Եվրոպայում մե՛կ գաղափարախոսության տեղ կա – մարդու իրավունքները սանձարձակության հասցրած գաղափարախոսությունն է դա, իսկ էթնիկ-ազգայինը չի՛ կարող հաղթել Արեւմուտքում… Հայաստանը պատժվեց ամենայն խստությամբ…

Նախորդ «Եվրատեսիլ»-ից հետո, երբ եվրոպական ամենաառաջնային արժեհամակարգը (մարդկային սանձարձակության քարոզը) վերջնականապես ամրագրվեց այս երգի փառատոնում, Հայաստանում շատերը համաձայնեցին, որ մեր երկրի ներկայացուցչի մասնակցությունն այլեւս ավելորդ է, անիմաստ: 

Բայց Հայաստանում կան մարդիկ, ովքեր Foreign Policy-ի պես հայտարարում են, թե «Հարավային Կովկասում Եվրատեսիլի կարեւորությունը ընդգծված է, քանի որ այն լավ հնարավորություն է այդ երկրների համար տեսանելի ու լսելի լինել միջազգային հարթակում»: Բայց Եվրատեսիլը միայն երգի փառատոն չէ, եւ ոչ ոք չի կարող դա հերքել արդեն: Այն դարձել է հատկապես համասեռականությունը քարոզող եվրաթատերաբեմ, եւ Եվրատեսիլը վերածել է Եվրասեքսիզմի:

Ինչպես նշում է հայտնի անգլիալեզու Foreign Policy կայքը «Հայոց ցեղասպանությունը՝ որպես ուժի բալլադ» հոդվածում՝ «Եվրատեսիլը հարթակ եւ հնարավորություն է ընձեռում հավասարը հավասարի հետ լինել եւ նույն մակարդակի վրա մրցել Ռուսաստանի, Շվեդիայի ու Միացյալ Թագավորության հետ: Ինչը նրանք չեն կարող անել Աշխարհի գավաթի կամ Օլիմպիական խաղերի ժամանակ»: Հոդվածագիրը Լոնդոնում հաստատված մեկնաբան եւ երգի մրցույթի մասնագետ Փոլ Ջորդանն է, ով իր թեզի թեմայի պատճառով հայտնի է որպես «Դոկտոր Եվրատեսիլ»: Այո, Հայաստանը եւս մրցակցում է այս թատերաբեմում, սակայն դա միայն մրցակցություն է, ինչպես հաճախ են Օլիմպիական խաղերից առաջ ասում՝ կարեւորը մասնակցությունն է… Եթե սա նկատի ունի «Դոկտոր Եվրատեսիլը», ապա մի մեծ բան չէ, որ մեզ թույլատրում են մասնակցել, իսկ ահա այն քաղաքակրտությունը, որ քաղաքակրթություն են ներկայացնում, իրենք անխոչընդոտ «առաքում» են տասնյակ երկրներ ու հաստատ շահում են… ոչ թե միայն մասնակցում:

Գուցե Ադրբեջանի նման արնախում երկրի համար սա «մեծ հարթակ» է, ժողովրդավարական խաղեր խաղալու եւ իր նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը գործի դնելու համար, սակայն Հայաստանի համար սա նման հարթակ չի կարող լինել: Իզուր չէ, որ 2011թ. Բաքուն մեծ գումարներ հատկացրեց տարբեր երկրներում իր ներկայացուցչի համար ձայներ գնելու (քվեարկող հեռախոսներ էին բաժանում գումարի հետ միասին, ինչը պարզել էին տվյալ երկրների ազգային անվտանգության մարմինները) նպատակով, միաժամանակ գումարներ էին տրամադրվում Հայաստանի ներկայացուցչին ձայն չտալու համար… Եվ հաջորդ տարի Բաքուն դարձավ Եվրատեսիլի կենտրոն՝ մոտ 721 մլն դոլար ծախսելով, որից միայն 277 միլիոնը ծախսվել էր նոր համերգասրահի կառուցման համար (համեմատության համար նշենք, որ 2010թ. մրցույթը հյուրընկալած Նորվեգիան ծախսել էր ընդամենը 37 մլն դոլար): Ահա թե ինչերի է պատրաստ Իլհամ Ալիեւը՝ ժողովրդավարության դափնեպսակի արժանանալու համար: Իսկ դրան, արդեն ակնհայտ է, հնարավոր է հասնել Եվրոպայում, որտեղ տասնյակ հազարավոր դոլարների հասնող կաշառքը կարող են, ըստ նպատակահարմարության, համարել մի փոքր նվեր…  

