Բոն – Միհրականություն (1-ին մաս). Գլխավոր հանելուկը՝ «մոգական քառակուսին» ծածկագիր է, որը կարելի է անվանել «Բոնագիր»… Ալքիմիան՝ Աստծո, Սիրո եւ Ոգու մասին…

Տարիներ առաջ երեւանյան «ԷԻՍ-ԷՔՍՊՐԵՍՍ» շաբաթաթերթում կարդացի ֆրանսիացի լրագրող Ժան Ռասպայի «Բոնագիլ դղյակի գաղտնիքը» շատ հետաքրքիր հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ:

Ռազմական ճարտարապետության գլուխգործոց Բոնագիլ հանելուկային դղյակը ոչ մի անգամ թշնամու ձեռք չի ընկել եւ մինչեւ հիմա թաքցնում է իր գաղտնիքը:

Առաջին հանելուկն այն է, որ պատմաբաններից ոչ մեկը չի կարող բացատրել, թե ինչից ելնելով հանկարծ 15-րդ դարի վերջին եւ 16-րդ դարի սկզբին երեւան եկավ այս ահռելի ամրոցը Ֆրանսիայի հարավում՝ Պերիգոր մարզում: Բոնագիլը բոլորովին նման չէ հպարտ բարոնի «արծվաբնի», որտեղից նա ցանկացել է գերիշխող բարձրությունից դիտել շրջակայքը:

Մոտակայքում ոչ գետ կա, ոչ մեծ ճանապարհ, չկա ոչ կամուրջ, ոչ հովիտ, չկա նույնիսկ դաշտային հարթություն:

Ռազմական տեսակետից ամրոցը ոչ մի բան չի պաշտպանում եւ միանգամայն անօգտակար է: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բանի համար է այն կառուցվել 1483-1520թթ., որի վրա ծախսվել են հսկայական միջոցներ: Կառուցվել են կրկնակի ամրոցային պատեր, փորվել են խրամատներ, կցվել ամբարձիչ կամուրջներ: Զարմանահնար միացվել են կլոր եւ անկյունային պահակային աշտանակները, որոնք շրջապատում են գլխավոր աշտարակը, որի կողապատերը տարօրինակ ձեւով նմանվում են նավի ցռուկի:

Ու՞մ հարձակումից էր վախենում դղյակի սենյոր Բերանժե դե Ռոկֆեյը:

Պոետները հակված են փնտրել Բոնագիլի հանելուկի բացահայտումը նրա տիրոջ ձգտմանը՝ նոր ժամանակներից ու բարքերից թաքնվել քարե պատերի հետեւում: Այս տեսակետի հետ կարելի է համաձայնել, եթե չլիներ մեկ այլ հանելուկ:

Բոնագիլը՝ հանգչող միջնադարի ուշացած զավակը, պինդ ընկույզ կլիներ ավելի ուշ ժամանակների ամենատաղանդավոր զորավարի համար:

Գնդակոծման հատվածները, ամրոցի պատերի կոնֆիգուրացիաները (ուրվագծերը), պաշտպանության համակարգի կազմակերպումը՝ ամեն ինչ նախագծված է եղել հաշվի առնելով վերջին նվաճումները: Ճարտարապետն իր ժամանակից շատ առաջ է  անցել: Միայն մեկ ու կես դար հետո կգար անգերազանցելի ֆորտիֆիկատոր (ամրաշինության մասնագետ) Վոբանը: Այնպես որ, տաղանդավոր ճարտարապետի անունը մնում է անհայտ:

Վերջապես, դեռ մնում է գլխավոր աշտարակի գաղտնիքը, որտեղ գտնվում են սենյորի ապարտամենտները (շքասենյակները) եւ որտեղ, ժամանակ առ ժամանակ, կանգ էին առնում նրա հյուրերը:

Ոմանք, ի հիշողություն իրենց ժամանակների, պատերի վրա թողել են ինքնագրեր, կանացի կիսապատկերներ, ոտանավորներ:  

