Հայ-չինական.- Հայաստանը՝ նաե՛ւ երրորդ համաշխարհային բեւեռում – հակաթուրքական ու հայանպաստ տեսակետները ավելի կզարգանա՛ն… Ռուսաստանն ու Չինաստանը՝ մեծ խաղի շեմին…

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ճանապարհին Չինաստանը կանգնած է Ռուսաստանի կողքին, քանզի միաբեւեռ աշխարհը հաստատ Պեկինի սրտով չէ: Բայց այնպես էլ չէ, որ չինական քաղաքականությունը ռուսաստանանպաստ է, Չինաստանը քանիցս փորձել է առանձին աշխարհաքաղաքական բեւեռ ձեւավորել, ինչը նաեւ ներկայիս իշխանությունների ծրագրերում է ամրագրված:

Պաշտոնական Պեկինը լրջորեն աջակցեց Ռուսաստանին ուկրաինական հակամարտության ընթացքում, երբ Արեւմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ  տնտեսական սահմանափակումների ժամանակ տնտեսական մեծածավալ պայմանագրեր կնքեց Մոսկվայի հետ: Չին-ռուսական համերաշխությունը արդեն նկատվել էր Սիրիայի դեպքերի ժամանակ, երբ Մոսկվան ու Պեկինը դիմակայեցին Դամասկոսի վրա հարձակվելու ծրագրերին: Այս համերաշխության արդյունքում Սիրիայի իշխանությունները մնացին անձեռնմխելի:

Բայց չինական նախաձեռնությունների ներկապնակում կան նաեւ հայանպաստ քայլեր, ինչը կարող է աշխուժացնել չինական ուղղությունը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Իզուր չէ, որ «Մետաքսի» ճանապարհի  վերականգնման նախագծում նաեւ Հայաստանը կա: Բացի այդ, Չինաստանը եւս ունի թյուրքական խնդիր՝ թյուրք-ույղուրները փորձում են Չինաստանի մի մեծ տարածքի վրա անկախանալ եւ միանալ համաթուրքական («Մեծ Թուրանի» ստեղծման) ծրագրին, ինչը չի կարող մերձեցման չտանել հայ-չինական հարաբերությունները: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը առաջին ճակատն է համաթուրքական բոլոր նախաձեռնությունների կասեցման:

Վերջերս Չինաստանի վարչապետը հորդորել է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա շատ անսպասելի քայլ էր առաջին հայացքից, սակայն, ինչպես վերը նշվեց, ունի իր առողջ տրամաբանությունը: Իմիջիայլոց, Հայոց ցեղասպանության հարցը Չինաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում եւս նորովի է մեկնաբանվում ու կարող է մեզ համար առանցքային նշանակություն ունենալ:

Ինչու՞ էր Չինաստանն առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը դեռ 1992թ.: Սրա մասին քչերը գիտեն, իսկ այդ թվականի ամռանը իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում իրարանցում էր առաջացրել գաղտնի ու ցնցող մի լուր. Չինաստանն առաջարկել էր Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 3-4 պայմանների դիմաց: Պայմանները թերեւս ընդունելի էին՝ Հայաստանը պարտավորվելու էր փոխարենը ճանաչել Թայվանը որպես Չինաստանի մաս եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատել այդ առանձնացած հատվածի հետ: Կողմերը նաեւ ձեռնպահ էին մնալու միջազգային ասպարեզում միմյանց հետ չհամաձայնեցված գործողություններից, եւ, ամենահետաքրքիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հայտարարվեր սոցիալիստական երկիր:  

Փոխարենը Չինաստանը պարտավորվում էր տրամադրել զգալի տնտեսական ու ռազմական օժանդակություն: Բայց Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ խուսանավող Երեւանը ընդառաջ քայլ չարեց Պեկինին, թեեւ որոշ ժամանակ անց Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակությունը աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ Չինաստանում, եւ առաջին մատակարարումներն այդ երկրից կայացան հենց զինվարական գծով:

Ինչո՞վ էր բացատրվում հսկայական Չինաստանի հետաքրքրությունը ներկայիս փոքրիկ Հայաստանի հանդեպ, որի ամբողջ բնակչությունն ու բյուջեն հավասար է չինական մի քաղաքի…. Բացատրությունը աշխարհաքաղաքականությունն է, ինչպես նշեցինք վերեւում: Հատկապես 90-ականների սկզբում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը մի անզգույշ հայտարարություն արեց, թե՝ «Թյուրքական Աշխարհը Ատլանտիկ օվկիանոսից ձգվում է մինչեւ չինական պատ»: Տիբեթի անջատողականների հետ տասնամյակների ծանր պայքարից հետո, չինական կենտրոնական կառավարությունն այդ ժամանակ գիտակցեց երկրի ներսում նոր ու առավել մտահոգիչ հիմնախնդրի առաջացման հնարավորությունը՝ թյուրքալեզու ավելի քան 13 միլիոնանոց ույղուրների առկայությունն այսպես կոչված Արեւելյան Թուրքեստանում:

Ինչպես ասում են, ուղիղ գիծ քաշելով քարտեզի վրա սեփական սահմանից մինչեւ ներկայիս Թուրքիա, չինացիները նկատեցին, որ միայն մեկ երկիր կա, որ դարեր շարունակ կասեցնում է թյուրքական առաջընթացը: Անգամ այսօրվա փոքր տարածքով հայերը բավականին պինդ պարիսպ են մնում թյուրքալեզուների մեծածավալ ծրագրերի դեմ: Իսկ այսօր արդեն նաեւ պահանջատիրական խնդիրներ են արծարծում: Եվ սա նույնպես նկատել են Պեկինում ու անդրադարձել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Տարիներ շարունակ ույղուրներն արեցին իրենցից կախված ամեն ինչ, որ վնասեն չինացիներին ու անկախանան Չինաստանից: Նրանք պարբերաբար ապստամբում էին Պեկինի դեմ, սպանում ոստիկաններին ու հրկիզում հարեւան չինական գյուղերը: Ու թեեւ կենտրոնական կառավարության պատասխանը մշտապես դաժան ու կոշտ էր լինում, ույղուրները ստանալով մահմեդական-սուննիթական համերաշխությունը իսլամ ծայրահեղականներից («Ալ-Քայիդա»-ից մինչեւ «Իսլամական ջիհադ»), վերջնականապես որոշել են լինել Պեկինից անկախ:

Հակաթուրքական ու հայանպաստ տեսակետները ավելի զարգացան, քանի որ դրան առավել նպաստեց Չինաստանի մտերիմ կապը Իրանի հետ, որտեղ վաղուց արդեն կա սեփական համոզումը Թուրքիայի եւ Հայաստանի նկատմամբ… Սա կարող է լուրջ առանցք դառնալ, որը Չինաստան-Իրան-Հայաստան հորիզոնական ուղղությունը կարող է միացնել որեւէ ուղղահայաց քաղաքական ուղղության հետ ու հզորացնել այդ բեւեռը: Կամ՝ նոր ռազմա-քաղաքկան բեւեռի սկիզբը դնել՝ սկսելով Հայաստանին աջակցելու ռազմավարական գործունեությունից: Պեկինի եւ Թեհրանի քայլերը կարող են Երեւանով հասնել Հունաստան ու եվրոպական աշխարհամաս: Իսկ Սիրիան եւ արաբական այլ երկրներ հաստատ պատրաստ կլինեն միանալու այս թեւին: Գուցե նաեւ եվրոպական երկրներ:

Արման Դավթյան

* * *

Դեռ նախորդ տարի ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, որով Չինաստանի կառավարությունը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. ընդհանուր առմաբ հատկացվել է 230 միլիոն յուանի օգնություն: Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման եւ Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ու զարգացման ծրագրերը: Կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ:

Ռուսաստանն ու Չինաստանը՝ մեծ խաղի շեմին

Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից ռազմավարական նոր տեղաշարժերը հավաստում են, որ համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխությունները դեռ կշարունակվեն: Կապերն ուժեղացնում են, եւ Եվրոպայի ու Եվրասիայի մրցակցությունը նոր փուլ է մտնում: Մայիսի 9-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատվավոր հյուրն էր, իսկ մի քանի օր անց՝ մայիսի 11-ին, Չինաստանն ու Ռուսաստանը Միջերկրական ծովում առաջին ռազմածովային վարժանքները սկսեցին, որոնք ավարտվեցին մայիսի 21-ին: Քաղաքական եւ տնտեսական հակամարտությունը Արեւմուտքի հետ միավորեց Ռուսաստանին ու Չինաստանին: Էներգակիրների գների անկումը եւ արեւմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվեցին 2014թ. մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմն Ուկրաինայից անջատելուց հետո, սրեցին իրավիճակը, եւ այդ պատճառով Ռուսաստանը ֆինանսական միջոցների կարիք ունի, որը կարող է բավարարել Չինաստանը:…

Մոսկվայում ռուս-չինական բարձր հանդիպմանը նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «Եվրասիայի միասնական տնտեսական տարածք» ստեղծելու մասին, որը կարող է Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը համադրել Ռուսաստանի առաջ քաշած Եվրասիական տնտեսական միության հետ: Այստեղ իրենց ջանքերը կներդնեն նաեւ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը:

Մոսկվայի ու Պեկինի տնտեսական դաշինքին խանգարում է հնից մնացած որոշ քաղաքական հարցեր, ինչը եւ փորձում են հարթել երկու երկրների պատասխանատուները: Վերջերս Եվրոպան, Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը միացնող Միջերկրական ծովում անցկացված համատեղ ռազմածովային վարժանքները ցույց տվեցին, որ այս երկրների ռազմական հզորությունն ու համագործակցությունը կարող է շատ բան փոխել աշխարհում: Վերջին տարիներին Միջերկրական ծովը նաեւ ռազմավարական նշանակություն է ձեռք բերել Պեկինի համար: Իսկ այսօր արդեն Կովկասն ու Մերձավոր Արեւելքն են ձգում Չինաստանին, բացի տնտեսական խնդիրներից, նաեւ թյուրքական ծրագրերի առաջն առնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Չինական ռազմավարական հետաքրքրություններն աճում են նաեւ Արեւմուտքում՝ Ասիայի սահմաններից դուրս, հարավային Եվրոպայի ափերին, Սեւ ծովի մուտքի մոտ, Աֆրիկայի հյուսիսում եւ Պարսից ծոցում:

Իսկ տնտեսական շահերը կարող են խթանել Միջերկրական ծովում Չինաստանի ռազմական ներկայության ընդլայնումը: Սա նոր մարտահրավեր կլինի ու նոր դիմակայությունների կհանգեցնի: ՆԱՏՕ-ում արդեն քննարկում են Ռուսաստան-Չինաստան կապերը:

Բայց Չինաստանը նաեւ լուրջ տնտեսական համագործակցություն է նախատեսում Կենտրոնական Ասիայի երկրների հետ, մինչեւ Եվրոպա, ինչը կարող է հետաքրքրել այդ հսկա տարածքում եղած երկրներից շատերին: Ամեն բան ցույց կտա ժամանակը: Իսկ ժամանակն արդեն գնում է…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։