«Դրամի արժեզրկման պարագայում չի բացառվում, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկեն վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: Դա տարօրինակ չի լինի, որովհետեւ այլ երկրներում սակագների փոփոխություններ հաճախ են լինում: Ֆինանսական դաշտի յուրաքանչյուր փոփոխության պայմաններում համապատասխան փոփոխություններ արվում են սակագների առումով: Դրամի արժեզրկման հետ կապված բնական է, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն ու բաշխիչ ցանցերը վնասներ են կրելու: Ես տարօրինակ չէի համարի, եթե ընկերություններից մեկը ներկայացներ հաշվարկներ սակագների վերանայման հետ կապված: Բայց միաժամանակ հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագների բարձրացում այս տարի չլինի եւ բնակչությունը լրացուցիչ բեռ չստանձնի»,-այս խոսքերը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանինն են, որոնք նա արտաբերեց այն ժամանակ, երբ այս տարեսկզբի ասուլիսում ներկայացնում էր նախարարության 2014թ. գործունեությունը:
Ամիսներ անց այդ ասուլիսին հաջորդող մեկ այլ ասուլիսում արդեն Երվանդ Զախարյանը, ըստ էության, փաստեց, որ իշխանությունների դիրքորոշումը փոխված է, եւ էլէներգիան կթանկանա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով… Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ… Սակայն այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- սրանք բառացի մեջբերումներ են նախարարի խոսքերից՝ արտաբերված 2-րդ ասուլիսի ժամանակ:
Ուշադրություն դարձրեք՝ առաջին հայտարարությամբ նախարարը մեզ պատրաստեց երկրորդ հայտարարությանը:
Հիմա հանրությունը, հատկապես՝ երիտասարդ հատվածը, պայքարում է էլէներգիայի թանկացման դեմ: Գուցե այդ պայքարը տեսնելով՝ մեր իշխանությունների դիրքորոշումը կրկի՞ն փոխվի դեպի չթանկացնելը: Ժամանակը ցույց կտա: Բայց ես նախորդ համարներից մեկում էլ անդրադառնալով այս թեմային՝ կենտրոնացա «վատ կառավարման» հատվածին: Ինչը նորից եմ անում, քանզի այստեղ եթե ոչ շան գլուխը, ապա փոքրիկ թուլայի գլուխը հաստատ թաքնված է:
Փակագծերը բացեմ:
Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «սակայն այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում»:
Ըստ իս՝ սա հիմնականում երկու բան կարող է նշանակել:
Առաջին՝ հայկական կողմը ռուսական կողմին հուշում է, թե՝ ինչքան չդասավորված թիվ ունես, մտցրու «վատ կառավարման տակ», մեկ է՝ չենք գնահատի:
Երկրորդ՝ հայկական կողմը ոչինչ էլ չի հուշում, ինքը եւս ապշահար է, բայց քանի որ ռուսական պետական ընկերության սեփականությունը համարվող «Հայաստանի էլցանցեր»-ին ստուգել ու պատժել չի կարող, մեղքը բարդում է վատ կառավարման հետեւանքով վնասի գնահատման չափանիշներ չլինելու վրա:
Այլ տարբերակներ էլ, իհարկե, կլինեն, բայց դրանք, կարծում եմ, ընդամենը կածանցվեն այս երկուսից:
Ի դեպ, թե առաջին եւ թե երկրորդ տարբերակների դեպքում էլ սրտի հովանք չկա: Այլ կերպ՝ էլէներգիան կթանկանա: Թե չէ ինչ ասել է՝ գնահատման չափանիշներ չկան: Իսկ գուցե գնահատման չափանիշ ամենեւին էլ պետք չէ, պարզապես պետք է թվերը ստուգել, որոնք էլ, իքնըստինքյան, գնահատման չափանիշներ կդառնան:
Ասենք՝ ինչ ավտոմեքենա է վարում «Հայէլցանցերի» ղեկավարը: Խոսքը թե՛ անձնական եւ թե՛ ծառայողական մեքենայի մասին է: Անձնականի մասով ստուգել է պետք՝ նա այդ մեքենան ունե՞ր մինչեւ Հայաստան գալը, թե՞ եկավ խոպան ու նոր ունեցավ:
Ծառայողականի մասով պետք է ստուգել, թե ինչ ծախսով է հիմնավորվել մեքենայի ձեռքբերումը, եւ արդյո՞ք այդ մեքենան անհրաժեշտություն էր: Ի՞նչ վարկեր են ներգրավվել «Հայաստանի էլցանցերի» կողմից, ի՞նչ ուղղությամբ են ծախսել, ծախսե՞լ են արդյոք, թե՞ յուրացրել:
Այս եւ այլ հարցերի պատասխանն էլ հայկական կողմն ունի, ասում է, մասնավոր վարկեր են, իր գործն է:
Հարց է ծագում՝ դե եթե իր գործն է, ապա ինչու՞ եք անընդհատ մեր ականջները խլացնում այդ ընկերության վարկային պարտքերի թվերով:
