Տնտեսությունը ներքին խնդիր լուծող՝ արտաքին քաղաքական լծակ
Զարգացման համար բնապաշարները կարեւոր են, իսկ օտարազերծ տնօրինումը՝ պարտադիր
Նորանկախ Հսայաստանի իշխանություններն ի սկզբանե հրաժարվեցին տնտեսության արտադրական, արդյունաբերական տեսլականից եւ անցան սպասարկող պետություն կերտելու ծրագրին: Սա հետագայում դարձավ պետության նաեւ հեռանկարային ուղղությունը, ինչը, ցավոք, փաստացի շարունակվում է ցայսօր:
Սա ներքին ծրագիր էր, թե արտաքինով պայմանավորված (իմա՝ պարտադրված) քաղաքականություն, այնուամենայնիվ, իրականացավ հաջողությամբ (ի վնաս մեզ) ու Հայաստանը դարձավ օտար ներդրումներից կախված տնտեսություն ունեցող երկիր, որն առավելապես շարունակում է արտաքին պարտքեր կոտակելով սպասարկել այդ պարտքերը տվողներին ու նրանց շահերը մեր երկրում: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել է «Լուսանցք»-ը, սակայն իրավիճակը նույնն է, իսկ վտանգներն էլ՝ կրկնապատկված:
Հայաստանում չկա այն արդյունաբերական շունչը, որն զգացվում էր ապազգային խորհրդային տարիներին, երբ մարդկանց գոնե աշխատանքով էին ապահովում՝ հանուն կումունիզմի գաղափարների: Իսկ այսօր, ազգային համարվող մեր երկրում չկա աշխատավորական այն զանգվածը, որի ամենօրյա շարժը կհաստատեր, որ իսկապես շնչում է երկիրը հայոց…
Մեր տեղական վառելիքահումքային պաշարները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար, եւ սա ավելի է բարդացնում մեր տնտեսության կայուն զարգացման հեռանկարը: Այսօր երկիրը «պատրաստ է» էներգետիկ ճգնաժամի եզրին հայտնվելու: Եվ սա ամենեւին էլ չափազանցություն չէ:
Ինչեւէ, էներգետիկ արդյունաբերության զարգացման հեռանկարները գնահատելիս, մենք կարծես միայն խոսում ենք այլընտրանքային էներգետիկ պաշարների ներուժը յուրացնելուց: Սա, անշուշտ, անհրաժեշտություն է, բայց ճիշտ կլինի չանտեսել նաեւ տեղական վառելիքահումքային պաշարային ներուժը: Դրանցից են ածուխը, տորֆը, այրվող թերթաքարերը, ինչպես նաեւ նավթը եւ գազը:
Հանրապետության տարածքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների համաձայն, ներկայումս պինդ վառելիքաէներգետիկ (կաուստոբիոլիտներ) հումքային ռեսուրսներից հայտնի են ածխի, այրվող թերթաքարերի եւ տորֆի մի քանի տասնյակ հանքավայրեր ու երեւակումներ, որոնցից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Իջեւանի, Ջաջուռի, Շամուտի եւ Ջերմանիսի ածխի հանքավայրերը, Մասրիկի տորֆի հանքավայրը, Անտառամուտի ածխի երեւակումը եւ Դիլիջանի ածխի, ածխային եւ այրվող թերթաքարերի հանքավայրը: Ջաջուռի (հետախուզված ու նախնական գնահատված պաշարները միասին 580 հազ. տ, կանխատեսումային պաշարները 200 հազ. տ), Ջերմանիսի (նախնական գնահատված պաշարները 72 հազ.տ եւ կանխատեսումային պաշարները 320 հազ.տ), Շամուտի (հետախուզված եւ նախնական գնահատված պաշարները 3,6 մլն.տ) եւ Անտառամուտի (պաշարները 5,5 մլն.տ) գորշ ածխի հանքավայրերը բնութագրվում են ածուխների ցածր որակով՝ բարձր մոխրայնությամբ եւ այրման ցածր ջերմատվությամբ, ածխաշերտերի ըստ անկման եւ տարածման փոքր չափերով, ոչ կայուն հզորությամբ, պաշարները քիչ են եւ հանքավայրերը չունեն արդյունաբերական նշանակություն: Վարդենիսի (Մասրիկի) տորֆի հանքավայրի պաշարները կազմում են 330.հազ. տ, որոնք օգտագործվում են որպես վառելիք եւ պարարտանյութ: Համեմատաբար մեծ պաշարներ ունեն Դիլիջանի ածխի, ածխային ու այրվող թերթաքարերի (կանխատեսումային պաշարները՝ 114,2 մլն.տ) եւ Իջեւանի քարածխի (նախնական գնահատված պաշարները 9,8 մլն.տ, կանխատեսումային պաշարները մոտ 80 մլն.տ) հանքավայրերը: Արցախում էլ շահագործվում է Մաղավուզի քարածխի հանքավայրը, որի պաշարները կազմում են մոտ 4 մլն տոննա: Այս հանքավայրի քարածուխը նախատեսված է Երեւան ՋԷԿ-ի ածուխ-ջուր վառելիքի ստացման տեխնոլոգիայով էլեկտրաէներգիա ստանալու համար:
