Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն… Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարներից մեկն ունի… Հայաստանն ամրապնդեց եվրադիրքերը… Պաշտոնական Ստեփանակերտը՝ Ադրբեջանի վարքագիգծի մասին…

Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն

Այսօր՝ մայիսի 28-ին, ճիշտ արեւածագի պահին, Սարդարապատի մերձակայքում, որտեղից շատ լավ երեւում է Արարատ լեռան բնակերտ բազալտե արծիվը, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմականչի ծես արեց՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի:

Մի հաղթանակի, որ Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց:

Մի հաղթանակի, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի 1-ին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետո…

Եվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄ-ում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչ-որ արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները (Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ այլն): 1918թ. մայիսի 26-28-ին 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան…

Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915 թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…

Հայ Արիական միաբանությունն իրավամբ նկատում է, որ Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե հայ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:  

Սարդարապատյան հաղթանակն էր, որ Արցախյան պատերազմի տարիներին հաղթելու հավատը եղավ ու դեռ շատ ազատամարտերի ներշնչանք է լինելու:

Ծեսի ժամանակ քրմերը վայրի մասուրի անուշաբույր յուղով օծեցին թուրը եւ գինով լի գավերը փոխանցեցին ՀԱՄ անդամներին, ՀԱՄ ազատամարտիկներին ու թիկունքի կազմակերպման մասնակիցներին՝ ի նշան Հայոց ուխտի դեմ երբեք չմեղանչելու սրբազան երդումի:

Ծեսից հետո ամբողջ խումբն այցելեց Եռաբլուր, որտեղ ծես արվեց՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված ու անմահացած բոլոր հայորդիներին:

Ծեսն ավարտվեց Վահագնի արձանի մոտ: Հայոց Ռազմի աստծուց քրմերը ուժ խնդրեցին՝ խոստանալով Հայի հոգում մշտավառ պահել հաղթության կամքը՝ ի փառս հայի գենի մաքրության ու պահպանման:

Սեփ. լրատվություն

Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարների 10-նյակում է

Սարդարապատի հուշահամալիրը ընդգրկվել է «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերության ամսագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ կամարների ցանկում: Աամսագրի մայիսյան համարում «Հաղթողների պատվին» խորագրի ներքո ներկայացվել են տարբեր երկրներում վեր խոյացող կամարները, որոնք աչքի են ընկնում իրենց առանձնակի գեղեցկությամբ:

«Աէրոֆլոտ»-ի կազմած ցանկում առաջին տեղում է Մոսկվայի Հաղթական դարպասը: Սարդարապատի հուշահամալիրի հետ միասին ցանկում են նաեւ իտալական Ռիմինի առողջարանային քաղաքում տեղակայված Օգոստոս կայսեր կամարը, Ելիսեյան դաշտերում կանգնեցված կամարը, Մարմարե կամարը՝ Լոնդոնում, Քիշնեւի Հաղթանակի կամարը, Անկախության կամարը՝ Բուխարեստում, Ժողովուրդների բարեկամության կամարը՝ Կիեւում, Բարսելոնայի Հաղթական կամարը, Կուրսկի Հաղթական կամարը:

