Հայկական խոհանոց – «Խնոցի» փառատոնն Արցախում – Տե՛րը լինենք մեր պատմության… Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել… Աշխարհի մարզական հեւքից – Եվրաղեկավարները չեն մեկնում Բաքու՝ Եվրախաղերի բացմանը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից – տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց՝ հնագույններից մեկն աշխարհում

Տե՛րը լինենք մեր պատմության

Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է աշխարհում, եթե չասենք՝ ամենահինը, քանզի հայը, որպես արարչածին մարդատեսակ եւ ազգատեսակ, ունի առաջինը արարված լինելու բազում պատմական փաստեր…

Որ հայկական խոհանոցը հին արմատներ ունի՝ հաստատում են նաեւ օտար հնէաբանները՝ պնդելով, որ հայերը շուրջ 3000 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման եւ հացաթխման մասին: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել նաեւ ներկայումս այդքան տարածված խորովածը: Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով ու կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր եւ մի շարք նրբահամ կանաչեղեն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն ու ծաղիկներ որպես համեմունք եւ նույնիսկ որպես հիմնական ճաշատեսակ: Հայկական խոհանոցում հատուկ տեղ են զբաղեցնում ձկնեղենը. հատկապես իշխանից, թառափից եւ սիգից պատրաստված ճաշատեսակները:

Առանձնահատուկ հպարտության առիթ են հանդիսանում այսօր գինու մառանները, եւ իհարկե, հայակական կոնյակը: Հնէաբաններին հաջողվեց Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերել հնագույն գինեգործարան եւ դրանով իսկ ապացուցել, որ հայերը զբաղվում էին գինեգործությամբ դեռ հեռավոր պղնձե դարում՝ ավելի քան 6000 տարի առաջ: Ալյուրից պատրաստում են յուրահատուկ ճաշատեսակ՝‘արիշտա, հացահատիկից՝ հարիսա հավի կամ գառան մսով: Լավաշից բացի, ալյուրից պատրաստում են նաեւ բազմաթիվ թխվածքներ, մեծ ժողովրդականություն են վայելում գաթան ու փախլավան: Առանձնահատուկ համով առանձնանում են շարոցը (սուջուխը) եւ ալանին: Ալանին պատրաստվում է չորացված դեղձից՝ լցոնված ընկույզի միջուկով եւ շաքարավազով: Հայաստանը հպարտանում է նաեւ իր բնապահպանապես մաքուր քաղցրահամ մրգով, ինչպիսիք են դեղձը, թուզը, նուռը… եւ իհարկե հայկական խորհրդանիշ դարձած արեւահամ ծիրանը:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները – Մեր խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային եւ բանջարեղենային ճաշատեսակներում: Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից են կծու խորտիկներն ու սննդարար ապուրները:

Պատրաստման եղանակները – Կանաչեղենով համեմված մսից պատրաստվում է լցոնված բանջարեղեն եւ միրգ, լցոնում են գրեթե ամեն ինչ՝ սոխ, լոլիկ, սմբուկ, պղպեղ, խնձոր, սերկեւիլ: Տարածված կծու եւ բուրումնավետ համեմունքներից են պղպեղը, համեմը, անանուխը, թարխունը, ռեհանը, ծիթրոնը եւ այլն, իսկ հրուշակեղեն պատրաստելիս օգտագործվում է դարչին, մեխակ, հիլը եւ այլն: Կաթնամթերքից հայկական խոհանոցը հպարտանում է մածունով՝ պատրաստված կովի, ոչխարի ու գոմեշի կաթից: Հայկական խոհանոցի ավանդականությունը պայմանավորված է խոհանոցային հնագույն մեթոդներով, մթերքի հումքով եւ համային ներդաշնակության պահպանումով:

Թոնիր եւ կավե ամանեղեն – Թոնիրն է հայկական հացի, մսային որոշ կերակրատեսակների ու ապուրների առանձնահատուկ որակի գաղտնիքը: Թոնրում պատրաստում են նաեւ բանջարեղեն, շիլաներ, ծխեցնում ձուկ ու թռչնամիս: Հայկական որոշ կերակրատեսակների անվանումները կապված են ոչ թե բաղադրամասերի, այլ ամանեղենի անունների հետ, ինչպես օրինակ՝ պուտուկը, կճուճը, տապակը: Սրանք բոլորը միաժամանակ կավե ամանների եւ ճաշատեսակների անվանումներ են:

Հայկական խոհանոցի գոյությունն ի սկզբանե կարեւորվել է (ինչն այսօր չի պահպանվել), քանզի հայի կյանքում այն տեղ ունի ոչ միայն սննդակարգը, կեցակարգը ձեւավորելու գործում, այլեւ՝ տոնական ու ծիսական արարողությունների ժամանակ, երբ ընտրվում է յուրատեսակ ճաշացանկ, լինում են յուրահատուկ գինեձոներ եւ այլն: Այսօր էլ Հայաստանում բերքի ու բարիքի փառատոներն անպակաս են:  

«Խնոցի» փառատոնն Արցախում

Շուշիի շրջանի Հին շեն գյուղում «Խնոցի» արցախյան փառատոնն է տեղի ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին: Նածագահը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման ու տարածման կարեւոր միջոցներից մեկը‘ նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:

Փառատոնին մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել

«Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում հերթական խայտառակության արձանագրումից հետո, երբ հաղթողը հերթական համասեռական երգիչը դարձավ ու այլեւս անիմաստ դարձրեց նորմալ մարդկանց մասնակցությունը (այսպես կոչ են անում դառնալ համասեռական եւ … հաղթել…) Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision’s Next Top Model»:

Այս մասին տեղեկանում են Wiwibloggs կայքում տեղադրված տեսանյութից. Թամարը շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին աջակցության համար: Մրցույթը հայտարարել էր նշյալ կայքը, իր ընթերցողների շրջանում պարզելու «Եվրատեսիլ-2015» մրցույթի ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին: Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայացավ նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի ՄերիՋին ՕԴոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը

ՄԻԴԵՄ 2015 փառատոնի բացումն արեց Հայաստանը

Հունիսի 5–ին Ֆրանսիայի Կանն քաղաքում մեկնարկեց ՄԻԴԵՄ (MIDEM) միջազգային հեղինակավոր երաժշտական փառատոնը, որին այս տարի մասնակցում է նաև Հայաստանը՝ որպես ՄԻԴԵՄ փառատոնի պատվավոր հյուր: Կաննից, Փառատոնի բացման կոկտեյլի ու երեկույթի կազմակերպիչն էր Հայաստանը, որը հանդես եկավ հայկական երաժշտական ծրագրով. Կաննի ամենահայտնի` Կարլտոն հյուրանոցում ողջ երեկո հնչում էին հայկական խմբերի կատարումները: Համերգը զուգահեռաբար ընթանում էր հյուրանոցի ներսի սրահում և ծովափնյա բեմում, որը հատուկ փակվել էր միջոցառման առիթով:
«Կարլտոն» հյուրանոցի դիմաց ելույթ ունեցավ Լիոնի «Նաիրի» պարային խումբը, որը ներկայացրեց մի շարք հայկական պարեր, այդ թվում Քոչարի եւ Բերդ պարերը:
Երեկոյի ընթացքում հանդես եկան «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազային համույթը եւ «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը: Բոլոր կատարումները շատ լավ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից: Շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես Հայաստանը, լինելով այդքան փոքր երկիր, ունի այդքան բազմազան եւ բարձր որակի երաժշտություն: Միջոցառմանը ներկա էին միջազգային երաժշտական ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում հանրահայտ պրոդյուսերներ, երաժշտական բիզնեսի տարբեր ոլորտներում գործող առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ եւ այլոք: Երեկոյի ընթացքում մատուցվեցին հայկական ուտեստներ, որոնք պատրաստվել էին Հայաստանից ժամանած խոհարարի կողմից, ինչպես նաեւ հայկական կոնյակ եւ գինի: Փառատոնի կազմակերպիչները ներկայացան Վահան Խաչատրյանի կողմից հատուկ ՄԻԴԵՄ-ի համար կարված զգեստներով: Բոլոր ներկաներին մուտքի մոտ բաժանվեցին անմոռուկներ:
ՄԻԴԵՄ-ը երաժշտական ինդուստրիայի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966թ. ի վեր՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ստուդիաներ, պրոդյուսերական կենտրոններ, հանրահայտ երաժիշտներ եւ երաժշտական խմբեր:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Բլատերը ցնցված է… բայց հրաժարական տվեց

