կլինեն թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում: Քանի որ Արտաշատը եւ Աբովյանն այս տարի նաև հյուրընկալող քաղաքներ են, Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչեւ խաղերի մեկնարկը կարգի բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովվել քաղաքների տոնական տեսքը:

Անդրադառնալով Համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահն ասել է, որ այն լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահի դիմավորման արարողություն կլինի Սարդարապատում: Այն, անցնելով Հայաստանի մարզերով եւ արտերկրի հայաշատ քաղաքներով, հայրապետական օրհնանք կստանա Ս. Էջմիածնում և օգոստոսի 2-ին կմտնի համայն հայության մայրաքաղաք Երևան:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։