Այսպիսի «գրաֆիտտիների» մեջ մնացել է նաեւ «մոգական քառակուսին»՝ կազմված հինգ բառից, որոնք կարելի է կարդալ ձախից աջ, աջից ձախ, ներքեւից վերեւ եւ հակառակը:

C A T O P

A P E Ï(Պ) O

T E H E T

O Ï(Պ) E P A

P O T A C

*Ï(Պ) տառատեսակի ռուսերենը անսարքություն ուներ այս պահին…

Տառերը եւ բառերը լատիներեն են, բայց հունարենի եւ կելտերենի խառնուրդով: Ժան Ռասպայի վկայմամբ, որին հրապուրել են դղյակի գաղտնիքները, նույն «մոգական քառակուսին» հանդիպում է Ֆրանսիայի եւս 5-6 տեղերում:

Այս հարցի շուրջ գլուխ են կոտրում շատ մասնագետներ: Հոդվածի վերջում լրագրողը դիմում է ընթերցողին. «Միգուցե բախտը կժպտա այս հոդվածը կարդացողին գտնել Բոնագիլի գաղտնիքի բանալին»:

Այստեղից էլ սկսվեցին իմ որոնումները, որի ժամանակ ծանոթացա մի նոր հանելուկի հետ, որը կոչվում է բոնական կրոն:

Մինչ բուն թեմային անցնելը՝ նշեմ, որ Բոնագիլի բանալին գտնելու համար անհրաժեշտ է դղյակը ուսումնասիրել տեղում՝ դրսից եւ ներսից, որի հնարավորությունը, ավաղ, չունենք, բայց որոշ ենթադրություններ կարող ենք անել:

Առաջին հերթին հստակ կարելի է ասել, որ դղյակը եղել է փիլիսոփաների, քուրմ-ալքիմիկոսների կամ հայ մասոնների գաղտնի մենաստանը, որտեղ նրանք, հնարավոր է, մասնակցել են Աստվածամոր (Բոնայի) գաղտնի ծիսակատարություններին կամ հետեւել են Փիլիսոփայական Քարի ստացման ընթացքին:

Եվրոպական ալքիմիայի վարպետները, Մեծ Շինելքը նկարագրելիս, հաճախ օգտագործել են նավագնացության սիմվոլիկան:

Քանի որ ամրոցը ոչ մի բան չի պաշտպանում ու միանգամայն անօգտակար է, ապա այն խորհրդանշական կառույց է:

Bona Dea անգլերենում նշանակում է Բարի աստվածուհի, պտղաբերության աստվածուհի, իսկ Bon Matsuri (Բոն Մացուրի) նշանակում է Բոն՝ նախնիների հիշատակման տոն (Օ.Տ. Չիսլենկո «Աշխարհի կրոնները»):

Չի բացառվում, որ դղյակը կրում է Լեհաստանի թագուհի Բոնայի անունը (Բոնա Սֆորցա Արագոնսկայա, 1494-1557թթ.):

Գալինա Աուդերսկայայի («Բոնի թագուհին») գրքում մի առիթով թագուհին ասում է. «Իմ անունով մարդիկ կոչում են դղյակներ, պուրակներ եւ մարգագետիններ, որտեղ ես արդար դատավճիռ էի կայացնում»:

Հնարավոր է դղյակի կառուցողները եղել են հայ մասոնները կամ Տաճարական ասպետների (տամպլիերների) հետնորդները: Հայտնի է, որ 13-րդ դարի սկզբին կիլիկիայի Բոնել (Bonel) նավահանգստյան քաղաքը դարձավ կռվախնձոր Կիլիկիայի  թագավոր Լեւոն II-ի եւ տամպլիերների միջեւ: Ղ. Ալիշանը ենթադրում է, որ 1214թ. պայմանագրով Լեւոն II-ը այն զիջեց իր հակառակորդներին:

Միգուցե Բոնելի եւ Բոնագիլի միջեւ ինչ-որ կապ  կա, որի մասին է վկայում Բոնագիլի նավագնացության սիմվոլիկան:

Հայտնի է նաեւ, որ տամպլիերները Շոտլանդիայում Միհրի հնագույն տաճարի հիմքի վրա կառուցել են մի մատուռ եւ այն անվանել Ռոսլին անունով (որպեսզի կասկածանք չառաջացնեն եկեղեցու մոտ), իսկ Միհրի տաճարի ներքնուղում որոշ ժամանակ թաքցրել են Երուսաղեմից դուրս բերված գաղտնի ձեռագրերը:

Գլխավոր հանելուկը՝ «մոգական քառակուսին» ծածկագիր է, որը կարելի է անվանել «Բոնագիր»:

Քառակուսու 5 բառերից կամ 8 տառերից կարելի է կազմել մի քանի տասնյակ հայերեն բառեր (բացի լատիներենից եւ կելտերենից): Ամենաերկար բառը «օպերատոր» բառն է, որը կարելի է կարդալ 16 ուղղություններով, ընդ որում օպերատորը կարող է լինել բանկային օպերատոր (տամլիերների դեպքում) կամ ալքիմիկոս-օպերատոր, որը պահպանում է գործողությունների կանոնակարգը (modes operand) Փիլիսոփայական քարի ստացման ընթացքում: Քառակուսու կենտրոնում գտնվող «H» տառը ցույց է տալիս կապը «Հերմեսի ուսմունքի» հետ:

Ալքիմիան միայն հասարակ մետաղներից ոսկի ստանալու արհեստ չէ, այն փիլիսոփայական ուսմունք է՝ Աստծո, Սիրո եւ Ոգու մասին:

Ահա ինչպես է Էժեն Կանսելիեն («Ալքիմիա») նկարագրում ալքիմիական պրոցեսը (գործընթացը). «Համընդհանուր լուծիչի պասիվության պատճառով է, որ ալքիմիական սրբապատկերագրերում այս էությունը հաճախ պատկերվում է կնոջ տեսքով: Ինչպես սովորաբար կինն է ենթարկվում տղամարդուն, այնպես էլ Մերկուրին է մնում ծծմբի ծառան՝ աստիճանաբար նրան իր մեջ լուծելով եւ նրա հետ միանալով»:

Այդպես սկզբնորեն սեւ կինը դառնում է սպիտակ, լույսը՝ ցրվելով գարշելի եւ ծանր մասսայում, անջատվում է մթից եւ դառնում թեթեւ եւ պարզ երկնային ջուր: Այդպիսին է փայլատակող Աստղը, որը շողշողում է որպես ձեռնադրման վերջին խորհրդանիշ Իսիդայի (Աստղիկի) գաղտնածիսության ժամանակ՝ հիշողության մեջ դրոշմելով ամենակատարյալը՝ կանոնականորեն, աստվածայնորեն եւ հոգեպես:

Ըստ երեւույթին, ծիսակատարությունից հետո են սենյոր Բերանժեի հյուրերը պատերի վրա թողել կանացի կիսապատկերներ, ոտանավորներ, ինքնագրեր:

Հինգ բառերը կապակցված են հինգ թվի հետ, որը Աստղիկ դիցուհու թիվն է եւ խորհրդանշում է հինգթեւանի Վեներա աստղը:

Մյուս կողմից հինգ թիվը հնարավոր է կապ ունի Հայոց գերագույն օթյակի՝ N-5 Արարատ օթյակի (LODGE ARARAT) հետ:

Մոգական քառակուսու տառերից կարող ենք կազմել Ար, Արա, Արարատ, Արատտա եւ բազմաթիվ այլ հայերեն բառեր:

Բոնագիլ անվան երկրորդ «գիլ» արմատը Հր. Աճառյանի «Արմատական բառարան»-ում ունի «քար» իմաստ: Ուրեմն, Բոնագիլ նշանակում է Բոնաքար, եւ քանի որ Բոնան երկրի խորհրդանիշն է, ապա Բոնաքար=Հիմնաքար:

Կարծում ենք, Բոնաքարի եգիպտական եւ Հելիոպոլիս քաղաքի Արեւ Աստծո տաճարի կենտրոնում կանգնեցրած «Bnbn» սյունն է, որը խորհրդանշում է «նախնական  լեռը»:

«Bnbn» անվան «bn» արմատը «bon»-ի կրճատ ձեւն է, որն առաջացել է ձայնավորի սղման պատճառով:

Այժմ անցնենք մեր բուն թեմային:

Հայկական աղբյուրներում ոչ մի տեղեկություն չկա Բոն կրոնի վերաբերյալ, չնայած այն բանի, որ այն միհրականության մեկ այլ անվանումն է:

Քանի որ թեման շատերի համար անծանոթ է, ուստի մեջբերումներ կանենք մի քանի հեղինակների աշխատություններից, որպեսզի պատկերացում կազմենք այս, մեզ համար անհայտ եւ, միեւնույն ժամանակ, հայտնի կրոնի մասին:

Եվ այսպես, ե՞րբ եւ որտեղ է ծագել Բոն կրոնը:

Քրիստոֆեր Խանսարդի («Դրական (պոզիտիվ) մտածողության տիբեթյան մշակույթը») գրքից տեղեկանում ենք. «Մինչեւ բուդդայականության Տիբեթ գալը այնտեղ գոյություն է ունեցել մեկ այլ մշակութային եւ հոգեւոր գիտության համակարգ»:

Բոնը մի ուսմունք է, որը ծնվել է 17 հազար տարի առաջ եւ գերիշխել է Կենտրոնական Ասիայում եւ Տիբեթում: Բոնի ուսմունքը ավելի քիչ է հայտնի, քան բուդդայականությունը, բայց նույնիսկ այսօր ավերված Տիբեթում հազարավոր մարդիկ կիրառում են Բոնը ու այն տարածված է ամբողջ աշխարհով մեկ եւ հայտնի է որպես Բոն նգագպա:

Տիբեթում տիրող անկայունության շրջանում բուդդայականությունը դուրս մղեց Բոնը: Մի ժամանակ այս երկու կրոնները խաղաղ գոյակցել են կողք կողքի, բայց հետագայում բուդդայականները սկսեցին հետապնդել Բոնը եւ այդ ժամանակ, որպեսզի կանխվեն ընդհարումները, բոնականները որոշեցին ընդունել բուդդայական ուսմունքի որոշ դրույթներ: Արդյունքում առաջացավ այն, ինչը սկսեցին անվանել «վերանորոգված Բոն»:

«Նորին սրբություն Դալայ Լաման համաձայն է, որ Բոնը վճռական դեր է խաղացել տիբեթյան մշակույթի զարգացման գործում:

Իսկ հինգերորդ Դալայ-լաման մի անգամ ասել է, որ ինքը ծնունդով բուդդայական է, բայց հոգու խորքում բոնպո է»:

Ե. Մոլոդցովան («Տիբեթ. Դատարկության փայլը») գրում է. «Բոնի առաջին ուսուցիչները հայտնվել են երկրի վրա, հենց որ այն դարձել է բնակելի: Նրանց ստորերկրյա թագավորության մայրաքաղաքը գտնվում է սուրբ Մերու լեռան ստորոտում, որն ամբողջ տիեզերքի ողնաշարն է եւ կենտրոնը»:

Բոնական տիեզերաբանության համաձայն՝ աշխարհը բաղկացած է 3 ոլորտից (սֆերայից)՝ երկնային ոլորտը զբաղեցնում են «Լհա» կոչվող ոգիները, երկրային ոլորտը՝ «Սադաղ», իսկ ստորգետնյա աշխարհի ոլորտը՝ «Լու» ոգիները: Սակայն գոյություն ունեն նաեւ բազմաթիվ այլ ոգիներ: Նրանք բոլորը զբաղեցրել են իրենց բնակության տեղերը եւ ստացել երկրային ոլորտների որոշակի էներգիաներ, մարդու աշխարհ գալուց դեռ շատ առաջ եւ այժմ էլ պահպանում են իրենց տիրույթները:

Բոնի անփոփոխ խորհրդանիշն է յուրահատուկ սվաստիկան (կեռխաչը), տիբեթյան յունգրունգ, ինչը նշանակում է «հավերժական եւ անխախտելի»:

Սահմանված կարգով տիեզերքի էներգիան շարժվում է շրջանով ժամացույցի սլաքի ուղղությամբ, որի համաձայն էլ բուդդայականությունում եւ ցանկացած սպիտակ մոգությունում տաճարի շրջանցումը կատարվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ: Բուդդայական սվաստիկայի ծայրերը թեքված են ձախից աջ, իսկ բոնականինը՝ աջից ձախ: Բոնական սրբավայրն էլ շրջանցում են աջից ձախ:

Սա նշանակում է, որ բոնականները չեն հետեւում բնականոն էներգետիկ պրոցեսներին, այլ ետ են շուռ տալիս՝ դրանք իրենց ենթարկելով:

Հիտլերը մտադրվելով նվաճել աշխարհը՝ որպես խորհրդատու, հենց բոնական քրմերին էր հրավիրել Տիբեթից:

Վարդան Բալյանի «Զորաց քարեր» գրքից տեղեկանում ենք. «Երբ դաշնակիցները գրավել են Բեռլինը, Ֆյուրերի բունկերում եւ ռեյխկանցելիարիայի շենքում գտել են ՍՍ-ի համազգեստ հագած, բազմաթիվ տիբեթցի քրմերի գլխատված դիակներ, որոնց թվում էին նաեւ ֆաշիստների առաջնորդի անձնական թիկնապահները»:

Լ.Ն.Գումիլյովի, Բ.Ի.Կուզնեցովի (Բոն «Տիբեթյան հին հավատը») գրքում ասվում է. «Երբ VII դ. կեսին տիբեթյան տիրակալ Սրոնցզանգամպոյի հրավերով Տիբեթում հայտնվեցին բուդդայական վանականները, ապա նրանք անակնկալ հանդիպեցին ոչ թե նախապատմական հեթանոսության, այլ կշռադատված, տեսականորեն մշակված կրոնական համակարգի հետ, որը կրում էր Բոն անվանումը»:

Բոնի հիմնադիր Շենրաբ ուսուցիչը համարվում է լույսի էմանացիա (բխում, ճառագայթում), իսկ նրա հովանավոր աստվածն է «Սպիտակ լույս» քուրմ աստվածը, ով թույլ է տալիս սահմանազատել բոնական ուսմունքը հին արիական պոլիթեիզմից (բազմաստվածությունից) ու զորոաստրիզմից, որովհետեւ ոչ մեկում, ոչ էլ մյուսում նրանց դավանաբանության մեջ մտցված չէ լույսի հատուկ պաշտամունք:

Ի դեպ, Շենրաբը ոչ թե անուն է, այլ մակդիր՝ «կատարյալ քուրմ», նրա տոհմական անունը եղել է Դմու (որոշ աղբյուրներում Դմուրա կամ Մուր, Մուրա):

Գլխավոր բոնական աստվածները բնութագրվում են որպես կեցության թագավոր, Սպիտակ լույս, Մաքուր որդյակ, Աստված՝ ծնված երկնքի կենտրոնից:

Սա նշանակում է, որ մենք ունենք երկրպագում ոչ թե բնության ինչ-որ ուժերի նկատմամբ, այլ ամբողջությամբ տիեզերքի նկատմամբ:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։