Դառնալով Foreign Policyին՝ նշենք, որ այստեղ առանձնացրել են, որ երգի մրցույթի պատմությունը հարուստ է նաեւ քաղաքական բնույթ կրող բախումներով ու միջադեպերով: Այս անգամ՝ երգի մրցույթի 60-րդ հոբելյանական տարում, Հայաստանն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ 2015»-ին մասնակցեց խորհրդանշական կազմով եւ երգով: «6 կատարող, 6 ճակատագիր, 1 պատմություն» կարգախոսի ներքո եվրատեսիլյան բեմում միավորեցին երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամները՝ սփռված հայ ժողովրդի նոր սերնդի ներկայացուցիչները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում էր ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան՝ Թամար Կապրելյանը, Աֆիկան՝ եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը ներկայացրեց «Face The Shadow» (թարգմանաբար՝ «Առերեսվի՛ր ստվերին») երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը: Միմյանցից տարբեր ոճերով 6 երգիչներին միավորում էին երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը:

Ադրբեջանը նախապես բողոքել էր, որպեսզի ցեղասպանության մասին որեւէ նշում չլինի հայկական ծրագրում, ինչը պաշտպանել էին կազմակերպիչ երկրները: Թուրքիան մի քանի տարի է չի մասնակցում, բայց Ադրբեջանը հարազատ մնաց թուրքական կեցվածքին:

Մինչեւ այս թեմայի մանրամասնումը, նշենք, որ դեռ մրցույթից առաջ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել էր այս տարվա Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթին եւ փորձել գուշակել մրցույթի արդյունքները: Վերլուծության հիմքում դրվել էր սեփական մեթոդաբանությունը, որը հիմնվում է վերջին 12 տարիների ընթացքում Եվրատեսիլում տարբեր երկրների ստացած միջին միավորների վրա: Այդ միավորները վերջում համաձայնեցվում են տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական իրավիճակների հետ, որն, ինչպես հայտնի է, միշտ ազդում է եվրոպական այս երգի մրցույթում տեղի ունեցող քվեարկության ընթացքի վրա: Ըստ հոդվածագրի՝ շատերը թերահավատությամբ են վերաբերում այս մոտեցմանը, սակայն իրենք նախորդ տարիներին եւս կատարել էին մրցույթի արդյունքների կանխատեսում՝ կիրառելով նույն մեթոդաբանությունը, եւ արդյունքները հեռու չեն եղել իրականությունից: Վերջին 2 տարիների ընթացքում բրիտանական պարբերականը կատարելագործել է մրցույթի հաղթողին գուշակելու համար կիրառվող հաշվարկային մեթոդաբանությունը եւ համոզմունք էր հայտնում, որ այս անգամ իրենց կանխատեսումները չեն կարող չիրականանալ: Իսկ այս տարվա Եվրատեսիլ մրցույթի հաղթող երկիրը, ինչպես հավաստիացնում էր բրիտանական պարբերականի հոդվածագիրը, լինելու է Հայաստանը՝ ի դեմս «Geneology» խմբի, որը եզրափակչում կատարելու էր «Face the shadow» երգը՝ նվիրված նախորդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածին, իսկ երգի ընթացքում անընդհատ կրկնվում է «don՛t deny» (մի՛ ժխտիր) արտահայտությունը:

«Եվրատեսիլ 2015»-ի միջազգային մրցույթը լուսաբանող wiwiblogs.com կայքն ընթերցողների շրջանում մարտից առցանց քվեարկություն էր իրականացրել, մասնակցել էր 122,484 մարդ եւ հաղթող երկրի ներկայացուցիչը անգամ առաջին եռյակում չէր տեղ գտել… հաղթելու էր Վրաստանի ներկայացուցիչը, իսկ Հայաստանը 12-րդն էր:

Ինչեւէ, մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 40 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ փուլ դուրս եկան 27 երկրի ներկայացուցիչ: Մրցույթի կանոների համաձայն, մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ» մրցույթի նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը, այս դեպքում՝ Ավստրիայի, հանդես եկան միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցեց նաեւ Ավստրալիան, որի ներկայացուցիչը նույնպես ելույթ ունեցավ միայն եզրափակչում:

Մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Ավստրիան այս իրավունքը վաստակել էր, քանի որ նախորդ մրցույթում հաղթել էր ավստրիական միասեռական Կոնչիտա Վյուրստը: Եվ հետաքրքիր է, որ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ազդեցությունը այնքան մեծ եղավ, որ համասեռական Կոնչիտայի «կառուցած» կամրջում հայտնվեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սերմերլեւը՝ կրկին համասեռական: Հերքելու փորձեր եղան, բայց համացանցում արագ հայտնեցին հաղթողի լուսանկարնեը, որոնցում նա համբուրվում է տղամարդու հետ եւ հանդես է գալիս ծիածանագույն դրոշի ներքո: Ընդհանրապես, Շվեդիայում այս երգիչը բավական սկանդալային կերպար է:

Իմիջիայլոց, Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Եվրատեսիլին» Ռուսաստանի մասնակցությունը դավաճանություն է համարել: «Դա կրակոց է Լավրովի, Չուրկինի եւ մեր բոլոր միջազգային ներկայացուցիչների թիկունքին: Որոշ երգիչների փառամոլության համար, մենք, ըստ էության, պետք է համբուրենք կոշիկը, որը հարվածում է Ուկրաինայի հարավ-արեւելքին»,- հայտարարել է պատգամավորը, ով բացի քաղաքական դրդապատճառներից նաեւ նշել է, որ Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Պոլինա Գագարինան անթույլատրելիորեն համբուրվել է մրցույթը վարող համասեռական Կոնչիտա Վյուրստի հետ, ինչը վարկաբեկիչ է ՌԴ քաղաքացու համար…

Ամփոփելով թեման՝ նշենք, որ Հայաստանի խայտառակ արդյունքի պատճառը միանշանակ քաղաքական էր: Ինչպես ասացինք, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում իրականացվող երգը գրգռել էր ինչպես մեր չկամեցողներին, այնպես էլ՝ կամեցողներին…

Հայաստանի եւ սփյուռքի համատեղ քայլերը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ իսկապես ցնցեց Թուրքիային եւ Ադրբեջանին, հային ոչ բարեկամ երկրներին: Համահայկական միջոցառումները ցույց տվեցին, որ այդօրինակ համախմբմամբ հայերը կարող են հասնել շատ հարցերի լուծման: Անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլքսանչորսյան այցը պարտադրված էր, ինչը ցայսօր Մոսկվան չի ներում Երեւանին:

Եվրապական կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արդեն զգաստացրել էր աշխարհի տերերին: Եվ այս քաղաքական ասպարեզում հաջողություններ գրանցած Հայաստանի շռնդալից մասնակցությունը նաեւ մշակութային եվրամիջոցառմանը պետք է կասեցվեր: Սա կարծես մի հրահանգի պես կատարեցին բոլորը… Եվ չկամեցողները եւ կամեցողները: Եթե առաջիններին համախմբեց հակահայկական ատելությունը, ապա երկրորդները միացան այդ հրահանգին՝ նախանձից… Արդեն քանի ամիս է Հայաստան բառը ամենափնտրվողն է համացանցային բոլոր փնտրող ծրագրերում: Բացի այդ, հայկական հարցը բավականին համապարփակ է եւ ներառում է նաեւ այսօրվա կամեցող երկրների անցյալը, որը հաստատ հայանպաստ չէ…