Հայաստանն ամրապնդեց եվրադիրքերը

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո սպասում կար, որ Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները կլարվեն, ինչը սակայն տեղի չունեցավ: Հակառակը, ընդգծված ըմբռնողականությամբ Եվրոպան փորձում է սատարել Հայաստանին, որպեսզի եվրաինտեգրումը չտուժի եվրասիաինտեգրումից: ԵՄ-ՀՀ բանակցությունները վերսկսելու մասին սկսեցին խոսել Ռիգայի ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթաժողովից առաջ, թե փաստաթուղթ է ստորագրվելու այդ բանակցությունները վերսկսելու մասին, ինչը Վիլնյուսից հետո ավելի մեծ առաջընթաց կարձանագրի: Եվ ահա, մայիսի 25-ին, Լատվիայի մայրաքաղաքում կայացավ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ամփոփիչ հռչակագրի ստորագրումը Ռիգայում սկանդալով է ուղեկցվել։ Վերջին պահին Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել հայտարարությունը։ Պատճառը փաստաթղթում ԼՂ-ին առնչվող ձեւակերպումներն են եղել, ըստ որի՝ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ներառյալ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով տեղի ունեցող երկկողմ հանդիպումների ձեւաչափին: Թե այս ձեւակերպման որ հատվածը հատկապես դուր չէր եկել Ադրբեջանին, հայտնի չէ, բայց նրանց ստորագրությունը հայտարարության տակ դրվել է միայն Եվրոպական Խորհրդի նախագահի՝ Իլհամ Ալիեւին հեռախոսազանգից հետո։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը հենց այս ձեւակերպումների պատճառով չէր ժամանել Ռիգա։ Հայտարարությունը հրաժարվում էին ստորագրել նաեւ Հայաստանն ու Բելառուսը՝ «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթի պատճառով։ Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տվել է պարզաբանում, թե ընդհանուր Հռչակագրի մեջ կային մի շարք եզրույթներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ, այդ թվում Հայաստանը, տարբեր կարծիք ունեին։ «Հայաստանի այն առաջարկները եւ այն գաղափարները, որոնք ներկայացվել էին, ըմբռնումով ընդունվեցին, եւ կարող եմ ասել՝ մեծ մասամբ ընդունվեցին եւ արտացոլվեցին այդ Հռչակագրի մեջ»,- ասել է նախարարը։

Իսկ մինչեւ հայտարարության ստորագրումը, գագաթնաժողովին ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը եւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Մինչդեռ այդ երկրի իշխանությունը, ըստ ՀՀ նախագահի, «տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք եւ այն դրոշ դարձրած, հետեւողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարեւոր սկզբունքները»:

Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Ռիգայի գագաթնաժողովը մի քայլ առաջ տարավ Եվրոպական միության եւ հետխորհրդային երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը։ Այդ տեսակետից այն կարեւոր է նաեւ Հայաստանի համար։ «Մենք համաձայնության ենք եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների ծավալների մասին»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին: Իսկ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը չի բացառել, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար:

Քննարկումներում արտահայտված տարաձայնությունները հարթելու պատասխանատվությունը դրվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, ով այսօր կարողացել է ամրապնդել Գերմանիայի դիրքերը նման հարցերում՝ փոխարինելով այդ դերը նախկինում կատարող Ֆրանսիային:

Գագաթաժողովին մասնակցել են նաեւ ԵՄ անդամ երկրների այլ ղեկավարներ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԵՄ տարբեր կառույցների ղեկավարներ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ նախագահ Մարտին Շուլցը եւն:

Արման Դավթյան

Պաշտոնական Ստեփանակերտը՝ Ադրբեջանի վարքագիգծի մասին

«Ադրբեջանի պահվածքը Ռիգայում ցույց է տալիս, թե ինչպիսի պետություն է այդ երկիրը. հերթական ապակառուցողական դիրքորոշումն է ցուցաբերել»,- հայտարարել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, միջազգային հանրության «չափից դուրս հանդուրժողական» վարքագծի պատճառով է, որ Ադրբեջանը նման դիրքորոշում է ցուցաբերում, «ինչո՞ւ պետք է եվրոպական խաղերն անցկացվեն Ադրբեջանում, այս երկիրը աշխարհագրորեն է Եվրոպայի մաս չէ, նաեւ բռնապետական երկիր է, կոռումպացված, խախտում է միջազգային բոլոր կոնվենցիաները, իր իսկ սահմանադրությունը, բայց այդ երկրում են անցկացնում եվրոպական խաղերը:»,- հայտարարել են Ստեփանակերտից եւ հավելել, որ օրեցօր այդ երկիրն ավելի լկտի է դառնում: Եվ քաղաքակիրթ աշխարհը պետք է մտածի, հակառակ դեպքում այդ երկիրը շարունակելու է իր ապակառուցողական դիրքորոշումը այլ հարցերում եւս:

Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մաեդյարովը ասել է, թե վստահությյուն ունի, որ «ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում, Ադրբեջանը, ինչ գնով էլ լինի, կկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը, չկան չկարգավորվող հակամարտություններ»…

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։