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կազմակերպության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալից հետո: Նա մայիսի 29-ին էր վերընտրվել ու ՖԻՖԱ-ն պետք է գլխավորեր մինչեւ 2019թ., բայց հրաժարական տվեց 3 օր հետո: Հաջորդ նախագահին կընտրեն արտահերթ կոնգրեսում, իսկ մինչ կընտրվի նոր նախագահ, Զեպ Բլատերը կպաշտոնավարի: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության շեմին, կազմակերպության մի քանի կարեւոր պաշտոնյաներ ձերբակալվել էին մեքենայությունների ու փողերի լվացման կասկածանքով:  ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են խափանել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները՝ կոռուպցիոն սկանդալի խնդիրն առաջ քաշելով հենց այս ընթացքում: Բայց մայիսի 29-ին հենց Բլատտերը վերընտրվեց կազմակերպության ղեկավարի պաշտոնում, քանզի Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն 1-ին փուլից հետո, որում զիջել է ձայների զգալի տարբերությամբ, հանել է իր թեկնածությունը:

«Կասկածում եմ, որ ՖԻՖԱ-ի որոշ պաշտոնյաների ձերբակալությունները, որոնք կատարվեցին հենց այս շաբաթ, ԱՄՆ-ի կողմից փորձ էին՝ խանգարելու ընտրություններին,- կրկին հայտարարել է Բլատտերը RTS-ի եթերում:- Իհարկե, ես չեմ կարող վստահ լինել դրանում, սակայն այդ գործից վատ հոտ է փչում: Ցնցված եմ ԱՄՆ-ի մեղադրանքներից: Որպես ՖԻՖԱ-ի նախագահ՝ ես երբեք չէի մեկնաբանի մեկ այլ կազմակերպությունում տեղի ունեցածը՝ 100%-ով վստահ չլինելով, թե ինչ է կատարվել»:

Դատելով ներկայացված մեղադրանքներից՝ ամերիկյան իրավապահները հարց ունեն ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հետ, կապված կոռուպցիոն սկանդալին մասնակցության հետ: ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները կարծում են, որ նա, ով համարվում է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի «աջ ձեռքը», 10 մլն դոլարի բանկային փոխանցում է կատարել ֆուտբոլային մեկ այլ ղեկավարի՝ Ջեկ Ուորների հաշվեհամարին: Դրամական այդ փոխանցումն առանցքային մեղադրական պատճառն է, որը հանգեցրել է Ջեկ Ուորների ձերբակալությանը: Կասկած կա, որ նա այդ գումարն ստացել է եւ, որպես կաշառք, օգտագործել, որպեսզի օգնի Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ դառնալու «ԱԱ-2010»-ի կազմակերպիչ երկիր: Այդուհանդերձ, իրավասու մարմինների կողմից Վալկեի դեմ առայժմ անօրինական գործունեության մեղադրանք առաջ չի քաշվել, բայց ակնհայտ էր, որ Վալկեի կաշառքի սկանդալը մոտենում է Բլատտերին…

ՖԻՖԱ-ն հերքել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի մասնակցությունը կոռուպցիոն սկանդալին: Նա Ցյուրիխում ձերբակալված ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է: «Ո՛չ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, ո՛չ էլ ՖԻՖԱ-ի մյուս անդամները, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դրանում ներգրավված չեն»,- նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ: Իսկ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտյոն ամփոփել է ՖԻՖԱ-ի գործկոմի նիստի արդյունքները, որի անդամն է: Նա նշել է, որ կազմակերպությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում հանուն ֆուտբոլի զարգացման եւ նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ՖԻՖԱ-ի կոռուպցիայի սկանդալը: «Գործկոմի նիստը շարունակական չէր, բայց շատ հագեցած էր,- ռուս նախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Լուրջ քննարկումներ ծավալվեցին՝ կապված ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Խոսեցինք այն մասին, որ ՖԻՖԱ-ն մեծ կազմակերպություն է, եւ նրան պետք է օգնել, պետք է, որպեսզի միասնական օրգանիզմ լինի: Կազմակերպությունը խոշոր նախագծեր ունի՝ աշխարհի առաջնություն, աշխարհի կանանց առաջնություն եւ լուրջ գործունեություն է ծավալում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»: Ըստ Վիտալի Մուտկոյի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի՝ հրաժարական տալու որոշումը կայացվել է նրա վրա ՖԻՖԱ-ի համաժողովից առաջ գործադրված ճնշմամբ. «Իհարկե, եւ շատ ֆեդերացիաների, եւ ողջ ֆուտբոլային ընտանիքի համար դա անսպասելի որոշում էր, բայց դա նրա որոշումն է, տղամարդկային է ու լի ՖԻՖԱ-ի հանդեպ սիրով»: Այն մինչեւ ՖԻՖԱ-ի համաժողովը գործադրված ճնշման հետեւանք է, իսկ նման ճնշման տակ եւ նման մոտեցման պայմաններում փոփոխությունները ոչ մի բանի չէին հանգեցնի:

Հրաժարական տալու որոշումն օգնում է չթույլատրել կազմակերպության ճեղքումը, միավորել ֆուտբոլը եւ ավարտել սկսված բարեփոխումները, ինչպես նաեւ նոր փոփոխություններ կատարել: Հնարավոր է՝ խոսքը կազմակերպության նոր կանոնադրության մասին է, կարծում են շատերը, քանի որ մոտ ժամանակներս գործկոմի արտահերթ նիստ կհրավիրվի, որի ժամանակ պետք է հաստատվի այն:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը դրական է արձագանքել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի՝ հրաժարական տալու վերաբերյալ որոշմանը: Նրա խոսքերով՝ հարկ է վերադառնալ աշխարհի 2018 եւ 2022 թթ. առաջնությունների անցկացման վայրերի ընտրությունների թեմային. «Եթե ես հիմա Քաթարի տեղում լինեի, ինձ շատ անհարմարավետ կզգայի: Այժմ կարելի է տոնել: Եվ չարժե գովել Բլատտերին. նա երկար տարիներ անազնիվ է եղել»,- ասել է Գրեգ Դայկը: Վերջինիս պահվածքը կասկածելի է համարել շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմեդ Ալ-Տանին, ով գլխավորում է քաթարյան ֆուտբոլային ասոցիացիան. «Պարոն Դայկի՝ հնարավորինս արագ Քաթարին աշխարհի առաջնության անցկացման իրավունքից զրկելու ձգտումն ավելի լավ է խոսում այն անհանգստության մասին, որ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է Մերձավոր Արեւելքում,- Ալ-Տանիի խոսքերը թվիթթերյան իր էջում մեջբերել է լրագրող Ռիչարդ Կոնվեյը:- Մենք համագործակցել ենք հետաքննության հետ, որն անցկացրեց պարոն Գարսիան, լիովին արդարացվել ենք եւ պատրաստ ենք այդ ուղղությամբ հետագա աշխատանքներին: Կուզեինք, որ պարոն Դայկը թույլատրի հետաքննությանը՝ ընթանալու իր ճանապարհով: Ինչպես նաեւ նրան խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ այն բանի վրա, որ Անգլիայի հավաքականը կարողանա հաղթել աշխարհի 2022թ. առաջնությունում»: Հիշեցնենք, որ ռուսական կողմն էլ՝ ի դեմս Վիտալի Մուտկոյի, վտանգ է տեսնում՝ 2018թ. աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու դեմ գործադրվող:

Հ.Գ. – ԱՄՆ-ի դատախազությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն դեռ կպարզեն՝ արդյո՞ք ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը մասնակից է կոռուպցիային այդ կազմակերպությունում: ՀԴԲ-ն չի մեկնաբանում այդ տեղեկությունը, քանզի ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահը առայժմ գործով մասնակից չի անվանվել: Ներկա պահին Միացյալ Նահանգներում շարունակվում է հետաքննությունը: Յոզեֆ Բլատտերը կպաշտոնավարի, մինչեւ տարեվերջ, եթե ՀԴԲ-ն փաստացի մեղադրանքներ չառաջադրի:

Հունաստանի դեսպանի նամակի պատճառով երկրի նախագահը չի մեկնի Բաքու

Հունաստանի նախագահը Բաքվի խաղերի բացման արարողությանը չի մասնակցել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Տսունգասի՝ մայիսի 21-ին ԱԳՆ հղած նամակի պատճառով, որտեղ վերջինս ընդգծել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը չեն մասնակցելու եվրոպական երկրների եւ ոչ մի առաջնորդ՝ հավելելով, որ համաշխարհային առաջնորդները ցանկանում են բոյկոտել Եվրոպական խաղերը: Իր նամակում դեսպանը նշել է նաև, որ նույնիսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները չեն այցելելու Բաքու:

Մինչ այս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացահայտ արդեն հրաժարվել էր, ինչպես մի քանի այլ երկրների ղեկավարները:
Հունաստանի նախագահը հրաժարվեց այցից եւ երկիրը Եվրոպական խաղերի բացման արարողությանը կներկայացնի ընդամենը սպորտի փոխնախարարը: «Վերջին օրերին ԵՄ-ն եւ այս կառույցի Բաքվի գրասենյակը, դիմելով տերբեր երկրների ղեկավարներին ու Ադրբեջանում գտնվող նրանց դեսպանատներին, փորձում է հետ կանգնեցնել բացման արարողությանը մասնակցելու մտադրություններից»,- գրել է միձազգային զլմ-ները:

Հույս ունենք, որ կկարողանանք մեդալներ նվաճել…

Այսօր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հանդիպել է լրագրողների հետ եւ պատմել Բաքվում հունիսի 18-28-ը կայանալիք Եվրոպայի առաջին խաղերին մեր թիմի նախապատրաստության մասին:

«Այսօրվանից մեր թիմը հավաք է անցկացնում հավաքական թիմերի կենտրոնում,- նշել է մարզիչը:- Այնտեղ կաշխատենք մինչեւ հունիսի 15-ը: Օգտվելով առիթից՝ կուզեի եւս մեկ անգամ հրապարակել մեր թիմի կազմը, որը կմասնակցի Բաքվում կայանալիք խաղերին: 57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի անցած տարվա առաջնության մրցանակակիր Գարիկ Բարսեղյանը, 61 կգ քաշային կարգում՝ Եվրոպայի 2015թ. մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային կարգում՝ մեր թիմի առաջատար, Եվրոպայի ու աշխարհի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Վերջինս հիմա պատրաստ է: Ինչպես գիտեք, նա ողնաշարի վնասվածքի պատճառով 3-4 ամիս բուժվեց եւ աշխարհի առաջնության ժամանակ իր լավագույն մարզավիճակում չէր: Դավիթը եւ Մուսա Մուրթազալիեւը (վերջինս մեր թիմի կազմում հանդես կգա 86 կգ քաշային կարգում) ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ այժմ համատեղ հավաք են անցկացնում Ռուսաստանի ընտրանու հետ եւ Հայաստանի ազգային թիմին կմիանան հունիսի 9-ին:

Շարունակելով կազմի թվարկումը՝ ասեմ, որ 74 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի 2014 և 2015 թթ. առաջնությունների մրցանակակիր Գրիգոր Գրիգորյանը: 125 կգ քաշային կարգում նույնպես մասնակից ունենք՝ Լեւան Բերիանիձեն: Ավելացնեմ, որ 71 կգ եւ 97 կգ քաշային կարգերը ներկայացնող մարզիկները երիտասարդ են, եւ մենք նպատակահարմար չենք համարել, որ նրանք մեկնեն Բաքու: Թիմի հետ, ինձանից բացի, Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն նաեւ հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, Դավիթ Սաֆարյանի անձնական մարզիչ Աբդուլահ Մագոմեդովը, Արթուր Պետրոսյանը, թիմի բժիշկ Արա Կարապետյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը»:

Իսկ ինչպիսի՞ն են հավաքականից սպասելիքները: Արայիկ Բաղդադյանը 2007թ. եղել է Բաքվում ու շատ լավ գիտի, թե ինչպիսին է տեղի հանդիսատեսի վերաբերմունքը հայ մարզիկների անունները հնչեցնելու ժամանակ:

«Ես հավաքականի կազմում ընդգրկված տղաներից ոչ մեկին չեմ առանձնացնում: Բոլորն էլ փորձառու, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ են, եւ լավ մասնակցության հնարավորություններն առկա են: Արդեն գորգը ցույց կտա, թե ինչ կլինի: Բաքու մեկնելու հարցը քաղաքականացնել չեմ ուզում: Այս խաղերը ադրբեջանցիները չեն կազմակերպել, այլ Եվրոպայի օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ի հետ միասին: Գիտեմ, թե Բաքվում միայն Հայաստան բառը հնչեցնելիս ինչպիսի աժիոտաժ է առաջանում: Սակայն մեր ըմբիշները նաեւ դրան են պատրաստվում:

Իհարկե, առաջիկա խաղերը մեզ համար նախապատռրաստական փուլ են աշխարհի առաջնությունից առաջ, որում հույս ունենք հաջողություններ արձանագրել: Բաքվում, ուր կմեկնենք Վրաստանից, տղաները դեռ մարզավիճակի գագաթնակետում չեն լինի: Դա, իհարկե, չի նշանակում, որ հենց այնպես ենք մեկնում մրցումների: Հույս ունենք, որ կկարողանանք մեդալներ նվաճել: Մարզիկներից ոչ մեկին չենք պարտադարել՝ մեկնելու Բաքու: Բոլորն էլ սեփական նախաձեռնությամբ են որոշել մասնակցել 2015թ. եվրոպական խաղերին»:

Հայտնի դարձավ նաեւ վերջին ուղեգրի տերը

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջին փուլի խաղերից առաջ մնացել էր պարզել մեկ հարց, թե որ թիմը կգրավի 4-րդ հորիզոնականը եւ կմտնի Եվրոպայի լիգա, քանի որ 1-3-րդ մրցանակային տեղերն արդեն զբաղեցրել էին համապատասխանաբար «Փյունիկ»-ը, «Ուլիս»-ը եւ «Շիրակ»-ը: Եվրոպական վերջին ուղեգրին հավակնում էին «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը, ընդ որում առաջինը 2 միավորով առաջ էր իր մրցակցից: Սակայն «Միկա»-ն հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց նոր չեմպիոնին՝ «Փյունիկ»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ առավելության հասան «Բանանց»-ի նկատմամբ՝ 3:1: Այդպիսով՝ «Ալաշկերտ»-ը առաջին անգամ Եվրոպայի լիգայում խաղալու իրավունք ստացավ: Մյուս խաղերում հաղթեցին հյուրերը՝ Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Ուլիս»-ին, իսկ առաջնության ընդգծված ետնապահ «Արարատ-ը» Կապանում 3 անպատասխան գոլ խփեց տեղի «Գանձասար-Կապան»-ին:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Փյունիկ»-ի մեքսիկացի հարձակվող Ռոմերոն՝ 22 գոլ, եւ 1-ով առաջ անցավ «Շիրակ»-ի հարձակվող Ժան-Ժակ Բուգուիից: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ամփոփիչ աղյուսակ.

  1. Փյունիկ                         28 +19 =4 -5   58-26  61
  2. Ուլիս                            28 +15 =5 -8   43-32  50
  3. Շիրակ                          28 +14 =7 -7   51-32  49
  4. Ալաշկերտ                    28 +10 =8 -10  32-35 38
  5. Միկա                           28  +9 =10 -9  33-34  37
  6. Բանանց                        28  +8 =8 -12  42-46  32
  7. Գանձասար-Կապան     28  +7 =8 -13  31-44  29
  8. Արարատ                      28  +3 =4 -21  28-69  13

Հրաձգության լավագույն արդյունքը ցույց տվեց Հրաչ Բաբայանը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած հրաձգության «Աշխարհի գավաթի» հերթական փուլում Հայաստանը ներկայացրին 4 հրաձիգներ‘ Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաեւ Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) եւ Քրիստիան Լաուեր ամուսինները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նրանցից համեմատաբար հաջող հանդես եկավ Հրաչ Բաբայանը, որը փոքր տրամաչափի հրացան, 50մ, 3 դիրքից (40 կրակոց ծնկած, 40 պառկած եւ 40 կանգնած) վարժությունում մտավ եզրափակիչ փուլ, որտեղ 1162 միավորով գրավեց 48-րդ տեղը: Քրիստիան Լաուերը նույն մրցումներում վաստակեց 1151 միավոր եւ գրավել 67-րդ հորիզոնականը: Հավելենք, որ Սուրեն Բերյանը այս մրցաշարում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ: Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում նա խոցել էր 621,8 միավոր, ինչը 1,8-ով գերազանցում է ՄԿՍՎ ցուցանիշը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.