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը վերածվել է Հայոց պահանջատիրության քաղաքականության, եւ սրա դեմ պետք է մի բան արվեր: Ու Եվրատեսիլը եկավ դա անելու: Այստեղ հստակ ասվեց, որ Եվրոպայում մե՛կ գաղափարախոսության տեղ կա, մարդու իրավունքները սանձարձակության հասցրած գաղափարախոսությունն է դա, իսկ էթնիկ-ազգայինը չի կարող հաղթել Արեւմուտքում:

Եթե հետեւենք տարիների ընթացքում տրված գնահատականներին, ապա Հայաստանը գրեթե միշտ 10 կամ 12 միավոր է ստացել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Հունաստանից, Կիպրոսից եւ այլն: Բայց այս անգամ մենք մեկ 12 միավոր ստացանք միայն Վրաստանից:

Հայաստանն Ալբանիայի հետ կիսեց 16-րդ տեղը։ Նման խայտառակ արդյունք Հայաստանը երբեւէ եզրափակիչ փուլում  չի արձանագրել: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որին հայերը միշտ ամենաբարձր գնահատականն են տվել, մեզ պարգեւեց ընդամենը 6 միավոր, իսկ Ադրբեջանին՝ 3: Հայաստանը մի քանի երկրներից ստացավ 4, 3, 2 եւ 1 միավոր եւ հասկանալի է, որ անգամ 10-նյակում տեղ չգտավ: Հայաստանը պատժվեց ամենայն խստությամբ: Շատերը պնդում են, թե մեր ձախողման պատճառներից մեկն էլ այն էր, որ Սփյուռքը լավ չի քվեարկել, բայց իրականում արդեն SMS քվեարկություններից բացի՝ կիսով չափ արդյունքների վրա ազդում են ազգային ժյուրիները, որոնք էլ «ազնվորեն» կատարեցին Հայաստանին «տեղը դնելու» եւ սեփական քաղաքականությամբ հանդես գալու համար պատժվելու պատվերը:

Գանք Հայաստանի քվեարկությանը եւս, որից հետո միշտ  հարցեր են մնում: Մի կողմ թողնենք այն մշտական հարցը, թե ինչու ենք միշտ Ռուսաստանին նվիրում 12 միավոր: Սակայն ինչպես է, որ 8 միավոր է շնորհվել Մոնտենեգրոյին, որը մեզ անգամ 1 միավոր չտվեց, իսկ ահա Ադրբեջանին 8 միավոր տվեց… Վրաստանին 10 միավորը երբեմն արդարացնում է, երբեմն՝ ոչ: Ամենազարմանալին այս տարվա Հունաստանի ու Կիպրոսի քվեարկություններն էին մեր մասով: Նրանք հակաթուրքական ճակատում միշտ փոխադարձ աջակցությամբ քվեարկումներ են արել, բայց այս անգամ Եվրոպատվերի տակ մտան…

Մի խոսքով՝ ավելի լավ է այլեւս չմասնակցել այս համասեռականության քարոզիչ մրցույթին, կամ՝ թեկուզ Ուկրաինայի եւ Թուրքիայի օրինակով չմասնակցել՝ հայտարարելով, որ այդքան միջոց չունեն այս ցածրակարգ մրցույթի համար: Իսկ ինչ մնում է քաղաքականության ոլորտին, ապա պիտի հաշվի առնենք, որ ամեն բան ծրագրված է նաեւ այստեղ… Ապրենք հանգիստ եւ Եվրատեսիլին մոտենանք հումորով: Թե չէ՝ ինչպե՞ս կարելի է լուրջ մոտենալ մի երգի մրցույթի, որտեղ երգը զրոյական նշանակություն ունի, իսկ հաղթողի անունը հայտնի է լինում նույնիսկ 1, իսկ գուցեւ 2 տարի առաջ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։