Մի դիտարկում էլ, նախարարը կարծեմ առաջին ասուլիսում ասաց, որ հաշվի առնելով բազմաթիվ չլուծված հարցերը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով:
Դատելով ներկայիս զարգացումներից՝ «համատեղ» խումբը որոշել է, որ ՀՀ-ում էլէներգիան կթանկանա:
Սա հեչ, կարեւորը «համատեղ» են որոշել:
Հա, քանի որ մի տեսակ նախարարի բենեֆիսը ստացվեց, մի մեջբերում էլ անեմ նրանից. «Վատ կառավարումը ընթացիկ աշխատանքներ են, որոնց համար պատասխանատուները հավանաբար կպատժվեն»:
Թարգմանեմ, սա նշանակում է՝ հաստա՛տ չեն պատժվի: Համ էլ, հարգելի նախարար, ասում էիք, գնահատման չափանիշներ չկան, բա որ չկան, պատասխանատուներին ո՞նց են գտնելու, որ «պատժեն»…
Շարունակեմ նախարարի խոսքը. «Արդյունավետ կառավարման դեպքում վնասները կարող էին ավելի քիչ լինել: Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ այսօր կա»:
Ո՛չ, հարգելի նախարար, մենք վճարում ենք այդ վիճակի համար, որովհետեւ արժանապատվություն չունենք, որովհետեւ մեր եղած-չեղածը ծախում ենք ու չենք վերահսկում:
Մենք տառացիորե՛ն ենք ծախում:
Ձեր սիրած երկրների փորձը նայեք, ոչ մի տեղ պետությունն իր՝ օտար թե սեփական մասնավորի վրայից աչքը չի կտրում:
Իսկ մենք…
Մենք ոչ միայն չենք նայում, այլեւ՝ աչքներս էլ հանում ենք, որ հանկարծ՝ պատահաբար ինչ-որ բան չտեսնենք…
Արմենուհի Մելքոնյան
Թանկացումն անխուսափելի է, եթե…
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հասարակական ընդվզումը հասունանում է: Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի այլ ապրանքների թանկացմանը, ինչը սարսափեցնում է հատկապես աշխատանք չունեցող մեծաթիվ մարդկանց: Անգամ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է ասել, թե էլեկտրաէներգիան այնպիսի արտադրանք է, որի գնից կախված է ամբողջ տնտեսությունը եւ եթե թանկանա, ապա թանկացումների շղթան անխուսափելի է։ Էլեկտրաէներգիայի 1 կվտ-ի ցանկացած թանկացում տնտեսության մեջ բերելու է գների բարձրացման։
ՀՀ Հանրային խորհուրդը եւս մտահոգված է եւ հայտնել է, որ թանկացումները որեւէ հիմք չունեն, անգամ 1 դրամի թանկացման համար չկա բավարար հիմք… ՀՀԿ-ում սոցիալական ընդվզման հավանականությունը մեծ են համարում, քանզի այն խոցելի խավերի համար շատ ծանր կլինի, բայց հայտնում են, որ կառավարությունն անպայման պետք է որոշում կայացնի փոխհատուցելու դրա հետեւանքները:
Սա անհեռանկար խոստում է, եւ ամենաճիշտը հանրային լուրջ ընդվզումն է՝ հարցը ռուսական կողմի օգտին կայացնելու լուծումը կասեցնելու համար: Իսկ որ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ հարցն այդպես էլ լուծվի՝ նկատելի է:
Կախվածության այլընտրանքը
Մայիսի վերջերին Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի է ունեցել միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանի գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր հաստատել միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունեց 75 երկիր եւ ստորագրեց 64-ը: Խարտիան ստորագրող երկրների շարքում էր նաեւ Հայաստանը:
Համաժողովի ընթացքում ՀՀ նախարարի տեղակալը մասնակցել է «Էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն» նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները եւ ապագա ծրագրերը: Նա նշել է, որ ներկա պահի դրությամբ այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9%-ը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից:
Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արեւի եւ երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը՝ նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:
Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալու միջազգային համագործակցությանը եւ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը՝ խրախուսելով երկրներին զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը եւ աստիճանաբար ներդնելու բնապահպանական տեսակետից ապահով տեխնոլոգիաներ:
«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