Նշեցինք, որ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Իջեւանի քարածխի հանքավայրը, որն ունի առավել մեծ պաշարներ, ներկայացված է հզոր շերտերով ու համեմատաբար բարձր որակով: Քարածխի պաշարների մի մասը, որոնք կոքսացվող ածուխներ են մոտ 4 մլն. տոննա պաշարով, կարող են հեռանկարում օգտագործվել սեւ մետալուրգիայում: Լեռնաերկրաբանական պայմանները բարենպաստ են բաց եղանակով մշակելու համար, սակայն շահագործումը եւ արդյունահանումը բաց եղանակով բնապահպանական նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ: Հնարավոր է ընդերքում ածխի ստորգետնյա գազացումը (երբ ընդերքում ածխի ջերմային քայքայումից անջատվում է մեթան գազ), հատկապես, որ ածխի հիմնական կանխատեսումային ռեսուրսները՝ 30-80 մլն տ, գտնվում են մակերեւույթից 500-800մ խորության վրա: Իսկ Դիլիջանի հանքավայրի այրվող թերթաքարերը բնութագրվում են այրման ցածր ջերմատվությամբ, մեծ մոխրայնությամբ եւ խեժի ցածր պարունակությամբ: Դիլիջանի այրվող թերթաքարերի այրման ջերմությունը գնահատված է 881 կկալ/կգ, իսկ էլեկտրակայաններում ընդհանրապես օգտագործվում է 2100-3100 կկալ/կգ եւ բարձր այրման ջերմություն ունեցող այրվող թերթաքարերը, այդ տեսակետից որպես էլեկտրաէներգիայի ստացման հումք պիտանի չէ: Ավելացնենք նաեւ, որ Դիլիջանի հանքավայրի 1 տ այրվող թերթաքարերից լաբորատոր պայմաններում ստացվում է 80 լ նավթ: Ի դեպ, Գերմանիայում կարողանում են ցածր այրման ջերմություն ունեցող այրվող թերթաքարերից (որը կազմում է միջինը 930 կկալ/կգ), հատուկ տեխնոլոգիաներով կորզել նավթ: Նպատակահարմար կլիներ փորձնարդյունաբերական կայանք ստեղծել այրվող թերթաքարերից գազի ու նավթի, ինչպես տարբեր քիմիական արտադրանքների ստացման հնարավորություններն ուսումնասիրելու համար:
Ընդհանրապես Հայաստանի ածխի հանքավայրերի ածուխները բնութագրվում են ցածր որակով եւ այդ հանքավայրերը ու երեւակումները արդյունաբերական նշանակություն չունեն (բացառությամբ Իջեւանի քարածխի հանքավայրի): Դրանց շահագործումը կարող է ունենալ միայն տեղական նշանակություն: Իսկ Իջեւանի ու Դիլիջանի հանքավայրերը վատ հետախուզված են, պաշարները կանխատեսումային գնահատման կարգի են եւ դրանց շահագործումը ընդհանրապես նպատակահարմար չէ՝ բնապահպանական նկատառումներից: Խորհրդային տարիներին Հայաստանը տարեկան 600 հազար տոննա ածուխ էր ներկրում, որը սպառվում էր ջերմաէներգետիկ համակարգի կողմից եւ ազգաբնակչության կողմից ջեռուցման նպատակներով: Ներկայումս ջերմաէներգետիկ համակարգը հիմնականում աշխատում է բնական գազով:
Նավթի ու բնական գազի որոնման աշխատանքների արդյունքները դեռեւս հուսադրող չեն: Հիշեցնենք, որ նավթի ու գազի պաշարների որոնողագնահատման աշխատանքներում ընդգրկված են օտարերկրյա ընկերություններ:
Իսկ ինչ վերաբերվում է ռադիոակտիվ մետաղ՝ ուրանի ռեսուրսների առկայության մասին, ապա միայն երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտից հետո կարելի է հստակ կարծիք կազմել ուրանի պաշարների եւ արդյունահանման նպատակահարմարության մասին, ինչը նախատեսված իրականացնել ռուս-հայկական համատեղ ձեռնարկության կողմից: Թեեւ կարելի է ենթադրել, որ Հայաստանում ուրանի խոշոր արդյունաբերական պաշարների մասին խոսք գնալ չի կարող: Նույնիսկ ուրանի զգալի պաշարների հայտնաբերման դեպքում Հայաստանում դրանց արդյունահանումը, առավել եւս հարստացումը մի շարք գործոններով պայմանավորված նպատակահարմար չէ:
Թերթաքարային գազի հետ կապված նույնպես որոշակի ենթադրություններ եւ հույսեր կան, սակայն հստակ գնահատական տալ հնարավոր չէ: Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ ՀՀ տարածքում թերթաքարային գազի պաշարների ներուժի բացահայտման, ուսումնասիրության եւ գնահատման ծրագրեր են նախատեսվում:
Այսպիսով, Հայաստանում կաուստոբիոլիտների հանքավայրերից եւ երեւակումներից ոչ մեկը չունի այնպիսի բարենպաստ պայմաններ ու պաշարներ, որով կապահովեր մեր երկրի վառելիքաէներգետիկ համալիրի կարիքների թեկուզ մի մասը կամ կօգտագործվեր էներգետիկ արդյունաբերության մեջ էլեկտրաէներգիա ստանալու համար: Առկա երկրաբանահետախուզական տվյալների հիման վրա, կարելի է ամփոփել, որ տեղական վառելիքահումքային պաշարները չունեն ռազմավարական նշանակություն երկրի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներում: Սակայն այդ պաշարների, հատկապես նավթի ու գազի, բիտումային ավազների, թերթաքարային գազի եւ երկրաջերմային էներգիայի պաշարների կանխատեսման, հայտնաբերման ու հետազոտման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքները հետագայում եւս պետք է շարունակական ու ավելի ընդգրկուն բնույթ կրեն:
Մի նկատառում. համենայնդեպս, այս պահի հետազոտությունների համաձայն է իրավիճակն այսպիսին, բացառված չէ, որ նոր հետազոտությունները բոլորովին այլ պատկեր մեր առաջ կբերեն: Թեեւ որոշ մասնագետները հավաստում են, որ եղած պաշարներն անգամ օգտագործելով կարելի է թեկուզ լոկալ մակարդակներով հարց լուծել՝ դրանով ներկրումից կախվածության ծավալ նվազեցնելով:
Աստղինե Քարամյան
«Հայփոստ»-ն էլ տվեցինք – ՀՀ-ին սեփական ոչինչ պետք չէ՞
«Հայփոստը» կմասնավորեցվի: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության հերթական նիստում: Գործադիրը պատճառաբանում է. «Հայփոստ»-ի մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը:
Ընկերության միակ բաժնետերը այս պահին Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարարության: Ընկերությունը ունի հավատարմագրային կառավարիչ՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն է, այլ կերպ՝ Էդուարդո Էռնեկյանը:
Որ «Հայփոստ»-ը կմասնավորեցվեր, ոչ ոք չէր կասկածում: Համենայնդեպս նրանք, ովքեր գոնե մեկ անգամ շփվել են ընկերության հետ ներսից, տեսնում էին, որ այն, այսպես ասած, հավեսով չի կառավարվում: Գոնե իմ դժգոհությունները ընկերության աշխատակիցները բազմիցս են լսել: Ժամանակին դրանք հայտնել եմ «Հայփոստ»-ի տնօրեն Արման Խաչատուրյանին: Եվ… ձայն բարբառոյ հ՛անապատի…
Ասում են, Էռնեկյանը մինչեւ մի բան իրենով լրիվ չանի, գործին չի կպնի… Հիմա որոշել է կպնել: Կառավարությունն էլ ներդրումների հոսքի կարիք ունի:
Այնուամենայնիվ, ինչու՞ անհրաժեշտություն առաջացավ մասնավորեցնելու «Հայփոստը», չէ՞ որ այս ընկերությունը կարծես թե վատ վիճակում չէ: Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ է մատուցում երկրի ամբողջ տարածքում եւ իրականացնում է միջազգային փոստափոխանակումը Համաշխարհային փոստային միության շրջանակներում: Նաեւ՝ փոստային ֆինանսական ծառայություններ է մատուցում, ներառյալ՝ դրամական միջոցների փոստային փոխադրություններ անում, սոցիալական վճարումներ ընդունում, հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների փոխանցում ապահովում, մի խոսքով՝ դրամական փոխանցումների տարատեսակ այլ ծառայություններ է ապահովում ՀՀ ողջ տարածքում: Այս ամենից զատ՝ ընկերությունն օգտագործելով իր ֆիզիկական ենթակառուցվածները եւ տարածվածությունը, ներդնում է տարբեր տեսակի առեւտրային ծառայություններ, ներառյալ հեռակա առեւտրի միջոցով ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում ՀՀ ողջ տարածքում: 885 փոստային բաժանմունքներ ունի, որոնցից 250-ը ամբողջովին վերանորոգվել, արդիականացվել եւ տեխնիկապես վերազինվել են:
Պատասխանը դարձյալ մեկն է (ըստ գործադիրի). ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, նոր ներդումների, ներգրավմանը:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



